Չկա այլևս ստի իշխանությունը, մեր հայրենակիցները ելնում են ոտքի և ասում են, որ տեր են մեր հայրենիքին. Մանուկյան
Քաղաքական

Սիրելի հայրենակիցներ, սա Արցախի այն դրոշն է, որ ճանապարհ ելավ սարդարապատից, ողջ ճանապարհին մեր 100-ավոր հայրենակիցներ վանկարկում էին՝ Արցախ, Արցախ, Արցախ: Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ասաց Սարդարապատից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը ղարաբաղի մահապարտ գունդն էր, հիմա հերթը մերն է՝ հանուն Արցախի, հանուն Արցախի հայկականության»:
Ելույթի ժամանակ Գեղամ Մանուկյանը նաև ներկայացրեց մի փոքրիկի, ով քայլերթին մասնակցելու համար Գյումրիից էր եկել. «Նա Արմենն է, Էջմիածնում մոր հետ մոտեցան ու սկսեցին մեզ հետ քայլել: Մի պահ հանգստի ժամանակ հարցրի, թե ինչի համար է քայլում, նույն հարցն ուզում եմ նորից տալ Գյումրու չարենցի անվան դպրոցի աշակերտ Արմենին՝ ինչի՞ համար ես ուզում քայլել»:
Արմենը պատասխանեց. «Ուզում եմ քայլել իմ Հայաստանի, Արցախի, իմ հայրենիքի համար, որ մի օր ապրենք հզոր Արցախում և Հայաստանում»:
Այնուհետև Գեղամ Մանուկյանը շարունակեց և հիշեցրեց, որ այսօր մայիսի մեկն է և շնորհավորեց բոլոր աշխատավորներին՝ անկախ այն հանգամանքից իրենց հետ համաձայն են, թե՝ ոչ»: