close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդի հայ պոեզիայի հավերժ երիտասարդ ճամփորդը

Մշակույթ

11 Հունվարի 2022, 12:40
 Արդի հայ պոեզիայի հավերժ երիտասարդ ճամփորդը

Yerkir.am-ն այսօր գույժ ստացավ, որ մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Ստորև ներկայացնում ենք Վարդան Պետրոսյանի՝ բանաստեղծի 80-ամյակին նվիրված հոդվածը, որը հրապարակվել էր անցյալ տարի մեր կայքում։

 

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ պոեզիան սուբյեկտիվ ոլորտ է, ուստի որոշ իմաստով օրինաչափ կարելի է համարել, որ բանաստեղծի և բա­նաս­տեղ­ծության հանրային ընկալումները լինեն բազմազան, նույնիսկ՝ իրա­րա­մերժ: Եվ որքան ինքնատիպ է բանաստեղծությունը, այնքան բարձր է նրա տար­ըն­կալ­ման հավա­նա­կա­նու­թյունը: Սակայն ճշմարիտ տաղանդի, մասնավորապես՝ մեծ տա­ղան­դի համար ըն­թեր­ցողի դիմադրության հաղթահարումը միայն ժամանակի խնդիր է:

Ռազմիկ Դավոյանը, որին այսօր իրավամբ կարելի է համարել արդի հայ պո­ե­զի­ա­յի նահապետը (կարդալով այս տողերը՝ Դավոյանը գուցե և մի քիչ սրտնեղի, որով­հետև ինչպես որ ինքը, մենք ևս նրան միշտ ընկալել ենք իբրև մեր պոեզիայի հավերժ երիտասարդ ճամփորդը), իբրև շնորհաշատ և խոստումնալից բանաս­տեղծ՝ ժամա­նա­կի գրական մեծերի կողմից նկատվեց իր առաջին գրական քայլերից՝ «Իմ ներ­աշ­խար­հը» (1963) և «Ստվերների միջով» (1967) ժողովածուներից, իսկ հաջորդող ժողո­վա­ծու­նե­րով («Մեղրահաց» (1973), «Կեղևդ բաց արա» (1975), «Տաք սա­լեր» (1978), «Պոեմներ» (1980), «Պղնձե վարդ» (1983), «Քարե բարձ» (1989)) եկավ հայ բա­նաս­տեղծության հա­րուստ ան­դաս­տանում նվաճելու ի վերուստ իրեն վերապահված տեղը, որը իր մեծ նա­խոր­դը՝ Պարույր Սևա­կը, բնորոշել էր որպես «հանճարների դասակ»: Ռ. Դա­վո­յանի «Ռեք­վիեմ» պոեմը, որի առաջին մասը նույնպես բանաստեղծի գրական սկզբի արտա­հայ­­տություններից է (1969 թ.), երևույթ էր ժամանակի հայ պոեզիայի մեջ և ան­նկատ չմնաց: Այդ պոեմին տրված գնահատականների մեջ առանձնանում է հատկա­պես Ս. Խանզադյանի խոսքը, որը, իբրև մուտքի յուրօրինակ այցեքարտ, լույս է տեսել պոեմի առաջին հրատարակության մեջ: «… Նորարարություն չէ ձևի առումով, նորու­թյուն է՝ մարդու ներաշխարհի ոլորտները թափանցելու կարո­ղու­թյամբ, մարդկային հույզերի, բռնկումների, հուսահատության և ընդվզումների բա­ցա­հայտմամբ, որը և է իսկական արվեստ: // … Դավոյանի այս քերթության մեջ աստված է նստած: Սքանչելին այն է, որ մեջը աստված նստած այս արտը մշակել, ոսկևորել է գրեթե պատանի այս տաղանդը» (1):

Դեռևս խորհրդային տարիներին Ռ. Դա­վո­յանն արդեն ընկալվում էր իբրև հայ գրականության կենդանի դասականներից մեկը, նրա գրքերը թարգմանվում և հրա­տա­րակ­վում էին տարբեր լեզուներով՝ ճա­նա­չում ապահովելով ինչպես հեղինակին, այն­պես էլ հայ գրականությանը:

 Իր գրական գործունեության շուրջ վաթսունամյա ճանապարհին Ռ. Դավոյանն ստեղծագործել է գրա­կան տարբեր ժանրերում` ստեղծելով և՛ փոքր, և՛ մեծ կտավի գոր­ծեր (բանաս­տեղ­ծու­թյուն, պոեմ, չափածո դրամա («Ո՞ւր են մնացյալ դերասանները»), վի­պակ, վեպ): Կասկածից վեր է, որ այդ բոլոր ժան­րե­րում նրա ստեղծած եր­կե­րը կրում են դա­վոյանական շռայլ տաղանդի դրոշմը: Իհարկե, Ռ. Դավոյանը ամենից առաջ բա­նաս­տեղծ է: Նրա պոեզիան քն­նություն է բռնել ոչ միայն բանաս­տեղ­ծական պայծառ տա­ղանդներով հարուստ բազմադարյան հայ պոեզիայի տիրույթում, այլև՝ նրա սահ­ման­ներից դուրս: Աս­վա­ծի վկայությունն է մեծանուն բանաստեղծի ընտ­րանու հրա­տա­րա­կու­մը միջազ­գա­յին գրա­հրա­տարակչական ոլորտում հեղի­նա­կավոր բրի­տա­նական Macmillan Pub­lishers Limited կազմա­կեր­պու­թյան կողմից՝ տեքստերի անգ­լե­րեն-հա­յե­րեն զու­գա­դրությամբ («Selected Poems», 2002):

Պոեզիան առհասարակ մարդակենտրոն երևույթ է, որովհետև, անկախ այն բա­նից, բանաստեղծի քննության նյութը մարդու հոգեկան աշխարհն է իր բամ­զա­շերտ ծալ­­­քե­րով, բնությունը՝ իր անձեռակերտ գեղեցկությամբ, թե մարդկային պատ­մու­թյու­նը՝ իր լուսավոր ու մութ էջերով, միևնույնն է, այդ ամենի կենտրոնում մարդն է, տիե­զեր­քի ամենամեծ, միաժամանակ ամենաբարդ ստեղ­ծա­գործությունը, որին իրենց մտքի և հոգու պրիզմայով փորձում են քննել ու հասկանալ բանաս­տեղծ­նե­րը: Եվ կան բա­նաս­տեղծներ, որոնց պոե­զիա­ն մարդակենտրոն է հատկապես: Մեր կար­ծի­քով, այդ­պի­սի բա­նաստեղծներից է Ռ. Դավոյանը: Նրա պոեզիան կար­ծես մի չընդ­հատ­վող զրույց է բանաս­տեղ­ծի և աշխարհի միջև: Բարձրարվեստ գեղագիտական զրույց, որը մա­տուց­վում է ինքնատիպ պատ­կե­րավորությամբ ու փիլիսոփայական խորքով: Զրույց բոլո՛ր ժա­մա­նակների մարդու հետ: Զրույց համամարդկայինի և ազգայինի ներդաշնակ հա­մա­­դրու­թյամբ: Դավոյանի պոեզիան խո­րա­պես ազգային է և միաժամանակ համա­մարդ­կային («Կեսօրին սկսում իմ օրը, երեկոյան նորից եմ սկսում», «Օրվա հոգսերը թող օրը տանի», «Ահա մատներս կպչում են այնտեղ», «Ապրեցինք բողոքի անուրախ երգերով», «Հայոց աշխարհ – եկե­ղե­ցի», «Դրախտի երկիր», «Ազգն ու քարը», «Վա՜յ, Հայկ Նահապետ» և այլն): Նրա բա­նաս­տեղծական մտա­ծո­ղու­թյան այդ գիծը, որ տիրապետող է դառնում գրքից գիրք, ակն­հայտ էր դեռևս «Ռեք­վի­եմի» առաջին՝ 1969-ին լույս տեսած տար­բե­րակում (1988-1996 թթ. հեղինակը գրում է նաև «Ռեքվիեմի» երկրորդ մասը, իսկ ամբողջական տար­բե­րա­կը լույս տեսավ 1997-ին):

Ռ. Դավոյանը ինչպես հոգեկան նուրբ ապրումների, այնպես էլ փիլիսո­փա­յա­կան անպարփակ ընդգրկումների բանաստեղծ է: Այլոց աչքերում առօրեական թվացող երևույթները նրա գրչի տակ ձեռք են բերում յուրահատուկ խորհուրդ և իմաստ՝ աղերս­վե­լով մարդու հոգեկան ապրումներին ու հույզերին, առհասարակ մարդու՝ որպես հա­սա­­րա­կա­կան էակի հոգևոր և աշխարհիկ առնչություններին, որն էլ ճշմարիտ բա­նաս­տեղ­ծու­թյան և բարձր արվեստի կարևոր պայմաններից է, եթե ոչ՝ ամենից կա­րևորը: Աս­վա­ծի վկայություններն են «Ձայները» բանաստեղծության հետևյալ տողերը.

Ձայները գուցե չե՛ն մեռնում բնավ,

Գուցե պահվում են ջրերի խորքում,

Գուցե մտնում են խեցիների մեջ

Մարգարտանալու տենչանքով զնգուն:

 

… Ձայները գուցե չե՛ն մեռնում բնավ,

Ձայները գուցե ծաղկում են անվերջ,

Երբ մենք բոլորս ձայնել ենք արդեն

Տիեզերական խաղաղության մեջ: (2)

Լեզվաբաններն ասում են՝ լեզվի՝ որպես հաղորդակցման միջոցի էությունը պայ­մանավորված է նրա քերականական կառուցվածքով ու համակարգային բնույթով, իսկ բառերը միայն այդ համակարգի ու կառուցվածքի բաղադրիչներ են, թեկուզև՝ ամենից կարևոր բաղադրիչները: Բանաստեղծի համար, սակայն, բառն անհամեմատ ավելին է, քան նրան տրվող լեզվաբանական բնորո­շում­ները: Բառը ոչ միայն ինքը լեզուն է, այլև մարդն է, որովհետև գերազանցապես բառերի միջոցով են ինքնադրսևորվում մարդու էությունը, մարդկայինն ու անմարդկայինը, որոնք հաճախ այնպես ներդաշնակ հա­մա­գո­յակցում են ոչ միայն միևնույն հասա­րա­կու­թյան ներկա­յա­ցուցիչների միջև, այլև միևնույն մարդու ներ­աշ­խար­հում:-

Զգացմունքների խեղդող ալիքից

Բառն ինքը, ահա,

Խոստովանանքի համար է ծնվում,

Ու թեև նրան մանրում են մարդիկ

Շահատակության շուկաների մեջ,

Սակայն ինչ-որ տեղ՝

Հոգու ծալքերում իմաստունների,

Ապրում է Բառը և ան­վերջ թրծվում:

 

… Եվ ինձ թվում է՝ նրա ստվերը

Բոլոր կողմերից

Քշում են վայրի ուրուրներ հազար.-

Գիշակերների՜, անտաղանդների՜ ստրուկն է Բառը,

Նա Հանճարին է միայն հավասար: (2)

Բարձրաժեք պոեզիան ոչ միայն տաղանդի, այլև խոր ապրումների արգասիք է: Ուստի ճշմարիտ է, որ իսկական բանաստեղծության երկունքը բուռն սիրո, մեծ վշտի, խոր հույզերի, իրերի ու երևույթների նորովի և խորքային ընկալումների արդյունք է: Եթե չկա նշված հան­գա­մանքներից ոչ մեկը, որքան էլ մեծ լինի ստեղծագործական ձիր­քը, միևնույնն է, իրեն կմատնի բանաս­տեղ­ծության արհեստածին լինելը: Համաշ­խար­հա­յին պոեզիայի գագաթներից մեկի՝ Վ. Գյոթեի խոսքերով, եթե յոթ բանաս­տեղ­ծու­թյու­նից մեկը տաղանդավոր է, ուրեմն բանաստեղծը տա­ղան­դավոր է: Բոլորվին էլ շնորհ արած չենք լինի, եթե ասենք, որ Ռ. Դավոյանի դեպքում այդ թիվը կարող է նվազել, քանզի գործ ունենք ոչ թե սովորական տաղանդի (հայ գրակա­նու­թյունը հարուստ է այդպիսի տաղանդներով), այլ մեծ տաղանդի հետ, որի ստեղծած պոեզիան իր ինք­նա­տիպ խորքայնությամբ և արվեստի ուժով արդեն շուրջ հիսուն տարի համընթաց է համաշխարհային պոեզիային:

Ռ. Դավոյանը նաև մեծ կտավի գործերի, մասնավորապես՝ պոեմի վարպետ է: Եթե «Ռեք­վի­եմը», ըստ իս, հայ պոեմի մեծարժեք նվաճումներից է և որպես այդ­պի­սին՝ իր մնայուն տեղն ունի հազարամյա հայ պոեզիայի պատմության մեջ, ապա արարման թափով, մտքի թռիչքներով և պատկերակերտման բարձր արվեստով, ան­շուշտ, տա­ղան­դի աներկբա ար­տա­ցո­լումներ են նաև «Էպոս պատանության» («Տաք սա­լեր»), «Թորոս Ռոսլինի դատը» («Պղնձե վարդ»), «Երևանյան աշուն» («Քարե բարձ») պոեմ­նե­րը: Նշվածներից մենք կառանձնացնեինք հատկապես «Թորոս Ռոսլինի դատը», ուր հե­ղի­նակը, միջնադարի նշանավոր ծաղկողի կյանքի պատմության միջոցով անդրադառ­նա­լով ավատատիրական աշխարհի՝ մարդկային հույզերն ու ապրումները ճնշող բար­­քերին, որոնք մարդու մեջ սպանում են մարդուն, նորովի է արծարծում մարդկայինի, գեղեցիկի և ասպետականի թեմաները,- համամարդկային և հավերժական ար­ժեք­ներ, որոնց ծառայել և հանուն որոնց պաշտպանության խաչ են բարձրացել միջնադարի ար­վես­տի ու գրականության բազում երևելիներ: Այդ երևույթը Դավոյանը բա­նա­ձևում է պոեմը եզ­րա­փակող հետևյալ տողերով.

Եվ այդպես հեշտ, այդպես անմիտ,

ցնծության մեջ բորբ ու նախշուն,

հաղթած երկիրն ուրիշ մի տեղ

հաղթանակը ետ է բաշխում: (3)

Անշուշտ, Ռ. Դավոյանը նախ և առաջ բանաստեղծ է: Ասվածի վկայությունն է այն հաճելի երևույթը, որ, չնայած առաջացած տարիքին, բանաստեղծի միտքն ու սիրտը այս­օր էլ շարունակում են ապրել նրբին հույզերի ու թրթիռների տիրույթում:  Արդյունքը վերջերս լույս տեսած նոր բանաստեղծությունների ժողովածուն է, որոնք գրվել են ան­կա­խության տարիներին: Սակայն ոչ հազվադեպ գրողի կյան­քում սկսվում է մի շր­ջան, երբ ասելիքը չի տեղավորվում պոեզիայի կաշկանդող շրջանակներում, երբ միտ­քը ձգտում է դրսևորման ավելի ընդարձակ տարածության: Գրականության մեջ այդ հնա­րա­վորությունն ընձեռում է գեղարվեստական արձակը, մասնավորապես՝ վեպի ժան­րը: Ըստ ամենայ­նի դրանով է բացատրվում, որ ինչպես հայ, այնպես էլ համաշխար­հա­յին գրակա­նու­թյան մեջ փոքր չէ այն բանաստեղծ­նե­րի թիվը, որոնք դիմել են նաև ար­ձակի հնարա­վո­րու­­թյուն­նե­րին (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով, Վ. Հյուգո, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ե. Չա­րենց, Պ. Սևակ և ուրիշներ): Եվ պիտի ասել, որ նրանցից ոմանց հաջողվել է մնայուն երկեր ստեղծել նաև արձակում: Ռ. Դավոյանի գրական կենսա­գրու­թյան մեջ այդպիսի շրջափուլ սկսվեց անկախության տարիներին՝ 1990-ականների վեր­ջե­րից, թեպետև մինչ այդ էլ նա արձակում ստեղծագործելու փորձ ուներ. դեռևս խոր­հր­դա­յին տարի­նե­րին հրատարակել էր «Թորոս Ռոսլին» վիպակը (4): Եվ Դավո­յա­նը, ձեռքը պահե­լով բա­նաս­տեղծության զարկերակին, զուգահեռաբար վեպի նյութ է դարձ­նում արցախյան շարժ­ման, անկախ պետականության կազմավորման և անկա­խու­թյան տարիներին ազ­գային-պետական կյանքի կազմակերպման թեման՝ ստեղ­ծե­լով «Եթե աստված կամե­նա» (2008) և «Գերդաստան» (2017) վեպերը, իսկ այդ վեպերի միջև ընկած ժամա­նա­կա­հատ­վածում՝ նաև «Ծովինար» վիպասքը (2015) (հեղի­նա­կի բնո­րո­շումով՝ «հայոց հնա­գույն նախապատմական էպոսը»)՝ արձակի և պոեզիայի հա­մա­­դրու­թյամբ ստեղծ­ված խիստ յուրօրինակ մի գործ: Ավելի ստույգ՝ բանաստեղծական արձակով ստեղծված տա­ղանդավոր մի գործ: Հայ հին բանահյուսական նյութի օգ­տա­գործումով և այդ բա­նահյուսության ոճի ճաշակավոր կիրառումով նա շունչ  ու ոգի հաղորդեց հայոց նա­խապատմական էպոսին՝ որպես հայի ինքնության հնագույն վկա­յու­թյան: Եթե Դա­վո­յանի պոեզիան վաղուց է դարձել գրականագիտական ուսում­նա­սի­րու­թյունների նյութ՝ արժանանալով բարձր գնահատականների և նվաճելով ընթեր­ցող­նե­րի ընդարձակ լսա­րաններ, ապա արձակը դեռևս սպասում է իր հետազոտողին:

Ռազմիկ Դավոյան գրողի, մտածողի, մշակութային ու հասարակական գործչի դի­մա­­նկարը նույնիսկ ուրվագծային ամբողջացում չի ստանա, եթե շրջանցվեն նրա «Կեն­սա­­կան էներգիայի ուսմունքը» (2000) խիստ ինքնատիպ աշխատությունը, որը գրողի կեն­սա­փիլիսոփայության հավատամքն է, ինչպես նաև գրական և հա­սա­­րա­կական գոր­ծու­­նեու­թյունը մեր անկախ պետականության առաջին տասնամյակում՝ որպես գրա­­­կան կյանքի կազմակերպիչ և ազգային արժեքների նախանձախնդիր պահապան: Ռ. Դավո­յա­նը չի եղել ազգային-հանրային կյանքից կտրված, եսակենտրոն մտավորական: Այդ­պի­սիք իրականում միայն ստեղծագործող անհատ­ներ են, բայց ոչ մտավո­րա­կան­ներ, քանզի իսկական մտավո­րա­կանը պիտի լինի իր ժո­ղո­վրդի առաջամարտիկը և իր ժա­մա­նակի խիղճը: Անկա­խու­թյան առաջին տա­րի­ներից ի վեր հայության առջև ծա­ռա­ցած դժվարություններն ու արհավիրքները Դավոյանն ընդունել է որպես իր անձնա­կա­նը, ապրել է դրանցով և դրանց մեջ: Ուստի բացառված չէ, որ օրվա հևասպառ հոսքում նրա այս կամ այն դիրքորոշումը կարող էր նաև չընկալ­վել ոմանց կողմից, սակայն մեծ հաշվով կարևորը դա չէ, որովհետև միայն ժամանակն է ի զորու միմյանցից զա­տե­լու ճիշտն ու սխալը: Այսօր, երբ հայ  բա­նաս­տեղծության ակա­նա­վոր ներկա­յա­ցու­ցիչ­նե­րից և մեր ժամա­նակի Մեծ հա­յե­րից մեկը՝ Ռազմիկ Դա­վո­յանը, բոլորել է իր ծննդյան 80-ամյակը, հետադարձ հայացք նետելով իր անցած ճանապարհին՝ կարող է վստահ լինել, որ իրեն ծնունդ տված ժո­ղո­վրդի առջև պարտ­քը կատարել է ան­մնա­ցորդ: Բնու­թյու­նից իրեն շռայլորեն տրված տա­ղան­դը նա բազմա­պատ­կելով է վերա­դարձ­րել ժո­ղո­վրդին:

 

Ծանոթագրություններ

1) Ռազմիկ Դավոյան, Ռեքվիեմ, Եր., 1969, էջ 6:

2) Ռազմիկ Դավոյան, Կեղևդ բաց արա, Եր., 1975, էջ 145-149:

3) Նույն տեղում, էջ 132-133:

4) Ռազմիկ Դավոյան, Պղնձե վարդ, Եր., 1983, էջ 367:

5) Ռազմիկ Դավոյան, Հանճար և հիշողություն, Եր., 1986, էջ 3-142: 

 

Վարդան Պետրոսյան 

07. 07. 2020 թ.

  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica