close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական զավեշտ․ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հակահայկական խորհրդաժողովին «արժևորել է» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Տարածաշրջան

27 Մայիսի 2022, 13:23
 Թուրքական զավեշտ․ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հակահայկական խորհրդաժողովին «արժևորել է» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը շեշտելով, թե Հայաստանի հետ սկսված հարաբերությունների նորմալացման գործընթացն իրենք որակում են որպես տարածաշրջանի համար կարևոր ու պատմական հնարավորություն, նշել է․ «Բոլոր դերակատարներին կոչ ենք անում կառուցողական մոտցում ցուցաբերել և աջակցել այս գործընթացին»։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը վկայակոչելով թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը։

Աբսուրդն այն է, որ ԹԱՄԺ-ի նախագահն այդ հայտարարությամբ հանդես է եկել պետական մակարդակով կազմակերպված հակահայկական խորհրդաժողովի ժամանակ։

Խոսքը գնում է Թուրքական պատմագիտական ընկերության և Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի կողմից կազմակերպված «Կոտորած, ավերում և զավթում Վանում․ տեղահանության տանող ճանապարհը» խորհրդաժողովի մասին, որի շրջանակներում Մուստաֆա Շենթոփը հանդես է եկել խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձով։

ԹԱՄԺ-ի նախագահը կրկնելով թուրք կեղծարարների ծեծված թեզերն այն մասին, թե իբր «հայերը Օսմանյան կայսրության մեջ տարիներ շարունակ ապրել են խաղաղության մեջ, և որ մինչև իսկ հայ համայնքի մեծամասնությունը բարձր մակարդակի է հասել տնտեսական ու սոցիալական ոլորտներում, ընդգծել է, որ «տեղահանությունն սկսել է հայ ավազակախմբերի կողմից սկսված ըմբոստությունների հետևանքով, երբ պետությունը հարկադրված է եղել Տեղահանության մասին որոշում կայացնել՝ անմեղ մարդկանց կյանքը պահպանելու համար»։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նաև պնդել է, թե իբր «1915 թ․ դեպքերը (իմա՛ Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ․) չեն համապատասխանում «ցեղասպանություն» եզրույթին», և որ հայերի կողմից Ցեղասպանության ճանաչման համար տարված պայքարն օգտագործվում է որոշ օտար պետությունների կողմից՝ Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան շարունակել է բազմաթիվ խեղաթյուրումներով լի իր խոսքը՝ հայտնելով, թե իբր «Թուրքիան բազմաթիվ մշակույթներ ու քաղաքակրթություններ է պահպանել, և թե իբր այստեղ կարելի է մեկ փողոցում հանդիպել մզկիթի, սինագոգի և եկեղեցու»։

Նման նախաբանով հանդես գալուց հետո ԹԱՄԺ-ի նախագահն անդրադարձել է ներկայում ընթացող թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և նշել․ «Անշուշտ, մենք չենք մոռանալու մեր ցավերի մասին։ Սակայն անցյալում մնալու փոխարեն, որպես մեծ պետություն, նախընտրում ենք կառուցել մեր ապագան։ Հայաստանի հետ սկսված բնականոնացման գործընթացը որակում ենք որպես կարևոր ու պատմական հնարավորություն։ Հատկապես չպետք է թույլ տալ, որ Սփյուռքի արմատական շրջանակները վնաս հասցնեն այս գործընթացին և թունավորեն այս հարաբերություններն ու գերի վերցնեն Հայաստանին։ Բոլոր դերակատարներին կոչ ենք անում կառուցողական մոտցում ցուցաբերել և աջակցել այս գործընթացին»։

Վերջում Շենթոփը կրկնել է այն թուրքական կեղծ թեզը, թե իբր Թուրքիան անկեղծ ու թափանցիկ մոտեցում է ցուցաբերում նաև արխիվների հարցում՝ դրանք բացելով համայն աշխարհի առաջ։ Նա նաև չի մոռացել շեշտել, թե իրենք տեր են կանգնում «սեփական երկրում հայ ավազակախմբերի կողմից բռնության ենթարկվածների, դրա դեմ իրենց կյանքի գնով պայքարածների սուրբ հիշատակին»։

Այսպիսով՝ Թուրքիան ամենաբարձր պետական մակարդակով շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարը՝ վերստին կրկնելով թուրքական կեղծ դրույթները Մեծ եղեռնի թեմայով, միաժամանակ գիտակցելով, որ ներկայիս ՀՀ իշխանությունների միջոցով հնարավոր է հասնել Թուրքիայի համար կարևոր ու միակողմանի զիջումների։

Աղբյուր՝ https://www.aa.com.tr/tr/politika/tbmm-baskani-sentop-ermenistan-ile-baslatilan-normallesme-sureci-tarihi-bir-firsat/2598337

Մելինե Անումյան

Akunq.net

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica