close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նվազում են իրական եկամուտները, կյանքի որակը, և ամենամեծ հարվածը ստանում են սոցիալապես խոցելի խավերի մեր բնակիչները․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

14 Հունվարի 2022, 12:09
 Նվազում են իրական եկամուտները, կյանքի որակը, և ամենամեծ հարվածը ստանում են սոցիալապես խոցելի խավերի մեր բնակիչները․ Թադևոս Ավետիսյան

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է` հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.9%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է՝ 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.6%:

Ի դեպ, 2022 թ․ տնտեսական աճի կանխատեսումներն էլ ներկայացրել է Համաշխարհային Բանկը՝ Հայաստանի համար ակնկալելով 4.8 տոկոս տնտեսական աճ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը անդրադառնալով ԱՎԾ հերթական հրապարակմանը՝ նկատեց, որ տնտեսական բացասական միտումներին ականատես կլինենք նաև 2022թ․։

Տնտեսագետը շեշտեց, որ 2021թ․ ընթացքում տնտեսության վերականգնում տեղի չի ունեցել, ինչի մասին վկայում է 2020 թվականի 7․4 տոկոս տնտեսական անկման ֆոնին 2021 թ․ արձանագրված 4 տոկոսից մի փոքր ավելի տնտեսական ակտիվությունը։

«Սա այս գնաճի առաջանցիկ տեմպերի պատճառներից մեկն է նաև։ Պետք է փաստենք, որ 2021թ․ թիրախից էապես ավել սպառողական գների ինդեքսի ավելացում ենք ունեցել, այսինքն՝ 4-4.5 տոկոսի փոխարեն՝ 7 տոկոս (մոտենում է թիրախից կրկնակի բացասական շեղմանը)։

2021թ․ մենք չենք ունեցել հիմնական սոցիալական խոցելի խմբերի եկամուտների ավելացում՝ կենսաթոշակը, նպաստը, նվազագույն աշխատավարձը, պետական ծառայողների բազային աշխատավարձերը չեն ավելացել, ավելին՝ դրանք չեն ավելացել 2020թ․ հունվարի 1-ից հետո, իսկ 2020թ․, փաստենք՝ ունեցել ենք ևս 4.5 տոկոս սպառողական գների ավելացում։ Ի դեպ, 2021թ․ նույնիսկ միջին աշխատավարձն է ավելի ցածր աճել, քան գների միջին մակարդակը»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:

Նա հավելեց, որ մարդկանց իրական եկամուտների նվազումը աղքատություն ծնող առաջնային և ուղղակի գործոն է, և հենց այդ պատճառով է 2020թ․ արձանագրվել աղքատության միջին մակարդակի ավելացում, ինչը նույն գործոններով պայմանավորված՝ աճել է նաև 2021 թվականին:

Համաշխարհային բանկի՝ 2022 թվականի համար 4.8 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումը պատգամավորը լավագույն սցենարներից է համարում.

«2022թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում բազմիցս առիթ եմ ունեցել մատնանշելու, որ այն կանխատեսոմները, որոնք դրված են պետական բյուջեի հիմքում, անիրական են, այն աճերը, որ ցույց են տալիս ըստ ծրագրերի, եկամուտների և նաև՝ տնտեսական աճից բխող, անիրատեսական են և առավելապես պոպուլիստական բնույթի։

Իհարկե, ինչ-որ չափով նաև օրվա իշխանությունները վերջում ընդունեցին բարձրաձայնվածը և 7 տոկոս աճը ձևակերպեցին՝ որպես լավագույն ցանկություն, մինչդեռ ակնհայտ է, որ այն ծրագրային աճերը, որ դրված են պետբյուջեում, և որոնց մասին այսօր մեծ պաթոսով խոսում են, չեն կատարվելու, որովհետև այդքան եկամուտներ չեն կարողանալու գեներացնել։ Եվ հետո՝ իրենք իրենց վարքագծով արդեն ցույց են տվել, որ հատկապես կապիտալ ծախսերը դնում են ուռճացված, ու դրանք թերակատարվում են, սղացվում-անցկացվում»։

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ առաջանցիկ գնաճային միջավայրը իր բոլոր գործոններով շարունակում է պահպանվել և խորանալ՝ նաև արտաքին ազդակներով պայմանավորված, ինչը փաստացի բերում է հանրության իրական եկամուտների «թալանի»․ «Նվազում են իրական եկամուտները, նվազում է կյանքի որակը, և ամենամեծ ու առաջնային հարվածը ստանում են սոցիալապես խոցելի խավերի մեր բնակիչները»։

Հիշեցնենք, որ 2022թ․ բյուջեի նախագծով կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։

 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica