close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մտածումներ (մաս 2, մեծ և փոքր երկրներ)

Քաղաքական

17 Փետրվարի 2022, 08:00
 Մտածումներ (մաս 2, մեծ և փոքր երկրներ)
Մենք, թշնամիներով շրջապատված ու քաղաքակրթական առանձնահատկություններով օժտված, փոքրիկ, պարտված ու թույլ դեմոգրաֆիայով Երկիր ենք, որն իրենից ներկայացնում է Հայ ժողովրդի լոկ մեկ, այո գլխավոր ու կենտրոնական, բայց լոկ մեկ հատվածը։
Աշխարհասփյուռ Հայությունը Հայաստանակենտրոն է ու Հայաստանաշունչ, և դա՝ շնորհիվ ազգային ավանդական կուսակցությունների, նրանց ստեղծած կրթական համակարգերի, բարեգործական կառույցների, մարմնակրթական կենտրոնների և Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու։
Ի՞նչ է նշանակում փոքրիկ։
Եթե համեմատենք Հայաստանի ու Արցախի հանրապետությունները որևէ մեծ Երկրի հետ, ապա կհասկանանք, որ մեծ երկրները ապրում են ՄԵԾ-երին հատուկ օրինաչափություններով կամ օրենքներով, իսկ փոքրերը՝ հատուկ ՓՈՔՐ-երին։
Մեծ Երկրները աշխարհակալ են, նվաճող, թելադրող։ Աշխարհակալությունը առաջին հայացքից է, որ ընկալվում է որպես բացասական երևույթ։ Իրականում՝ հակառակն է, որովհետև աշխարհակալությունը աշխարհացավության ու հումանիզմի արգանդն է։ Որքան երկիրը մեծ է ու հզոր, այնքան մեծ է նրա համաշխարհային քաղաքական ու մշակութային ազդեցությունը, և հետևաբար, մեծ են նրա մարդասիրական գործառույթներն ու պատասխանատվության չափերը։
Մեծ երկրները հակված են տնտեսական կամ ռազմական էքսպանսիաների, ուրիշների հաշվին՝ իրենց ներգործությունը տարածելուն, մեծանալու, կամ քաղաքական-տնտեսական գերիշխանության։
Սրան՝ տրամագծորեն հակառակ են գործում ՓՈՔՐ-երին հատուկ օրենքները։ Փոքր երկրները հակված են գլուխգովանության, հավերժ լացելուն, տառապանքի մեջ՝ բացառիկության, անցյալով ապրելուն ու հպարտանալուն, ուժեղների հովանավորությունը փնտրելուն։ Ի վերջո, դա բերում է նրան, որ փոքր երկրները իրենց քթից այնկողմ ոչինչ չեն տեսնում, խոսում են լոկ սեփական ցավերից, զբաղվում են լոկ սեփական հիմնահարցերով, իսկ արդյունքում՝ ավելի են սեղմվում ու հակված են փոքրանալու։ Փոքրացող ժողովուրդներին ես անվանում եմ ոզնիացող, այսինքն՝ ինքն իր շուրջ սեղմվող, աշխարհին ասեղները պարզող։ Ոզնիացողներից խուսափում են բոլորը։
Պատկերացրեք իրար կողքի դրված բաժակ և դույլ։ Դույլի մեջ նստվածքը մնում է հատակին, իսկ վերին շերտերը մնում են վճիտ, կամ մաքուր։ Մաքուր շերտերում հեշտ է ապրելն ու հասարակակություն կառուցելը, կամ պետաիրավական նորմերի գործունեության ապահովումը։ Բաժակի մեջ՝ բավական է մի փոքրիկ հպում հատակին՝ պղտորվում է ողջ բաժակը, այսինքն դժվարանում է կյանքի ու հասարակության կառուցումը։
Պատկերացրեք ծանծաղ մի լճակ և ծով։ Ծովը հակված է ընդարձակվելու, մակարդակի բարձրացման, հողմերի ու մակընթացությունների, իսկ լճակը՝ մեր իսկ ձեռքով սպանվող Սևանի նման՝ էլ ավելի փոքրանալու, ճահճանլու։ Իսկ ծանծաղ, ճահճացող ջրերով օվկիանոսային նավեր չեն լողում։ Լավագույն դեպքում՝ մակույկներ։
Ի՞նչ եք կարծում, ո՞ր Հայն է ավելի հումանիստ ու աշխարհացավ՝ այսօրվա՞, թե՞ աշխարհներ գրաված, կամ ազատագրած Տիգրան Մեծի ժամանակաշրջանի։ Ես կարծում եմ՝ Տիգրան Մեծի։ Ավելին կասեմ։ Այն բոլոր դրական հատկանիշները, որոնք դեռևս կան մեր մեջ, և որոնք ընկած եմ մեր գոյության ու անկախության հոլովույթների, կամ հիմնապատերի շաղախներում, մնացել են մեր Աշխարհակալ արքաներից։ Եվ մենք, արդեն 2000 տարի ապրում ենք, օրինակ՝ Արտաշիսյանների փառքի իներցիայով։
Մենք փոքր երկրների շարքի մեջ տարբերվում ենք շատերից, սակայն, վերոհիշյալ օրենքները օբյեկտիվ են և թքած ունեն մեր առանձնահատկությունների վրա, քանի դեռ մենք դրանցից օգուտ չենք քաղում, կամ ի գործ չենք դնում հանուն Հայկական աշխարհակալության կամ համաշխարհային թատերաբեմ վերադառնալուն։
Առաջին տեղում՝ մեր աշխարհասփյուռ լինելն է, համաշխարհային կազմակերպական կուռ կառույցներ ունենալը, և, որ ամենակարևորն է, ամենասփյուռ Եկեղեցի ու քաղաքական կուսակցություններ ունենալու գործոնն է։
Այս գործոնները ճշմարիտ ձևով աշխատեցնելու դեպքում մենք կդադարենք տեղային, ոզնիացող ու ծանծաղ լինելուց, կկարողանանք միանալ համաշխարհային պրոցեսներին ավելի մեծ թափով ու կցորդման մակերեսով, կսկսենք մեր Նոր աշխարհակալության Նոր տեսակը, որը կդառնա մեր հարատևելու նոր ու ամուր երաշխիքը։
Աշխարհը իմաստ չունի, եթե այնտեղ պակասի Հայաստանն ու Հայ տեսակը՝ սա է մեր համար մեկ աքսիոման, որի շուրջ էլ պիտի կարողանանք ստեղծել "Հիմնարար Հայակենտրոնության" այն սկզբունքները, որոնք իրավականորեն կմիավորեն ողջ աշխարհի Հայությանը։
Իսկ գործիքների մասին "Մտածումների" հաջորդ մասերում։
Շարունակելի։
 
 
Դավիթ Վանյան
 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica