close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեզ ուրիշ տեղ սպասող չկա». Ճանկաթաղի հերոսապատումն` ինչպես եղել է

Խմբագրի անկյուն

22 Դեկտեմբերի 2021, 18:30
 «Մեզ ուրիշ տեղ սպասող չկա». Ճանկաթաղի հերոսապատումն` ինչպես եղել է

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ակնայի (Աղդամի) նախկին խորհրդային շրջանը դավադրաբար թշնամուն հանձնելուց հետո Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղը, որն Արցախի Ջրաբերդ գավառի հնագույն բնակավայրերից է, վերստին հայտնվեց թշնամու ուղիղ նշանառության տակ:

2018 թ. տվյալներով` 103 տուն և 434 բնակիչ ունեցող Ճանկաթաղը դարձյալ տագնապի ու մղձավանջի մեջ է: Բախտի չար կատակ է, թե՝ ճակատագիր, այդուհանդերձ, ճանկաթաղցիների՝ մեզ հայտնի ամբողջ անցյալը պայքարի, հերոսապատումի, բռնագաղթի, բառի ուղիղ իմաստով՝ մոխրանալու և, ի վերջո, հառնելու տեսարաններ են

  • 17-րդ դարի սկիզբ․ ճանկաթաղցիների՝ Շահ Աբասի կողմից կազմակերպված բռնագաղթ դեպի Ղարադաղ,
  • 19-րդ դարի սկզբներ՝ գեներալ Մադաթովի նախաձեռնությամբ Ղարադաղից վերստին հայրենադարձություն և բնակության հաստատում Ճանկաթաղի Սբ Գևորգ եկեղեցու (կառուցվել է 1608-1609 թթ.) շրջակայքում,
  • 1988 թ. սկսած՝ ադրբեջանաբնակ 5 գյուղերով շրջապատված ճանկաթաղցիները վերստին գոյության կռիվ են մղում, կազմվում է ջոկատ, պաշտպանական միավորում,
  • 1992 թ. հունվար՝ ադրբեջանցիներին հաջողվում է մտնել գյուղ, կտրել Կոլյա Բադալյանի գլուխը, հրդեհել տունը,
  • 1992 թ. փետրվարի 3՝  Սամվել Ջահանգիրյանի ջոկատն ազատագրում է գյուղը,
  • 1992 թ. ապրիլի 21՝ Ճանկաթաղ է ժամանում Լեոնիդ Ազգալդյանը և գյուղի պաշտպանությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկում,
  • 1992 թ. հուլիսի 4՝ ճանկաթաղցիները դպրոցի բակում հուղարկավորում են հերոս Սամվել Ջահանգիրյանին, նույն օրը, երբ ընկավ շրջկենտրոն Մարտակերտը,  ճանկաթաղցիները հեռանում են գյուղից,
  • 1992 թ. հուլիսի 4 – 1993 թ. մարտի 17՝ ադրբեջանցիները թալանում և մոխրի են վերածում Ճանկաթաղը,
  • 1993 թ. մարտի 17՝ Արցախի ՊԲ-ի կողմից Ճանկաթաղը վերստին ազատագրվում է,
  • 2020 թ. սեպտեմբերի 27 - նոյեմբերի 9՝ ճանկաթաղցիները եղափոխվում են գյուղից, պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ վերադառնում:

Ահա պատկերներ, որոնց միջոցով կարելի է նկարահանել պատմագեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ:

«Աղդամի շրջանը հանձնելուց հետո գյուղն ամբողջությամբ դիտարկվում է թշնամու կողմից»,- Yerkir.am-ի հետ զրույցում դիմացի բարձունքը մատնանշելով՝ ասաց Ճանկաթաղի գյուղապետ Սասուն Վանյանը: Գյուղում կատարվում են որոշակի աշխատանքներ, կառուցվում է ջրագիծ: Գյուղացիները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իրենց ապրուստը հոգում են դպրոցում, գյուղապետարանում աշխատելով, անասնապահությամբ, զգալի է նաև գյուղի հարևանությամբ գործող հանքավայրում աշխատող («Բեյզ Մեթըլս» ընկերությունն արդյունահանում է պղինձ) ճանկաթաղցիների թիվը:

Գյուղապետն առաջարկում է գործարարներին՝ Ճանկաթաղում հիմնել գորգագործության կենտրոն, որը գյուղացիների և, հատկապես, կանանց համար կապահովի լրացուցիչ աշխատատեղեր:

Վերջին շրջանում հանքավայրի կողքին տեղակայվել են ռուս խաղաղապահները, ինչը,  անվտանգության առումով, որոշակի դրական ազդեցություն է թողել:

«Աղդամը, ազատագրված տարածքները տանք, որ լավ ապրենք, թուրքի հետ բարեկամանանք և խաղաղ ապրենք» տեսակետին չեն հավատում Ճանկաթաղում:

«Թուրքի հետ մենք չենք կարող ապրել, դա անհնարին բան է: Ինչքան էլ իրենց ուզածը բավարարենք՝ թուրքը մնում է թուրք, ո՞նց կարող ենք միասին ապրել, դա հնարավոր չէ»,-  նշում է գյուղապետը: Հարցին՝ ինչո՞ւ, թուրքն էլի՞ պահանջներ ունի, Սասուն Վանյանը պատասխանում է. «Իրենց պահանջները միշտ էլ կան»: Ի՞նչ է, ի վերջո, թուրքի ուզածը. Ճանկաթաղի գյուղապետը ժպտում է. «Դե, որ իրենց կազմում լինենք»: Հնարավո՞ր է Արցախի ապագան այդ կերպ պատկերացնել՝ հարցը մեկ պատասխան ունի. «Իհարկե՝ ոչ: Էսքան զոհերից հետո ո՞նց կարելի է… Առաջին պատերազմին՝ 20, վերջին պատերազմին 6 զոհ ենք տվել, ինչպե՞ս կարող ենք իրենց կազմում ապրել…»:

Ճանկաթաղցի Մելսիկ Ավանեսյանը թեև ապրում է Ստեփանակերտում, բայց մարտական գործողությունների ողջ ընթացքում մարտնչել է հայրենի գյուղի կամավորական ջոկատներում: Ճանկաթաղցիները 44-օրյայի ընթացքում հիմնականում մարտնչել են Մատաղիսում, այնուհետև՝ Կարմիր շուկայում: Գյուղը տվել է 6 զոհ, 5 վիրավոր: Ճանկաթաղի նահատակ հայորդիների պանթեոնի հիմնման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:

«Ճիշտ է, էն ա՝ թուրքը էնտեղ կանգնած է, բայց հեռացող չկա էստեղից, մեզ ուրիշ տեղ սպասող չկա»,- դիմացի բարձունքին բազմած ադրբեջանական դիրքերը մատնացույց անելով՝ նշում է Մելսիկ Ավանեսյանը:

44-օրյայից և Ակնայի հանձնումից հետո Ճանկաթաղի ճանապարհը երկարել է՝ 40 կմ-ից դառնալով 65 կմ: Գումարած այս ամենին՝ Ստեփանակերտ-Դրմբոն-Մարտակերտ մայրուղուց սկսած՝ մինչև Ճանկաթաղ ճանապարհը, ոչ ասֆալտապատ է, քանդված և դժվարանցանելի: Ի դեպ, այդ հատվածն այժմ նորոգման ընթացքի մեջ է, որը Ստեփանակերտ – Մարտակերտ նոր ճանապարհն է լինելու:  

Ճանկաթաղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանը, որը մեզ ներկայացրեց գյուղի պատմությունը, փաստում է՝ գյուղի դիմացի բարձունքի դիրքը, որը 44-օրյայից հետո զբաղեցրել է թշնամին, անգամ չի մտել Աղդամի խորհրդային շրջանի վարչական սահմանների մեջ և խորհրդային տարիներին եղել է Ճանկաթաղի տարածքը: Ադրբեջանցիները կրակել և չեն թողել, որպեսզի կառուցվի նոր հեռուստաաշտարակ:

Վրեժ Խաչատրյանը ևս չի հավատում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանին»: Ըստ նրա՝ խաղաղության հաստատման համար պետք է պատրաստ լինեն երկու կողմերն էլ: «Միակողմանի խաղաղություն չի լինում, և թշնամու այսօրվա ռազմատենչ հայտարարությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում», - փաստում է պատմության ուսուցիչը:

Ճանկաթաղում հնարավոր համարո՞ւմ են այժմ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող նախկին ճանապարհով, այն է՝ «խաղաղ դարաշրջանով» հասնել Ստեփանակերտ՝ հարցին Վրեժ Խաչատրյանն ունի «փորձաքննություն» անցած պատասխան. «Այդ ճանապարհով կարող է 1 անգամ հասնենք Ստեփանակերտ, բայց երկրորդ անգամ մեր մեքենաները կքարկոծեն, և այդ անգամ արդեն տեղ չենք հասնի»:

Ճանկաթաղը ևս ներառված է «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մեջ. Տաթև Ենոքյանը, որն Արտաշատից է, սեպտեմբերից դասավանդում է Ճանկաթաղի միջնակարգ դպրոցում: Տաթևն անսահման սիրում է Ճանկաթաղն ու իր աշակերտներին և իրեն արդեն համարում է գյուղի ու Արցախի մի մասնիկը:

Ինչպես Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը, «սահմանամերձի» կարգավիճակ ստացած, վերստին թուրքի յաթաղանի տակ հայտնված ճանկաթաղցին այսօր ևս մաքառումների մեջ է, հաստատակամորեն կառչած է իր հողին ու պատմությանը՝ պատրաստ կերտելու նոր արշալույսներ:

Վահե Սարգսյան 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica