close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից

Հարթակ

25 Փետրվարի 2022, 12:16
 Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից

                                                                                       

Թագուհի Մելքոնյանի սյունակը

Ադրբեջանցի պատգամավորների երևանյան այցը շուտ մոռացվեց․ ինչպես փաստը, որ մեկ տարուց ավելի է ադրբեջանական զորքը Հայաստանի սուվերեն տարածքում է։

Բայց որ հայ ժողովուրդը (բացառությամբ ՔՊ–ական վերնախավի և որոշ թրքասերների), մեղմ ասած, մերժեց իրեն պարտադրված խաղաղասիրական հերթական կեղծ օրակարգը՝ արդեն փաստ է։ Ընդ որում, թշնամի երկրի պատվիրակների այցը սովորական համարելու օրակարգը մերժեցին ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանության աջակից շարքային քաղաքացիները։  Ֆեյսբուքում «Ապագա կա» լոզունգը կրող լուսանկարներով Փաշինյանի և ՔՊ–ի թասիբը պաշտպանող օգտատերերն անգամ չէին թաքցնում ադրբեջանցիների այցի առիթով իրենց վրդովմունքը։

Փաշինյանի շատ կողմնակիցներ այս այցը չընկալեցին և չփորձեցին արդարացնել ոչ թե նրա համար, որ հիասթափվել էին իրենց կուռքից, այլ որովհետև «իրենց իրականությունում» նման բան չէր կարող լինել։ Չէ՞ որ այս մարդկանցից շատերը մինչեւ հիմա ապրում են ուրիշ իրականությունում. կրթվում են ֆեյսբուքում, հայհոյում ու «հաղթում են» ֆեյսբուքում, իրազեկվում են «Պերֆեկտ թիվիներով», որտեղից ամեն օր տեղեկանում են Ադրբեջանի մոտալուտ կործանման մասին, գրում, թե ռուսական զորքն ուր որ է կմտնի Նախիջևյան, որ Պուտինը շուտով Ղարաբաղը կվերադարձնի հայերին, իսկ Ալիևը Էրդողանի ձեռքը բռնած ծնկաչոք ներողություն կխնդրի հայ ժողովրդից։

Նախկինների նկատմամբ ատելության ու չարության հենքի վրա իշխանությունը ստեղծել է տեղեկատվական որջեր, որոնք կլանում են մարդու բանականությունը, թուլացնում նրա զգոնությունը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը, որ նման այցերը մարդկանց համար դառնան սովորական և արդարացված։ Բայց արի ու տես՝ իշխանությունն այս հարցում էլ է անբաշար դուրս եկել և դարձել իր կազմակերպած փնթի մեդիատեռորի զոհը․ Փաշինյանի իշխանության օրոք ֆեյսբուքում տարած բարոյական հաղթանակներով կերակրված նրա ընտրողները այդպես էլ չեն ողջունել Երևանում զբոսնող ադրբեջանցիներին, թեև նրանց այցը լրիվ տեղավորվում է «խաղաղ դարաշրջան բացելու» Փաշինյանի նախընտրական խոստման մեջ։

Փաշինյանի ընտրազանգվածը, որը  հաշտվել է պարտության, հայրենիքի մեծ մասի կորստի հետ, վստահ է, որ նախկիններն էին հանձնել Արցախը, իսկ Փաշինյանը կանգնեցրել է պատերազմը՝ փրկելով 20-30.000 զինվորի կյանք, փաստացի չի ուզում համակերպվել Երևանում երկու ադրբեջանցու գտնվելու հանգամանքի հետ։ Չի ուզում, որովհետև, գրողը տանի, անգամ այդ մարդիկ գիտեն, որ «դեռ երեկ» Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախում, որ «դեռ երեկ» շուրջ 5000 զինվորի կյանք անավարտ մնաց,  երկու անգամ ավելի շատ տղերք հաշմվեցին, տասյակ հազարները մնացին անտուն ու անհայրենիք...Այս մարդկանցից շատերը պատերազմում հարազատ, գուցե նաև որդի կամ ամուսին են կորցրել, այս մարդիկ էլ են, ախր, տեսել պատերազմի դեմքը, չէ՞ որ մի բուռ երկիր է, բոլորս հայ ենք ու ցավը բոլորինս է...

Հիմա եկել, պատերազմից ու պարտությունից խելքի չեկած ազգին ասում են՝ թուլացեք, մոռացեք, բարիշեք, իրար հետ լեզու գտեք... Արցախում հայկական մշակույթի հետքը ջնջող թշնամու հետ, ասում են, մշակութային երկխոսություն սկսեք։ Պատերազմի ու պարտության պատճառների մասին երբևէ կարծիք չհայտնած, ամեն իշխանության հետ միտքն ու գույնը փոխած մտավորականին ուղարկում են հարևանների հետ երկխոսության, որ ինչի՞ց խոսեն. Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների՞ց, անհետ կորածների՞ց, թե՞ գրականությունից ու արվեստից... Որքան էլ փախչենք իրականությունից կամ վերևներից մեզ հաշտություն պարտադրեն, մեկ է՝ ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից ու խաղաղասիրությունից։ Պատերազմում որդի կորցրած մայրերն ավելի շատ են ատելու թշնամուն ու պատերազմը, անիծելու թուրքին ու հայի բախտը։

Ամեն նոր տարածքի կորուստ մեզ ավելի է սեղմելու մի թիզ հողին, ամեն նոր պարտություն ծնելու է վրեժխնդրության նոր ալիք, իսկ պարտության հետ չհաշտվելու դեպքում անպայման գալու է վրեժի ժամը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica