close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում ծառայելը պետք է ամրագրվի ոչ թե որպես պարտք, այլ՝ սրբազան իրավունք․ Գագիկ Գինոսյան

Հասարակություն

27 Հունվարի 2022, 21:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակում ծառայելը պետք է ամրագրվի ոչ թե որպես պարտք, այլ՝ սրբազան իրավունք․ Գագիկ Գինոսյան

Մենք պիտի շարունակենք կռիվ տալ բանակն ազգային դարձնելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Կարին» ավանդական երգի և պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ խոսելով Հայոց բանակի 30-ամյա հոբելյանի մասին։

«Ակնհայտ է, որ մենք պետք է կտրուկ բարեփոխումների գնանք, և առաջնային բարեփոխումը դա գաղափարականն է, նաև, թե ինչպես պիտի կառավարվի և ինչ մարտահրավերների պիտի պատրաստ լինի բանակը։ Բայց մենք արտաքին մարտահրավերների հարցադրումն անգամ չունենք․ ասում ենք՝ ա՛յ 44-օրյա պատերազմում եկան Բայրաքթարներով և այլն, իսկ 2021 թ-ի մայիսի՞ն ինչն էր նրանց հաղթաթուղթը, որ մտան արդեն ՀՀ տարածք։ Այսինքն, մենք նույնիսկ այդ մարտահրավերը հաշվի չէինք առել։ Եվ հետո ինչ-որ մեկը հայտարարում է, թե այդ լճի  կեսի համար արժե՞, որ զինվոր զոհվի․ այո՛, ամեն թիզ հողի համար արժե, որովհետև էն, ինչ մենք տվեցինք, նախապայմանն էր, որ հիմա մտել են ՀՀ տարածք, էն, ինչ հիմա ենք տվել՝ նախապայմանն է, որ վաղը փորձեն Զանգեզուրը կտրել ՀՀ-ից․ չի լինելու դա, անհնարին մի բան է։ Այսինքն ամեն մի թիզ հողը ավելի մեծ պարտության հիմք է՝ ռազմական հենակետ»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Արդյո՞ք բանակը պետք է ըմբոստանա քաղաքական ղեկավարության դեմ, ինչպես ըմբոստացան  ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու 40 սպաները, որոնք պահանջեցին Փաշինյանի հրաժարականը․ Գինոսյանը համոզված է, որ այո՛, ու բերում է Նժդեհի օրինակը։

«Նժդեհը մի խումբ կամավոր զորաջոկատի հետ կարողանում էր մարտնչել միանգամից Խորհրդային Միության կանոնավոր բանակի, թուրքական բանակի, ադրբեջանական մուսաֆաթների բոլշևիկյան դարձած բանակի և ներքին տականքի՝ հայ բոլշևիկի դեմ։ Նժդեհը չենթարկվեց անգամ, երբ Հայաստանը պետականորեն դեռ գոյություն ուներ, և Երևանից հրամանով ինքը պիտի հանձներ Սյունիքը։ Չենթարկվելը միանշանակ ճիշտ է՝ եթե Նժդեհ ես, եթե հասկանում ես և դրա մեջ գաղափարական հենք կա։ Եվ Նժդեհի բառերը մարգարեական են․ «Պատմության մեջ կան ժամանակներ, երբ օրվա իշխանական շահը պիտի ստորադասվի ազգի հավերժական շահին»։ Նույնը կատարվել է 1918  թ-ին, երբ Նազարբեկովն ուզում էր հանձնել Ղարաքիլիսան՝ հաշվարկելով, որ մեր զորքերը քիչ են, և կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցը ոտքի կանգնեց և ասաց՝ պրն․ գեներալ, ձեր հրամանը դավաճանական է և ես հրաժարվում եմ ենթարկվել այդ հրամանին, ես թնդանոթները հանում եմ կռվի դաշտ, և ում մեջ գեթ մեկ կաթիլ հայի արյուն կա՝ իմ հետևից, դեպի ռազմադաշտ»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Կար ժամանակ, որ բանակի բարեփոխման համար սկսեցին ներդնել «Ազգ-բանակ» գաղափարը, ինչպես նաև «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք գործող իշխանությունները փակեցին։ Գագիկ Գինոսյանը համարում է, որ այդ ծրագրերը վատը չէին, պարզապես սխալ կողմից էին ներդրվում և սխալ գաղափարախոսությամբ։

«Միգուցե եթե առողջ բանակում դրանք ներդրվեին, և դրանց հետ մեկտեղ ներդրվեր համապատասխան գաղափարախոսություն, դրանք կարող էին առնվազն մեկ ու կես, երկու անգամ բարեփոխել և հզորացնել բանակը նույն քանակությամբ զինվորի պարագայում։ Գաղափարախոսական հենքը պետք է ապահովվեր և ոչ թե ֆինանսը, որ, այ, եկեք 3 տարի ծառայեք, դրա դիմաց 5 միլիոն դրամ կստանաք։  Այսինքն, ինչ-որ առևտուր էր գնում զինվորի կյանքի ևս մեկ տարվա դիմաց։ Այնինչ մեր երկիրը պահվել է և պահվելու է հայրենասիրության գաղափարախոսության շնորհիվ»,-վստահ է նա։

Այժմ քննարկվում է այսպես կոչված՝ «Պրոֆեսիոնալ բանակ» ստեղծելու գաղափարը, որը ենթադրում է, որ սահմանը պահեն բացառապես վարձատրության դիմաց պրոֆեսիոնալ զիվորականները, իսկ ժամկետային զինծառայողները միայն զորանոցում լինեն։ Գագիկ Գինոսյանը կարծում է, որ պարզապես գումարի համար երկիր պահել հնարավոր չէ։

«Գնացեք և բարձր աշխատավարձ կստանաք․․․ ո՛չ, մենք ուղղակի արժեհամակարգ ենք կործանել։ Դուք լսե՞լ եք պետական քարոզ՝ Մոնթեին նմանվելու, Լիոնիդին նմանվելու, հանուն հայրենիքի կռվելու։ Այլ ասում են՝ Սահմանադրությամբ ամրագրվել է, որ յուրաքանչյուր 18-ը լրացած մարդու պարտքն է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե իմ ծնողին ինչ-որ մեկը մոտենա ծեծելու, ես պիտի ասեմ՝ պաշտպանելն իմ պա՞րտքն է։ Ոչ մեկը պարտքը մեծ ցանկությամբ չի վերադարձնում։ Այ, եթե դա ամրագրվի որպես սրբազան իրավունք հայ ազգի յուրաքանչյուր զավակի համար, և այդ հոգեբանությունը ներարկվի հայ զինվորի և սպայի մեջ, այ, երբ նա հասկանա, որ դա պատիվ է, որ իրեն է ընձեռված, այլ պատկեր կլինի»,-համոզված է Գագիկ Գինոսյանը։

 Նա կարևոր է համարում, որ մարդը, երբ դառում է կուրսանտ, գիտակցի՝ ինչի է գնում, գիտակցի, որ գաղափարապես գնում է հայրենիքի պաշտպանության առաջամարտիկը լինելու, սպան լինելու, ասպետը լինելու, այդ ժամանակ բանակը կբարեփոխվի։

«Իսկ մենք դրան պիտի գաղափարապես գանք, ոչ թե այնտեղ ելակ են ուտում, հիմա ներքնաշորերը շուտ են փոխում, զորամասերում լվացքի մեքենաներ են լինելու․․․ ծաղր է։ Եթե դուք չեք հոգեփոխել բանակը՝ այդ տեխնիկական բաների համար՝ տարեք, թող տունը ծառայի, մաման կլվա իր շորերը»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․  

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica