close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիսուսը, Օբաման և Մուհամեդը թուրքեր էին՝ ըստ թուրքական կեղծ պնդումների

Քաղաքական

22 Դեկտեմբերի 2021, 00:00
 Հիսուսը, Օբաման և Մուհամեդը թուրքեր էին՝ ըստ թուրքական կեղծ պնդումների

Որևէ վատ բան չկա սեփական ազգությամբ, էթնիկական ծագմամբ կամ կրոնով հպարտանալու մեջ: Սակայն, երբ այդ հպարտությունը դառնում է այնքան մոլեռանդ, որ հասնում է անհեթեթության աստիճանի, ապա գործ ունենք մեկի հետ, որը լրիվ կորցրել է իրականության զգացումը։

Թուրք քաղաքական վերլուծաբան Բուրաք Բեքդիլը BESA Center Perspectives-ի կողմից հրապարակված իր հոդվածում խոստովանել է. «Թուրք-իսլամիստական հոգեվիճակը ենթակա է... պատվի, ճակատագրականության, դավադրության, ճոռոմաբանության, հրապարակայնության և շփոթության թակարդներին»:

Տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ արտառոց  հայտարարություններ է արել, որոնք կասկածներ են հարուցում նրա մտային  առողջության վերաբերյալ:

Ահա մի քանի օրինակ Էրդողանի խելառ  հայտարարություններից.

2014 թվականին Էրդողանը Ստամբուլ այցելած լատինաամերիկացի մահմեդականների խմբին ասաց, որ մահմեդական ուխտավորները Քրիստափոր Կոլումբոսից մի քանի դար առաջ են հայտնաբերել Ամերիկան. «Պնդում են, թե ամերիկյան մայրցամաքը հայտնաբերել է Կոլումբոսը 1492 թվականին: Իրականում մահմեդական նավաստիները հասել են  ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին… Իր հուշերում Քրիստափոր Կոլումբոսը հիշատակել է մզկիթի գոյության մասին՝ Կուբայի ծովափին գտնվող մի բլրի գագաթին։ Այսօր այդ բլրի վրա մզկիթը կատարյալ տեսք կունենար»: Բնականաբար, Կոլումբոսը երբեք նման բան չի ասել իր հուշերում։

Մեկ այլ արտառոց հայտարարությամբ Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիան 2023 թվականին թուրք տիեզերանավ կուղարկի Լուսին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին։ Նա ենթադրել է, որ թուրքական տիեզերական խմբի անդամ կարող է լինել կին տիեզերագնաց։ Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես կարող է թուրքական սնանկացած երկիրը միլիարդավոր դոլարներ ծախսել նման անհավատալի արկածախնդրության վրա, էլ չասած նրա տիեզերական տեխնոլոգիաների բացակայության մասին: Միգուցե այս ամբողջ թեման խաբեություն է՝ շեղելու մարդկանց ուշադրությունը իրենց դժբախտություններից ու դատարկ գրպաններից՝ նայելու լուսնին ու աստղերին… Մի թերահավատ թուրք հեգնանքով ասաց. «Մենք չենք կարող նույնիսկ սուպերմարկետ գնալ, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»: Մեկ այլ թուրք նկատեց. «Մենք չկարողացանք դիմակներ [COVID-ի դեմ] բաժանել քաղաքացիներին, այդ ինչպե՞ս ենք գնալու տիեզերք»։

Մինչ Էրդողանը կարողանա երևակայել տիեզերք գնալու մասին, նա պետք է մտահոգվի գահավիժող լիրայի, միլիոնավոր գործազուրկ թուրքերի և սարսափելի աղքատությունից տառապող իր ժողովրդի ահռելի տոկոսի համար: Թուրքական աղբյուրների համաձայն՝ 34 միլիոն թուրք գտնվում է սովի եզրին։ Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին անջատել են 1.6 միլիոն թուրք ընտանիքների էլեկտրաէներգիան և գազը, քանի որ նրանք չեն կարողացել վճարել իրենց հաշիվները։

Թուրք վերլուծաբան Բուրաք Բեքդիլը գրել է, որ ինքը «մեծացել է այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են՝ «Մի թուրքը մի աշխարհ արժե», «Թուրքերը ստիպված են եղել կռվել աշխարհի յոթ ամենամեծ տերությունների դեմ» և «Թուրքի միակ ընկերը մեկ այլ թուրք է»։ Մեր դասագրքերը մեզ սովորեցնում էին, որ թուրքական գերագույն ցեղը դարեր շարունակ գերիշխել է ամբողջ աշխարհում. որ Օսմանյան կայսրությունը փլուզվեց միայն այն բանից հետո, երբ համաշխարհային տերությունների դաշինքը հարձակվեց նրա վրա. որ մենք պարտվել ենք Առաջին համաշխարհային պատերազմում, քանի որ դաշնակցել ենք գերմանացիների հետ, որոնք պարտվել են (ոչ թե մենք). և որ մի օր մենք ամբողջ մոլորակը թուրքացնելու ենք։ Մեզ սովորեցրել են, որ օսմանցի մարտիկը կարող է շարունակել կռվել նույնիսկ [բյուզանդական] թշնամու կողմից գլխատվելուց հետո»։

Որպես հետևանք, Բեքդիլը բացատրեց. «Թուրքերը ծարավ են լավ կյանքի մասին հեքիաթների, որը նրանք չեն կարողացել վայելել անցյալ դարի ընթացքում, բայց հավատում են, որ արժանի են: Ցանկացած հաճելի լուրի քարոզչություն, նույնիսկ Էրդողանի հայտնի  պոռոտախոսությունը՝ «Արևմուտքը, այդ թվում՝ գերմանացիները, նախանձում են մեզ…», միլիոնավոր ընկալող ունկնդիրներ է գտնում Թուրքիայի գերարդի անհեթեթության շուկայում:

«Հիսուսը թուրք էր. կեղծ թուրքաբանության արտառոց վերածնունդը» վերնագրված հոդվածում Լուկա Իվան Ջուկիչը գրում է NEW/LINES ամսագրում. «Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուրք էր։ Կամ, որ Հիսուս Քրիստոսը և Մուհամեդ մարգարեն նույնպես թյուրքական ծագում ունեին: Ձեզ կներեն, եթե չիմանաք, որ Ռուսաստանն իսկապես մեծ թյուրքական պետություն է, որ ղազախներն ու ճապոնացիները գենետիկորեն նույնական են կամ անգլիական լեգենդար թագավոր Արթուրը, ինչպես կռահեցիք, թուրք էր։ Ձեզ կներեն, քանի որ սրանցից ոչ մեկը ճիշտ չէ: Այնուամենայնիվ, Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա և ամենուրեք դրանց միջև, սրանց նման ենթադրյալ պատմական փաստերը և նրանց աջակցած տեսությունները չափազանց նախանձախնդիր և կեղծ ակադեմիկոսների մտքերից ճանապարհ են հարթել դեպի ազգային դպրոցական դասագրքեր, ժողովրդական մշակույթ և, իսկապես, պաշտոնական կառավարական գաղափարախոսություն»։

1932 թվականին թուրքական լեզվի ինստիտուտը հորինեց կեղծ «Արևի լեզվի տեսությունը», որը պնդում էր, թե «թուրքերենը ողջ մարդկության լեզվի և հետևաբար ողջ քաղաքակրթության աղբյուրն է», գրել է Ջուկիչը: «Ինստիտուտի լեզվաբանները պնդում էին, որ լեզուն Կենտրոնական Ասիայում հորինել են արևապաշտ նախաթուրքերը, երբ նրանք մրթմրթացել են արևին»: Ավելին, ըստ թուրքական պատմական թեզի պնդման, «Թուրքերը քաղաքակրթություն են բերել Չինաստան, Եվրոպա, Հնդկաստան և այլուր, երբ գաղթել են Եվրասիական տափաստանից»: Այս կեղծ տեսությունները հայտնվեցին թուրքական դասագրքերում և հանրաճանաչ գրքերում` լվանալով թուրքերի մի քանի սերունդների ուղեղները: Այս կեղծ գիտական պնդումների կողմնակիցների մեծ մասը նախագահ Էրդողանի հետևորդներն են:

Չկա գերագույն ցեղ: Բոլոր մարդիկ հավասար են։ Նրանք բոլորը Աստծո զավակներ են: Թեև գերակայության մասին պնդումները կարող են բավարարել մարդկային սին հակումները, սակայն ոչ ոք իրավունք չունի այլ ցեղերի վերաբերվել որպես ստորադասների:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica