close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես նկարում եմ ձայնը, հնչյունը և զգացմունքը. Հայկ Սայադյան

Հարցազրույց

9 Հուլիսի 2014, 17:54
 Ես նկարում եմ ձայնը, հնչյունը և զգացմունքը. Հայկ Սայադյան

Նկարիչ Հայկ Սայադյանի կերտած` Մոմիկի կտավները շուտով  կսկսեն շարժվել. Սայադյանը պատրաստվում է Մոմիկի մասին պատմող շարժանկար ստեղծել: Աշխատանքները սկսվել են, Հայկն ամեն ինչ ինքնուրույն է անում, սակայն ծրագիրը կյանքի կոչելու համար, պարզ է, անհրաժեշտ են հովանավորներ' մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ պատրաստ են օգնել Հայկին, ինչպես հարկն է, շարժանկարի տեսքով մատուցել Մոմիկի կյանքն ու ստեղծագործական ուղին: Հայկը պատրաստվում է նաև Մոմիկի մասին վիպակ գրել, որին կկցվի նաև շարժանկարի տեսասկավառակը:

 

-Ինչո՞ւ որոշեցիր շարժանկարի միջոցով Մոմիկին անդրադառնալ, նկարներդ քի՞չ ինֆորմացիա են տալիս:

-Իմ արտահայտվելու միջոցը հիմնականում հենց շարժանկարն է, միայն նկարը չի բավարարում ինձ, դրա համար էլ նկարին ավելացնում եմ ձայն, շարժում, սցենարային հենք, և այն դառնում է այլընտրանքային շարժանկար: Ես Մոմիկի հայրենակիցն եմ, ծնվել ու ապրել եմ Վայոց աշխարհում, որտեղ ինքն է ծնվել, ապրել ու արարել, այսինքն' դեռ ոչ գիտակցական տարիքից առնչվել եմ Մոմիկի գործերի հետ, իսկ գիտակցական տարիքում սկսեցի արդեն լուրջ  ուսումնասիրել դրանք: Կարծես, երախտիքի գիտակցումով տրամադրված լինեի Մոմիկի հանդեպ: Մոմիկ ուսումնասիրողներ շատ կան, ամեն մեկն իր դիտանկյունից է մոտենում նրա գործերին: Իմ ուսումնասիրությունները, Մոմիկի ստեղծագործական ճանապարհի հետ կապված, մի քիչ այլ են, ես որպես նկարիչ եմ նրան ուսումնասիրել:  Պատմաբանի համար ամեն ինչ գրված է, իսկ ես շատ բան իմանում եմ` տեսնելով նրա աշխատանքները, տեսնում եմ վրձնահարվածը և դրանից բխող տրամադրությունը: Շատ մանրուքներ եմ ինքս ինձ համար բացահայտել, մանրուքներ, որոնք գրված չեն և ոչ մի գիտական աշխատությունում:

 

-Ձեր շարժանկարներն ավանդական ձևաչափից դուրս են: Վախ չկա՞ր' ոչ ճիշտ հասկացվելու, սահմանն անցնելու:

-Վախ կար, բայց վախն ու հարցական զգացումները տևեցին մինչև իմ առաջին շարժանկարի պրեմիերան: Վախ կար, որովհետև մտածում էի' ի՞նչ եմ մատուցում, այն էլ' մեր մեծերին եմ անդրադառնում, արժեքների, որոնց պետք է զգույշ անդրադառնալ: Ես միշտ ասել եմ' ալտերնատիվ ֆիլմերը նախատեսված են ալտերնատիվ զգայարանների համար: Սիմվոլիզմի լեզվով խոսելը բոլորիս մեջ նստած է դեռ նախապատմական ժամանակներից, երբ խոսքը, լեզուն այնքան էլ զարգացած չէին, մարդիկ իրար հետ հաղորդակցվում էին ժայռապատկերների միջոցով: Մոմիկի դեպքում մի քիչ այլ է լինելու, շատ կարևոր բաղադրիչ է ավելացել այս շարժանկարին ձայնը: Յուրաքանչյուրս ունենք մեզ շրջապատող աշխարհն ընկալելու մեր ուրույն շոշափելիքները: Ես երբեք միևնույն գինու համը չեմ զգա այնպես, ինչպես դիմացինս: Ցուրտն ու տապն էլ, ուրախությունն ու հիասթափությունը, լույսն ու խավարը, գույնը և ձայնը... Այս ամենը յուրովի են տրվում յուրաքանչյուրիս: Ես նկարում եմ իմ Մոմիկին այնպես, ինչպես զգացել եմ նրան դեռ մանուկ հասակից և դեռ շարունակում եմ զգալ ու բացահայտել իմ ու միայն իմ ուրույն շոշափելիքներով: Ես չեմ աշխատում սցենարիստների, ռեժիսորների ու դերասանների, ռեկվիզիտի ու դեկորների հետ: Ես նկարիչ եմ: Այն ամենը, ինչ ծնվում ու շնչում, ապրում ու հնչում է իմ ֆիլմում, ծնունդ է առնում իմ աշխատասեղանին' մաքուր ու սպիտակ թղթի վրա: Ես նկարում եմ իմ սցենարը, իմ դերասանին ու բազմությանը, ես նկարում եմ ձայնը,հնչյունն ու զգացմունքը:

 

-Առհասարակ, այլընտրանքի կարիքը չունե՞նք կինոլորտում, գրականության մեջ, թատերարվեստում, շատ չէ՞ ամեն ինչ ձևաչափի մեջ ներկայացվում:

-Իհարկե, ունենք: Այդ առումով մի քիչ լավատես եմ, որովհետև երիտասարդության մեջ լավ առկայծումներ տեսնում եմ: Չնայած պետք է ասեմ նաև, որ նմաններն էլ փոքրամասնություն են կազմում: Վստահ եմ' գեղեցիկ վարակի պես կտարածվի այդ շարժումը:

 

-Եթե նկարչության լեզվով ասենք' ո՞ր գույնի սահմանում է ավելի շատ տարածվում Մոմիկը:

- Եթե խոսում ենք մանրանկարչության մասին' գործ ունենք կանոնիզմի հետ, որտեղ յուրաքանչյուր գույն իր նշանակությունն ունի: Իսկ Մոմիկի կտավներում կարմրադարչնագույնն է գերիշխում, ինչն էլ կապում եմ նրար աշխարհագրական տեղանքի' Նորավանքի հետ:

 

-Քիչ չե՞նք անդրադարձ կատարում մեր մեծերին, և, ընդհակառակը, շատ ձևական չե՞ն առիթից առիթ նրանց հիշելու համար արվող միջոցառումները:

-Այո, շատ ցավալի է, բայց այդպես է: 2015-ին Մոմիկի ծննդյան 755-ամյակն է տոնվելու: Կարծում եմ' ֆիլմս հենց այդ ժամանակ ավարտին կհասցնեմ ու  հոբելյանը կօգտագործեմ' խոսքս, ասելիքս ասելու համար: Քիչ ենք անդրադառնում մեր մեծերին և ապրում ենք այն ամենով, ինչ մեզ մատուցում է, հրամցնում աշխարհը: Հենց դա ենք մեզ համար տոտեմ ու կուռք դարձնում: Մեր պապերը հարուստ ու գեղեցիկ ժառանգություն են մեզ թողել, դա պետք է ուղղակի ճիշտ ձևաչափով դուրս բերել մասնագետների շրջանակներից, թանգարանների պատերից ու մատուցել  մարդկանց:

 

-Հեռացե՞լ ենք մեր արմատներից, ինչո՞ւ չենք օգտագործում այն, ինչ ունենք, չենք հենվում մեր ունեցածի վրա:

-Չենք հեռացել, ինձ թվում է' մեզ հեռացրել են: Ցավն այն է, որ հեռացնողը գիտի մեր ունեցածի մեծությունը, իսկ ինքը չունի այդ արժեքը, նա ստեղծում է արժեքներ: Դրսում, հազարավոր սցենարիստներով նստած, պատմություն են հնարում, կերպարներ ու հերոսներ ստեղծում, որոնք չեն եղել իրենց պատմության մեջ: Մեզ պետք չէ հնարել, մենք հարուստ պատմություն ունենք, հերոսներ' որքան ասես: Նրանք գիտակցում են մեր ունեցածի դերը, դրա համար էլ կեղծ արժեքներ են թելադրում:

 

-Իսկ մե՞նք, մենք չե՞նք գիտակցում մեր ունեցածի դերը, թե՞ ավելի հեշտ է ապրել նրանով, ինչ մատուցվում է, որովհետև խորը չեն, մտածելու տեղիք չեն տալիս:

-Այն, ինչ հեշտ է մարսվում, հեշտ ու անհետք էլ կորչում է: Մենք այսօր գնում ենք դյուրամարս սննդի հետևից, փոփքորն ենք ուտում միայն: Չենք էլ կշտանում, մեզ թվում է' կշտանում ենք: Ես երկու զավակ ունեմ, և այսօր յուրաքանչյուր քայլ անելիս ծանրութեթև եմ անում, քանի որ գիտեմ, որ ինչ այսօր անում եմ, վաղն անդրադառնալու է իմ զավակների վրա: Մեր նախնիները մեր մասին մտածել են, իսկ մենք իրենց ստեղծածին տեր չենք կանգնում: Տես' հայազգի Ալան Հովհաննեսը դարի լավագույն տասը ամերիկյան կոմպոզիտորներից մեկն է, ԱՄՆ-ն իրենով արեց նրան, և մենք ոչինչ չարեցինք: Իմ և նրա ստեղծագործական ուղիներն այսուհետ անվերադարձ են միահյուսվել` իմ ֆիլմում հնչելու են նրա գործերը, բայց արդյո՞ք դա բավարար է: Ինչո՞ւ պետք է 30-ից հետո Ալան Հովհաննեսի մասին իմանայի, ինչո՞ւ նա' որպես հայ ազգի զավակ ու արվեստագետ, չպետք է հավուր պատշաճի ինձ ներկայացվեր ժամանակին: Ինչո՞ւ պետք է մեր երիտասարդներն իրենց համար կուռքեր ստեղծեն օտար հերոսներից: Վստահ եմ' սա երկար չի տևելու:

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica