close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդկության դեմ ոճիր է՝ ստրկացման տանել և ճնշել քաղաքակրթության ընդունակ մի ազգ

Քաղաքական

17 Մայիսի 2022, 18:11
 Մարդկության դեմ ոճիր է՝ ստրկացման տանել և ճնշել քաղաքակրթության ընդունակ մի ազգ

Հոդվածը հրապարակվում է Ապրիլի 24-ից ուղիղ 14 օր անց, նույնքան, որքան պահանջվեց «քոչվոր կառավարության» հետևորդներին և նրանց աջակիցներին ժողովրդականության բուռն ալիքի ներքո տապալել լեգիտիմ կառավարությանը։ Ինչպես նաև հոդվածի հրապարակման օրը համընկնում է, այսպես կոչված, թավշյա հեղափոխության երկրորդ ամենաակնառու քաղաքական արդյունքներից մեկի՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու օրվա հետ։

Տասնամյակներ շարունակ ճշմարիտ, վավերական, ստուգապատում հայամետ գրադարանի դեմ դիմաց, որպես սև պատ, վեր է հառնում մարտնչող կեղծիքի, աղավաղված փաստերի, զրպարտության թուրքամետ գրադարանը։ Ահա այստեղ՝ այս երկու ախոյան գրադարանների մեջտեղում, հայտնվում է այս «Սև հոդվածը», որն ի լուր քաղաքակիրթ աշխարհի և, ինչքան էլ ցավալի հնչի, ներկայումս նաև ի լուր հայության որոշ հատվածի հայտնում է իր անաչառ ու փաստահեն կարծիքը թուրքական ոճիրների և Հայոց մեծ եղեռնի մասին։

Գուցե որոշ իմ արտասահմանցի ընկերներ առարկեն, թե մեզանում ևս կան անհանդուրժելի բազմատեսակ կեղեքումներ ու տառապանքներ, և ուրեմն միջազգային հանրության համար հարկ չկար այդ ժամանակ գնալ շատ հեռուները՝ փնտրելու կամ Հայկական լեռնաշխարհի կորսված գավառներում հետաքրքրվելու տեղի անցուդարձով։ Սակայն, բացի այն, որ հալածանքներն ու անագորույն բռնությունները, որոնց ամենօրյա զոհերն են եղել հայերը, այնքան բազմաբնույթ էին, որ պետք է առաջացնեին բոլոր քաղաքակիրթ ազգերի և նույնիսկ կողմնակալ կառավարությունների միահամուռ բողոքը, մեր կյանքն ու ճակատագիրը  միջազգային հանրությանը պետք է հետաքրքրեր այլ նկատառումներով։ Հայ ժողովուրդը կազմում էր «Արևելյան հարց» կոչված հիմնահարցի միջուկը, իսկ այդ հարցը ծանրորեն զբաղեցնելու էր քաղաքակիրթ ժողովուրդներին, խռովելու էր  արևմտյան ազգերի խաղաղությունը, գժտություն էր գցելու նրանց մեջ և դրանով հետաձգելու  քաղաքակրթության առաջընթացը։

 Ս․ Բարդուղիմեոսի գիշերաջարդը, Տրոկետայի կոտորածը, 1792, 1848, 1871 թվերի արյունահեղ կռիվները, նույնիսկ՝ Քիոսի, Լիբանանի և Բուլղարիայի ջարդերը նսեմանում էին սուլթանի պաշտոնյաների հրամանով Հայաստանում գործած արյունռուշտ վայրագությունների համեմատ, որոնք կատարվել են մի ժողովրդի դեմ, որի միակ հանցանքը եղել է կեղեքումներին հակառակվելը։

Այն ավերն ու կոտորածը, որի մեջ գրեթե երկու տասնամյակ լողում էր տարաբախտ Հայաստանը, հավասար էին և նույնիսկ իրենց ահռելի չափերով և անգթությամբ գերազանցում էին բոլոր դարերի և ազգերի ամենաանգութ պատմություններն ու առասպելները։ Թուրքիան կարող է պարծենալ իր արածով․ նրա «փառքից» մթագնեցին նույնիսկ Լենկթեմուրի վայրագությունները, որոնց մասին շուտով կխոսվի։

 Կրոնները չունեն թվացյալ ամենակարող ազդեցությունը, թեև հանգամանքների բերմամբ կարող են նպաստել կամ կասեցնել քաղաքակրթության առաջընթացը։ Մեր օրերում Թուրքիայում մահմեդականությունն իր սկզբունքներով և դոգմաներով քաղաքակրթությանը էապես չի նպաստում։ Սակայն թուրք ժողովրդի համար սրանք շահեկան երևույթներ են։ Համենայն դեպս, սա միսիոների հոդված չէ, ու թուրք ժողովրդի գործն է խորանալ իր դոգմաների մեջ և լուսավորվել։ Սակայն կարևոր է նշել, որ կրոնը թուրք կառավարության համար իմաստ և նշանակություն չունի, քանզի «Էնվերի» կրոնը Թուրանն է։

 Ինչպես արդեն խոսվեց, թուրքական հետևողական  պրոպագանդայի և փափուկ ուժի կիրառման արդյունքում հայության շրջանում տարածվել են մի շարք մոլորություններ, որոնք վտանգում են ՀՀ և ԱՀ ազգային անվտանգությունը՝ մթագնելով մեր գիտակցությունը։ Դրանց անդրադարձել եմ ստորև։

 1 Կոտորվել ենք, որովհետև չենք կռվել։

Կարևոր է ընթերցել, խորհել, ծանրութեթև անել Հայկական հարցը, բայց երբեք չտրվել հապճեպ դատողությունների ու, հատկապես, ինքնախարազանման․ ոճրագործի ցանկությունը հենց դա է եղել՝ հայության կենդանի մնացած խլյակների մեջ սերմանել չգործած մեղքի ընդունում, թերարժեքության վարակի տարածում։ Բայց և՝ չքողարկել մեր սխալները, հիշել, որ հայերիս առաքինություները բուն ազգային են, իսկ թերությունները՝ համամարդկային։

 1895 թ․ և հետագա տարիների թուրքերի կազմակերպած ջարդերի ժամանակ հայերը բավականաչափ հզորություն  կամ դիմադրելու միջոցներ չունեին։ Այն օրերին հայերին չէր թույլատրվում ռազմական պատրաստություն անցնել, ծառայել թուրքական բանակում կամ զենք կրել։ Սակայն 1915 թ․ սկզբներին Թուրքիայի ամեն մի քաղաքում հազարավոր հայեր կային, որոնք զինվորական ուսուցում էին անցել՝ որպես զինվորներ, ունեին հրացաններ, ատրճանակներ և այլ զենք ինքնապաշտպանության համար։ Վանի իրադարձությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ այդ մարդիկ կարող էին հաջողությամբ գործադրել իրենց զենքը, հետևաբար, նախքան հայերին բնաջնջելը, հարկավոր էր նրանց զինաթափել։

 1915 թվականի սկզբներին թուրքական բանակում ծառայող հայ զինվորները նոր կարգավիճակ ստացան։ Մինչ այդ՝ նրանց մեծամասնությունը շարայիններ էին, բայց այդ ժամանակ նրանցից խլեցին զենքը, և նրանք վերածվեցին գործավորների։ Այդ նախկին զինվորներն այդժամ, փոխանակ ծառայելու որպես հրետանավորներ և հեծելազորայիններ, դարձել էին ճանապարհաշինարար բանվորներ ու բանող կենդանիներ, որոնք Հայկական լեռնաշխարհում օրերով սոված ու ծարավ քշվում էին թուրքերի մտրակների ու սվինների տակով՝ որպես էժանագին ստրուկներ։

 Երբ գյուղերում ու քաղաքներում հրամաններ փակցվեցին՝ ըստ բնակության վայրի ունեցած ամբողջ զենքը իշխանություններին հանձնելու պահանջով, չենք կարող թաքցնել, որ շատ դեպքերում հալածանքների ենթարկվող մարդիկ հլու հնազանդ կատարեցին հրամանը՝ թուրքերի հետ խաղաղ ապրելու հույսով, բայց եղան մարդիկ, որոնք, հասկանալով, թե ինչ կլինի հետևանքը,  եթե տրվեն հալածանքներին ու հանձնվեն, պահեցին իրենց զենքը՝ պաշտպանելու սեփական արժանապատվությունը և իրենց կանանց պատիվը ոտնձգություններից։ Իհարկե, թուրքերը կեղեքեցին և սպանեցին բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր իրապես զենք չունեին, իսկ նրանք, ովքեր հրաժարվել էին հանձնել, ենթարկվեցին առանձնակի դաժանության․ համենայն դեպս, այս տեսակը կարողացավ ավելի հաջող կերպով փրկել իր հետնորդներին և զոհվեց՝ զենքը ձեռքին, այլ ոչ թե նահատակվեց թուրքի կրնկի տակ։ 

 Թեև, ինչպես այսօր, եղել են նաև առևտրական ու դրամափոխ, օտարամոլ ու արծաթասեր, հարմարվող ու հնազանդ, «գռզոյանման» հայեր, սակայն հայ ժողովրդի մեծ մասը ապրել է գյուղերում, նահապետական կյանքով․ 80 տոկոսը գյուղացիներ կամ արհեստավորներ էին, որոնք Արևմտյան Հայաստանում ավելի շատ են կեղեքվել, հալածվել, չարաչար կերպով շահագործվել, նրանք, ում վերջապես օգնության ձեռք էր պետք մեկնել։ 

 Ուրեմն, կարելի է հերքել հայ ժողովրդի գոյության միջոցների և հասարակական դիրքի մասին տարածված առասպելները, թե հայերը միմիայն խոշոր վաճառականներ և գործարարներ էին։ Ճշմարիտ է, որ Հայաստանից դուրս, Թուրքիայում և մյուս երկրներում ապրող հայերի մեջ կան շատ վաճառականներ, երբեմն հանած-վարած վաճառականներ էլ կան, ինչպես հույների և ուրիշ ազգերի մեջ։ Նմանօրինակ երևույթներ պատահում են գրեթե բոլոր մտաշխույժ ազգերի հետ, որոնք քաղաքականապես պետության մեջ երկրորդ կարգի քաղաքացիներ են։ Սրա դասական օրինակը անգլիացի քվեյքներն են, որոնք սկզբում ընչազուրկ աղանդ էին, իսկ 20-րդ դարի սկզբին կազմում էին հարուստ ընկերակցություն, սակայն քվեյքների պատմությունն այս պահին թողնենք մի կողմ։ Ու, առհասարակ, նման երևույթներ հաճախ են պատահել Արևելքում, քանի որ աշխատասեր, բայց հարստահարված ժողովրդի տարրերը պետք է որևէ գործ անեին և,  բնականաբար, զբաղվում էին վաճառականությամբ։ 

 Ամբողջացնելով նշենք, որ հայերին ակնհայտորեն արգելված է եղել զենք կրել, հետևաբար՝ անընդունելի է այն թեզը, թե մենք չենք կռվել, այդ պատճառով ենք կոտորվել, կամ որ կամք չենք ունեցել պատրաստվելու, ինչպես, օրինակ, ինչ-որ Քերոբյանի PR գծով կազմակերպություններն են պնդում։ Ինչ վերաբերում է «հայկական երկչոտության» մասին տարածված վարկածին, մենք բազմաթիվ փաստերով կարող ենք հերքել այդ չարամիտ զրպարտությունը, ինչպես նաև հայերի մասին տարածված կեղծ առասպելները, թե, իբր, հայերը հիմնականում «սարաֆներ» (դրամափոխներ) են եղել։

 Սակայն ականատես ենք լինում, որ ժամանակի ընթացքում, ցավոք, մոռանալով ազգային  առաքինությունները, հայերը ձեռք են բերել ստրկական սովորություններ, և այդպես էլ մեզ հետ վարվում էին և են։

 Եզրափակելով այս հարցը՝ կարևոր ենք համարում նշել, որ հայ ժողովուրդը այսօր պարտավոր է մերժել իր այդ ստրկական սովորությունները՝ նախ դիմադրելով այս կոլաբորացիոնիստ կառավաությանը։ Վստահ կարելի է պնդել, որ եթե այս պարտվողականության շղթան այսօր շարունակվի, ապա ամբողջ միջազգային հանրությունը պարզապես արհամարհելու է մեր ապագա ողբը, և այս անգամ փրկվելու հնարավորություն միանգամայն չենք ունենալու։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ երբ նույնիսկ գերմանացի նշանավոր հրապարակախոս, ազգությամբ հրեա Էդուարդ Բեռնշտայնը 1902 թ․ հունիսի 26-ին Բեռլինում մոտ 3000 հանդիսականների ներկայությամբ «հայերի տառապանքն ու Եվրոպան» հանգամանալի դասախոսություն էր կարդում Թուրքիայում (պատմական Հայաստանում) հայերի դրության և կոտորածների մասին, վկայակոչում էր այն փաստը, որ ոչ թե հայերը չեն կռվում, այլ կռվելու հնարավորություն չունեն։ Սակայն եթե չօգտագործեին իրենց չնչին հնարավորությունները ինքնապաշտպանվելու համար, ապա այսօր նա այդ կարևոր ելույթը չէր ունենա։ 

 Հայ ժողովուրդը պետք է այսօր գիտակցի, որ ունի անկախ պետականություն, դիմադրելու և պայքարելու հնարավորություն, և եթե այդ հնարավորությունը չօգտագործի, որևէ արժանապատիվ անհատ այս աշխարհում իր կրած տառապանքներով չի մտահոգվի։ 

 2. Հեղափոխականներն են հրահրել հայոց կոտորածները

 Դարերով Թուրքիայում (Հայկական լեռնաշխարհում) հայերի վրա էր ծանրացել ստրկության և քուրդ կալվածատեր-հողատերերից ճորտական կախվածության լուծը։ Հայերը տառապում էին թուրքական իշխանությունների ծաղրուծանակից ու կամայականությունից։

Կարևոր ենք համարում ևս մեկ անգամ  նկարագրել այն բազմազան վարչական և զինվորական միջոցները, որոնցով Թուրքիան վերջնականապես փորձել է բնաջնջել հայերին, թեև Ամերիկան բացահայտած չենք լինի։ Այդ միջոցներն են․

1Հաղորդակցության կաշկանդում։ Հայերին արգելվում էր ոչ միայն Թուրքիայից արտասահման մեկնել, այլև երթևեկել գավառից գավառ, գյուղից գյուղ։

2 Հարկահանություն։ Հարկահաններն էին թուրքական կառավարությունը և քուրդ բեկերը, որոնք դարեր շարունակ հայ ազգաբնակչությանը համարել են իրենց ստրուկը։

3 Ոստիկանություն և բանտ։ Սարսափելի վկայություններ կարելի է բերել անգլիական «կապույտ գրքից»։

4 Մահմեդական գաղթականների տեղաբաշխումը հայկական նահանգներում։ Հայ հողատերերին հողազուրկ անելով՝ կառավարությունը բնակեցնում էր գաղթական մահմեդականներին։

5 Բռնի հափշտակութուններ, մասնակի սպանություններ, ավազակություններ։ Բոլոր հայաբնակ նահանգներում անխտիր դրանք տեղի էին ունենում ահագնացող չափերով։

6 Զանգվածային կոտորածներ։ Կարելի է հիշատակել Խաստուրի կոտորածը 1900-ին և մանրամասն նկարագրել Սասունի ու Զեյթունի հերոսամարտերը։

 Ակնհայտորեն ճակատներում կրած պարտությունների վրեժխնդրությունը, նաև բազմազգ երկիրը թրքացնելու դարավոր երազանքը, դրդեց նրանց հայ գյուղացուն գցել հսկայածավալ հարկերի տակ և խոր հուսահատության մեջ՝ դարձնելով այն թուրքական հետևողական քաղաքականության մաս։ Եթե առնվազն այդ հարկերը քիչ թե շատ կանոնակարգվեին, հայերն իրենց արևելյան համբերությամբ հոժարակամ կհամակերպվեին սեփական դրության հետ, բայց այդպես չէր։ 

 Հակառակ այդ բոլորին, հայ ազգը հուսահատ վիճակում սիրտ առավ և, իր անկախության տենչն ամրապնդելով ու որևէ այլ միջոց չտեսնելով, միաբանվելով, իր ազատությունը ինքն իր ձեռքով սկսեց կերտել։  Իհարկե, հայ հեղափոխականները պաշտոնյաների կամ նրանց արբանյակների դեմ բռնություն գործադրել են, անգամ՝ ամոթալի փախուստի մատնեցին,  թուրքական տեսանկյունից, ազատության հերոս Էնվեր փաշայի փեսային, բայց մեր նկարագրած պայմաններում նրանց արարքն միանգամայն մարդկային էր և միջազգային հանրության կողմից ոչ պախարակելի։ Նույն լինելու է միշտ, երբ որևէ արժանապատիվ ժողովուրդ մատնված է կամայականության, երբ հարստահարվողը չի կարողանում իր իրավունքները լսելի դարձնել, այդպիսիներին մնում է դիմել բնական իրավունքի և կռվել ցանկացած զենքով։ Դժբախտ են այն ազգերը, որ ծայրահեղ դժբախտությունից ազատվելու համար չեն դիմում ամեն միջոցի։

 3. Թուրքիան արհամարհում է ողջ աշխարհին, հետևաբար՝ առավելագույնը, որ միջազգային հանրությունը կարող է անել, մտահոգություններ հայտնելն է։

 1895 թ․ հոկտեմբերի 22-ին երկարատև բանակցություններից հետո Թուրքիան նույն խանդավառությամբ խոստացավ (թեև ամեն անգամ մեծամեծ խոստումներ էր տալիս, բայց դրժում էր դրանք), որ կկատարի հուշագրի առաջարկները։ Սուլթանը Անգլիայի վարչապետին հայտնեց, որ հուշագիրն անհապաղ կիրագործվի, և մինչև իսկ երդման խոսք տվեց։ Բայց ինչպե՞ս պահեց խոստումներն իր պաշտոնյաների հետ. կազմակերպվեցին սահմաններ չճանաչող և նախապես ծրագրված կոտորածներ՝ հայերին ամբողջովին բնաջնջելու նպատակով, ցեղասպանություն, որի նմանը երբեք չէր տեսել պատմությունը՝ իր մեծությամբ և դաժանությամբ։ Այսպես ուրեմն՝ 1895 թ․ հոկտեմբերի 22-ին «մարդասպան» մեղմ տիտղոսը կրողը սկսեց իր գործը։ 

 Սակայն միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, թե միջազգային գործիչներին ստել և Անգլիայի վարչապետին տրված խոստումները կարելի կլիներ մերժել առանց դրա համար հենարան ունենալու։ 1895 թ. Անգլիայում ազատական կառավարության փոխարեն իշխանության գլուխ եկան պահպանողականները։ Ազատական վարչակարգը դեմ էր Թուրքիայում կատարվող բռնություններին և բազմիցս սպառնաց սուլթանի դեմ խիստ միջոցներ ձեռնարկել։ Իսկ պահպանողական վարչակարգը այնպես էր ցույց տալիս, թե ցանկանում է շարունակել նույն քաղաքականությունը, սակայն այդ ժամանակ Հնդկաստանի լեռնագավառներում ծագեցին ապստամբություններ, որոնց դրդիչը մահմեդական կրոնավորներն էին, և այն կարծիքը ստեղծվեց, թե այդ խռովություններում սուլթանի մատը խառն էր։ Այնպես որ՝ եթե Անգլիան թուրքերին ճնշեր, կարող էր Հնդկաստանի բոլոր մահմեդականներին հանել իր դեմ՝ հանուն խալիֆաթի պաշտպանության։ Ահա այս պատճառով էլ Անգլիայի կառավարությունը թույլ գտնվեց։ Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանին համակիր էին։ Այլևս սուլթանի կառավարության ծովը ծնկներից էր։ Բողոքն ընդունվեց ամենամեծ անտարբերությամբ, և հանդարտորեն շարունակվեց հայերի կոտորածը։ Հետագա ամիսներին հայերից շատերին խմբովին թուրքացրին:

 Երբ հայերի կյանքով մտահոգ այլազգի գործիչներ զայրանում էին, որ իրենց մեջ ոչ ոք բողոքի ձայն չի բարձրացնում, նամակ էին ստանում, որի գլխավոր կետերն էին․ առաջին՝ Թուրքիայում հայեր չկան, երկրորդ՝ հայերն այնտեղ շատ երջանիկ են, և վերջապես՝ ապստամբողները ռուսական գործիչներ են։ Ի դեպ, կային մարդիկ, որոնք, Ռուսաստանի հանդեպ ունեցած ատելությունից դրդված, պաշտպան էին կանգնում Թուրքիային, ինչպիսի՜ քաղաքակրթվածություն։

 Հատկանշական է, որ 1896-ի օգոստոսին մի խումբ հայ հեղափոխականներ պետությունների ուշադրությունը հայ ժողովրդի հուսահատ վիճակի վրա բևեռելու համար հանդգնորեն գրավեցին Կ․ Պոլսի Օսմանյան բանկը՝ հույս ունենալով պետություններից կորզել բացահայտ խոստումներ։ Նրանք հուսախաբվեցին, և այդ ցույցի միակ արդյունքն այն եղավ, որ թուրքական կառավարությունը առիթ ունեցավ Կ․ Պոլսի մեջ կոտորած սարքելու՝ իբրև վերջաբան հայկական ջարդերի։ Այդ համայնաջարդի ժամանակ սպանվեց 6000 մարդ՝ չհաշված ծով նետվածները։ Այս ամենը կատարվեց բազմատեսակ դեսպանների աչքի առաջ, որոնք ոչինչ էլ չարեցին այդ ոճիրի քավության համար։ Նորից մի հուշագիր հրապարակեցին, կրկին շեշտեցին սուլթանի պատասխանատվությունը, բայց դրանից այն կողմ չանցան։

 Իհարկե, անգնահատելի է հեղափոխականների դերը հայության գոնե մնացյալ մասի փրկության գործում, սակայն նորօրյա իրականության մեջ պետք է հասկանալ, որ երկրի պաշտպանությունն, անշուշտ, չի սկսվում երկրի անմիջական, ֆիզիկական-աշխարհագրական սահմանին։ Որոշ իմաստով այն ավարտվում է այդտեղ։ Իրականությունն այն է, որ երկրի պաշտպանությունն սկսվում է չափազանց հեռավոր (հաճախ՝ վերացական, ոչ նյութական) մատույցներում։ Ժամանակակից իրողությունների պայմաններում դրսի աշխարհում ծավալվող գործոններն, անկասկած, շա՛տ են և մեզ դժվար հասանելի, ինչպես անհասանելի էին 1896-ին, հետևաբար, մեզ պետք է համաշխարհային ուժային և ուղեղային կառույցներում ևս ունենալ մարտունակ, կուռ շարքեր։ Իսկ այդ տեսլականին կարելի է հասնել միմիայն ներկայումս ահռելի չափերի հասնող ուղեղների արտահոսքի կառավարմամբ, ասել է թե՝ որոշակի սկզբունքների հիման վրա համակարգված, նպատակային արտահանմամբ։

 4. «Խաղաղության օրակարգը» ամեն գնով առաջ չտանելու դեպքում կրկին կներքաշվենք արյունարբու պատերազմների մեջ ու կցեղասպանվենք։

 Երբ Հայոց ցեղասպանությունից 500 տարի առաջ ասիացի նվաճողներից ամենաարյունարբուն՝ Լենկթեմուրը, կանգնեց Հայաստանի մարգարիտներից լավագույնի՝ «բյուրավոր վարդաթփերի քաղաք» Սվազի առաջ, բնակիչները, սարսափած և ահաբեկված, մեծ կործանարարի սիրտը մեղմելու համար նրա մոտ ուղարկեցին հազար մանկահասակ երեխա՝ ոտքից գլուխ հագցրած սպիտակ, իսկ ձեռքերին՝ ծաղկեփնջեր։ Լենկթեմուրը մի երկար, անբարեհամբույր հայացք է գցում այդ անմեղ մանուկների վրա, որ ահուդողով ու աղերսանքով մոտենում էին իրեն և հանկարծ հրաման է տալիս մոնղոլական հեծյալների ձիերի սմբակների տակ տրորել այդ անմեղ մանուկներին։ Վստահ եմ՝ Հայոց մեծ եղեռնից առաջ հայերը չէին կարողանում կարդալ այդ տողերը (ինչպես մենք այսօր Հայոց ցեղասպանության մասին) և չզգալ մի դիվական երազ,  արյունոտ մղձավանջի տեսիլք։ Սակայն այդ մղձավանջն 1915-ին դարձավ իրականություն։ Ինչպես 1915-ը կրկին կդառնա իրականություն, եթե չդիմադրենք կենտրոնակայանի ճնշումներին և «քոչվոր կառավարությանը» անդամակցած «պսևդոխաղաղության հետևորդների» փոքրոգի արշավին։ Այս իմաստով, մենք այսօր պնդում ենք՝ մարդկության դեմ ոճիր է՝ ստրկացման տանել և ճնշել քաղաքակրթության ընդունակ մի ազգ, դարձնելով այն անկառավարելի մի խառնամբոխ, որի միակ դավանանքը «նախկինների» դեմ ատելությունն է և դիմացինի սոցիալական վատթար վիճակը։ 

Բոլորիս է հայտնի, որ թուրքերը, առհասարակ, տեղի են տալիս միայն ուժեղ կամքի առաջ, նրանք ունեն խույս տալու, ձգձգելու հազար ու մի միջոց և կարող են խոստանալ այն, ինչը երբեք չպիտի կատարեն, սակայն տեղի են տալիս, երբ դիմացն ուժ են տեսնում։ Այսօր մենք պարտավոր ենք նորարար ուղիներ փնտրել այս իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու համար և միաժամանակ պատրաստ լինել վճարելու այն գինը, որի համար մյուս ազգերը և պետությունները մեզ սատար կկանգնեն։ Երբ չլիներ պետականություն, բնական է, որ մեր ժողովրդի համար միևնույն կլիներ, թե հանուն ինչի է Ռուսաստանն այսօր պաշտպանում արցախահայերին, քանզի, երբ ժողովուրդները տառապում են, չեն հարցնում, թե ինչու են իրենց օգնության հասնում. նրանք իրենց ազատության մասին են մտածում։ Բայց և այնպես, մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք հասկանալու դրա համար վճարվելիք գինը, հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը ավելի բարձր գին կառաջարկի, և մենք կրկին կդառնանք աճուրդի առարկա։

 Այս ողջ ընթացքում մեզ համաշխարհային ասպարեզում միջազգային գործոնից էժան մանրադրամի վերածած կառավարությունը Հայաստանում ուշադիր է, որ, եթե ժողովրդի ծոցից ծնվի ազատագրական որևէ լուրջ շարժում, այն մանիպուլացնեն ու կապեն անհեթեթ հարցերի հետ, ինչպիսիք են, օրինակ, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Իսկ եթե ազգի որոշիչ հատված համախմբվի ու մերժի այդ կեղծ օրակարգը, կփորձեն արյունահեղություն հրահրել, ինչպես արեցին նրանց կնքահայերերը 1915-ին և իրենց կիսաառաջնորդը մարտի 1-ին՝ ստեղծելով դիմադրողներին ահաբեկող խմբակային սադրանքներ  հարձակումներ։

 Ահա այսօր երկիրը արյունարբու պատերազմի մեջ ներքաշած խունտան կարծում է, թե հայ ազգը երեք տասնամյակ շարունակ հանուն ոչնչի է զոհվել: Այդ նույն խունտան այսօր հռետորական հարց է հղում՝ ո՞ւմ արյամբ եք որոշել ազատագրել Արցախը, մերժելով այն գաղափարը, որ պայքարում ընկածների արյունը հերոսներ է ծնում, իսկ հոգով ստրուկների արյունը՝ առաջին անձրևի հետ սրբվում, կորչում, ինչպես և շուտով բոլոր դավաճաններինը։ 

 Եզրափակելով շեշտենք, որ ցանկացած կառավարության պարտքն է կամք և ուժ գտնել՝ պաշտպանելու իր քաղաքացիների կյանքն ու սեփականությունը։ Եթե մի կառավարություն չի կարող կատարել այս պարտականությունները, պետք է հրաժարական տա։ Այլընտրանք չկա։ Մեր և միայն մեր ձեռքին է ապագա քաղաքակրթության դրոշը, հակառակ դեպքում՝ թուրքերը իրենց դոգմաներով և արյունարբու վարքագծով դեռ շատ հանցանքներ են գործելու ընդդեմ մարդկության, ինչպես, օրինակ, Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու հանդեպ արված վանդալիզմը։ Մենք իրավունք չունենք ո՛չ անձնատուր լինելու և ո՛չ էլ թուլանալու։ Որքան էլ ծանր լինեն այն զոհաբերությունները, որ կրում ենք, պիտի կռվենք մինչև հաղթական ավարտը, մինչև թուրքերից ու տեղի հայրենավաճառներից Հայաստանի ազատագրության պահը։

 5. Նախորդ 30 տարիների ընթացքում Հայաստանում գործունեություն ծավալած գործարարները, որպես կանոն, հանած-վարած թալանչիներ են, իսկ նրանց երեխաները՝ անկիրթ և անբարեկիրթ։

 Այսօր շատ հայ գործարարներ կապիտուլյացիոն ռեժիմի մեղսակիցն ու ծառաներն են դարձել՝ իբրև վարձ ստանալով որոշ արտոնություններ ու պաշտոններ։ Սակայն կան հարուստ և իրապես ազնիվ մարդիկ, որոնք մերժում են մասնակցել այսօրվա թշնամի ռեժիմի հակապետական գործերին՝ մասը կազմելով ազգի բովանդակ այն ուժերին, որ շարունակում են «մեծ»  մարդասպանի դեմ կռիվը՝ խոսքով, գրչով ու գործով։

Իսկ այն կեղծ թեզը, որ հարուստ շերտի երեխաները անկիրթ են, տարածվել է կոնկրետ լրատվամիջոցների և որոշ անձանց հասարակության կողմից անընդունելի ու ցայտուն վարքագծի շնորհիվ։ Բայց սա չի կարելի ներկայացնել որպես ազգային աղետ, քանզի կան նաև ունևոր երիտասարդներ, որոնք սովորում են աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններում՝ պատվով ներկայացնելով Հայկական աշխարհը։ Սա վկայում է այն մասին, որ մեր երկրում տարիներ շարունակ խնդիրների մասին բարձրաձայնվել են ոչ թե հանրային քննարկման դնելու և ողջախոհ լուծումներ փնտրելու, այլ պարզապես կեղծ օրակարգով պրոպագանդա տանելու, ժողովրդին դեգրադացնելու և հասարակական մի շերտին մյուսի դեմ տրամադրելու՝ սևերի ու սպիտակների բաժանելու նպատակով։

Վերջապես այն պահն է, որ հասարակությունը գիտակցի, որ մեր մեջ կան արդար աշխատանքով հարստության տեր դարձած մարդիկ, որոնք արժանի են գովեստի ու ոչ թե պախարակման։

Եզրափակելով խոսքս՝ կարևոր եմ համարում նշել, որ յուրաքանչյուր հայի համար գովելի է այն փառասիրությունը, որը հօգուտ հայ ազգի է, արդար է հարստանալու տենչը, սակայն  հարստությունը  չպետք է լինի որպես նպատակ, այլ միջոց՝ այն Հայ դատին ծառայեցնելու համար։ Եվ հենց դա կդառնա պատճառը, որ հայությունը վաղը տեր կլինի մի անպարտելի ուժի՝ ոսկու և խելքի եղբայրության։

 6. Միջազգային հանրությունը աջակցում է այս վարչախմբին։ Իսկ երիտարդությունը, սատար կանգնելով կապիտուլյացիոն ռեժիմի դեմ պայքարինհետագայում անընկալելի է լինելու հեղինակավոր համաշխարհային գիտակրթական, ուղեղային և ուժային կենտրոնների կողմից։ 

Նախ և առաջ կարևոր ենք համարում ներկայացնել այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը, միջազգային հանրություն ասելով, հասկանում է միմիայն Թուրքիան և Ադրբեջանը, ծայրահեղ դեպքում՝ «հեղափոխական» «գունավոր» կենտրոնակայանը։ Վստահաբար կարելի է պնդել, որ այս ռեժիմը, միջազգային ասպարեզում դառնալով մանրադրամ, օգտագործվում է միջազգային հանրության կողմից՝ սպասարկելով որոշ կենտրոնների շահեր, իսկ երբ վերջնականապես կորցնի մանևրելու կարողությունը, կընկնի անդունդը՝ մեզ էլ իր հետ քարշ տալով այնտեղ, որտեղից և բացվում են ստրկություն/վիլայեթացում կոչվող դժոխքի դռները։

 Երիտասարդության մասով պարտավոր ենք գիտակցել, որ չեզոքությունը ներկայումս նույնպես քաղաքական կողմնորոշում է։ Բացի դրանից՝ լինել չեզոք և ապաքաղաքական՝ չի նշանակում լինել անհաղորդ՝ վերածվելով մի պերմանենտ ենթադասի, որին որևէ համաշխարհային հեղինակավոր գիտակրթական կենտրոնի ուսանող, ներկայացուցիչ նույնիսկ հարգանքով չի վերաբերվի։

 Անհրաժեշտ ենք համարում պաթետիկ և գեղեցիկ խոսքերի փոխարեն առաջ քաշել սեփական օրինակը՝ վերահաստատելով այն փաստը, որ այս վարչախումբը արտասահմանյան ազդեցիկ երիտարդության կողմից որևէ աջակցություն չունի։ Եվ ուրեմն, ինչպես գիտեք, այս տարի «Զարթնի՛ր, լաո՛» խորագիրը կրող ջահերով երթը կրում էր ոչ միայն պահանջատիրության գաղափարը, այլ նաև մեր երկիրը թուրքական նեոօկուպացիայից ազատելու խորհուրդը, ու ես՝ որպես Ջոնս Հոփկինսի և Օքսֆորդի համալսարանի ուսանող և մի շարք համաշխարհային ամենաազդեցիկ ուղեղային և ուժային կենտրոնների երիտկառույցների ներկայացուցիչ,  սեփական պարտքը մարդկության և պատասխանատվությունը համայն հայության առաջ գիտակցելով, իմ ներկայությամբ ևս մեկ անգամ փաստեցի՝ բացառված է, որ որևէ երիտասարդ իր ազգային-պետական դիրքորոշման համար մարտահրավերների հանդիպի կամ անըմբռնելի մնա միջազգային որևէ հեղինակավոր գիտակրթական, ուղեղային և ուժային կենտրոնի կողմից։ Ընդհակառակը՝ այդ անձինք արժանանալու են միջազգային հանրության անկեղծ համակրանքին և զորակցությանը՝ որպես համամարդկային, բայց իր խորքում ազգային դիրքորոշում ունեցող անհատներ։ Իսկ նրանք, ովքեր Հայաստանում որոշակի արտասահմանյան 2-րդ, 3-րդ դասի կազմակերպությունների կողմից ենթարկվում են մանիպուլյացիաների և նեոճնշումների, ելնելով իրենց պետական դիրքորոշումից, կարող են ապավինել համաշխարհային ամենաազդեցիկ կենտրոնների ներկայացուցիչներից կազմված «SIS Education»-ի զորակցությանը, ինչպես նաև ստանալ աջակցություն՝ ներգրավվելու ոչ թե ուղեղների լվացման, այլ ուղեղների մշակման կենտրոններում։

 Եզրահանգում։ Հանրահայտ է բնության օրենքը. երբ որևէ էակ չի կարող հենվել իր ուժին, ստիպված ապրում է խորամանկությամբ․ թուրքի մեջ այդ հատկությունը հասել է գերբնական չափերի։ Ոչ մի ժողովուրդ այնքան համբերությամբ չի տարել անարդարությունը և չի կրել այնքան անգթություն, որքան հայ ժողովուրդը։ Աբդուլ Համիդի և երիտթուրքերի վարչակարգի օրոք Հայկական լեռնաշխարհում հայերը ենթարկվեցին մի անըմբռնելի վայրենի վերաբերմունքի, որ ամենասև արատն է ժամանակակից քաղաքական կյանքի, քանզի ամենաբարբարոս կերպով կոտորվեց ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ։ Կասկածելի պատրվակով մի վայրից մյուսը տեղափոխվելով՝ ժանդարմները մարդկանց սպանում էին այնքան դաժանորեն, որքան չեն սպանել երբևիցե մարդ էակին։  Սակայն մենք դեռ հավակնություն ունենք ասելու, թե, գտնվելով լիակատար շրջափակման, հայրենազրկման և ցեղասպանության վտանգի տակ, առանց մարտունակ բանակի և ազդեցիկ ուղեղային, ուժային կենտրոնների աջակցության,  պատրաստվում ենք, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան բացել։

 Որքան էլ հայերիս համբերություն է սովորեցրել մեր դժվարին պատմությունը, այդ համբերությունը այլևս սպառվում է, և մենք չպետք է հուսահատվենք, բայց ոչ էլ սպասենք, որ սպիտակ աղավնին մի օր էլ մեզ կբերի իր ավետիսը: Մենք պետք է գոտեպնդվենք՝ սպասելով քաջ բազեին, որ մի ճանկին՝ ձիթապտղի տերևը, իսկ մյուսին՝ թշնամու գանգը, կգա ազատագրելու մեզ շղթաներից՝ շնորհիվ մեր պայքարի, տառապանքի, հոգեկան աննկուն ճիգերի։ Հոգին կրակ է առնում միայն հոգուց, տանջահար Հայաստանը և փոքրիկ Արցախը չպետք է կյանքի շունչ սպասեն որևէ ազգից, այլ, ապավինելով սեփական ուժերին, ոչնչացնեն թուրքական նեոօկուպացիան՝ նիկոլիզմը, ապա, ամբողջացնելով ողջ հայկական աշխարհի ներուժը, պայքարեն հանուն ազգային նպատակների իրականացման: Իսկ թե որոնք են դրանք՝ մենք դեռ առիթ կունենանք նշելու։ Այսպիսով՝ անցյալը ծանր է, ներկան չկա։ Կա միայն ապագա, և ապագայի զգացումը՝ հույսը։

 Ցանկացած երկիր ու յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական ամրությունները։ Եթե ժողովրդի պատմությունը երջանիկ ընթացք է ունենում, դրանք դառնում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքը, իսկ երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, դրանք դառնում են ազգային կյանքի հենարան-պատվարը, հույսերի կղզին, վերածննդի գրավականը։ Հենց այս վերջին դերն է հայ ժողովրդի համար ունեցել և ունի Արցախը։ Եթե ընդունենք կենտրոնակայանի և իր հայաստանյան արբանյակի կողմից մեզ պարտադրվող, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի օրակարգը, միջազգային հանրության համար ազգերի ինքնորոշման գաղափարը, անշուշտ, մեծ կորուստներ կկրի։ Եվ ընդհակառակը, վերաազատագրելով Արցախը՝ Հայաստանը մշակութային էներգետիկ մեծ ուժի հոսանք կստանա, որը, խուժելով Հայաստանի քայքայված և դեգրադացված տարածքներ, զարկ կտա դրանց մշակույթին, այդպիսով իսկ կամբողջացնի Արցախի բազմադարյա փառահեղ պատմությունը՝ թեկուզև հանուն այն ամենի, ինչ-որ տվել է Հայկական աշխարհը մարդկային քաղաքակրթությանը ամենահին դարերից մինչև այսօր։ Իսկ հարցի աշխարհաքաղաքական բնույթի վերլուծության և լուծման ուղիների վերաբերյալ դեռ բարձրաձայնելու համապատասխան առիթներ շատ կլինեն։

 Այսօր Հայաստանը ձգտում է խաղաղության, բայց երբեք չենք գտնելու տևական խաղաղություն մինչև չհանգուցալուծենք Հայկական հարցը՝ մեր ձեռքում կենտրոնացնելով «գործնական քաղաքականության սահմաններում և առողջ բանականության հիմքի վրա» համաշխարհային շարժման նպատակներն ու խնդիրներն իրագործելու բոլոր միջոցները։

 Երբ մենք՝ հայերս, սկսենք ազատ ու անդորր ապրել սեփական բնաշխարհում՝ մեր պաշտպանությունը երաշխավորելով ոչ թե Վաշինգտոնի, Լոնդոնի, Մոսկվայի կամ Փարիզի, այլ ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման միջոցով աշխարհի ամենազդեցիկ ուղեղային և ուժային կենտրոնների վրա ազդեցություն ունեցող համաշխարհային ցանցի կողմից, այն ժամանակ պիտի հիմնենք մի նոր Հայաստան, որը կդառնա «ազգ-պետություն» տեսության և տեխնիկական գիտության առաջընթացի կենտրոն՝ լուծելով հասարակական առաջընթացի խնդիր, այդպիսով իմաստավորելով մեր հավերժական գոյությունը այս անընդհատ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում։

 

Նվեր Սաղաթելյան

SIS Education-ի հիմնադիր-նախագահ

Ջոնս Հոփքինսի և Օքսֆորդի համալսարանի ուսանող

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica