Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրերը․ Արցախի ՄԻՊ
Արցախ

Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։ Այս մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ նախօրեին կապ է հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ, և նրանց տեղահանվելու հետ կապված տեղեկություններ չկան։
«Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին, և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։
Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչներն նույն արտոնություններից են օգտվում, ինչ սահմանված են տեղահանվածների համար։
«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է՝ եթե, ի վերջո, հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայնքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։ Հնարավոր է՝ նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,- նշեց արցախցի պաշտոնյան։