Ի հիշատակ նահատակ Քրիստափոր Արթինի` տորոնտահայ երիտասարդները կահավորել են Վանաձորի թիվ 31 մանկապարտեզը
Հասարակություն

Մի խումբ տորոնտահայ երիտասարդներ այս ամառ, երբ Հայաստան էին այցելել, որոշել էին օգնել մի դպրոցի՝ ի հիշատակ իրենց ընկերոջ՝ հերոս Քրիստափոր Արթին Հարությունյանի, որը նահատակվեց 44-օրյա պատերազմում Վարանգաթաղի ազատագրման մարտերի ժամանակ։
Կանադահայ երիտասարդները Focus on Children Now կազմակերպության միջոցով օժանդակել են Վանաձորի թիվ 31 մանկապարտեզին` նվիրելով գույք՝ պահարաններ ու անկողիններ։
Focus on Children now կազմակերպությունը հիմնադրվել է 2006-ին՝ Ամիրյան ընտանիքի եւ Հայաստանում Ամերիկյան Խաղաղության կորպուսի կամավորների (American Peace Corps volunteers (PCV)) միասնական ջանքերով։
Կազմակերպությունը ցարդ առողջապահական ոլորտում իրականացրել է մանուկների 3000 բժշկական քննություններ, իսկ մարդասիրական ոլորտում մոտ 100000 երեխաների ու նրանց ընտանիքներին տրամադրել է 1,2 միլիոնի հագուստ, կոշիկ, խաղալիքներ և այլն: 2010-ից ի վեր էլ մոտ 30 մանկապարտեզի 1600 երեխայի ամենօրյա առողջ սնունդն է ապահովել, իսկ կրթական ոլորտում բազմաթիվ մանկապարտեզներ է կահավորել 3751 անկողնով, կառուցել 93 խաղավայր։