close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենակարևորը իշխանությունը պահելն է. կապ չունի՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքների, թե բնակչության հաշվին. «Փաստ»

Մամուլի տեսություն

25 Հունվարի 2022, 10:13
 Ամենակարևորը իշխանությունը պահելն է. կապ չունի՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքների, թե բնակչության հաշվին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հանդես գալով նաև հայտարարությամբ: Ի թիվս այլ կետերի, նա նշեց, որ մեր երկրում կա պարադոքսալ իրավիճակ՝ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Նաև ընդգծել էր, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է հրաժարականի հնարավոր պատճառներին, նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Խոսելով առաջին հնարավոր պատճառի մասին՝ նա նշեց. «Արմեն Սարգսյանը մոտ մեկ տարի է՝ բավականին ակտիվ հանդիպումներ է ունենում հանրության ներկայացուցիչների հետ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել նաև մարզերում, քաղաքներում, նաև Գյումրիում, որին ինքս ներկա եմ եղել: Ինչո՞ւ սա ասացի, որովհետև, որքան հասկանում եմ, Արմեն Սարգսյանը փորձ է անում ակտիվանալ քաղաքական դաշտում: Հենց ինքն այդ հանդիպումների ժամանակ շատ պարզ ասում էր, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխման պարագայում պատրաստ է ակտիվ գործունեություն ծավալել, սեփական թիմը ձևավորել և զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, քանի որ իր ստանձնած պաշտոնը շատ հնչեղ է, բայց իրականում քաղաքական դաշտում ակտիվություն դրսևորելու համար շատ նեղ լիազորություններ է տալիս իրեն: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլ յանտ Նիկոլը հայտարարեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, Ա. Սարգսյանը կատարեց իր քայլը: Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, բայց չի բացառվում: Արմեն Սարգսյանը քայլ է անում՝ դուրս է գալիս նախահագի պաշտոնից, և նրա նպատակը միայն ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն ու սեփական թիմը ձևավորելը չէ»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը շեշտեց, որ մյուս նպատակն ինքնամաքրվելն է այն ամենից, որում հայտնվել է երեքուկես տարվա ընթացքում. «Ընդ որում, նա պասիվ, բայց, մեծ հաշվով, Հայաստանի գործող իշխանություններին պաշտպանելով է այդ կետին հասել: Ինքը փորձում է իրենից հեռու պահել նաև այն անտրամաբանական արտաքին քաղաքականությունը, որը իշխանության գալուց ի վեր վարում է Նիկոլ Փաշինյանը: Արմեն Սարգսյանը փորձ արեց այս քայլով ինքնամաքրվել և զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, և ապագայում կմասնակցի նախագահական ընտրություններին: Հրաժարականի մյուս հնարավոր պատճառը հետևյալն է. հավանական է՝ Արմեն Սարգսյանը տեղյակ է, թե ինչեր են նախապատրաստվում անել Հայաստանի գործող իշխանությունները՝ «Նիկոլ Անհողի» գլխավորությամբ: Եվ որպեսզի ինքն ընդհանրապես չասոցացվի այս իշխանությունների հետ ու նրան չմեղադրեն այս իշխանություններին անգամ պասիվ պաշտպանելու մեջ, ինքը շատ արագ դուրս եկավ պաշտոնից: Միգուցե հրաժարական տվեց, որ այս իշխանությունների կայացրած ապագա բոլոր որոշումները, որոնք հիմնականում ժողովրդի թիկունքում են, հանկարծ չկապվեն նաև իր անվան հետ: Կարծում եմ՝ տեղյակ լինելով, թե ՀՀ գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ինչեր է նախապատրաստվում անել թե՛ հայ ժողովրդի, թե՛ ՀՀ-ի գլխին, շատ արագ դուրս եկավ պաշտոնից»:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա, Գ. Համբարյանը նկատեց. «Խնդիրն այն է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Ա. Սարգսյանը շատ լավ իմացել է, թե իր լիազորությունները որքան են: Ու շատ զարմանալի է, որ երեքուկես տարի այս վարչախմբի օրոք նախագահի պաշտոնը ստանձնելով՝ ՀՀ արդեն նախկին նախագահը նոր է հասկացել, որ ինքն այդքան լիազորություններ չունի: Անցած տարի Գյումրիում տեղի ունեցած վերոնշյալ հանդիպմանը մարդիկ հարցնում էին, թե ինչու այս կամ այն խնդրի ուղղությամբ այս կամ այն քայլը չի անում: Ասում էր՝ լիազորություններ չունի: Այս տեսանկյունից շատ տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը հրաժարական տար հենց կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո՝ այսպիսով արտահայտելով իր դժգոհությունն ու անհամաձայնությունը Նիկոլ Անհողի քաղաքականության առումով: Մեկ տարի անց ինքը նոր է այդ պատճառաբանությունները բերում այն դեպքում, երբ մեկ տարի առաջ շատ նորմալ ու մատչելի բացատրեց իր սահմանափակ լիազորությունների մասին, թեպետ հետո մոտ մեկ տարի շարունակում էր զբաղեցնել նախագահի պաշտոնը»:

Քաղաքագետը, ամեն դեպքում, չի կարծում, որ Արմեն Սարգսյանի քայլն ուշացած է կամ ուշ է ինքնամաքրվելու համար. «Հաշվի առնելով մեր հասարակության ամնեզիան՝ կարծում եմ՝ շատ նորմալ ժամանակ է, ուշ էլ չէ: Մեր հասարակությունը շատ կարճ հիշողություն ունի, որի հետևանքն էլ այն է, որ 100 տարին մեկ նույն կոտրված տաշտակի առաջ ենք հայտնվում: Այնպես որ, Արմեն Սարգսյանը այդքան էլ չի ուշացել, և հասարակությունը մի քանի օր հետո ոչինչ չի հիշելու»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին, որի մեկնարկն արդեն տրված է, Գ. Համբարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Այդ անձի համար կարևորն իր սեփական իշխանությունն ամեն գնով պահելն է ու ավելի քիչ մարդկանց դրա համար շնորհակալ լինելը: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այս իշխանությանն առաջ տանողը Նիկոլ Փաշինյանն է, բայց, ամեն դեպքում, նույն Փաշինյանը, որը շատ ու շատ ապիկարների բերել, լցրել է կառավարություն և Ազգային ժողով, ստիպված է վերահսկել նրանց: Ես բազմիցս եմ նշել, որ Սերժ Սարգսյանը, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով, կոպիտ քայլ կատարեց, ինչի արդյունքում մենք անցանք խորհրդարանական կառավարման համակարգի: Մինչդեռ, այս համակարգին կարող էինք անցնել այն դեպքում, երբ ունենայինք քաղաքականապես բավականին գրագետ հասարակություն, որն ընտրություններին կընտրեր ոչ թե մարդ կուսակցություններին, այլ կուսակցությունների ծրագրերը՝ մի կողմ դնելով մարդուն:

Դեմ եմ եղել պառլամենտական հանրապետությանը՝ հաշվի առնելով նաև արտաքին մարտահրավերները: Ու ՀՀ կառավարման այս համակարգը ցույց տվեց, որ բացարձակ պատրաստ չէ այն մարտահրավերներին, որոնք կան մեր տարածաշրջանում, ու որոնց հետ առնչվեցինք 2020-ի աշնանը: Մինչև հիմա չգիտենք մեղավորին՝ մեկը մյուսի վրա է գցում, իսկ նախագահական երկրի պարագայում բոլորը գիտեն պատասխանատուին: Բայց, ընդհանուր առմամբ, իրականում Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումներ չի նախաձեռնում վերոնշյալ խնդիրները լուծելու համար: Նա չի նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ նրա համար, որ ՀՀ-ն ի սկզբանե պատրաստ չէր այս կառավարման համակարգին: Իրականում նա իր համար իշխանությանը վերահսկելու ավելի դյուրին մեխանիզմներ է ուզում գտնել, և սահմանադրական բարեփոխումները հենց այդ նպատակով են: Նա այդպիսով ցանկանում է կառավարման համակարգն իր կողմից ավելի կառավարելի դարձնել»,-ընդգծեց քաղաքագետը:

Իսկ թե ինչո՞ւ հենց այս փուլում, նա շեշտեց. «Հիմա է պետք: Ինչո՞ւ, որովհետև նախ հասարակության ուշադրությունը կշեղի երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից: Խոսքը նախ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, որը սեպարատ, գաղտնի շարունակում է ժողովրդի թիկունքում: Մյուս նպատակն այն է, որ ավելի վերահսկելի է ուզում դարձնել ամբողջ իշխանական բուրգը: Նա արհամարհած ունի ՀՀ-ի առջև ծառացած բոլոր գլոբալ և լոկալ խնդիրները, իր համար ամենակարևորը իշխանությունը պահելն է, ու կապ չունի՝ այն կպահի ՀՀ ինքնիշխանության, բնակչության, ՀՀ տարածքների, թե ՀՀ քաղաքացիների ինքնասիրության հաշվին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica