close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրյուսելում կքննարկվեն «հումանիտար հարցեր»` չբացառելով մի քանի գերիների սիմվոլիկ վերադարձ. քաղաքագետ

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2021, 18:12
 Բրյուսելում կքննարկվեն  «հումանիտար հարցեր»` չբացառելով մի քանի գերիների սիմվոլիկ վերադարձ. քաղաքագետ

Արևմուտքի ակտիվացումը բավականին կանխատեսելի էր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ,  «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը` անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Ըստ քաղաքագետի՝ պատճառներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո բավականին հզորացավ և ամրապնդվեց Ռուսաստանի դերը տարածաշրջանում, և սա ոչ միայն տարածաշրջանում, այլև և՛ Արցախի կարգավիճակի կարգավորման հարցում, և՛ բանակցային գործընթացներում, ինչպես նաև Հայասան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։

«Եվ սա, բնական է, որ պետք է խանդ առաջացներ Արևմուտքում, և Արևմուտքը պետք է փորձեր ինչ-որ չափով բալանսավորեր, վերականգներ սեփական դերակատարումը։ Այս առումով պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Արևմուտքը սկսեց մի շարք առաջարկներ անել, ինչպես նաև Եվրամիությունը իր միջնորդությունը առաջարկեց դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ կապված։ Եվ օգտագործելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մասնակցելու են Արևելյան գործընկերության գագաթնաժողովին` Եվրամիությունը պետք է փորձեր օգտագործել այդ հնարավորությունը` ցույց տալու համար, որ ինքը նույնպես պատրաստվում է ակտիվ դերակատարություն ունենալ այս գործընթացում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության ակտիվ ջանքերը` ցույց են տալիս, որ Արևմուտքը ուզում է վերադառնալ այս գործընթացին»,-փաստեց քաղաքագետը։

Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ Բրյուսելում կայանալիք հանդիպումից: Ըստ քաղաքագետի՝ դրանք այդքան էլ մեծ չեն, հաշվի առնելով Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, և այնտեղ որոշակի հստակ պայմանավորվածությունների ձեռքբերումը, ինչպես նաև առանձին  գործընթացներին առանձին ընթացակարգ տալու տրամադրությունները և մտադրությունները։ Այս հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ընդհանուր հարցեր կքննարկվեն։

Քաղաքագետը չբացառեց, որ Եվրամիությունը կփորձի նաև հումանիտար խնդիրներում որոշակի տեսանելի առաջընթաց ապահովել, ցույց տալու համար, որ իր միջնորդությունը որոշակի արդյունքներ տալիս է` չբացառելով մի քանի գերիների սիմվոլիկ վերադարձ այդ հանդիպումից առաջ կամ հետո` ցույց տալու համար, որ դա տեղի է ունեցել հենց Եվրամիության միջնորդության արդյունքում։  

«Եվրամիությունը միշտ աջակցել է Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի ունեցող  բանակցային գործընթացին և, որպես իր ներկայացուցիչ, ունի Ֆրանսիային, բայց մյուս կողմից Եվրամիությունը փորձել է հարակից հումանիտար դաշտերում աջակցություն ցուցաբերել` այդ թվում բազմաթիվ նախագծեր է ֆինանսավորել, որոնք ուղղված են եղել հանրությունների միջև շփումները ապահովելուն, պատրաստակամություն է հայտնել հետկոնֆլիկտային փուլում աջակցել հարաբերությունների վերականգման գործընթացներին և իր փորձը ներդնել այստեղ։ Այսօր առաջնային հումանիտար խնդիրը գերիների վերադարձն է և շատ տրամաբանական է, որ Եվրամիությունը պետք է առաջընթաց գրանցի գերիների վերադարձի խնդրի համար»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը, քաղաքագետը ասաց, որ Սոչիի հանդիպումը ոչ մի կերպ չի արձանագրում, որ Արցախյան հարցը փակված է։ Այո, կա խնդիր, որ Սոչիում չի բարձրաձայնվել` Արցախի կարգավորման հարցը, կամ Արցախը չի նշվում որպես սյուբեկտ փաստաթղթում, բայց սա ամենևին չի նշանակում, որ Արցախյան հարցը փակված է։ Սա նշանակում է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության միջոցով ընթացող միջնորդական ջանքերը և գործընթացները չեն վերաբերվում Արցախյան հակամարտության կարգավորմանը. դրանք վերաբերում են դելիմիտացիայի գործընթացին, վերաբերում են կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրներին, այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պայմանավորվածությունների կյանքի կոչելուն։ Սա պետք է ապահովի այն ֆոնը, որի ներքո տեղի է ունենալու այդ կարգավորումը։

Քաղաքագետի խոսքով՝ այսօր ասես թե բոլորի ընկալումներում կա միանշանակ մոտեցում, որ կարգավորումը պետք է լինի համանախագահների միջնորդությամբ. դա լինելու է առանձին գործընթաց, և այսօր կարևորագույն խնդիրն այն է, որպեսզի այսօր տեղի ունեցող այս գործընթացը, փաստաթղթերը, որոնք կարող են ստորագրվել, չունենան իրենց մեջ այնպիսի ձևակերպումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Արցախյան կարգավորման հետագա սցենարները կամ կարգավիճակի հարցի լուծման ճանապարհները։

Բրյուսելյան հանդիպումը չի կարող լինել Արցախի հարցի կարգավորման ձևաչափ, այն,  ընդհանուր առմամբ, լինելու է շփումների, հնարավոր քայլերի, ինչ-որ հարցերի քննարկում և այլն. քաղաքագետի կարծիքն է, ըստ որի՝ նույն  Ադրբեջանը, որ փորձում է հասնել ընկալման, որ հարցը փակված է, միևնույն է,  շատ լավ գիտակցում է, որ համանախագահության ներքո ստիպված է լինելու Արցախի հարցը քննարկել։

Խոսելով Արցախի կարգավիճակի հարցի շուրջ ՌԴ-ի մոտեցման մասին` քաղաքագետն ասաց, որ այդ առումով որևէ նորություն չկա, և Սոչիի հանդիպման  հիմքում նույն տրամաբանությունն էր, որ, եթե կոմունիկացիաների հարցում կունենանք հստակ  առաջընթաց, հստակ նախագծեր, որոնք արդյունքներ կունենան, ժողովուրդը կտեսնի դրանց ազդեցությունը, այն ժամանակ հանրային տրամադրությունները կփոխվեն։

Հարցին՝ կփոխվե՞ն արդյոք վերոհիշյալ տրամադրությունները, քաղաքագետը նշեց, որ փոխվելը շատ հարաբերական է ասված. միայն ճանապարհը բացելով դու հանրային տրամադրություն չես կարող փոխել։ Երբ թշնամու զորքը գտնվում է քո տարածքում, երբ շարունակվում է ռազմատենչ հռետորաբանությունը, երբ շարունակում է սպառնալ, թե զենքի ուժով կլուծի այն հարցերը, որոնք դիվանագիտական մակարդակում չեն լուծվում, երբ քո իշխանությունը չի պաշտպանում տեղի բնակչության անվտանգությունը, շահերը և այլն, այս իրավիճակում, բնականաբար, տրամադրություններ չեն փոխվի։ Կփոխվեն, երբ բոլոր հարցերը կլուծվեն, երբ կունենանք այնպիսի Ադրբեջան, որը կցանկանա ոչ թե մեզ ոչնչացնել, այլև իսկապես կմտածի մեզ հետ խաղաղ ապրելու մասին. այդ ժամանակ տրամադրությունները կփոխվեն։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Սոչիում Փաշինյանը պետք է ստորագրեր փաստաթուղթ, որով կճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մեկնդմիշտ կթաղեր Արցախի հարցը` քաղաքագետը ասաց, որ սպասվում էր, որ պետք է ստորագրվեր փաստաթուղթ, որով մեկնարկ էր տրվելու դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին, սպասվում էր, որ դրա մեջ լինելու է ձևակերպում, որը վերաբերվում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Որքանո՞վ դա կազդեր Արցախյան հակամարտության հետագա կարգավորման և կարգավիճակի վրա՝ դա արդեն հետագա գործընթացի, այդ թվում՝  բանակցողի խնդիրն է։

«Այո, եթե նման ձևակերպում լիներ, այդ ձևակերպումը հետագայում մեզ համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու էր։ Մենք տեսանք, որ Փաշինյանը փորձեց խուսափել այդ փաստաթուղթի ստորագրումից և պատվիրակել գործընթացը հետագա այն հանձնաժողովին, որը կստեղծվի, և որը մեկնարկ կտա այդ գործընթացին»,- եզրափակեց քաղաքագետը։

  

                                                                                        Լենա Կարապետյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica