close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկրակելու մասին հրաման' չգիտեմ, Սյունիքում կարող էր լինել իրավիճակը չսրելու հրաման. Տիրան Խաչատրյան

Քաղաքական

22 Նոյեմբերի 2021, 22:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկրակելու մասին հրաման' չգիտեմ, Սյունիքում կարող էր լինել իրավիճակը չսրելու հրաման. Տիրան Խաչատրյան

Սահմանային դիրքերը կորցնելու խորքային պատճառներն այն են, որ ստորաբաժանումներն իրենց վրա դրված խնդիրները չեն կարողանում ինչպես պետք է կատարել՝ կապված պատրաստության հետ, ապահովման հետ, ղեկավարման հարցերի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց  ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կորցրած հայկական դիրքերի, գերիների և զոհերի մասին։

«Այստեղ պետք է հարցը դիտարկվի՝ սկսած ստորաբաժանման հրամանատարից վերջացրած վերջին զինվորը, ինչ չափով է իր վրա դրված խնդիրը կատարում։ Ապահովման հարցերը չեմ մանրամասնի, որովհետև այստեղ կան հարցեր, որոնք ոչ միայն իմ ու ձեր կողմից քննարկել, այլև ընդհանրապես բարձրաձայնել չի կարելի»,-ասաց նա։

Դիրքապահներին վերադասների կողմից չկրակելու հրաման տալու հարցում Տիրան Խաչատրյանը թերահավատ է։

«Երբ մարդը, անկախ նրանից՝ զինվորական է, թե ոչ, ունի զենք և ունի դրա կիրառելու իրավունքը, եթե նրան ասում ես՝ այդ զենքը համապատասխան վայրում չօգտագործես, դա ենթադրում է, որ կա՛մ պետք է այդ վայրից թողնի, դուրս գա, կա՛մ եթե այդ տարածքի հետ կապված կա ագրեսիայի, հարձակման կամ հակառակորդի կողմից այլ նպատակներ, դու ուղղակի պետք է գերի հանձնվես։ Կամայական զինվորական կհասկանա, որ չի կարող լինել այդպիսի հրաման»,-ասաց նա։

Կարող է լինել հրաման կամ ցուցում ուղղակի իրավիճակը չլարել, չբարդացնել, ասաց Տիրան Խաչատրյանը, ասենք՝ բացի համարժեք պատասխան տալուց՝ լրացուցիչ քայլեր, հակառակորդի համար ծանր հետևանքներով քայլեր չձեռնարկել, բայց ասել՝ չկրակեք կամ մարտի չբռնվեք կամ դիրքերը առանց մարտի հանձնեք՝ այդպիսի բան կոնկրետ Սյունիքի դեպքում չի կարող լինել՝ վստահ է նա։

«Կարող է լինել և նաև նախկիններում է եղել, որ իրավիճակը չլարելու, չսրելու, ավելորդ բարդացումներ չառաջացնեու պատճառով ասվել է հնարավորինս մեղմ՝ համարժեք իհարկե, հակառակորդի կողմից իրականացվածի պատասխան տվեք, ավելի մի  սրեք, մի լարեք կամ նախահարձակ լինելու գործողություններ մի ձեռնարկեք։ Իսկ չկրակելը, ամեն դեպքում, ես այդպիսի բան չգիտեմ»,-ասաց Տիրան Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ ուղղակի իր գլխում չի կարող տեղավորվել նաև, որ կարող են իրական լինել այն տեղեկությունները, որ Սյունիքում հրամանատարությունը առանց համապատասխան սպառազինության, հանդերձանքի անձնակազմին խնդիր է առաջադրել՝ տալով ընդամենը մեկ ինքնաձիգ և մեկ պահեստատուփ փամփուշտ։

«Ես այդպիսի բան, որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում զինվորն առանց զինամթերքի կամ համապատասխան սպառազինության իրականացնի մարտական ծառայություն, չեմ պատկերացնում»,-ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալը։

Եթե գերագույն գլխավոր հրամանատարի կողմից լիներ այդպիսի ցուցում՝ հրամանատարները կարող էին համապատասխան հիմնավորումներ ներկայացնել, որ կոնկրետ առաջադրանքի կատարումը անպատրաստ ստորաբաժանմամբ կամ համապատասխան տեխնիկայով կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ՝ ասաց նա։

«Իմ պրակտիկայում նույնպես այդպիսի դեպքեր եղել են, երբ խնդիր է առաջադրվել՝ ես ներկայացրել եմ իրականությունը և հնարավորությունները, թե դրանով ինչ կարող է լինել․ գնահատելով այդ ամենը փոխել են կա՛մ խնդրի ձևը, կա՛մ կատարման մեթոդը կամ այլ հարցեր։ Իհարկե, ոչ մի զինվորական, եթե խնդիրն առաջադրված է, իրավունք չունի և չի հրաժարվի խնդրի կատարումից, կանոնադրությամբ էլ է սահմանված՝ հրամանը պարտադիր ենթակա է կատարման, եթե նույնիսկ ենթական հասանում է, որ իր նկատմամբ անարդար են վարվել կամ իրեն սխալ խնդիր են առաջադրել, միայն կատարելուց հետո կարող է այն բողոքարկել»,-ասաց Տիրան Խաչատրյանը։

44-օրյա պատերազմում ձախողման պատասխանատվությունը գերագույն հրամանատարի կողմից բանակի հրամկազմի վրա գցելու միտմանը ԳՇ պետի նախկին տեղակալը հակադարձում է՝ թող լինի այդ ամբողջ գործընթացների՝ և՛ մինչև պատերազմը, և՛ պատերազմի շեմին և մարտական գործողությունների ընթացքում հետաքննող հանձնաժողով, որը պետք է լինի արդար, անկողմնակալ  և թող հետաքննեն։ Բայց այդ հանձնաժողովն, ըստ նրա, պետք է լինի ոչ թե իշխող քաղաքական թիմի անդամներից կազմված, այլ իսկապես լինի անկողմնակալ, արդար հանձնաժողով, եթե հանձնաժողովը պետք է ստեղծվի ինչ-որ մեկի շահերը պահելու համար՝ անիմաստ է։

Նա չցանկացավ մանրամասնել իր նկատած խնդիրները, միայն հերքեց Մովսես Հակոբյանի հայտարարությունը, որ պատերազմի 3-րդ օրը դադարեցվել է զորահավաքը։ Նաև բնականոն համարեց, որ սպառազինության համալրման պլանը փոխվել է իշխանափոխությունից հետո, քանի որ, ըստ նրա, դա պարբերաբար ճշտվում է։ Տիրան Խաչատրյանը համարում է, որ շատ լավ էր, որ գնեցին Սու-30 ինքնաթիռները, հրաշալի էր, բայց եթե ինքնաթիռը հրթիռ չունի՝ դա արդեն ուրիշ հարց է։ Հարցադրմանը՝  «նախ չպիտի՞ այդ հարցը լուծվեր, նոր գնվեին ինքնաթիռները», նա պատասխանեց՝ «պիտի, բայց դա ընդհանուր համատեքստից դուրս հանեք, դա գնում ենք ուրիշ ուղղությամբ արդեն»։

90-ականներին նաև իր մասնակցությամբ ազատագրված Արցախի տարածքները քաղաքական նպատակահարմարությամբ թշնամուն հանձնելը Տիրան Խաչատրյանը մեկնաբանում է՝ շեշտադրելով «քաղաքական նպատակներ» արտահայտությունը․ ո՞վ է քաղաքական նպատակները պետության մեջ առաջ տանում՝ պետության ղեկավարը, այս պատճառով էլ նա համոզված է, որ ինչքան էլ հավաքվենք, ամրանանք, մեզանից լուրջ բան ներկայացնենք, եթե քաղաքական ղեկավարությունը չի ուզում, որ Արցախը վերադարձվի՝ դա հնարավոր չէ։

«Դա պետական քաղաքականություն է։ Պատերազմն ընդհանրապես մեկնաբանվում է որպես քաղաքականության շարունակություն զինված ճանապարհով»,-արձանագրեց նա։

Տիրան Խաչատրյանը համոզված է՝ պետք է փոխվի պետական քաղաքականությունը։

Տիրան Խաչատրյանի անվան հետ մի պատմություն են կապում․ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ տեսել է, որ Կովսականի (Զանգելան) պաշտպանությունը արդյունավետ չի կազմակերպվում, ինքն անձամբ է վերցրել մի զորամիավորում, և անձամբ գնացել կռվելու այն դեպքում, որ ԳՇ պետի տեղակալ էր, և նաև վիրավորվել է Զանգելանում։

Տիրան Խաչատրյանը չհերքեց այս պատմությունը, միայն պատասխանեց, որ ինքը մինչև այդ էլ է կռիվներում եղել, և այս պատմությունը ճի՞շտ է, թե՞ ոչ՝ էական չէ։

Հնարավոր չէ՞ր հասնել նրան, որ հրամանը լիներ արդյունավետ և ինքը ստիպված չլիներ անձամբ այդ գործողությունն անել՝ հարցրինք ԳՇ պետի նախկին առաջին տեղակալին։

«Շատ բան էր հնարավոր, բայց երբ իրավիճակն այնպիսին է ստեղծվում , երբ պետք է քո օրինակով՝ քո անմիջական մասնակցությամբ և քո տեղում գնվելով ամեն ինչ կազմակերպես, կամայական զինվորական դա գիտի, որ հրամանատարը մարտի վճռորոշ պահերին պետք է գտնվի այն տեղում, որտեղ որոշվում է մարտի ելքը»,-պատասխանեց Տիրան Խաչատրյանը։

Դուք գնահատեցիք, որ արդյունավետ չէ՞ր պաշտպանությունը՝ դրա համար արիք՝ հարցրինք նրան։

«Ով պետք է աներ՝ նա չէր արել»,-պատասխանեց Տիրան Խաչատրյանը։

Հենց այս մարտին մասնակցելուց ու վիրավորվելուց հետո էլ Տիրան Խաչատրյանին «Հայաստանի ազգային հերոս» կոչումը տվեցին։

Այդ նույն իշխանությունները, որ նրան «Հայաստանի ազգային հերոս» կոչումը տվեցին, նաև ազատեցին նրան պաշտոնից ընդամենը մեկ հրապարակման պատճառով՝ իրավիճակային որոշմամբ, առանց խորանալու փաստերի մեջ, արդյո՞ք սա չի արժեզրկում նաև նրանց տված պարգևը․ Տիրան Խաչատրյանը համարում է, որ «Ազգաին հերոսը» պաշտոնից ազատելու հետ ընդհանրապես ընդհանուր եզր չունի, պարգևը տրվում է արարքի համար, պաշտոնից ազատելու կարգն ուրիշ է։

Պարզվում է՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչումը Տիրան Խաչատրյանին դեռ այդպես էլ պաշտոնապես չեն հանձնել։ Ինչո՞ւ՝ պատասխանը չունի, բայց գիտի, որ միայն իրենը չեն հանձնել, մյուսներինը հանձնել են։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica