close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշիում պետք է դո՛ւ լինես, եթե ուզում ես՝ Շուշիի եկեղեցին համարվի հայկական. Շիրակի թեմի առաջնորդ

Հարցազրույց

5 Հունվարի 2022, 17:31
 Շուշիում պետք է դո՛ւ լինես, եթե ուզում ես՝ Շուշիի եկեղեցին համարվի հայկական. Շիրակի թեմի առաջնորդ

Yerkir.am-ի  զրուցակիցն  է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

-Սրբազա՛ն Հայր, հաղթանակից կուրացած Ադրբեջանը սկսել է մեր եկեղեցիների և վանքերի դեմ կռիվ տալ։ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը Twitter-ի իր միկրոբլոգում պնդել էր, թե քրիստոնեությունն իբր Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թվականին, և, որպես իր խոսքի ապացույց,  օգտագործել էր Արցախի հին հայկական եկեղեցիների լուսանկարները, այդ թվում Դադիվանքինը։ Կցանկանայինք լսել Ձեր գնահատականն այս մասով, և ինչպե՞ս է Ադրբեջանը փորձում աշխարհին համոզել, թե Հայ Առաքելական եկեղեցիներն Ադրբեջանինն են, երբ Գանձասարի կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անբաժանելի մասն էր։

- Այո՛, քրիստոնեությունը մուտք է գործել Ատրպատական առաջին դարում,  բայց այդ ժամանակ թուրքալեզու բնակչություն գոյություն չուներ այդտեղ։ Հիմա շատ բնական է, որ ինչ-որ եղել է այդ տարածքում, այսօրվա Ատրպատականի տերերը վերագրեն իրենց և սեփականացնեն։ Այդ էր պատճառը, որ այն ժամանակ ասում էի` 44-օրյա պատերազմը պետք է որոշեր` Շուշին ո՞ւմն է, Հադրութը հայկակա՞ն է, թե՞ ոչ։ Բնական է՝ այսօր այդ մարդկանց ձեռքում է այդ ամենը, և իրենք ինչ ուզեն` կանեն, ինչ ուզեն` կասեն։ Որպեսզի իրենք չասեն դա, այդ բոլոր վանքերը պետք է լինեն մեր տիրապետության ներքո, եթե մեր ձեռքում չեն, ուրեմն մենք իրավունք ենք տվել իրենց, որ ինչ ուզեն` ասեն։ Հասկանո՞ւմ եք`մենք ենք իրենց տվել այդ իրավունքը, որը  չպետք է տայինք. Դադիվանքը չպետք է հայտնվեր Ադրբեջանի «տարածքում», Ծիծեռնավանքը չպետք է հայտնվեր, Նախիջևանի վանքերը չպետք է հայտնվեին Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Չէին հայտնվի՝ չէին լինի  «աղվանական», «ադրբեջանական», բայց այսօր հայտնվել են, և նրանք իրավունք ունեն ասելու այն` ինչ ցանկանում են։ Աշխարհը լինելու է իրենց կողքին։ Հայությունը պետք է հասկանա, որ լացելով չէ, խնդրելով չէ, աղաղակելով չէ, այլ տիրապետելո՛վ է։ Եթե դու ուզում ես, որ Շուշիի եկեղեցին համարվի հայկական, ուրեմն Շուշիում պետք է լինես դո՛ւ։ Հայությունն՝ իբրև ազգ, իբրև բանակ, իբրև պետություն, պետք է հասկանա, որ իրենն է այն, ինչին ինքը տիրապետում է։ Վառ օրինակ՝ այսօր Աղթամարով  Թուրքիան է հպարտանում, այսօր Աղթամարի վանքով Թուրքիան է իր բյուջեն լցնում, Անիի ավերակներով Թուրքիան է հարստանում: Հետևաբար` ո՞ւմն է Անին, և ո՞ւմն է Աղթամարը, իսկ  ո՞ւմը կլինի Դադիվանքը, և ո՞ւմը՝ Շուշին։ Երկրորդական, երրորդական հարցերի շուրջ մտածելու փոխարեն պետք է մտածել եղածին տեր կանգնելու մասին։ Դրա մասին առաջին հերթին պետք է մտածեր պետությունը,  հետո նոր՝ եկեղեցին։ Ցավոք,  եկեղեցին է այդ մասին առաջինը մտածում։ Հենց այստեղ էլ ժողովրդի հիմնական թյուրըմբռնումն է և թերացումը։ Եվ նույնը վերաբերում է 1045 թ., երբ կատարված դավաճանության համար ոչ թե մեղադրում ենք սպարապետին, թագավորին, այլ մեղադրում ենք կաթողիկոսին։ Ի սկզբանե 11-րդ դարից հայ ժողովրդի մեկնաբանությունը թյուր կարծիքի վրա է հիմնված եղել. 1045 թ. կար թագավոր, կար սպարապետ, բայց, չգիտես ինչու, մեղադրում են կաթողիկոսին` դավաճան համարելով նրան, այնինչ՝ փաստացի հանձնումը թագավորի և սպարապետի կողմից էր։ Հանձնել է բանալիները․․․ Այսինքն՝ եթե Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բանալիները չհանձներ, բյուզանդական զորքը չէ՞ր տիրապետելու Անիին, այն դեպքում, երբ թագավորը և սպարապետն արդեն հանձնել էին։ Հայ ժողովուրդը իր բոլոր վերլուծությունները  սխալ ելակետից է սկսում։

- Սրբազա՛ն Հայր, այս իշխանություններն ամեն կերպ փորձում են ձեռքերը լվանալ Արցախից, հայաթափել Արցախը։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խոսում է Արցախի` ադրբեջանական լինելու մասին։ Խոսում է ադրբեջանցիների իրավունքների իրացման ճանաչման մասին։ Տարօրինակ չե՞ք համարում այս հայտարարություններն այն դեպքում, երբ Արցախը հայ ժողովրդի պատմական բնօրրանի մի մասն է, և որտեղ առկա է հայկական պատմամշակութային հարուստ  ժառանգություն։

- Այս իշխանությունները արդեն իսկ ձեռքերը լվացել, վերջացրել են Արցախից։ Տարօրինակ է. այս ամենը  հասկանալի կլիներ, եթե խոսք գնար, օրինակ, Գանձակի, Շահումյանի, Գետաշենի, Դաշտային Ղարաբաղի հայության իրավունքների մասին։ Եթե խոսվեր Բաքվի, Սումգայիթի հայության իրավունքների մասին, ինչպես նաև, եթե խոսվեր Նախիջևանի հայության իրավունքների ճանաչման մասին։ Եթե հայ ժողովրդի իրավունքի իրացման ճանաչման մասին խոսվեր, այո՛, ընդհանուր կոնտեքստում կարող էր խոսել` Արցախում ադրբեջանցիների իրավունքների իրացման ճանաչման մասին։ Բայց ոչինչ չասվեց։ Հետևաբար, եթե չի խոսվում 300.000-ից ավելի հայության իրավունքների մասին, ովքեր երկիր, հող, ինչք,  են կորցրել Ադրբեջանում, ինչո՞ւ հանկարծ խոսել ադրբեջանցիների (կարծեմ՝ 30.000 ադրբեջանցիների իրավունքի մասին է խոսքը, որոնք ապրել են Արցախում)  իրավունքների մասին, ծիծաղելի է։

- Այս իշխանությունները ցանկանում են Թուրքիայի հետ «բարիդրացիական»  հարաբերություններ հաստատել` ի հաշիվ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, մեր հավաքական հիշողության, Արցախի  և այլնի: Ի՞նչ սպասել այդ գործընթացից:

- Հայ-թուրքական հարաբերություններն անխուսափելի իրականություն են, և դրանից չենք կարող փախչել։ Բայց պատմական այս փուլում սկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, դա դժվար հօգուտ մեզ ծառայի։  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարող էինք գնալ այն ժամանակ,  երբ Հայաստանը հզոր էր, և Թուրքիան մեզ ուժեղ էր համարում։ Բայց իրականությունը այն է, որ Թուրքիան մեզ համարում է ջախջախված, կործանված երկիր։ Նվաստացած վիճակում ի՞նչ պետք է խոսես քեզանից տասնապատիկ հզորի հետ։ Խոսելու ոչինչ չկա, ինչ էլ խոսենք` ի վնաս մեզ է լինելու։

- Սրբազա՛ն Հայր, այսօր հայ ժողովուրդը բարոյազրկված, պարտվածի հոգեբանությամբ, «Շուշին դժգույն էր և դժբախտ» սցենարի կիրառմամբ մուտք գործեց 2022 թ.։ Ի՞նչ պատգամ կհղեք հայ ժողովրդին, և արդյո՞ք հայ ժողովուրդը կազատվի 2018 թ. ժառանգությունից։

- Հայ ժողովուրդը դժվար թե կարողանա ազատվել 2018 թ. ժառանգությունից։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս իշխանություններից ազատվելը։ Եթե աչքերը բացվելը նկատի ունեք, ապա աչքերը բացվելո՞վ պետք է Շուշին, Հադրութը, Քարվաճառը վերադառնան։  Աչքերը բացվելով չէ, դրանից հետո պետք է իրականացվի հստակ քաղաքականություն, հստակ ռազմավարություն, հստակ մարտավարություն։ Մեր կորցրած տարածքները կարող ենք վերադարձնել՝ միայն հստակ գործընթացներ իրականացնելով։ Եթե մեր գործընթացները մղված չեն լինելու դրան, ուրեմն ոչինչ չի փոխելու։ Մենք շարունակելու ենք լինել նույն լացող ազգը, որը նստած լացում էր Արևմտյան Հայաստանի համար, բայց ոչ մի քայլ չէր կատարում կորցրածը վերադարձնելու համար։ Ինչպես իմ մաղթանքում եմ ասել, հիմա էլ կասեմ` մեր սեղանների առատությունը պակասի, բայց Հայրենիքը մեծանա։

 

                                                                   Լենա Կարապետյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica