close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն այս կառավարությանն արդարանալու հիանալի առիթ տվեցին. Արթուր Խաչատրյան

Հասարակություն

2 Մարտի 2022, 22:12
 Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն այս կառավարությանն արդարանալու հիանալի առիթ տվեցին. Արթուր Խաչատրյան

parliamentmonitoring.am-ի հարցազրույցը ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:

– Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներն արդեն տեսանելի են՝ կասեցվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, ՌԴ-ին պատկանող գումարներ են սառեցվել արտասահմանում, ԵՄ երկրներն իրենց օդային տարածքն են փակել ռուսական օդանավերի համար, որոշ ապրանքատեսակների արտահանումն է դեպի Ռուսաստան արգելվել։ Պատժամիջոցներ են սահմանվել ռուսական մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ և այլն։ Դրանք ի՞նչ բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա։

– Այս պահին հնարավոր չէ ճշգրիտ գնահատել։ Չգիտենք՝ հայտարարված երկու միջոցառումները վերջնակա՞ն են, թե՞ պատժամիջոցները կընդլայնվեն: Հայտնի չէ, թե էլ քանի երկիր կմիանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Հայտնի չէ, թե պատերազմը որքան կտևի, երբ ու ինչ պայմաններով կավարտվի, որքան կգործեն պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, թեև չենք կարող ՀՀ տնտեսության վրա այդ պատժամիջոցների բացասական ազդեցությունը «թվայնացնել», բայց, հաշվի առնելով մեր տնտեսության ինտեգրվածության բարձր մակարդակը, վստահաբար, կարելի է ասել, որ կտուժի։

– Արժեզրկվել է ռուսական ռուբլին, դա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել Հայաստանի համար։

– Ռուսական ռուբլին արժեզրկվել է և՛ հիմնական արժույթների՝ դոլարի ու եվրոյի, և՛ հայկական դրամի նկատմամբ: Հայկական բանկերը ռուսական ռուբլին էապես տարբեր գներով են գնում՝ 1000 ռուբլու դիմաց՝ 5200-ից մինչև 5750 դրամ։ Մեծ է նաև գնման ու վաճառքի գների տարբերությունը։ Ռուբլին վաճառվում է 5900-6400 դրամով։ Սակայն, կարծում եմ, սա ավելի շուտ շուկայի էմոցիոնալ արձագանքն է «սլավոնական պատերազմին», քանի որ պատերազմի ու պատժամիջոցների խորքային տնտեսական ազդեցությունը դեռ չի զգացվել։ Ակնհայտ է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, կանխատեսելով պատերազմի ու պատժամիջոցի բացասական ազդեցությունը, փորձում են ռուբլուց անցնել այլ արժույթի։ Ի դեպ, նույն երևույթն առկա է նաև ռուսական ֆոնդային բորսայում։

Եթե ռուբլու արժեզրկումը շարունակվի, կթանկանան ՌԴ արտահանվող հայկական ապրանքների գները։ Ենթադրենք, հայկական մեկ շիշ լավ կոնյակը վաճառվում էր 50-70 դոլարին համարժեք ռուբլիով, իսկ 50 դոլարը եթե տարեսկզբին կազմում էր մոտ 3500 ռուբլի, այժմ՝ մոտ 4000 ռուբլի։ Գնի աճը չի կարող չազդել պահանջարկի վրա, և արդյունքում ավելի քիչ կոնյակ կվաճառվի։ Կարճաժամկետ կտրվածքով սա իր բացասական ազդեցությունը կունենա վճարային հաշվեկշռի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում վաճառքի ծավալների նվազումը կբերի արտադրության նվազման, որն էլ իր հերթին կնվազեցնի մթերվող խաղողի ծավալը: Դա էլ խիստ բացասաբար կազդի խաղողագործության վրա։ Սա ընդամենը մեկ օրինակն է։

Չմոռանանք, որ Հայաստանն աշխատուժ արտահանող երկիր է, արտագնա աշխատանքի մեկնողների մոտ 70 տոկոսը ՌԴ է գնում։ Նույնիսկ եթե պահանջվող աշխատուժի քանակը չնվազի, և ռուբլիով արտահայտված պահպանվի նրանց աշխատավարձը, նրանց եկամուտը՝ դրամով և դոլարով արտահայտված, կնվազի։ Եվ ընդհանրապես, եթե ՌԴ տնտեսությունը կրճատվի, կկրճատվի նաև հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։ Մենք մինչև այժմ ահազանգում էինք արտահանման շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, բայց ասողին լսող է պետք։

Մեկ այլ բացասական ազդեցություն՝ արգելք կիրառվեց դեպի ՌԴ որոշ ապրանքների արտահանման վրա։ Կոմպլեկտավորող դետալների պարագայում սա կնշանակի, որ ռուսները չեն կարողանա վերջնական արտադրանք տալ։ Եվ եթե Հայաստանն այդ ապրանքը ներկրում էր ՌԴ-ից, ստիպված կլինի ներկրել այլ երկրներից, ինչն ակներևաբար ռուսական արտադրանքից թանկ կլինի։ Չեմ բացառում, որ ՌԴ-ն ինքը որոշ ապրանքատեսակների վրա արտահանման արգելք դնի, որպեսզի թույլ չտա, որ էմբարգոյի պատճառով դեֆիցիտ առաջանա։ Հայաստանը դարձյալ ստիպված կլինի այլ երկրներից ներմուծում կազմակերպել, ինչը ծախսատար և ժամանակատար է։

Մենք չգիտենք, պատժամիջոցները կտարածվե՞ն Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վրա:

– Կա նաև ՌԴ-ին միջբանկային հաղորդակցության SWIFT համակարգից անջատելու սպառնալիք։ Դա ի՞նչ հետևանքներ կարող է թողնել։

– Եթե SWIFT-ից անջատեն, իհարկե, դժվար կլինի ՌԴ-ի, նաև ՀՀ-ի համար։ Բայց դժվար է գնահատել ազդեցությունը, քանի որ չգիտենք, թե ՌԴ-ն ինչ ռեզերվներ է կուտակել և տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար ինչ հակաքայլեր է իրականացնելու։ Ակնհայտ է, որ եթե ռուսական բանկերն անջատեն SWIFT-ից, Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղություններով գումարներ փոխանցելը խիստ կդժվարանա։ Նույնիսկ չգիտեմ, գործո՞ւմ է տելեքս համակարգը։ Միայն արագ փոխանցման համակարգերը հազիվ թե կարողանան ողջ ծավալը սպասարկել։ Ուզում եմ հավատալ, որ Կենտրոնական բանկն ինչ-որ ռեզերվային տարբերակ է նախատեսել։ Գիտեմ, որ 2014-ին, երբ ՌԴ դեմ առաջին պատժամիջոցները կիրառվեցին, այդ ուղղությամբ աշխատում էին։

– Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ արտահանողների հետ քննարկում են, թե ինչպես մեղմեն ռուբլու արժեզրկման բացասական հետևանքները։ Ի՞նչ կարող են անել:

– Պետությունը նրա համար է, որ նախապես «սթրես թեստեր» անցկացնի, ռեզերվային ծրագրեր մշակի։ Ուղտը չոքեց մեր դռանը, նո՞ր են մտածում։ Պետք է օգնեն գործարարներին գտնել նոր սպառման և մատակարարման շուկաներ։ ՀՀ առևտրային ներկայացուցիչները բա էլ ո՞ր օրվա համար են։ Հիշում եմ՝ Կարեն Կարապետյանը մեր դեսպանատներից և այլ դիվանագիտական ներկայացուցչություններից պահանջում էր ակտիվացնել ջանքերը արտաքին առևտրատնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ։ Կասկածում եմ, թե ԱԳՆ-ում դիվանագիտական ջարդից հետո ինչ-որ բան արվում է։

Եթե հայկական ընկերությունները դեբիտորական պարտքեր ունեն (ՌԴ ապրանք են արտահանել, չեն կարողանում գումարը ստանալ), կառավարությունը պետք է փոխառություն տրամադրի, մինչև դրանց հարցը լուծվի։ Ի դեպ, սա նաև վերաբերում է Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերություններին։ Միգուցե իմաստ ունի խոսել նաև դրամի «թեթևացման» մասին, բայց այս պահին հստակ բան ասել չեմ կարող, տեղեկությունների չեմ տիրապետում, որ անհրաժեշտ վերլուծությունն անեմ։

– Իշխանությունն այս տարի պլանավորել է 7-9 տոկոս տնտեսական աճ։ ՌԴ-ի վրա արևմտյան պատժամիջոցներից հետո հնարավոր կլինի՞ դա ապահովել։

– Բյուջետային քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները ներկայացրինք ու ասացինք, որ նման բան չի կարող լինել, 7 տոկոսանոց տնտեսական աճը ուտոպիա է։ ԿԲ-ն, միջազգային կազմակերպություններն իրենց կանխատեսումներում շատ ավելի համեստ են։ Մենք ասում ենք՝ դա քաղաքականապես մոտիվացված պնդում է՝ մարդկանց մոտ թյուր տպավորություն ստեղծելու համար, թե պատերազմում պարտվելուց հետո նոր հնարավորություններ են ստեղծվել, և տնտեսությունն աճում է։ Ֆինանսների նախարարն ասաց, թե բարձր ցուցանիշ ենք դնում, որ լավ աշխատենք։ Բարձր ցուցանիշի կողքին մի հատ էլ Նիկոլ Փաշինյանի նկարը դրեք, որ լավ աշխատելուց զատ նաև ազնիվ աշխատեք։ Արդարադատության նախարարը հենց այդպես է արել։

Նրանք հղում են անում համաշխարհային շուկայի վրա, սակայն 2020թ. ՀՀ-ում անկումը, համեմատած գլոբալ անկման հետ, ավելի մեծ էր: ԱՄՀ կանխատեսումներով 2021-ին ՀՀ-ում տնտեսական աճը, համեմատած գլոբալ և մեզ համադրելի երկրների զարգացումների հետ, ավելի համեստ էր։ Իշխանությունները նաև անընդհատ խոսում են համաշխարհային գնաճի բարձր մակարդակի մասին։ Նույն ԱՄՀ գնահատականներով 2021-ին զարգացող երկրներում գնաճը կազմել է 5,7 տոկոս, Հայաստանում՝ 7,2 տոկոս. կառավարությունն ուղղակի խաբում է ժողովրդին։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր տնտեսական աճը կազմել է 5,8 տոկոս, և դա անգամներով ավելին է, քան նախատեսում էին։ Ես նրանց գրավոր հարցում եմ ուղարկել՝ որտեղի՞ց եք նման թիվ ասում, երբ ԱՎԾ-ն նման թիվ չի հրապարակել։ Դուք 2021թ. բյուջեում 3,2 տոկոս աճ էիք դրել, հետո բարձրացրել եք մինչև 6,5 տոկոս, անգամներով աճը որտեղի՞ց մոգոնեցիք։ Դեռ պատասխան չեմ ստացել։ Նույնիսկ առանց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների էլ 7-9 տոկոսանոց աճն իրատեսական չէր: Պատժամիջոցներն այս կառավարությանը հիանալի առիթ տվեցին՝ իրենց նախանշած թիրախին չհասնելու դեպքում արդարանալու համար։

– Ամեն դեպքում, ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ մեղմացնի ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունն իր վրա։

– Պետք է տնտեսական քաղաքականություն վարի և ոչ թե անընդհատ ասի, թե այլևս մենաշնորհներ չկան, ժողովու՛րդ, գնա տնտեսական հեղափոխություն արա, լավ ապրի, քանի որ աղքատությունը քո գլխի մեջ է։ Այդպես չի լինում։ Պետք է որոշակի հովանավորչական մոտեցում կիրառի իր ողջ գործիքակազմով, պետական քաղաքականություն վարի, որը կօգնի խթանել տնտեսությանը։ Այսօր դա չկա։ Ժամանակին կառավարությունը քայլեր էր ձեռնարկում ներմուծման փոխարինման ուղղությամբ։ Այսօր չի արվում։ Այդ քաղաքականության ընդհանուր տնտեսական դրական ազդեցության մասին հիմա չխոսեմ, բայց եթե արվեր, մեր կախվածությունը ներմուծումներից շատ ավելի քիչ կլիներ, արտաքին շոկերի ազդեցությունը շատ ավելի մեղմ կլիներ։

Այս իշխանությունն ասում է՝ շուկայում այլևս մենաշնորհ չկա, ինչը սուտ է։ Ասում է այլևս կոռուպցիա չկա, բայց նայեք մամուլի հրապարակումներին։ Այս իշխանությունները բիզնեսից ու բնակչությունից հարկ են հավաքում, բայց ունակ չեն հավաքած գումարը ներդնել տնտեսության զարգացման մեջ։ Կապիտալ ծախսերը պարբերաբար թերակատարվում են։ Հավաքած գումարը սառեցնում են կայունացման դեպոզիտային հաշվի վրա։ Հարց եմ տալիս՝ եթե դուք չեք կարողանում այդ գումարն օգտագործել պետության զարգացման համար, ինչո՞ւ եք բիզնեսից ու մարդկանցից հարկ հավաքում։ Թողեք բիզնեսին՝ ներդրում կատարի, աշխատատեղեր ստեղծի։ Թողեք գումարը մարդկանց մոտ, թող ծախսեն, պահանջարկ ձևավորեն։ Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա՝ բանկային համակարգում, նույնիսկ տոկոսային եկամուտ չապահովող հաշիվների վրա է էական աճ արձանագրվել։ Այսինքն, այս երկրում բիզնեսը փող չի ներդնում, օտար ներդրումներ չկան, ուզում ենք տնտեսական ա՞ճ ապահովել։ Եթե սրան էլ գումարենք արտաքին շոկը, անիմաստ կլինի խոսել բարեկեցության մասին։

– Փոխարենը իշխանությունն ասում է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարը։

– Այդ դեպքում խորհուրդ կտամ նայել մաքսային ծառայության տրամադրած արտահանման վիճակագրությունը։ 2021-ի տարեկան թվերը դեռ չկան, բայց առաջին կիսամյակի արտահանման մեջ 30 տոկոսից ավելին պղնձի հանքաքարն էր։ Եթե նայեք ծավալային արտահայտությամբ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի հանքաքար է արտահանվել։ Այսինքն, պարզապես հանք են փորում և վաճառում։ Այնպես որ, պարզունակ թվաբանական մեքենայնություններով մարդկանց թող չմոլորեցնեն։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica