close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի դեռ ուշ չէ

Հասարակություն

18 Մայիսի 2022, 20:22
 Քանի դեռ ուշ չէ

Դեմոկրատիան կամ հունարենից թարգմանած` ժողովրդաիշխանությունը ղեկավարման այն ձևն է, երբ ժողովրդի ձևավորած իշխանությունը կառավարում է ժողովրդի կամքի համաձայն և ժողովրդի ու իշխանության միջև եղած փոխհարաբերության որակով է որոշվում տվյալ պետության մեջ ժողովրդավարության մակարդակը: Այս հայտնի ճշմարտության առանցքային բաղադրիչը հանրության և ուժային կառույցների հարաբերություններին է վերաբերում, քանի որ առավելապես հենց այդ փոխհարաբերության մեջ է դրսևորվում սեփական իրավունքներից օգտվելու հասարակության ազատության չափը:

Պատահական չէ, որ Հայաստանի անկախացումից հետո հաջորդական իշխանությունները որդեգրեցին ու տարբեր արդյունավետությամբ շարունակեցին ուժային կառույցների բարեփոխման գործընթացը: Ի դեպ, արձանագրենք, որ ժողովրդավարացման գործընթացի շրջանակում տեղի էր ունենում այդ համակարգերի, որպես ազգային-պետական ինստիտուտների կայացումը, նրանց ներդաշնակեցումը Հայաստանի անկախ հանրապետության բնույթին և զարգացման ռազմավարությանը: Կարելի էր տեսնել, որ տարիների ընթացքում դանդաղորեն փոխվում են և ոստիկանությունը և դատարաններն ու դատախազությունը և, գրեթե անտեսանելի, ազգային անվտանգության ծառայությունը եւ իհարկե այն օրենսդրական հիմքը, որը իրավական երաշխիք էր ապահովում այդ փոփոխությունների համար: Թե ուր հասավ բարեփոխումների այս ընթացքը ակնհայտ դարձավ 2018 թվականին, երբ ոստիկանությունը, ստվերի պես հետևելով ցույցերին ու երթերին, մնաց միայն դիտողի, իրադարձություններին հետևողի զգուշավոր դերում` անգամ երբ ըմբոստ զանգվածը, իր առաջնորդի գլխավորությամբ, բազում անգամներ ոտնահարեց օրինականության սահմանները: Իհարկե իրականությունը խեղաթյուրելու և կեղծելու իր էությանը համաձայն Նիկոլ Փաշինյանն այդ երևույթը պետք է մեկնաբաներ որպես իր ու իր կողմնակիցների «թավշյա» առանձնաշնորհ, կարծես թե իրենք իրենց պիտի ճնշեին ու չեն ճնշել: Իրեն արդեն երկրի ղեկավար պատկերացնող անձը նաև հայտարարում էր, որ այլևս ոստիկանությունը ժողովրդի դեմ դուրս չի գալու` լինելու է ժողովրդի հետ:

Նիկոլի կառավարման չորս տարիներին ոստիկանությունը շրջվեց դեմքով ետ և գլորվեց հասավ խորհրդային մենթության ժամանակներին: Ես գիտեմ, որ այսօր էլ համակարգում շատ ազնիվ ու հայրենասեր հայորդիներ են աշխատում, որոնք ճանապարհ են անցել, տարբեր թելերով կապված են համակարգի հետ և ամոթահար ու գլխահակ դիմանում են այս խայտառակ վիճակին: Իհարկե իմ խոսքը նրանց չի վերաբերում, այլ այն եռանդուն, ագրեսիվ ու անուղեղ դուրսպրծուկներին ովքեր այս օրերին առանձնակի ջերմեռանդությամբ հարձակվում են երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց վրա, որոնք հրապարակներում ու փողոցներում պահանջում են անվստահելի իշխանության հրաժարականը: Ոստիկանի համազգեստն ու կոչումը արատավորողները ծեծում ու հայհոյում են, ոտք ու թև են ջարդում` առանց սեռի, տարիքի, ու այլ խտրությունների: Ակնհայտ է, որ հատկապես վերջին տարիներին համակարգը համալրվել է մասնավորապես կամակատար սալդաֆոնների այն տեսակով, որը անասունի նման կարող է գրոհել և երիտասարդ աղջկա ու կնոջ և տարեց մարդու ու հաշմանդամ ազատամարտիկի և զոհված ազատամարտիկի ծնողի վրա:

Ինչպես ամեն տեղ, այս համակարգը ղեկավարելու համար ևս, որոշ փնտրտուքից հետո, ժողովրդին պատանդի վերածած վարչապետը գտավ իր անձին նվիրված այն մարդուն ում ղեկավարությամբ ոստիկանությունը կաներ ճիշտ այն` ինչը որ այսօր անում է: Այդ մարդը իր մանկության ընկեր Վահե Ղազարյանն է, ով, պիտի ենթադրել, իր հայրենիքի ճակատագրից առավել մտահոգ է Նիկոլին աթոռին պահելու «սուրբ» նպատակով:

Այսօր աշխարհով մեկ հայ ժողովուրդը ալեկոծության մեջ է: Հայրենասեր հայությունը, տագնապած է իր երկրի, Արցախի ներկայով ու ապագայով: Մարդկանց մոտ, այսպես ասենք, ողջամիտ կասկած կա, որ պարտված երկրի վարչապետը ունակ չէ երկիրը դուրս բերելու անկման այս ընթացքից և տանում է Հայաստանն ու Արցախը անդառնալի կորուստների` հարցականի տակ դնելով նաև Հայաստանի ինքնիշխանությունը: Մարդկանց փողոց են դուրս բերում բիրտ ուժի կիրառումը, դատական հետապնդումներով ընդդիմադիրների գործունեության սահմանափակումները, պետության հզորությունը վերականգնելու, անկում ապրող տնտեսությունը ոտքի հանելու անկարողությունը և այլն: Ժողովուրդն այս գահավիժումը կանխելու ու երկիրը փրկելու նախապայման է տեսնում գործող վարչապետի հեռացումը, ով ինչ-ինչ պատճառներով ձգտում է անպայմանորեն իրականացնել երկիրը անդառնալի կորուստների հասցնելու իր դիվական ծրագիրը:

Ըմբոստացած ժողովուրդը այսպես է մտածում, իսկ ինչ է մտածում Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Նա հասկանո՞ւմ է, որ հանդիսանալով Նիկոլին ամեն գնով իր աթոռին պահող հիմնական լծակի ղեկավարը այլևս ոչ թե պարտականությունները կատարող պաշտոնյա է այլ հանցակից` եթե մոտ ապագայում դատարանն ապացուցի վարչապետի գործունեության մեջ տեղ գտած հանցագործությունները: Նա հասկա՞նում է որ գիտակցաբար թե անգիտակցաբար կատարելով շեֆի հրահանգներն ու խորացնելով ժողովրդի դեմ իրականացվող բռնությունները անխուսափելի է դարձնում պատասխանատվությունը իր արարքների ու իր հրահանգների համար: Ինչի՞ վրա է Վահե Ղազարյանի հույսը, որ հնարավոր կդառնա ինչ-ինչ գործողություններով մարե՞լ ժողովրդային ըմբոստության ալիքը, բայց սա Նիկոլի «հեղափոխության» պես դրսից չէ պատվիրված, արհեստական չէ, հայ ժողովրդի համար դարձել է ճակատագրական խնդիր` ինչպես կարող է մարել ու վերանալ:

Վահե Ղազարյան ոստիկանապետի ղեկավարած համակարգը այսօր դարձել է այն պատժիչ մեխանիզմը, որը փորձում է բռնության, վախի, օրենքը ոտնահարելու ճանապարհով խեղդել ժողովրդային շարժումը, ինչը ժողովրդի համար նույնն է թե հայրենիքի փրկության հույսը, երկրի թուրքացումը, հյուծված ժողովրդավարությունը, ժողովրդի բռնաբարված իրավունքներն ու ազատությունները փրկելու հնարավորությունը: Հայ մարդու ձեռքով հայ մարդու հետ հաշվեհարդար տեսնելու փորձերը, ներազգային բախումներ հրահրելը միշտ էլ սրբապղծությանը հավասար մեղք են դիտվել մեր ժողովրդի համար: Վանդակում հայտնված գազանի հոգեվիճակն ապրող վարչապետի թելադրանքով ոստիկանապետն իր ղեկավարած համակարգը կամաց-կամաց սուզում է այդ սրբապղծության ճահիճը:

Ժողովրդի հետ բախման մեջ մտնելու և ֆիզիկական բռնության ճանապարհով նրա ըմբոստությունը զսպելու համար առաջին գծում հայտնվում են հենց այն դուրսպրծուկները ովքեր ունակ են անասնական վարք դրսևորելու անպաշտպան մարդկանց նկատմամբ: Կասկած չկա, որ ոստիկանապետից հենց այդ է պահանջում հոգեպես անհավասարակշիռ իր ղեկավարը` հաշվի չնստելով օրենքի թելադրած որևէ սահմանափակման հետ ու որքան ավելի շատ երերա տակի աթոռը այնքան ավելի անհավասարակշիռ է դառնալու և ծայրահեղությունների է հակվելու նա` ով պաշտոնավարման առաջին օրերին փորձում էր հավաստիացնել, թե ժողովրդի պահանջի դեպքում առանց վարանելու կհեռանա իշխանությունից:

Անխուսափելի պատասխանատվությունից խուսափելու նպատակով նա կարող է իր հետ կործանել և՛ մերձավորներին և՛ մտերիմներին և ենթականերին և թիմակիցներին և ողջ երկիրը, իսկ երբ անխուսափելի պատասխանատվության օրը, գլուխները կախ դատարանում նստածների մեջ, Նիկոլի կողքի կլինի Վահե Ղազարյանը շեֆը փրփուրը բերանին պնդելու է թե ինքը ոչ մի հրաման չի տվել, ինչպես ձև արեց հրահրված պատերազմից հետո: Այս տխուր հեռանկարի մասին արժե, որ մտածի ժողովրդի դեմ ոստիկանության գազազած բանակ հանող Վահե Ղազարյանը: Ի դեպ նաև թիկնապահներ խաղացնող տիկնիկավարները: Պատմության դատաստան անխուսափելի է, իսկ թե ով մեղքի ինչ բեռով կներկայանա երկրային դատաստանին կախված է իրենից: Արժե մտածել այս մասին` քանի դեռ ուշ չէ:

Արտաշես Շահբազյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica