close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ վարչապետը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում․ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ

Քաղաքական

26 Հունվարի 2022, 11:39
 ՀՀ վարչապետը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում․ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի հերթական անհիմն պնդումների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է․

 

«ՀՀ վարչապետը 2022 թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։

Ի թիվս բազմաթիվ թշնամահաճո պնդումների, Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես համարել է սփյուռքյան գործունեության արդյունք։

 

Հայ դատ ասելով` Փաշինյանը տվյալ դեպքում, հավանաբար, նկատի ունի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը՝ դիտավորությամբ մոռացության մատնելով այն փաստը, որ 1921թ․ Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից առ ոչինչ է, ցայսօր ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից որպես Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմք։ Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կատարված հետևյալ հաստատումը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»։ Ավելին` ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նշվում է որպես «փաստացի սահման»։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմված և 2015թ․ հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում ներկայացված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը  եղել և մնում է Հայոց ցեղասպանությանն առնչակից հանգամանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համազգային եզակի փաստաթուղթ, որն իր համընդգրկունությամբ և ընդունվածության համախոհությամբ ցայսօր էլ շարունակում է բարձր արժեք ունենալ։

Պետք է արձանագրել նաև այն փաստը, որ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես եղել է սփյուռքյան կառույցների գործունեություն, այդ գործունեության արդյունավետությունը բազմապատկվել է այն ժամանակ, երբ ՀՀ օրվա իշխանությունները սատարել են այդ գործին՝  1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության հռչակագրով ստանձնված հանձնառության համապատասխան։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ՝ ՀՀ այս իշխանությունների կողմից կառավարության գործունեության ծրագրին կատարված անընդհատական հղումներին, ապա պետք է նկատել, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նշված է․ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը համադրել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Պետք է նաև ուշադրությամբ նկատել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության ծրագրում չի ներկայացվում իբրև գործընթաց, ինչը խոսում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ճանաչման գործընթացը դուրս բերելու մասին։

Հայաստանի վարչապետը չի խորշել նաև խիստ վտանգավոր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Ցավում ենք, որ Հայաստանի վարչապետը կա՛մ այնքան անպատրաստ է, որ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։ Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճն առավել հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ․ հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։ Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։

Ավելին, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված՝ իրավունք և սկզբունք հասկացությունները միմյանցից տարբերվում են, և սկզբունքները միտված են իրավունքների ապահովությանը, ոչ թե հակառակը։ Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միմյանց հակադրվել չեն կարող, իսկ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տարածքային ամբողջականության հարց առաջանալ առհասարակ չի կարող, քանի որ, ինչպես արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել միմյանց ճանաչած երկու պետությունների միջև հարաբերություններում։

Այսպիսով, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ՀՀ իշխանու­թյունները, անկարող լինելով դա անել, ամբողջապես տրվել են ադրբեջանա­թուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։

ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցը, անկախ Հայաստանի իշխանությունների պարտվողական ու ամոթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրավունք­ների պաշտպանությունը՝ այն վստահությամբ, որ այդ իրավունքների պաշպանությունը չի կարող պայմանավորված լինել անցողիկ և ապաշնորհ իշխանությունների գոյությամբ»։

 
«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica