close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քարվաճառի պահապան շունը

Խմբագրի անկյուն

15 Ապրիլի 2022, 20:03
 Քարվաճառի պահապան շունը

Քարվաճառի՝ դավաճանաբար հանձնումից հետո քաղաքի բնակիչներից Վարդգեսը բոլորի նման բարձեց իրերն ու տեղափոխվեց Վարդենիս՝ հետը տանելով շանը՝ Արալեզին: Դա Վարդգեսի՝ տնավեր դառնալու արդեն երկրորդ դեպքն էր. առաջինը հեռավոր 1990-ականներին էր, երբ թողեց իր պապենական օջախը Շահումյանում և Քարվաճառի ազատագրումից հետո վերաբնակվեց այնտեղ: Վարդգեսը, կարծես, մի տեսակ սովոր էր դրան, բայց ահա շան՝ հայկական գամփռ ցեղատեսակի՝ գելխեղդ Արալեզի համար դա չլսված բան էր:

No description available.

Եվ մինչ Վարդենիսի գյուղերից մեկում Վարդգեսը փորձում էր ուշքի գալ ճակատագրի նոր հարվածներից, Արալեզը որոշեց վերադառնալ: Վերադարձի ճամփան գտնելը նրա համար այնքան էլ դժվար չէր. հարազատ վայրերից հեռանալիս նա, բեռնատարից գլուխը դուրս հանած, երկար-երկար հետ էր նայել ու ամեն ինչ անգիր հիշում էր:

No description available.

Հայկական նորաստեղծ դիրքերում Արալեզի վրա ուշադրություն չդարձրին, իսկ  ադրբեջանցիները կանչեցին նրան ինչ-որ անհասկանալի անուններով, որոնց չարձագանքելով՝ Արալեզն անցավ Ծարի լեռներն ու, երբեմն ճանապարհով, երբեմն թփուտների միջով կրճատելով ոլորանները, իջավ ուղիղ Քարվաճառ: Դեկտեմբերյան սառը օդը լցվել էր նրա հևացող թոքերը, մի փոքր ծարավել էր, սակայն նա ինքնամոռաց վազում էր և, քանի մոտենում էր հարազատ տանը, այնքան ավելի էին արագանում սրտի զարկերը, որոնք արդեն ոչ այնքան վազելու, այլ ծանր ապրումների ու հուզմունքի հետևանք էին:

No description available.

Տանը մոտենալուն պես բարձր կլանչեց, և դժվար էր ասել՝ դա տիրոջ իրավունքով վերադա՞րձի ազդակա՞նչ էր, թե՞ երբեմնի ծաղկուն տան ամայացման տխուր տեսարանից ծնված մորմոք: Փակ դարպասներից ներս ցատկելով՝ նա առաջինը հոտոտեց այրված տան պատերն ու դուռը, կրկին կլանչեց՝ այս անգամ հաստատորեն զայրանալով տիրոջ վրա՝ ինչո՞ւ է այրել իր հայրենի տունը, մի՞թե հավետ կորած են վերադարձի հույսերը: Նա այնուհետև շրջեց բոլոր այն վայրերը, որոնք այնքա՜ն հարազատ էին իրեն, և որքա՜ն հիշողություններ կային տան, այգու ամեն մի ծառի ու թփի, տնամերձ խորդանոցների և այլնի հետ: Ահա այն անկյունը, որտեղ Վարդգեսի թոռներն ուրախ խաղում էին իր հետ, հացը ձեռքերին՝ վազվզում իր շուրջը, ահա իր բույնը, հողին մեխված շղթայի հետքերը, ահա դիմացը կրկին Վայկունյաց լեռնագագաթն է, Տրտուի հիասքանչ ձորը, որոնց ուղղությամբ ինքը ժամերով նայել էր՝ գլուխը դրած հզոր թաթերին: Ամեն ինչ իր տեղում էր, միայն մի բան էր ավելացել այս ամենին՝ սպանիչ դատարկությունը…

No description available. 

Արալեզի որոշումը հաստատ էր. նա այլևս մտադիր չէր լքել հայրենի տունը, եթե անգամ օրերով չճարեր ուտելիք:

Եվ սկսվեց Քարվաճառի պահապան շան կյանքի նոր շրջանը:

Արալեզը ցերեկները շրջում էր ամայի քաղաքով, այրված տներից, խանութներից, դպրոցից,  գոմերից ու խորդանոցներից հայթայթում ուտելիք, իսկ մնացած ժամերին, ինչպես նաև գիշերը, սեփական բնի առջև նստած, ինչպես միշտ՝ գլուխը դրած թաթերին, քար լռության մեջ և Տրտուի ձորից գրեթե չլսվող խշշոցի տակ երկա՜ր-երկա՜ր նայում էր հեռուները: Այդպիսի պահերին հաճախ էին Արալեզի աչքերից ծորում արցունքները, որոնք հպարտ գամփռը չէր էլ թաքցնում. ո՞վ պիտի տեսներ, երբ շուրջը մեռելային լռություն էր և անապատային ամայություն: 

No description available.

Արալեզը մի սրբազան վայր էլ ուներ Քարվաճառում, որտեղ մեկ անգամ այցելեց և, տեսնելով կատարվածը, այլևս չգնաց այնտեղ: Դա տիրոջ՝ Վարդգեսի ծնողների գերեզմաններն էին, որոնք գտնվում էին քաղաքի ծայրամասում՝ կրկին Տրտուի ձորի պռնկին: Մոտենալով՝  սարսափեց տեսարանից. գերեզմանների տեղերում երկու խոշոր փոսեր էին, ցանուցիր հողաթումբ և փտած փայտի ու լաթերի կտորտանք: Հասկանալով կատարվածը՝ կրկին կլանչեց՝ հերթական զայրույթը բարձրաձայնելով ամայության մեջ, մի քանի րոպե հոտոտեց միջավայրն ու արագ հեռացավ:

Արալեզի այս կյանքն այդքան էլ երկար չտևեց: Ստանալով դավաճանված հողը՝ Ադրբեջանի զինված ուժերն արագորեն ներխուժեցին Քարվաճառ, և զինվորականներն սկսեցին շրջել քաղաքում: Օրեր անց նրանցից մեկը, նկատելով Արալեզի վճռական ներկայությունը, ցանկացավ սեփականել նրան: Մեքենայի թափքից վերցնելով հաստ պարանը՝ ադրբեջանցին մոտեցավ, կոպտորեն հրեց ցանկապատի դուռը և փորձեց կանչել նրան ու, փաղաքշանքներով խաբելով, կապել: Սպան նպատակ ուներ շանը  բարձրացնել մեքենայի թափքին ու տանել զորամաս:

Վայրկյաններ անց՝ լքված տան բակում դեմ դիմաց դուրս եկան Արալեզն ու ադրբեջանցի սպան: Առաջինը՝ տիրոջ, հայրենիքին ու հարազատ տանը հավատարիմ կեցվածքով, երկրորդը՝ հափշտակողի ստոր հայացքով մեկ-երկու րոպե չափեցին իրար: Քարվաճառը սկուտեղով ստացած սպան, գտնվելով «գլխապտույտ՝ հաջողություններից» հոգեվիճակում, իներցիայով մտածում էր, թե դիմացն ամենուր դավաճաններ են, ինչպես և շունը:

Արալեզին այդ մեկ-երկու րոպեն բավական էր՝ կատարվածը հասկանալու համար: Նրա աչքերն այդ պահին անընդհատ լայնանում էին, ռունգերից՝ թանձր գոլորշի բարձրանում: Մի պահ անգամ շան աչքից կորավ ադրբեջանցի սպան. Արալեզը նայում էր սեփական քաղաքի դահճին, բայց նրա փոխարեն կինոժապավենի նման անցան իր տերերը՝ Վարդգեսը, նրա թոռները, ողջ գերդաստանն ու անցած արևավառ օրերը…

No description available. 

Ընդամենը վայրկյաններ անց, երբ սպան, կարծես կանխազգալով ինչ-որ բան, ձեռքը տարավ ինքնաձիգին, Արալեզը մեկ ոստյունով հասավ թիրախին, վեր խոյացավ նրա հասակով մեկ և, Հայկական լեռնաշխարհի գամփռին յուրահատուկ վարպետությամբ կրծքով հուժկու հարվածելով, տապալեց նրան: Կատարվածն այնքան անսպասելի էր և վայրկենական, որ մինչ մեքենայից դուրս կգար մյուս ադրբեջանցին ու կփորձեր փրկել զինակցին, Արալեզն արդեն մի քանի տեղից արյան շիթեր էր բացել թշնամու մարմնի վրա:

Այլ ելք չկար. պետք էր կրակել՝ վտանգելով նաև Արալեզի զոհի կյանքը, քանի որ արձակվող գնդակները միայն երջանիկ պատահականությամբ կարող էին չդիպչել Արալեզի գլխի կատաղի շարժումներին համընթաց այս ու այն կողմ նետվող ադրբեջանցուն: Հապաղման ամեն վայրկյանը թանկ էր, և… առաջին գնդակը դիպավ Արալեզի հետևի ոտքին, դա երևաց այն բանից հետո, երբ նա բարձր ոռնաց և ուժեղ թափահարեց ոտքը: Սակայն դա ոչ միայն չփրկեց իրավիճակը, այլև, հակառակը, տասնապատկեց շան կատաղությունը. նա այդ պահին ուղղակի բռնեց թշնամու պարանոցից ու սկսեց նրան տանել դեպի մահը: Երկրորդ գնդակը դիպավ Արալեզի մեջքին, երրորդը՝ ուղիղ մխրճվեց ներքին օրգանների մեջ, ինչը ստիպեց ամեհի գազանին մի վերջին գործողություն իրականացնել զոհի ուղղությամբ, երերալ, ետ-ետ քայլելով՝ նստել ու լիզել վրայից հոսող արյունը:

Զորամասի բժիշկներին չհաջողվեց փրկել ադրբեջանցու կյանքը. Արալեզն ամբողջովին շարքից հանել էր նրա շնչափողը, և նա րոպեներ անց փչեց շունչը: Խառնաշփոթ իրավիճակից օգտվելով և տեսնելով իր հետ կատարվածը՝ արյունաքամվող Արալեզը դանդաղ հեռացավ հարազատ տան բակից, փողոցի ծայրից մի վերջին անգամ հետ նայեց, վերստին հիշեց փառավոր անցյալն ու իրեն քարշ տվեց առաջ…

Մոտեցած անձնակազմը ադրբեջանցու դին զետեղեց այն նույն մեքենայի թափքին, որով ընդամենը րոպեներ առաջ պատրաստվում էին տանել Արալեզին: Երբ դին տանող թափորը Քարվաճառի ծայրամասում էր, Արալեզի վրա գնդակներ արձակող ադրբեջանցին հանկարծ նկատեց շանը, կանգնեցրեց մեքենաների շարասյունն ու շտապեց նրա ուղղությամբ: Երբ բավականին մոտեցել էր, շունը նրա տեսադաշտից հանկարծ կորավ, ինչն ավելի կատաղեցրեց նրան: Սակայն վայրկյաններ անց կրկին լսվեց շան մռնչոցը, ինչը և՛ ուրախացրեց ադրբեջանցուն, և՛ խորացրեց նրա հետաքրքրությունը. որտե՞ղ էր թաքնված նա: Շարժվելով ձայնի ուղղությամբ՝ ադրբեջանցին քարացավ. Արալեզը պառկած էր այն գերեզմանափոսում, որտեղից օրեր առաջ տարել էին տիրոջ՝ Վարդգեսի հոր աճյունը: Երբ սպան նայեց ներքև՝ Արալեզը մի պահ բարձրացրեց գլուխը, նայեց վերև, և… երկու հայացքներ կրկին հանդիպեցին: Մեռնող շան աչքերը վերջին անգամ հանդիպեցին իր դահճի հայացքին, Արալեզը մռնչաց վերջին անգամ, նրա հայացքը ծռմռվեց ցավից, բայց հպարտ գամփռը վերջին ճիգերն էր գործադրում՝ թշնամուն ի ցույց դնելու Քարվաճառի տիրոջ հաղթական կեցվածքը…

No description available. 

Ադրբեջանցին ամեն ինչ հասկացավ, և կատաղությունից այլ բան չէր մնում անելու, քան կրակահերթ արձակել տիրոջ գերեզմանափոսում հպարտորեն մեռնող շան ուղղությամբ: Արալեզը մի քանի անգամ ձգեց ոտքերն ու շունչը փչեց: Կատաղած ադրբեջանցին ոտքով խփեց հողաթմբին, և մի քանի կոշտեր սահելով ընկան շան վրա: Արալեզի տերերի հասցեին հայհոյանքներ տեղալով՝ հեռացող ադրբեջանցին չնկատեց անգամ, որ իր վերջին քայլով կատարեց Քարվաճառի պահապան շան վերջին ցանկությունը՝ մեռնել տիրոջ պես ու տեր կանգնել տիրոջ գերեզմանին…

Վահե Սարգսյան


Հ.Գ. Լուսանկարներն արված են Քարվաճառում՝ շրջանը դավաճանությամբ հանձնելու նախօրեին (2020 թ. նոյեմբեր)

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica