close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական վրիժառությունը պատմության մեջ

Քաղաքական

16 Մարտի 2022, 11:07
 Հայկական վրիժառությունը պատմության մեջ

Մարտը հայոց պատմության մեջ նշանավորվում է «Նեմեսիս» վրիժառուական ամենահայտնի գործողությամբ՝ երիտթուրք պարագլուխ, հայ ժողովրդի դահիճ Թալեաթի ահաբեկմամբ:

Նախ՝ փոքր-ինչ հայկական վրիժառուական ավանդույթների մասին: Տարածված տեսակետ է, որ վրիժառությունը բնորոշ է թույլերին։ Մեր կարծիքով, սակայն, վրիժառությունը հատուկ է թուլությունը հաղթահարած ուժեղներին: Դարեր շարունակ հայերի համար վրիժառությունը եղել է արդարության վերականգնման, թշնամուն պատժելու, նաև սեփական իրավունքների համար պայքարի միջոցներից մեկը:

Հայկական վրիժառության մասին հիշատակություններ կան դեռևս հայ պատմիչների երկերում։ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ գրում է, թե ինչպես պարսից Շապուհ 2-րդ արքան խաբեությամբ իր մոտ է կանչում հայոց Արշակ 2-րդ արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնյանին և հրամայում Արշակ արքային բանտարկել Անհուշ բերդում, իսկ Վասակ Մամիկոնյանին մորթազերծ անել, մաշկի մեջ հարդ լցնել ու մշտապես դնել սպարապետին այնքան սիրող շղթայված արքայի դիմաց: Վասակի որդին` Մուշեղ Մամիկոնյանը, ճակատամարտում հաղթելով պարսիկներին, մորթազերծ անել է տալիս պարսիկ մեծամեծներին ու, հարդ լցնելով նրանց մաշկերի մեջ, նվեր ուղարկում Շապուհին` նման ձևով վրեժ լուծելով Շապուհից հոր սպանության և Արշակ արքայի խոշտանգման համար:

Բագրատունյաց Հայաստանի վերջին արքա Գագիկ 2-րդի (1043-1045 թթ.) սպանությունն իրականացրին հույն Մանդալե եղբայրները` կախելով հայոց արքային ամրոցի պարսպից 1079 թ.: Նրա սպանության վրեժը 1112 թ․ լուծեց Կիլիկյան Հայաստանի իշխան Թորոս 1-ինը, որի հրամանով Մանդալե եղբայրները մահապատժի ենթարկվեցին:

Հայոց մեջ, և ոչ միայն, սրբազան վրեժը անժամանցելի է համարվել։ 500-ամյա հեռավորությունից վրիժառության մի օրինակ է տալիս Զաքարե Զաքարյան իշխանը։ Այսպես՝ 705 թ․, Արաբական խալիֆայության հանձնարարությամբ, արաբ ոստիկանը, հայ ազնվականությանը ոչնչացնելու մտադրությամբ, խաբեությամբ իրենց մոտ է հրավիրում մի քանի հարյուր հայ նախարարների, զորականների ու սեպուհների, որոնց փակում են Նախիջևանի (մոտ 800 հոգու) և Խրամ գյուղի (մոտ 400 հոգու) եկեղեցիներում ու ողջ-ողջ այրում: 1209 թ․ հայոց իշխանապետ, սպարապետ Զաքարե Զաքարյանը, գրավելով Արդաբիլը, նախնյաց սրբազան վրեժն առնելու նպատակով հրամայեց այրել այն մզկիթը, որտեղ պատսպարվել էին քաղաքի մեծամեծները՝ ասելով. «Իշխանք՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախճուանի»1:

Վրիժառությունն առավել տարածվեց հայերի շրջանում հատկապես ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, երբ թուրք և քուրդ հարստահարիչներին կամ ցարական հակահայ պաշտոնյաներին պատժելու համար հայ ազգային-քաղաքական կուսակցությունները դիմում էին անհատական «ահաբեկչությամբ» վրեժ լուծելու մեթոդին։ Վրիժառությունից չեն խուսափել նաև հայ դավաճաններն ու մատնիչները:

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայոց պատմությունը լի է վրիժառուական հերոսական գործողություններով։ Այդպիսի գործողություններից էր ազատագրական պայքարի ամենահերոսական դրվագներից մեկը համարվող Խանասորի արշավանքը, որի նպատակն էր վրեժխնդիր լինել քրդական մազրիկ ցեղից 1896 թ․ Վանի ինքնապաշտպանությունից հետո դեպի Պարսկաստան հեռացող հայ մարտիկների սպանության համար: Գործողության գաղափարը հղացել էր Նիկոլ Դումանը, հրամանատարն էր Սարգիս Մեհրաբյանը, որը գործողությունից հետո ստացավ Խանասորա Վարդան պատվանունը:

Ազգային-ազատագրական պայքարի շրջանում վրիժառուի դերում հանդես էին գալիս հիմնականում հայ ֆիդայիները, որոնք հավասարապես պատժում էին ինչպես թուրք և քուրդ պաշտոնյաներին, այնպես էլ հայ դավաճաններին։ Այդպիսի մի ձեռնարկ էր Աղբյուր Սերոբի դավադիր սպանության համար հայ ֆիդայիների վրիժառուական գործողությունը: Մեծահռչակ ֆիդայապետ Աղբյուր Սերոբը մեծ անհանգստություն էր պատճառում քուրդ բեկերին և թուրքական իշխանություններին, որոնք էլ Սերոբի գլխի համար մատնիչներին խոստանում էին պարգևատրումներ ու արտոնություններ, և ի վերջո գտնվեց նյութին ու փողին խիղճն ու հոգին ծախած մի հայ՝ Գեղաշենի ռես Ավոն, որը պետք է գործեր համաձայն մշակված ծրագրի. «….թունաւորել Սերոբը եւ իր մարդիկը: Ոչ ոք կը կասկածէր Աւոյին: Պարկեշտ, բարեխիղճ եւ հայրենասէր մարդու անուն ունէր գիւղին մէջ եւ շրջակայքը»2,- գրում է զորավար Սմբատը (Մախլուտո) իր հուշերում: Մշակված ծրագրի համաձայն՝ 1899 թ․ նոյեմբերի 24-ին ռես Ավոն ծխախոտի միջոցով թունավորում է Սերոբին և այդ մասին հայտնում Բշարե Խալիլին: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին, թուրքական ու քրդական հրոսակախմբերը Խալիլի գլխավորությամբ շարժվում են Սասուն և պաշարում Գելիեգուզան գյուղը: Թունավորումից ջլատված հայդուկապետը չի կարողանում ոտքի կանգնել և կռվել: Բշարե Խալիլը գլխատում է մահամերձ Սերոբին, որի գլուխը ցցի վրա ցուցադրում էին Մուշի և Բաղեշի (Բիթլիս) փողոցներում՝ հայերին վախեցնելու և ընկճելու նպատակով: Սերոբի մատնությունն ու դավադիր սպանությունը իրականում ընկճեցին զորքին ու ժողովրդին, բայց, իհարկե, այս ստոր քայլը ևս անպատիժ չմնաց. «…․Աղբյուր Սերոբի սպանության վրեժը լուծվեց 1900 թ․ աշնանը. Աղբյուր Սերոբի զինվորներ Գևորգ Չաուշն ու Անդրանիկը ոչնչացնում են դավաճան Ավոյի ողջ գերդաստանը և սպանում Բշարե Խալիլին նույն ձևով և, ինչպես Աղբյուր Սերոբի դեպքում, Խալիլի գլուխը ցցի վրա անցկացրած շրջում էին փողոցներով՝ որպես Աղբյուր Սերոբի արդար արյան վրեժ»3:

Վրիժառուական բացառիկ մի գործողություն էր Ելդըզի մահափորձը հայության դահիճ Արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ, որը ծրագրել էր ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանը, բայց, ցավոք, նա չկարողացավ ծրագիրն ավարտին հասցնել․ զոհվեց 1905 թ․ մարտի 17-ին Վիտոշ լեռան լանջին՝ ինքնաշեն ռումբի փորձարկման ժամանակ։ Այնուամենայնիվ, Քրիստափորի ընկերները որոշեցին ավարտին հասցնել ձեռնարկը, և 1905 թ․ հուլիսի 21-ին Կ. Պոլիսը ցնցվեց կառքի պայթյունից։ Մահափորձն իրականացնող «Ռուբինան (Արեշյան-Օհանջանյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ Համո Օհանջանյանի ապագա կինը ‒ Ա. Մ.) եւ ընկերները կարողանում են ռումբով կառքը յարմար կայանել մզկիթի մուտքին հնարաւորինս մօտ եւ որոշւած ժամով գործարկել ժամացոյցը:

Գործողութիւնից զոհւում են աւելի քան 40 թուրք բարձրաստիճան պաշտօնեաներ, խորտակւում է 20 կառք, սակայն սուլթանը ցաւօք յապաղում է մզկիթից դուրս գալու պահին եւ ուղղակի հրաշքով ողջ է մնում»4։ Մզկիթից դուրս գալու պահին սուլթանը մի պահ խոսակցության է բռնվում շեյխ ուլ-իսլամի հետ և կառքի պայթելու պահին կառքում չէր։ Այդպես նա փրկվեց, սակայն ստիպված էր «մոռացության տալ» մահափորձը՝ վախենալով, որ պատասխան քայլերից հետո հայ հեղափոխականներն ավելի ծայրահեղ քայլերի կդիմեն:

1905 թ․ փետրվարի 6-ին Բաքվի նահանգապետ Նակաշիձեի դրդմամբ թաթարները հարձակվեցին քաղաքի հայկական թաղամասերի վրա, կողոպտեցին գույքն ու կահկարասին։ Հայ բնակչության ինքնապաշտպանության կազմակերպումը ստանձնած Դաշնակցությունը նախազգուշացնող գրություն է ուղարկում Նակաշիձեին, սակայն վերջինս մնում է անդրդվելի, ուստի «Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կենտ. Կոմիտեն որոշեց նրան ահաբեկել»5։ Նույն որոշումը կայացրել էր նաև ռուսական սոցիալիստ-հեղափոխական կուսակցությունը, ուստի Դաշնակցությունը սկզբնապես նրանց զիջեց Նակաշիձեի ահաբեկման գործը, ինչը նրանք ձախողեցին։ 21-ամյակը չբոլորած Դրոն խնդրեց իրեն վստահել Նակաշիձեից վրեժխնդիր լինելու գործը, և ի վերջո Նիկոլ Դումանի միջնորդությամբ այն հանձնարարվում է Դրոյին: 1905 թ․ մայիսի 11-ին Բաքվի «Պարապետ» կենտրոնական հրապարակում Դրոն ռմբահարեց Նակաշիձեի կառքը․ գործն արված էր, հայատյաց չարագործը՝ սպանված: Նույն օրը հրապարակված ՀՅԴ Ոսկանապատի կենտրոնական կոմիտեի կոչում կարդում ենք. «Ռումբը խոսեց: Գազազած Հայ ժողովրդի վրեժի որոտաձայն խոսքն էր այն…. Ռումբը դատեր շատ ունի դեռ: Վա՛յ նրանց, որոնք կկամենան այսուհետ հոշոտել Հայ ժողովուրդը….»6: Այնուհետև Դաշնակցությունը «Հրաման» կոչվող մի կոչով էլ զգուշացնում է ցարական պաշտոնյաներին, որ հայի ձեռքից զենք խլողը, նրան խուզարկողը կամ բանտարկողը հիշի «….Բաքվի նահանգապետ Նակաշիձեին, Գանձակի փոխ-նահանգապետ Անդրեևին, գավառապետներ Բոգոսլավսկուն, Շմերլինգին, Պավլովին, ոստիկանապետ Սահակովին, պրիստավներ Նաշչանսկուն, Ջավախովին, Շումակևիչին, Տեր-Սահակովին, ոստիկան Սերգոյին, և ուրիշ շատերի, որոնք Հ.Յ. Դաշնակցության վճռով մահվան պատժի են արժանացել: Փոխարքայի կողմից 25 ռուբլի ընծա կամ հեղափոխականի գնդակը- ահա թե ի՛նչ բան պետք է ընտրել….»7:

Դաշնակցության վրիժառությունից չխուսափեց նաև նախիջևանցի թաթար, հայ և վրացի ժողովուրդների դահիճ Ալիխանով Ավարսկին, որից Ալեքսանդրապոլում վրեժխնդիր եղան Դրոն և Մարտիրոս Չարուխչյանը:

Հայոց պատմության մեջ, սակայն, վրիժառուական ամենամեծ ձեռնարկը «Նեմեսիս»-ն էր՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու արդարահատույց շարժումը: 1919 թ․ սեպտեմբեր-նոյեմբերին Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը, ի թիվս այլ հարցերի, որոշում կայացրեց նաև «Հատուկ գործ»-ի մասին, որն իրականացվելու էր «Նեմեսիս» ծածկանունով, և նպատակն էր վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ դահիճներից։ Գործի ղեկավարներն էին Արմեն Գարոն, Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հայոց «Նեմեսիս»-ի ժամանակագրությունը մոտավորապես հետևյալն է. 1919 թ․ Թիֆլիսի Երևանսկու հրապարակում Արամ Երկանյանը վրեժխնդիր եղավ «Մուսավաթ» կուսակցության անդամ, Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովից և բուլղարացի գործակալ, գնդապետ Սարաֆովից, իսկ 1920 թ․ հունիսի 19-ին՝ Բաքվի և Շուշիի հայկական կոտորածների կազմակերպիչ, Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուց, նրա գործակից Խասմամեդովից և նրանց թիկնապահից: Ապա՝ 1920 թ․ հուլիսի 19-ին, Թիֆլիսում վրեժխնդիր եղավ Շուշիի ջարդերի հիմնական պատասխանատուներից և իսլամիզմի հայտնի գաղափարախոսներից մեկից՝ Հասան բեկ Աղաևից։

1921 թ․ հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը իր գործակիցների՝ Երվանդ Ֆունդուքյանի և Հարություն Հարությունյանի հետ վրեժխնդիր եղավ Ադրբեջանի «Թալեաթ» համարվող Բեհբութ խան Ջիվանշիրից:

1921 թ․ դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում վրեժխնդիր եղավ Օսմանյան կայսրության վարչապետ Սայիդ Հալիմից, իսկ 1922 թ․ ապրիլի 17-ին Արամ Երկանյանի հետ Բեռլինում ահաբեկեց Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ, հայ մանուկներին ծովում խեղդամահ արած Ջեմալ Ազմիին և «Թեշքիլաթը Մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին:

1922 թ․ հուլիսի 21-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը վրեժխնդիր եղան Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալից:

Հայկական վրիժառուական «Նեմեսիս» գործողության ամենաաղմկահարույց ու ամենաոգևորիչ արարը տեղի ունեցավ 1921 թ․ մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում, երբ երիտասարդ դաշնակցական Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց հայության գլխավոր դահիճ Թալեաթ փաշային: «Թեհլիրյանը ձերբակալվեց սպանության վայրում և տարվեց ոստիկանություն, որտեղ սկսվեց հարցաքննությունը: Քանի որ նա հարցաքննության պահին գրեթե չէր տիրապետում գերմաներենին, իբրև թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննվել թուրքերենով: Սակայն Թեհլիրյանի պահանջով հարցաքննությունը կատարվեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալեաթին սպանել է վրեժից դրդված, գործել է միայնակ և հանցակիցներ չի ունեցել»8: Թեհլիրյանի դատավարությունը սկսվեց 1921 թ․ հունիսի 2-ին, սակայն այն վերածվեց Թալեաթի դատավարության։ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը «Հատուկ գործ»-ի ամենահնչեղ էջն էր, ուներ քաղաքական նշանակություն․ «․․․․դժուար է խորաչափել քաղաքական կշիռը այն գնդակին, որ …․ Թեհլիրեանի ձեռքով պարպուեցաւ Թալէաթի վրայ: …․ Հսկայ մայրաքաղաքը զգում էր կարծես, որ դատասրահում դատւում էր ոչ թէ մի պարզ հայ, այլ դատւում էր համայն մարդկութիւնը, որ անպատիժ ձգեց մի անմեղ ժողովրդի նկատմամբ գործադրուած ապրիլեան անօրինակ Եղեռնը»9: Դատավարությունն ավարտվեց նրանով, որ գերմանական դատարանը Սողոմոն Թեհլիրյանին անպարտ ճանաչեց և ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվերին, ոչնչացրեց 1-ին Թուրքեստանյան դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար Հակոբ Մելքումովը: Ըստ խորհրդային նախկին չեկիստ Աղաբէկովի հուշերի Էնվերի սպանությունը իրականացվել է չեկայի որոշմամբ։ Նշենք որ բոլշևիկների և նրանց առաջնորդ Լենինի գործակիցը դարձած երիտթուրքերի այս ներկայացուցիչը դավաճանել էր իր դաշնակիցներին և հայտվելով Միջին Ասիայում գլխավորում էր հակախորհրդային բասմաչական ապստամբական շարժումը։

Հարկ ենք համարում հատուկ նշել, որ հայկական վրեժխնդրությունից չեն խուսափել նաև հայ դավաճաններն ու մատնիչները, մասնավորապես «Նեմեսիս» գործողության տարիներին ոչնչացվել են Հայոց ցեղասպանությանը մասնակցած մի շարք հայ դավաճաններ։ Այսպես. «Ինչպէս գիտենք, 1915-ի ապրիլի 24-ին Կ. Պոլսում ձերբակալուեցին և սպանուեցին հայ մտաւորականներ, որոնց ցուցակը թուրքերի համար կազմել էր Վահէ Եսայեանը (Իհսան): 1920 թ-ի մարտի 27-ին 20-ամեայ Արշաւիր Շիրակեանը Կ. Պոլսում գնդակահարեց դաւաճան Իհսանին: Օսմանեան կայսրութեան քաղաքական ղեկավար, Թալիաթի գործակալ Յարութիւն Մկրտչեանի հրամանով՝ 1915 թ-ի ապրիլի 24-ին ձերբակալուել էին հայ մտաւորականութեան աւելի քան 600 ներկայացուցիչներ: 1919 թ-ին, Սողոմոն Թեհլիրեանը Կ. Պոլսում, ավելի վաղ քան «Նեմեսիս» ծրագիրը կյանքի կկոչվեր՝ ամենայն հավանականությամբ Պոլսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի որոշմամբ, գնդակահարեց դաւաճանին: 1913 թ-ի սեպտեմբերի 7-ին Ռումինիայում գումարւում է ՍԴՀԿ 7-րդ պատգամաւորական ժողովը, որտեղ գաղտնի որոշում է կայացւում ահաբեկել Թալիաթին: Այդ ժողովին մասնակցում էր Եգիպտոսի ՍԴՀԿ կառոյցից պատգամաւոր ընտրուած Արթուր (Արշաւիր) Յասեանը, որը թուրքական գաղտնի ոստիկանութեան անդամ էր, և նրանց յայտնում է Ռումինիայի ժողովի գաղտնի որոշման մասին, դրա հետևանքով ձերբակալւում են հնչակեան մի շարք գործիչներ, այդ թւում նաև Թալիաթին ահաբեկելու նպատակով Կ. Պոլիս անցած Փարամազը և նրա խումբը՝ թւով 20 հոգի, 1915 թ-ի յունիսի 15-ին Կ. Պոլսի սուլթան Բայազիդ հրապարակում Փարամազը և իր ընկերները կախաղան են բարձրացւում:

Արթուր Յասեանը ևս, ինչպէս միւս բոլոր դաւաճանները, անպատիժ չմնաց, «Նեմեսիս»-ի շրջանակներում 1920 թ-ին Կ. Պոլսում նրա հետ հաշուեյարդար տեսաւ Արշակ Մուշեղյանը (Եզդի Արշակ)»10:

Հայոց ցեղասպանության, շուրջ առաջացած մոռացության պատը քանդելու, հայոց պահանջատիրական պայքարին միջազգային հնչեղություն հաղորդելու համար զինյալ գործողություններ ձեռնարկվեցին նաև հետագա տարիներին հայկական սփյուռքում։ Այդ գործողությունների մեկնարկը տրվեց 1975 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ ահաբեկվեց Վիեննայի թուրք դեսպանը, իսկ երկու օր անց, հոկտեմբերի 24-ին, ահաբեկվեց Փարիզի թուրք դեսպանը: Զույգ գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ կազմակերպությունը»։

Այդ շրջանի առավել հնչեղ զինյալ գործողություններից է Հայ յեղափոխական բանակի մարտիկների իրականացրած «ահաբեկչական» գործողությունը։ 1983 թ. հուլիսի 27-ին ՀՅԲ 5 անդամները՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քըրճլյանը, գրոհում են Լիսաբոնի թուրքական դեսպանատան վրա: Դեսպանատուն ներխուժելու ժամանակ, ոստիկանների հետ սկսված փոխհրաձգության հետևանքով, զոհվում է Սիմոն Յահնիյանը՝ չկարողանալով մտնել դեսպանատուն։ Տղաները գրավում են դրան կից թուրքիայի փոխդեսպանի բնակարանը: Պորտուգալական ոստիակնությունն ու հատուկ ջոկատայինները շրջափակում են շենքը և սկսվում է փոխհրաձգություն։ Հայ վրիժառուները գերիներին (փոխդեսպանի կնոջն ու երեխային) բաց թողնելուց հետո պայթեցնում են շենքը և մնում դրա փլատակների տակ։ Մինչ պայթյունը ՀՅԲ մարտիկները աշխարհին ու նաև աշխարհասփյուռ հայությանը հղում են իրենց կոչը. «Բոլոր կառավարություններին, համաշխարհային հանրային կարծիքին եւ մամուլին: Սա անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարություն, այլ գերագույն զոհաբերում ազատության բագինին: Մեր ժողովրդի ինքնորոշման ձեռքբերման միակ միջոցը զինյալ պայքարն է: Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետեւանքն է թուրք պետության եւ նրա պաշտպան պետությունների մերժումի՝ գոհացում տալու Հայ ժողովրդի արդար ու խաղաղասեր իրավունքներին: Հայերի իրավունքն է ապրել ու բարգավաճել իրենց նախահայրերի հայրենիքում՝ ազատ ու անկախ…»:

Ամփոփելով կարող ենք ասել, որ պատմության տարբեր ժամանակահատվածներում վրեժխնդրությունը եղել է հայության պայքարի անբաժան մասը՝ թե՛ ազգային-ազատագրական պայքարում, թե՛ թշնամուն ու հայ դավաճաններին պատժելու և թե՛ արդարությունը վերականգնելու գործում:

___________________________________________________

Հղումներ

1․http://bazmavep.blogspot.com/2013/01/blog-post_30.html
2. Զօրավար Սմբատի յուշերը, Ա հատ. 1900-1914, Փարիզ, 1936, էջ 117։
3. Եղիազարյան Կ․, Եղիազարյան Ք․, Աղբյուր Սերոբ (կյանքն ու գործունեությունը), էջ 90, http://ysu.am/files/Aghbyur-Serob.pdf։
4. Հերոս հայուհու մահափորձը՝ Սուլթան Աբդուլ Համիդի դէմ, https://alikonline.ir/news/national/item/29156։
5. Պատմագրություն Հայ Յեղափոխական Դաշնակցության (քառահատոր շարք), նվիրված Հ.Յ.Դ. 111 ամյակին, հ․ Բ, էջ 372։
6. Նույն տեղում, էջ 374։
7. Նույն տեղում, էջ 375։
8. Խանումյան Գ․, Սողոմոն Թեհլիրյան. ծննդյան 125-ամյակի առթիվ, «Դրօշակ», Եր․, 2021, թիվ 4 (1650), էջ 40-41։
9. Յովհաննէսեան Կ․, Սողոմոն Թեհլիրեան (1896-1960), https://www.aztagdaily.com/archives/353898։
10. Մելքոնեան Ա․, Դաւաճանները հայոց պատմութեան մէջ, https://bit.ly/3p9omtL:

Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ

ա) Գրականություն
1. Զօրավար Սմբատի յուշերը, Ա հատ. 1900-1914, Փարիզ, 1936։
2. Պատմագրություն Հայ Յեղափոխական Դաշնակցության (քառահատոր շարք), նվիրված Հ.Յ.Դ. 111 ամյակին, հ․ Բ։

բ) Մամուլ

1. Խանումյան Գ․, Սողոմոն Թեհլիրյան. ծննդյան 125-ամյակի առթիվ, «Դրօշակ», Եր․, 2021, թիվ 4 (1650)։

գ) Համացանցային նյութեր

1. Եղիազարյան Կ․, Եղիազարյան Ք․, Աղբյուր Սերոբ (կյանքն ու գործունեությունը), http://ysu.am/files/Aghbyur-Serob.pdf։
2. Հերոս հայուհու մահափորձը՝ Սուլթան Աբդուլ Համիդի դէմ, https://alikonline.ir/news/national/item/29156։
3. Մելքոնեան Ա․, Դաւաճանները հայոց պատմութեան մէջ, https://bit.ly/3p9omtL:
4․ Յովհաննէսեան Կ․, Սողոմոն Թեհլիրեան (1896-1960), https://www.aztagdaily.com/archives/353898։

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 3 (1664), մարտ 2022 թ.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica