close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ անորոշություն. ապաշրջափակո՞ւմ, թե՞ թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարացում

Տնտեսական

4 Հունվարի 2022, 17:22
 Մեծ անորոշություն. ապաշրջափակո՞ւմ, թե՞ թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարացում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրքական ապրանքների ներկրման արգելանքի ժամկետը երկարաձգելու խնդրին։
 
Կառավարությունն իր հնգամյա զարգացման ծրագրում ասում է, որ տնտեսության զարգացման միակ այլընտրանքը տարածաշրջանային ապաշրջափակումն է, բայց մյուս կողմից խոսում են թուրքական ապրանքների արգելանքը երկարաձգելու մասին։ Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում այսպես է մեկնաբանում թուրքական ապրանքների ներկրման արգելանքի ժամկետը երկարաձգելու մասին քննարկումը։
 

«Նման իրավիճակում ո՞ր ներդրողը կկարողանա գլուխ հանել ստեղծված խառնաշփոթից և իրականացնել ներդրումային խոշոր ծրագրեր։ Եվ սա այն դեպքում, երբ շարունակաբար Հայաստանում կրճատվում են օտարերկրյա ներդրումների ծավալները»,– ասաց տնտեսագետը։ 

Նա նշում է, որ առկա իրավիճակում այս կամ այն որոշման արդյունավետությունը թողնելով մի կողմ` փաստենք, որ առաջացել է խառնաշփոթ, ինչը վերաբերում է ոչ թե մի փոքր բնագավառի, այլ ամբողջ տնտեսությանը, որը շարունակում է մնալ չվերականգնված` առաջացնելով նաև սոցիալական բնույթի հետևանքներ։
 
Ավետիսյանի կարծիքով` ավելի լավ կլինի, որ կառավարությունն ընդհանրապես որևէ քայլ չկատարի, որպեսզի չվնասի մեր տնտեսությանն ու տնտեսական անվտանգությանը։ Թուրքական ապրանքների արգելքը հաստատվեց արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ուներ ավելի շատ քաղաքական դրդապատճառներ, մարդիկ ողջունեցին այդ որոշումը մի պայմանով, որ դա չլինի հերթական պոպուլիզմը, ինչը յուրահատուկ է գործող իշխանությանը։
 
«Եթե դու արգելում ես քո ներկրման 5-6 տոկոս բաղադրիչը կազմող թուրքական ապրանքների ներկրումը, ապա ի՞նչ նպատակ ես հետապնդում, դա անում ես հանրությանը շոու ցուցադրելու՞ համար, թե՞ իրապես օգտվելով առիթից` ստեղծում ես աջակցող գործիքներ` լուծելով երկու կարևոր խնդիր. որպեսզի նախ թուրքական ապրանքների ներկրման դեֆիցիտը լրացվի տեղական ապրանքների արտադրությամբ և երկրորդ` աջակցվի այն տնտեսվարողներին, որոնք զբաղված են ներկրմամբ, որպեսզի փոխեն աշխարհագրությունն ու գտնեն այլընտրանքային ճանապարհներ»,– ասաց տնտեսագետը։
 
Ավետիսյանի դիտարկմամբ` անցել է տևական ժամանակ, սակայն նշված երկու ուղղություններով որևէ քայլ ըստ էության չի արվել։ Իսկ իշխանությունը հայտարարում է կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտության մասին և դրան զուգահեռ երկարացնում է թուրքական ապրանքների ներկրման արգելքը։ Այս դեպքում այդ ամենը բերում է ավելի մեծ անորոշության, ինչն էլ հարվածում է մեր տնտեսական զարգացման շահին։
 
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը որոշել է երկարացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը Հայաստան և դրա վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica