close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռքում ունենալով 5-6 դպրոցի փող՝ կառավարիչները ընտրություններին կարող են դեր խաղալ․ Սերոբ Խաչատրյան

Քաղաքական

29 Դեկտեմբերի 2021, 21:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռքում ունենալով 5-6 դպրոցի փող՝ կառավարիչները ընտրություններին կարող են դեր խաղալ․ Սերոբ Խաչատրյան

Ես այդտեղ ռիսկ եմ տեսնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին։

Ըստ այդ փոփոխությունների՝ դպրոցները տնօրենից բացի ունենալու են նաև կառավարիչներ, որոնք ամբողջությամբ պետք է իրենց ձեռքը վերցնեն դպրոցի բյուջեն, վարեն հաշվապահությունը և տնօրինեն գույքը։ Կրթության փորձագետը մտավախություն ունի, որ այս պարագայոում տնօրենը, որը պատասխանատվություն է կրելու կրթության որակի համար, այս կառավարիչների մոտ կդառնա ընդամենը ուսմասվար։

Սա դեռ բավարար չէ՝ այս կառավարիչները կարող են միանգամից մի քանի դպրոց կառավարել։ Սա, ըստ փորձագետի, կենտրոնացնում է վերահսկողությունը, և այդ մարդիկ կարող են վերածվել իշխող կուսակցության վարչարարների դպրոցական համակարգում։

«Ես այդտեղ ռիսկ եմ տեսնում, քանի որ ցանկացած կուսակցական կարող է այդ պաշտոններին հավակնել, քանի որ այնտեղ ո՛չ հավաստագիր է պետք, ո՛չ գիտելիքների ստուգում, այնտեղ մի հատ դիպլոմ ես բերում համալսարանից, աշխատանքային փորձ ես ունենում։ Ես այստեղ վտանգ եմ տեսնում, որ այդ պաշտոններին հավակնող մարդիկ առաջիկա ընտրություններում դառնան լուրջ խաղացողներ․ ձեռքում ունենալով 5-6 դպրոցի փող, պատկերացնո՞ւմ եք՝ դա կարող է լինել մի 200 միլիոն դրամ, այդպիսի ռեսուրսին տիրապետող մարդը կարող է նաև ընտրությունների ժամանակ հիանալի դեր խաղալ»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ պետք չէ ասել՝ չէ, այդպիսի բան այս իշխանության օրոք չի լինելու, որովհետև մենք տեսանք, որ այս իշխանության օրոք օրենքում առաջադրվեց մի դրույթ, որ կառավարությունը պետք է բուհի խորհրդում ունենա մեծամասնություն, որն, իհարկե, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց։

Բացի այս, դպրոցը ոչ միայն բյուջեն է, այլև ուսուցչական կոլեկտիվը, աշակերտների ծնողները, որոնց ևս կառավարիչը կարող է ուղղորդել ընտրությունների ժամանակ։

Սերոբ Խաչատրյանի մոտ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունն, ի սկզբանե, կասկած առաջացրեց, երբ իշխող կուսակցությունը փորձեց այն ԱԺ-ում արագացված կարգով՝ 24 ժամում ընդունել։ Բարեբախտաբար, հնարավոր եղավ այս 24-ժամյա ռեժիմը հանել, և օրենքը միայն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

«Այս մոտեցումն ինձ մոտ կասկած առաջացրեց՝ ինչո՞ւ ենք շտապում, ի՞նչ է եղել որ, ինչո՞ւ ենք խառնվել իրար։ Բայց ես հասկանում եմ, որ այստեղ կարող է խնդիր լինել, որ փորձ արվի տնօրենների նշանակման գործընթացը վերցնել հսկողության տակ։ Իրականում այս տնօրենները նշանակվելլու են, թեև մենք դա էլ չգիտենք, որովհետև հստակ չի էլ բացվում»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նա նաև խնդիր է տեսնում, որ փորձ է արվում մեծ անջրպետ ստեղծել ուսուցիչների աշխատավարձերի միջև՝ ատեստավորում և տարակարգ ունեցող ուսուցիչներին մինչև 400 հազար դրամ վճարել։ Այստեղ էլ են հարցեր առաջանում․ իսկ ի՞նչ ենք անելու այն ուսուցիչների հետ, որոնք 70 հազար դրամ են ստանալու՝ իրենց պահելո՞ւ ենք այս համակարգում, եթե պահում ենք՝ դա լա՞վ է, թե՞ վատ է։ Իսկ եթե ուսուցչին տալու ենք 400 հազար, տնօրենին գոնե այդքան տալո՞ւ ենք։ Եթե ունենք երկու մարդ՝ մեկը ուսումնական մասի տնօրեն, մյուսը՝ վարչատնտեսական, նրանց երկուսին էլ 400 հազար դրամ տալո՞ւ ենք։ Եթե տալու ենք՝ այդքան գումար ունե՞նք մենք։

«Ինձ դա էլ է հետաքրքրում․ նոր պաշտոն ենք բերում՝ կա՞ ֆինանսական հաշվարկ՝ դա բյուջեի վրա ինչքա՞ն է նստելու, ո՞րտեղից է դա առաջանալու»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նա կարծում է, որ չի կարելի նույն աշխատանքի համար այդպիսի մեծ անջրպետ առաջացնել։ Նա նույնիսկ մտածում է՝ եթե այդպես լինի գուցե ուսուցիչները աշակերտ, բան թողնեն մի կողմ, գնան կրկնուսույցների մոտ, որոնք ուսուցիչներին կպատրաստեն կամավոր ատեստավորման՝ գնում են, վճարում են, նրանց վարժեցնում են, չէ՞ որ թեստեր են, 100 հազար դրամ միանգամից հավելավճար են ստանում, էլ ի՞նչ աշակերտ, ի՞նչ բան։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica