close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հունիս 2022թ.)

Քաղաքական

4 Հուլիսի 2022, 14:10
 ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հունիս 2022թ.)

Կանադա

Հայ-կանադական միջպետական հարաբերությունների զարգացմանն էապես նպաստելը մշտապես եղել է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում Հայ դատի հանձնախմբի կողմից մշտապես կարևորվել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպես միջպետական հարաբերությունների նոր որակի ցուցիչ և հեռանկարային համագործակցության երաշխիք։ Այս ուղղությամբ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապես ընդգծելով, որ Կանադան Մեծ յոթնյակի միակ պետությունն է, որ դիվանագիտական ներկայացուցչություն չունի Հայաստանում։

Հատկանշական է, որ կանադական կառավարության այս որոշմանն ամիսներ առաջ նախորդել էր Եվրոպական Միությունում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` հատուկ առաքելությամբ այցը Հայաստան։ Կանադայում ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը, իսկ ՀՅԴ Բյուրոյի և Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ, բազմիցս կարևորել էին Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում։ Հունիսի սկզբին դեսպան Դիոնը կանադական կառավարությանն էր ներկայացրել Հայաստան իր այցի վերաբերյալ զեկույցը՝ շեշտադրմամբ, թե Կանադան ինչպիսի օգնություն կարող է ցուցաբերել Հայաստանին։ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը, առանձին հաղորդագրությամբ, հունիսի 4-ին ողջունել էր Դիոնի զեկույցը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հունիսի սկզբին հրապարակեց իր հիմնական քաղաքական առաջնահերթությունների մի մասը, որոնք ներառում էին Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության կասեցումը, Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի վերականգնումը։ Արդեն հունիսի վերջին տասնօրյակում հայտնի դարձավ, որ չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար։

Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերմանը «կանաչ լույս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիևին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար»։

Նախագահ Բայդենի որոշման դեմ քննադատությամբ հանդես եկան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և կոնգրեսական Ադամ Շիֆը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն չպետք է օժանդակություն հատկացնի Ալիևի կոռումպացված ռեժիմին, և որ այդ օժանդակությունը հնարավոր է, որ խախտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբըւ նաև աշխատանքներ է շարունակում ԱՄՆ 2023թ․ ֆիսկալ տարվա համար Հայաստանին 100 մլն դոլար, իսկ Արցախին՝ 40 մլն դոլար ամերիկյան օժանդակության ապահովման ուղղությամբ և դրա համար իրականացնում է Ամերիկայի հայ համայնքի մոբիլիզացիա։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հունիսին երկու անգամ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություններով: Նախ հունիսի 8-ին գրասենյակը ողջունել է Եվրոպական Խորհրդարանի կողմից Թուրքիայի մասով ամենամյա առաջընթացի վերաբեյալ բանաձևի ընդունումը, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հատվածը։ Այնուամենայնիվ, ըստ գրասենյակի, խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես դա արել է իր անցյալ տարվա զեկույցում։ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսության գործընթացը գնահատելիս` Եվրոպական խորհրդարանը և առհասարակ ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց և դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցավոք, ցայժմ երկխոսության ժամանակ թուրքական մտադրությունները եղել են կամ իմիտացիա, կամ նպատակադրվել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցյալին անկեղծորեն առերեսվելու հետ։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 16-ին եվրոպական 91 կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպական Միության անդամ երկրներում, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հայտնելով իրենց խոր դժգոհությունը նրա վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։

Նամակը ստորագրած կազմակերպությունները ցավում են, որ մայիսի 23-ի հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաև այն փաստին, որ օգտագործվում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը միտված է պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության սպասարկմանը:

Հունիսի 27-ին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը հանդիպել են բելգիական «Բարեփոխման շարժում» կուսակցության նախագահ Ժորժ Լուի Բուշեսի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես Արցախի շուրջ զարգացումներն ու Շառլ Միշելի միջնորդական դերակատարությունը։ Հանդիպման ընթացքում մանրամասնորեն ներկայացվել են Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման շարունակական քաղաքականությունը։

Շեշտվել է Եվրամիության դերը արդար և կենսունակ խաղաղության համար բանակցելու գործում, ինչը նշանակում է, որ անթույլատրելի է այն հաստատել զուտ հայկական պետական շահի հաշվին և հայկական կողմին, որն ըստ էության զոհ է ադրբեջանաթուրքական ավտորիտար ռեժիմների ագրեսիայի, պարտադրել զիջումներ։ Ընդգծվել են բանակցային գործընթացում Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքները պատշաճ կերպով հաշվի առնելու անհրաժեշտությունը, այն է՝ արցախահայության՝ իր ապագան սեփական հայրենիքում որոշելու իրավունքը, ինչպես նաև խաղաղ և ապահով ապրելու իրավունքը։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հանձնախմբերի պատասխանատուները, ինչպես նաև Բրիտանական համագործակցության երկրներում գործող կազմակերպություններ, համատեղ շնորհավորական նամակ են հղել Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ պաշտոնավարման 70-ամյակի կապակցությամբ։ Թագուհուն ուղղված նամակում տեղ են գտել նաև ծանուցումներ Ադրբեջանի միջազգային կոռուպցիոն գործողությունների, «խավիարային դիվանագիտության» և մեր ժողովրդի հընթացս մարտահրավերների մասին։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հունիսի 5-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայում Կիպրոսի ազգային դաշնության և քրդական համագումարի ներկայացուցիրներին։ Քննարկվել են համագործակցության ներկա և ապագա ուղենիշները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարի համար։

Ֆրանսիա

Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ հունիսի 8-ին, հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի խորհրդարանականներին համատեղ աշխատանքի համար և նախանշել թեկնածուների այն շրջանակը, որի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը քաղաքական համակրանք է տածում։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի որոշմամբ, հունիսի 23-ից Հայ դատի Ավստրալիայի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանին փոխարինել է Միքայել Կոլոկոսյանը:

Իրան

Հայ դատի Թեհրանի հանձնախմբի նախաձեռնությամբ և վերջինիս 40-ամյակի ծրագրերի շրջանակում, հունիսի 18-ին Հայ հասարակական միության (Հայ ակումբ) սրահում կազմակերպվել էր երեկույթ՝ նվիրված պատմության մեջ առաջին կին դեսպան, ծագումով իրանահայ Դիանա Աբգարին, ով 1918թ. ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչն է եղել Ճապոնիայում: Միջոցառումը կրում էր «Դիանա Աբգար․ կին, ով իր ժամանակից շատ ավելի առաջ էր» խորագիրը: Միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել իրանական և իրանահայ քաղաքական, մշակութային, հոգևոր-կրոնական և ազգային կյանքի ներկայացուցիչներ։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
04.07.2022 թ.

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica