Արագածոտնի մարզի Ծաղկաշենի Ոսկեկող ավետարան մատուռը
Հասարակություն

Ծաղկաշեն գյուղում «Մեռել Հարոց ավետարանից» զատ քրիստոնեական արժեքավոր մասունքներ ունեցող ևս մի սրբավայր կա և այն կոչվում է «Ոսկեկող ավետարան»
Ավետարանը Ծաղկաշեն է բերվել19-րդ դարի երկրորդ քառորդին Արևմտյան Հայաստանի Դիադին բնակավայրից Ծաղկաշեն տեղափոխված Պապ Աբրամովի գերդաստանի կողմից: Պապ Աբրամովի ընտանիքը հաստատվելով Ծաղկաշենում իրենց նոր տանը տանը զուգահեռ կառուցում է փոքրիկ սրբավայր, որը Սուրբ գրքի անունով կոչվում է Ոսկեկող ավետարան: Առ այսօր պահպանվել է առաջին այն կացարանը, որտեղ պահպանվել է Ոսկեկող ավետարանը, այն հետագայում է տեղափոխվել նոր կառուցված մատուռը:
Ի դեպ սուրբ գիրքը Ոսկեկող ավետարան է կոչվում գրքի շապիկի վրա առկա մետաղե արժեքավոր պատյանի համար, որը գիրք պաշտպանում է եղանակային խոնավ պայմաններից:
Գաղթի ընթացքում գրքի տեղափոխումը մեծ դժվարություն էր ներկայացնում, քանի-որ նմանատիպ գրքեր տեղափոխելու համար վերաբնակները հալածանքների էին ենթարկվում թուրք փաշաների և քուրդ բեկերի կողմից: Գերդաստանի կանայք իրենց կրծքավանդակում թաքցնելով գիրքը անցկացնում են Արաքսի այս ափը: Տեղացիները բազում վկայություններ են բերում ավետարանի բուժիչ և հրաշագործ զորությունների մասին: Այն բուժել է մաշկային հիվանդություններ: գյուղացիները փաստում են, որ բազմաթիվ անգամներ փորձություններից բարեհաջող դուրս են եկել հենց Ոսկեկող ավետարանի շնորհիվ:
Ավետարանի զորության մասին մի հետաքրքիր վկայություն.
Ամռանը` հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին, երբ գյուղում շոգերը սաստկանում են, և անձրևի խիստ պակաս է զգացվում գյուղի կույս աղջիկները վերցնում են Ոսկեկող ավետարանն ու գյուղի բնակավայրի ու դաշտերի տարածքով ման են տալիս: Գյուղացիներից ոմանք, որպես մատաղ աքաղաղ են զոհաբերում, ոմանք աղջիկների վրա ջուր են ցողում և այլն: Դրանից շատ կարճ ժամանակ անց կրկին անձրև էր գալիս: Ցավոք հիմա նման ծիսակարգերը մոռացության են մատնվել:
Այս մատուտը աչքի է ընկնում իր ևս մեկ յուրահատկությամբ, նրա ներսում պահվում է Զորավար Անդրանիկի պատկերով գորգը, որի վրայի գրվածքից պարզ է դառնում, որ այն նվիրված է զորավարի 125 ամյակին: Զորավարի պատկերով գորգեր հատկապես խորհրդային տարիներին բնակելի տներում էր շատ հանդիպում, բայց ահա մատուռների ներսում այն թերևս հազվագյուտ հանդիպող երևույթ է:
Մատուռի ներսում բացի Սուրբ գրքից բացի պահվում են նաև մի քանի հմայիլներ: Դրանք 5-10 սմ և մի քանի մետր երկարությամբ քրիստոնեական կրոնին վերաբերվող, ձեռագիր և տպագիր գրաումներ պարունակող թղթեր են: Հմայիլների վրա պետկերված են նաև քրիստոնյա սրբերի դիմապետկերներ, նրանցից են օրինակ Սուրբ Սարգիսը, Գրիգոր Նարեկացին և այլն: Ընդունված է համարել նաև, որ հմայիլների հետ շփումը մարդկանց օգնում է ազատվել որոշ հիվանդություններից, կամ ի կատար ածել իրենց աջև դրված նպատակնները:
Այստեղ կա նաև երկրորդ սուրբ գիրքը, այն Ոսկեկող ավետարանից չափերով մի քիչ փոքր է: Բավականին որակյալ կաշվե շապիկով այս գրքի մասին ավանդություններ և ավանդապատումներ չեն պատմվում, բայց որպես արժեքավոր մասունք այն պահպանվել է առ այսօր:
Ստորև թեմատիկ լուսանկարներ մատուռի ներսից և Ոսկեկող ավետարանից.
Ոսկեկող ավետարանը
Մհեր Համբարձումյան