close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՀԿ որևէ փաստաթղթում չկա նաև պնդում, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է՝ ԼՂ ինքնորոշումը մի քանի անգամ է ճանաչվել․ Մանասյան

Քաղաքական

26 Հունվարի 2022, 21:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՀԿ որևէ փաստաթղթում չկա նաև պնդում, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է՝ ԼՂ ինքնորոշումը մի քանի անգամ է ճանաչվել․ Մանասյան

Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցի սկզբում «գովեց» Նիկոլ Փաշինյանին, որն անկեղծորեն խոստովանել էր, որ Արցախի հարցի կարգավորման փաստաթղթերից մեկի վրա գրել էր՝ «արդյո՞ք մենք ճիշտ ենք հասկանում այս փաստաթղթերն ու բանակցային գործընթացը»։

«Հիմա ես ուզում եմ վերադարձնել հարցը և ասել՝ արդյո՞ք մի երկու օր առաջ տված իր հարցազրույցում  ինքը ճիշտ է ներկայացնում այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են Արցախի հարցի մասին և հաստատվել են միջազգային իրավական ատյանների կողմից։ Այնտեղ կա մի արտահայտություն, որը ցույց է տալիս, որ պրն․ Փաշինյանն այնուամենայնիվ ճիշտ չի հասկանում միջազգային իրավունքի բնույթն ու խորքը․ դա այն է, որ ինքն ասաց՝ «ԵԱՀԿ որևէ փաստաթղթում նշված չէ, որ Լեռնային Ղարաբաղը հայերինն է», բայց այդպիսի պնդում չկա նաև Ադրբեջանի նկատմամբ, ո՞վ  է ասել, որ ԵԱՀԿ-ն ունի մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիներինն է, այդպիսի բան չկա։ Ընդհանրապես միջազգային իրավունքի գիտակների կողմից գրված փաստաթղթի մեջ չի լինում այդպիսի բան»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը։

Ու պրոֆեսորի մոտ հարց է ծագել՝ Փաշինյանը գիտի՞ սա․ եթե չգիտի՝ լավ չէ, իսկ եթե գիտի՝ աճպարարության նման մի բան է։ Այս բառերը, նրա համոզմամբ, հղվում են խնդրին անտեղյակներին կամ իր խոսքին անվերապահ հավատացողներին։ Մինչդեռ Ալեքսանդր Մանասյանը պնդում է, որ մեր քաղաքական խոսույթը պահանջում է լրջացում։

«Ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք՝ բոլոր ժողովուրդներն ունեն այդ իրավունքը։ Բոլորը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մի քանի անգամ է ճանաչվել։ Այ, ես չգիտեմ՝ պրն․ Փաշինյանը գիտի՞ այդ մասին, թե՞ չէ․ 1920 թ-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Խորրհրդային  Հայաստանի անկապտելի մաս, գիշերը փոխվել է տեքստը՝ դեկտեմբերի 2-ին հռչակել է, որ ինքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ճանաչվել է նաև Խորհրդային Միության կողմից 1990 թ-ի ապրիլի 3-ին ընդունված մի օրենքով, թե ինչպես պետք է կարգավորվեն հարցերը, եթե միութենական հանրապետությունը դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից․ այդտեղ պարզ գրված է, որ այդ միութենական հանրապետության մեջ գտնվող ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն անկախ պետականություն հռչակել, և օրեր հետո ընդունվել է դարձյալ մի օրենք, որտեղ ասված է, որ այդ ինքնավարություններն ինքնորոշման ակտով են կայացել, այսինքն, ճանաչված է այդ իրավունքը։

Ես չգիտեմ՝ գիտե՞ն արդյոք մեր բարձր իշխանությունները, որ այդ իրավունքը ճանաչվել է ԵԱՀԿ կողմից․ չէ՞ որ ԵԱՀԿ-ն խնդրի կարգավորման հիմքում դրել է 3 սկզբունք՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման։ Իսկ ազգերի ինքնորոշումը հենց Ղարաբաղի մասին է»,-բարձրաստիճան այրերի հիշողությունը թարմացրեց Ալեքսանդր Մանասյանը։

Նա փաստեց, որ Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, ավելին՝ միջազգային դիտորդների ներկայությամբ կայացրել է անկախության հանրաքվե։ Մինչդեռ անգամ Ադրբեջանում ո՛չ ժողովուրդների ինքնորոշում էր եղել, ո՛չ էլ անկախության հանրաքվե․ 1918 թ-ին Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հիմնել է Թուրքիան և ինքնորոշման մասին խոսք չի եղել, Խորհրդային Ադրբեջանը հիմնել է Խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակը, և երբ Արցախն Ադրբեջանի այս Հանրապետությունից անկախացավ՝ Ադրբեջանի ինքնորոշման ակտ չէր եղել, իսկ երբ Եվրրոպան որոշում ընդունեց, որ Ադրբեջանի Երրորդ Հանրապետությունը  ստեղծվի՝ նաև հուշեց, որ մի անգամ գոնե ինքնորոշվեն, և 1991 թ-ի դեկտեմբերի 29-ին, երբ արդեն տարին վերջանում էր՝ Ադրբեջանում հանրաքվե են կազմակերպում պոստ ֆակտում, մինչև այդ Լեռնային Ղարաբաղն արդեն ինքնորոշվել և դուրս էր եկել Խորհրային Ադրբեջանի կազմից։

Ալեքսանդր Մանասյանը նաև հիշեցրեց, թե որ փաստաթղթերով էր ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել կոնֆլիկտի ու բանակցային գործընթացի կողմ, և ինչպես Ադրբեջանը «ցինիկ ձևով թքեց ԵԱՀԿ-ի ու ընդհանրապես Եվրոպայի երեսին» և, խախտելով ամրագրված սկզբունքներից 2-ը, ուժ չկիրառելու սկզբունքը ոտնահարելով՝ գրավեց Լեռնային Ղարաբաղի զգալի մասը, իսկ  ինքնորոշման իրավունքի սկզբունքը խախտելով՝ Արցախի հարցը հայտարարում է փակված։

Բանակցային գործընթացի և Արցախի հարցի կարգավորման այլ մանրամասներ՝ տեսանյութում․

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica