Ուկրաինայում պատերազմը երկար է տևելու, դաշինքը պատրաստ է զենք մատակարարել. ՆԱՏՕ
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքի դաշնակիցները կարող են շարունակել Ուկրաինային զենք մատակարարել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այդ մասին գրում է Politico-ն։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմը երկարաժամկետ կլինի։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «քաղաքական եւ բարոյական պարտավորություն ունեն» չդադարեցնել զենքի մատակարարումը։
«Մենք պետք է մատակարարենք ժամանակակից սպառազինություն, ծանր սպառազինություն, ինչպես դա արել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկար ժամանակ, և ՆԱՏՕ-ն նույնպես պետք է դեր խաղա աջակցության հարցում»,- ընդգծել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմն իրականում սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ Ռուսաստանը միացրեց Ղրիմը և աջակցեց Արևելյան Ուկրաինայի զինյալներին։