close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլիզմի մոլորեցումները և կրթական վեկտորների ձևախեղումն ընդդեմ «Կուրթ Հահնի»

Քաղաքական

30 Հոկտեմբերի 2021, 14:35
 Նիկոլիզմի մոլորեցումները և կրթական վեկտորների ձևախեղումն ընդդեմ «Կուրթ Հահնի»

Yerkir.am - ը ներկայացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող,  SIS Education-ի հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանի անդրադարձը ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված ելույթներին 

ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի խորհրդարանական քննարկման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրապարակած թվերն այն մասին, որ ՀՀ-ում կրթական աղքատությունը կազմում է 31%․ ըստ 2019 թ․ հետազոտության՝ մինչև 10 տարեկան դպրոցական երեխաների 35%-ը չի տիրապետում ընթերցանության կանոններին, կրտսեր դպրոցականների 7%-ը չի ընդունվում դպրոց, հետևաբար՝ դպրոցական կրթություն չի ստանում, աշակերտների լայնամասշտաբ գնահատումները ցույց են տալիս, որ 30%-ը տարրական դպրոցից հետո չի ստանում միջնակարգ կրթություն։

 

Անաչառության համար նշենք, որ վերանշյալ թվերը համապատասխանում են իրականությանը և մեծ մասամբ Փաշինյանի քաղաքական հենարանն են։ Այստեղ մոլորությունն այլ է․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պնդմանը, ըստ որի՝ հասարակությունը ՔՊ-ի ջանքերով բաժանվել է սևերի և սպիտակների, կապիտուլյանտն արձագանքեց կառավարության ծրագրի՝ կրթությանը և գիտությանը վերաբերող մասի քննարկման ժամանակ. «Հասարակությունը բաժանվել է սև-սպիտակի, քանզի նախորդ իշխանության ներկայացուցիչների երեխաները «լոնդոններում» են կրթություն ստացել»։ Ապա պնդեց «Այն մարդիկ, ում ամբիոններից դուք ժեխ էիք անվանում, դպրոց գնալու հնարավորություն չեն ունեցել, որովհետև սև են եղել, իսկ դուք՝ սպիտակ»: 

 

Վերոբերյալ պնդումը (37:26-39։50)  բացարձակ մոլորություն է, քանի որ արտասահմանյան, հատկապես՝ բրիտանական և ամերիկյան ինստիտուտների, դրանց ռազմավարության, դավանած արժեքային համակարգի և նպատակների մասին նույնիսկ տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած անձի համար հասկանալի է, որ յուրաքանչյուր հեղինակավոր դպրոց կամ համալսարան ունի կրթաթոշակային ֆոնդեր: Դրանք ծառայում են այն նպատակին, որ կրթությունը հասանելի դառնա յուրաքանչյուր արժանի անհատի՝ անկախ սոցիալական կարգավիճակից։ 

 

Հիմնավորենք պնդումը՝ առաջ քաշելով մի շարք հանրահայտ օրինակներ: IB համակարգի շրջանակներում աշխարհի լավագույն դպրոցներից մեկը՝ «Wellington College»-ը, ամեն տարի առաջարկում է մի շարք ամբողջական կրթաթոշակներ  սպորտի, արվեստի կամ ակադեմիական ոլորտներում բացառիկ տաղանդներ ցուցաբերած ուսանողներին։ Քանի որ հենց Լոնդոնն է նշվել Փաշինյանի կողմից, հարկ եմ համարել նշել, որ Լոնդոնի անմիջապես սրտում գտնվող, աշխարհի ամենահին և ազդեցիկ դպրոցներից մեկը, որի շրջանավարտների կազմում են բազում՝ համաշխարհային հռչակ վայելող անձինք,  առաջարկում է «Queen’s Scholar» ծրագիրը, որը փակում է ուսանողի վարձի 80%-ը, իսկ մյուս 20%-ի վճարմանը այլ հիմնադրամների և անհատների կողմից արժանանալը, կարծում եմ, առանձնապես բարդ գործ չէ։ Հաջորդ օրինակը Միացյալ Թագավորության ամենահայտնի դպրոցն է՝ հիմնված 1440 թ․, որի շրջանավարտների թվում են արքայական և այլ հանրաճանաչ ընտանիքների, այդ թվում՝ Ռոտշիլդների ընտանիքի բազում անդամներ, նաև Բրիտանիայի 21 վարչապետեր, ներառյալ՝ Բորիս Ջոնսոնին։ Դպրոցն ամեն տարի մինչև 14 անվճար տեղ է  hատկացնում այն ուսանողներին,  որոնք վերջին երեք տարում բացառիկ առաջադիմությամբ սովորել են անգլիական որևէ պետական դպրոցում՝ անկախ ազգությունից։ Անգլիական ազդեցիկ դպրոցներից ևս մեկը՝ «Shrewsbury School»-ը, նույնպես սպորտի, երաժշտության ու ակադեմիական ոլորտներում բացառիկ տաղանդ ցուցաբերած ուսանողներին առաջարկում է մինչև 100% կրթաթոշակներ։ Եվ, վերջապես, ինքս սովորել եմ անգլիական ազդեցիկ դպրոցներից մեկում՝ «Scarborough College»-ում, 80% բացառիկ առաջադիմության և նշանակալի հաջողությունների համար տրվող կրթաթոշակով, որի մեջ ներդրում են ունեցել նաև անգլիացի անկախ հովանավորներ։ Սակայն, երբ մյուս 20%-ի համար դիմեցի Ձեզ (տեսանյութը պահպանված է), ստեցիք և խուսափեցիք հարցերիս պատասխանել, Ձեր թիմի բազում՝ հայրենավաճառ այլ անդամների հետ մի շարք  կոնֆերանսների, հանդիպումների ու միջոցառումների ժամանակ հանդիպեցի և առանձնազրույցներ ունեցա 2019-ին՝ բացահայտելով և մոտիկից ծանոթանալով ձեր ստախոս, մանիպուլյատիվ և անարժանապատիվ վարքին ու գաղափարներին։

 

ԱՄՆ դպրոցներին անդրադառնալու նույնիսկ կարիք չկա՝ հաշվի առնելով այն ահռելի ռեսուրսները, որ ԱՄՆ-ն առաջարկում է, բայց, նկատի ունենալով, որ վաղը կարող եք հայտարարել՝  «ձեր երեխաները Բոստոններում չեն սովորել, որովհետև սև եք եղել», կհիմնավորեմ, որ հնարավոր է համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն ստանալ՝ անկախ ֆինանսական կարգավիճակից։ 

 

Սկսենք ՀՀ-ում ամենահայտնի FLEX ծրագրից, որը միջին առաջադիմությամբ ուսանողներին առաջարկում է վարձավճարի ամբողջական փոխհատուցում և կացարան հյուրընկալ ընտանիքում։ Սակայն, երբ խոսք է գնում էլիտար դպրոցների մասին, պարտավոր ենք հղում անել «Phillips Andover Academy» և «Phillips Exeter Academy» միջնակարգ և ավագ դպրոցներին, որոնց շրջանավարտների ցուցակում են տասնյակ  Նոբելյան մրցանակակիրներ, IT ոլորտի հանճարներ, օրինակ՝ Մարկ Ցուկերբերգը, մի շարք ԱՄՆ նախագահներ ևն։ Այս երկուսը գլխավորում են աշխարհի լավագույն դպրոցների վարկանիշային գրեթե ցանկացած սանդղակ և առաջարկում ուսման վարձի ամբողջական կրթաթոշակներ։ Նաև հատկանշական է, որ ընդունելության ընթացքում ընդհանրապես հաշվի չեն առնում դիմորդի ընտանիքի ֆինանսական կարգավիճակը (need-blind admissions policy), ֆինանսական փաստաթղթերը ուսումնասիրում են միայն այն ժամանակ, երբ աշակերտն արդեն ընդունվել է դպրոց, հետևաբար, ի տարբերություն բրիտանական դպրոցների,  ուսման վարձը և այլ ֆինանսական փոխհատուցում տրամադրում են՝ բացառապես կարիքից ելնելով։ 

 

Հարկ է նշել «Deerfield Academy», «Choate Rosemary Hall», «St. Paul's School» և այլ ակադեմիական միջավայրում համաշխարհային հռչակ վայելող դպրոցներ, որոնք տրամադրում են ամբողջական կրթաթոշակ, ավիատոմս, արձակուրդների ընթացքում կացարան և անվճար սնունդ, նույնիսկ՝ տաք ձմեռային շորեր, եթե կարիքը կա։ 

 

Հաշվի առնելով թվարկածները՝ կարող ենք պնդել, որ վարչապետ ներկայացող անձի վերոհիշյալ միտքը բացառապես չի համապատասխանում իրականությանը և կարող է հնչել միմիայն ձախողակ մարդու շուրթերից, որն արդարացումներ է փնտրում իր՝ լոնդոններում չսովորելու և դրա մեղքը ուրիշի վրա բարդելու համար։ Նա փորձ է անում այսպիսի անպատասխանատու հայտարարություններով իր կողմը ձգել այդ զանգվածներին և ապահովել էլեկտորատ, որպեսզի ժողովրդավարության քողի տակ, խուսափի կրթական ոլորտի օրակարգային խնդիրներից և ավարտին հասցնի N°28/20 ծրագիրը ։ Հարկ է զերծ մնալ այս մոլորությունից, բացատրել երեխաներին, որ այդ անձը ստում է: Պետք է հասկանալ, որ կարևոր չէ, թե ով ես և որտեղ ես ծնվել, այլ՝ թե ուր ես գնում: Հարկավոր է ուղղորդել երեխաներին դեպի բարեկիրթ և արժանապատիվ ապագա՝ զերծ պահելով այն մտածմունքից, որ Լոնդոնում չեն սովորում, քանի որ «նախկինների»  երեխաներն են սովորել, փոխարենը պետք է օգնել նրանց՝ օգտվելու վերը նշված և այլ հնարավորություններից։ Մենք պարտավոր ենք պայքարել այս՝ «Ապագա կա՛» գոչող, բայց մշտապես անցյալին հարող անձ-երևույթների դեմ՝ դրանով իսկ նպաստելով և՛ կրթական այնպիսի մի համակարգի ստեղծմանը, որը ավելի մեծ թվով տաղանդավոր ուսանողների հնարավորություն կտա  օգտվելու վերոնշյալ հնարավորություններից, և՛ Հայաստանում այդ ամենին օժանդակող  կառույցների ստեղծմանը։ 

 

Վերջապես հիշենք՝ սա գոչում է մի մարդ, որը միլիոնավոր դոլարներով կառավարական առանձնատուն է վերանորոգել, ԱՄՆ թանկարժեք վոյաժներ է կազմակերպել, իր պատգամավորներին հսկայածավալ պարգևավճարներ է բաժանել և նրանց գրպանի ծախսի փոխհատուցումը բարձրացրել, սակայն, միևնույն ժամանակ, դադարեցրել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից հայ ուսանողներին աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու կրթաթոշակներ տրամադրող պետական ծրագիրը։

 

Պետք է գիտակցել, որ մենք բարեկեցիկ և արժանապատիվ ապագա կունենանք միմիայն այս օկուպացիոն ռեժիմից ազատվելու դեպքում, որը դրսում խաղաղություն է մուրում, իսկ ներսում ժողովրդի մի մասին բռնաճնշումների ենթարկում, մյուս մասին էլ՝ մոլորեցնում։

 

Պնդում-մոլորություն 2.«Եթե նույնիսկ բաժանում ենք, մենք ուրիշ բան ենք ասում՝ չհամարձակվեք այս մարդկանց վերաբերվել որպես սևերի, մենք ասում ենք՝ եկեք սպիտակեցնենք դաշտը, 500 մանկապարտեզ կառուցենք, 300 դպրոց, 1400 դպրոցում լաբորատորիա ստեղծենք, բարձրագույն ուսումնական կրթական համակարգը բարեփոխենք, լավացնենք։ Իրենք շարունակում են՝ դավաճան-հողատու, դավաճան-հողատու»։

 

Նախ և առաջ՝ գիտակից անհատները նշված անձին դավաճան և հողատու չեն անվանում այն բանի համար, որ նա ձախողել է կրթական ոլորտը, այլ որովհետև դավադրաբար հանձնել է  Արցախը։ 

 

Հիմա խոսենք, 500 մանկապարտեզ, 300 դպրոց ու 1400 դպրոցում լաբորատորիա կառուցելով, դաշտը, այսպես կոչված, սպիտակեցնելու մասին։ Հայտնի փաստ է, որ Հայաստանում կան բազմաթիվ դպրոցներ, որտեղ սովորում են շատ ավելի քիչ թվով աշակերտներ, քան տվյալ դպրոցը կարող է ընդունել (Հայաստանում կա 445 դպրոց (29%), որոնց աշակերտների թիվը չի անցնում 100-ը):  

 

Հենց, օրինակ, մեր գյուղի դպրոցում իմ սովորելու տարիներին 250-ից ավելի աշակերտներ էին սովորում, իսկ հիմա աշակերտների թիվը 200-ի էլ չի հասնում։ Պետք է նշել նաև, որ իմ սովորելու տարիներին դպրոցը գերազանց պայմաններում ուներ, ուսուցիչների մեծ մասը կոմպետենտ էին, իսկ համակարգչային լաբորատորիան՝ գերազանց վիճակում, սակայն, միևնույն է, կրթական ընդհանուր ցենզը ցածր էր (գերազանցիկների թիվն ավագ դպրոցում չեր գերազանցում 5%-ը), ու այն և մյուս համանման դպրոցներ չէր կարելի նույնիսկ համեմատել անկախ (էլիտար) դպրոցների հետ, ինչպիսին, օրինակ, ԱՅԲ-ն է կամ «Քվանտ» վարժարանը։ 

 

Հետևաբար, երբ հարցը դիտարկում ենք «սև-սպիտակի» տրամաբանության մեջ, պետք է գիտակցել, որ ինչքան էլ հասարակ դպրոցը զարգանա, չի կարող համարվել էլիտար, թեկուզ հենց այն պատճառով, որ հասանելի է ցանկացած կարողությունների տեր աշակերտների։ Կառավարության պարտավորությունը պետք է լինի հասարակ դպրոցների՝ նշված 5% աշակերտներին պետական  ծրագրերի միջոցով տեղափոխել լավագույն դպրոցներ, իսկ մյուս 95%-ի համար ստեղծել  նոր կրթական մշակույթ։ Սակայն, ցավոք, այսպիսի գաղափարախոսությամբ կառավարությունը ի վիճակի չէ դա իրականացնել։ Ազգային էլիտա ձևավորելու, պսևդոէլիտային դաշտից դուրս մղելու գործում անկախ դպրոցների օրհասական կարևորության և դրանցում սոցիալական բազմազանություն ապահովելու շուրջ ինքս կատարել եմ հետազոտություն և կազմել ճանապարհային քարտեզ, սակայն համարում եմ, որ այս իշխանությունների համար այդ և մյուս բոլոր հետազոտությունները, միասին վերցրած, որևէ արժեք չեն ներկայացնում, քանի որ տվյալ իշխանության գործողությունների վեկտորը կարելի է որոշել ոչ թե անկոմպետենտության, այլ ազգադավության ցուցիչով։

 

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը Կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի կրթության և գիտության բաժնին նվիրված իր ելույթի «բովանդակային» մասը սկսեց հետևյալ խոսքերով.  «Մենք՝ մեր քաղաքական թիմը, կրթությունը, գիտելիքը, հմտությունները, կարողությունները համարում ենք ամենակարևոր գործոնը անհատի և հանրության զորեղացման համար»: Այնուհետև ամբողջ ելույթը կառուցեց ստորև նշված պնդում-մոլորությունների հիման վրա, որոնք հարկ եմ համարել, առանց կոնտեքստից կտրելու, դուրս բերել և, ըստ հերթականության, անդրադառնալ՝ մեր հասարակությանը ցույց տալով այս ելույթի ամբողջ մանիպուլյատիվ միտքն ու հմայքը: 

 

Ուրեմն այսպես։

 

Պնդում/մոլորություն 3 (44:50-51:40).  «Վարչապետն իր հիմնական ելույթում առիթ ունեցավ անդրադառնալու կրթական համակարգում գոյություն ունեցած ամենաակնառու խնդիրներից մեկին, դա, այսպես կոչված, էլիտար և, այսպես կոչված, ժողովրդական դպրոցների բաժանումն էր, որ տարիներ շարունակ արմատացել էր Հայաստանում: Այսինքն՝ մենք ունեինք յուրահատուկ դպրոցներ միայն, այսպես կոչված, ընտրյալների երեխաների համար և սովորական դպրոցներ, այսպես կոչված, սովորական մարդկանց երեխաների համար»։ 

 

1983 թվականին հրապարակված՝ ազգային հանձնաժողովի զեկույցը (A Nation at Risk, «Ազգը վտանգված է») նկարագրում էր ԱՄՆ պետական դպրոցական համակարգի սարսափելի դրությունը և այն, թե ինչպես է դա անդրադառնալու ազգի ապագայի, անգամ՝ ազգային անվտանգության ու միջազգային հեղինակության վրա։ Նյու Յորքի հանրային գրադարանը որոշեց իր ուշադրությունը բևեռել Նյու Յորքի նշանավոր ուսումնական հաստատությունների (Բրոնքսի գիտությունների բարձրագույն դպրոց, Սթայվեսենթ մասնագիտացած միջնակարգ դպրոց, Հանթեր քոլեջը, և այլն), որ հարգված էին թե՛ երկրում, թե՛ միջազգայնորեն,  գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների վրա ու նրանց միջոցով՝ դպրոցական համակարգի, որը, ինչպես հիմա Հայաստանում, ընդհանուր առմամբ, անհամաչափ էր և թույլ։ Որոշեցին ամենամյա «Միներվա» մրցանակաբաշխություն անցկացնել՝ ի պատիվ դպրոցը գերազանցությամբ ավարտողների, որի հաջողության և ազդեցության մասին կարող եք ինքներդ կարդալ։ Մինչև հիմա Իթընի քոլեջը ընկալվում է որպես նշաձող սահմանող դպրոց, որտեղ սովորում են միմիայն ընտրյալները, և, որպեսզի այդ դպրոցում սոցիալական բազմաշերտ միջավայր ձևավորվի, պետությունը ֆինանսավորումներ է տրամադրում անվճար տեղերը ավելացնելու, ինչպես նաև հանրային դպրոցներից օժտված երեխաներ ընտրելու ու այդ դպրոցի ընդունելությանը պատրաստելու համար։ 

 

Ուշադրություն՝ Անգլիան չի հայտարարում՝ «այսօրվանից բոլորդ հավասար եք, չկա ընտրյալների դպրոց, այսպիսով՝ բոլորդ ձեր միջակության մեջ լավագույնն եք», քանզի հասկանում է, որ նախ՝ բացարձակ հավասարության դեպքում կխախտվի հավասարության անհավասարը,  երկրորդ՝ չեն կարող իրենց թույլ տալ մեծացնել «Քաղաքացիական պայմանագրի» ողջ թիմի նման մի պերմանենտ ենթադաս։ 

 

Այս ամենից բացի, հարկ եմ համարում նշել, որ երբ ԱՄՆ-ում սևամորթները պայքարում էին հանուն հավասար կրթական իրավունքների, չէին պահանջում փակել Ֆիլիպս Անդովերի դպրոցը կամ Հարվարդի համալսարանը, ընդհակառակը՝ պահանջում էին այդ համալսարաններում սևամորթներ համար տեղեր հատկացնել, իսկ հետագայում այդ կրթական հաստատությունների անգնահատելի դերը ողջ աշխարհում սևամորթների իրավունքների պաշպանության գործում աներկբա է։

 

Վստահաբար կարող եմ բազմահազար փաստացի օրինակներ բերել ԱՄՆ-ի, ՄԲ-ի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և այլ երկրների փորձից, երբ էլիտար դպրոցները նպաստել են երկրում ընդհանուր կրթական ցենզի բարձրացմանը, սակայն իրենք էլ, հանրային դպրոցների զարգացման հետ մեկտեղ, զարգացել են։  

 

Փաստենք՝ անհնար է գեթ մեկ հաջողված օրինակ բերել, երբ էլիտար դպրոցների փակվելը, հանրայնացվելը կամ հեղինակազրկվելը հանգեցրել է ժողովրդավարության զարգացման և ընդհանուր կրթական ցենզի բարձրացման: Ճիշտ հակառակը՝ այդ քայլով տարբեր երկրներ իրենց կրթական համակարգի վրա վերջին խունկն են ծխեցրել։ Այդուհանդերձ, հարգելի՛ առաջադեմներ ու ժողովրդավարական բաստիոնի նեկայացուցիչներ, դուք առաջ եք քաշում մի օրակարգ, որը վերջին անգամ Միացյալ Թագավորությունում առաջ է քաշվել ձեր ռեցիդիվիստ կոլեգաների կողմից և դեռ երկու տարի առաջ մերժվել։ Հիմա՝  հռետորական հարց․ ի՞նչ են անվանում աշխարհի առաջադեմ պետություններից մեկում մերժված գաղափարը երրորդ աշխարհի պետություն բերող ու այն նորարարություն ներկայացնող ուժին, մերժվածնե՞ր։ 

 

Կրթության հետ կապ ունեցող ցանկացած ոք կարող է պնդել, որ ՀՀ-ում գոյություն չեն ունեցել  յուրահատուկ դպրոցներ միայն, այսպես կոչված, ընտրյալների երեխաների համար, ինչպես նշում է սույն նորեկը, այլ հպարտությամբ կարող ենք նշել, որ ունեցել ենք  յուրահատուկ դպրոցներ միայն ընտրյալ երեխաների համար, ինչպիսին ԱՅԲ-ն է։ Սակայն, այո, կա խնդիր, որ մանավանդ Հայաստանում հիմնականում հաջողակ մարդկանց երեխաներն են կրթություն ստանում այդպիսի դպրոցներում, և նշում ենք, որ ամբողջ աշխարհում այդ երևույթն ունի 2 բացատրություն. առաջին՝ հարուստ ընտանիքների երեխաները դեռ վաղ հասակից ստանում են բազմաթիվ հնարավորություններ կրթվելու և ինքնաբացահայտվելու՝ բավարարելով այդպիսի դպրոցների պահանջները, իսկ աղքատ ընտանիքների երեխաները ստիպված են լինում չափազանց ավելի բարդ ուղիով շարժվել, որպեսզի բավարարեն հիմնական պահանջները, ինչը, ի դեպ, վերջնարդյունքում ոչ բոլորի մոտ է ստացվում։ Այս դեպքում պետությունը կիրառում է համապատասխան գործիքակազմ, որպեսզի այդ դպրոցերում սոցիալական բազմազանություն ապահովի։ 

 

Երկրորդ պատճառը կոռուպցիոն ռիսկերն են, որոնք ներառում են խտրական վերաբերմունք աղքատ ընտանիքի երեխաների նկատմամբ, որը նաև Սահմանդրության կոպիտ խախտում է: Հետևաբար, սույն պատգամավորը կա՛մ պետք է 10-օրյա ժամկետում հաղորդում տա իրավապահ մարմիններին և փաստեր ներկայացնի ԱՅԲ, «Քվանտ», Ֆիզմաթ, Դիլիջանի UWC և այլ կրթական հաստատությունների՝ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվելու մասին, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրի կեղծիք տարածելու, դպրոցների բարի համբավն արատավորելու և մտածված կերպով հանրությանը մոլորեցնելու համար։ Ավելին՝ այդ քայլով նույն պատգամավորը հասարակության մի մասին տրամադրում է նշված հաստատություններում սովորողների դեմ՝ տարածելով ատելության խոսք և առանձնացնելով նրանց հասարակությունից (ըստ նրա՝ «հասարակ ժողովրդից»), սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ատելության խոսք ընդդեմ անչափահաս անձանց, կամ՝ մանկապղծություն՝ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից, որն առնվազն հասարակության կողմից պետք է հստակ գնահատականի արժանանա։

 

Պնդում / մոլորություն 4  (44:50-51:40).  «Ես ուզում եմ հիշեցնել մի բարեփոխում, որ մենք արդեն իսկ իրականացրել ենք 2019 թ.:  Նախ՝ Երևանի, ապա և մյուս դպրոցներում ընդունելությունը դարձավ էլեկտրոնայինայս փոփոխության նպատակը, թերբերռնվածության և գերբեռնվածության խնդիրը լուծելն էր, սակայն այս փոփոխությունը շատ մե՜ծ դիմադրության արժանացավ դեռ էն ժամանակ, և ո՞րն էր այդ դիմադրության պատճառը, որովհետև ստեղծվել էին, հավասար պայմաններ բոլորի երեխաների կրթական գործընթացի համար, գործընթացի մեկնարկը հավասար պայմաններում էր լինելու, և բացառվելու էր ծնող֊-տնօրեն բանակցություններով դպրոց ընդունվելու մշակույթը»։


Հիրավի, պարզամիտ գաղափարը հանճարեղ հայտնագործություն ներկայացնելու՝ սույն պատգամավորի երկնային ձիրքի մասին երկու կետով. 

1․ Երբ այս քայլը ներկայացվում է որպես մեծ քաղաքական պայքարի միջոցով ձեռք բերված բացարձակ ժողովրդավարության հաստատման հնարավորություն, պետք է նշել, որ ԱՄՆ-ում այս համակարգին դեռ 20 տարի առաջ էին անցում կատարել և, բացի այդ, այս բարեփոխումը ընդամենը պահանջում է կայքէջ և ծրագրավորողների փոքրիկ խումբ՝ այն դպրոցներում ադապտացնելու նպատակով, մնում է գրել ընդամենը մեկ նամակ՝ հրահանգելու տնօրեններին՝ այն ինտեգրել աշակերտների ընդունման գործընթացում: Վերջ։ (Ի դեպ, պատգամավորը սեփական թիմի առաջնորդի օրինակով ստում և խաբում է հասարակությանը. առաջին դասարանների էլեկտրոնային ընդունելության ծրագիրը հաստատվել է  ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման տարիներին՝ 2016-2018 թթ.):  

2․ Ի հակադրություն պատգամավորի պնդման՝ հիմա ծնողը նույնպես կարող է հանդիպել տնօրենի հետ, պայմանավորվել, այնուհետև, տիրապետելով ներքին կոնֆիդենցիալ տեղեկատվության,  այնպիսի ընթացակարգով դիմել, որ ինչ ալգորիթմ էլ նեդրված լինի համակարգում, միևնույն է, տնօրեն-ծնող բանակցությունները կհաջողվեն։ Խնդրի լուծումը շատ ավելի խորքային ուսումնասիրություն և առնվազն 3 տարի է պահանջում, բայց, քանի որ ՔՊ-ի խմբակը և՛ 3 տարի, և՛   լսելու ունակություն չունի, ավելորդ եմ համարում լուծում առաջարկել, պարզապես փորձում եմ բացատրել հանրությանը, որ, ՔՊ-ին այդ 3 տարին շնորհելով, կշրջվի հայոց պատմության վերջին արժանապատիվ էջը։ 

 

Պնդում / մոլորություն 7 (44:50-51:40). «Կառավարությունը շարունակում է նաև էլեկտրոնային գործիքների ներդրումը կրթության համակարգում, և սա օգնելու է մեզ, որպեսզի մասնագետների պակաս ունեցող դպրոցներում մենք կարողանանք լրացնել այդ բացը էլեկտրոնային գործիքների միջոցով»։

 

Իրականում այս պնդումն անչափ աղոտ է, և հստակ վերլուծություն գրեթե անհնար է կատարել։ Կարելի է միայն պնդել, որ սույն անձն ունակ չէ նույնիսկ ամբողջական և հիմնավորված մտքեր արտահայտելու, իսկ եթե կարծենք՝ նորեկ է, դեռ կսովորի, կշտապեմ հիասթափեցնել, քանի որ մոլորություն 10-ում կհամոզվենք, որ նա ավարտել է «գրադարանը»՝ պնդելով, որ եթե ժողովուրդը իրենց է ձայն տվել, հետևապես՝ իշխանությունն իրենք են, ուրեմն անսխալական են, ամենագետ են և իրենց առաջ քաշած յուրաքանչյուր միտք բացարձակ ճշմարտություն է։

 

Պնդում / մոլորություն 8 (44:50-51:40). 

Ըստ տվյալ պատգամավորի՝ վերոնշյալ մոլորությունների բաժիններում նշված «բարեփոխումները» (չակերտները՝ Ն.Ս.)» ամբողջացնելուց հետո նրանք կկարողանան վստահորեն ասել, որ հասել են իրենց ռազմավարական նպատակին, այն է՝ Հայաստանի ամենահեռավոր գյուղի ամենաանապահով ընտանիքի երեխայի համար կրթությունը նույնքան հասանելի դարձնել, որքան ամենակենտրոնում ապրող ամենաբարեկեցիկ ընտանիքի երեխայի համար։

 

Բացարձակ տկարամտություն, քաղաքական և ակադեմիական մտքի տոտալ բացակայություն, հետևաբար՝ պետք է արհամարհել ու առաջ անցնել, քանզի նա նենգորեն ստում է։ Ի դեպ, ֆուտուրիստ չենք, այլ «շարքային» ուսումնասիրող։

 

Պնդում/մոլորություն 9 (44:50-51:40).  «Մենք համոզված ենք, որ որակյալ կրթություն և գիտելիք ունեցող քաղաքացին, որը կունենա բարձր վարձատրվող աշխատանք, հենց այս քաղաքացին իր բարեկեցությամբ, ուրեմն նաև ինքնուրույնությամբ, անկախությամբ, ՀՀ֊-ում ժողովրդավարության, ուրեմն նաև անվտանգության երաշխավորն է»։

 

Աշխարհի ամենաազդեցիկ կրթական հաստատություններից մեկը դիմորդին ուղարկվող՝ իր համալսարանում կրթություն ստանալու առաջարկի նամակում նշում է․ «Շնորհավորո՛ւմ ենք։ Դուք ընդունվել եք Ջոնս Հոփքինսի համալսարան՝ մի վայր, որտեղ մշակվում են անհավանական մտքեր՝ աշխարհի համար գիտություն ստեղծող առաջնորդներ պատրաստելու համար»։ Նաև հավելում է. «Մենք գիտենք խոչընդոտներ հաղթահարելու և նոր հեռանկարներ բացահայտելու՝ Ձեր պատրաստակամության մասին, նորարարական հետազոտությունների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ֆակուլտետի հետ համագործակցելու՝ Ձեր ներուժի մասին, մեր ժամանակների մի շարք կարևորագույն երկխոսություններին նպաստելու՝ Ձեր ցանկության մասին, ինչպես նաև դեպի գիտություն անվախ ձգտմամբ սնուցվող մեր համայնքում բարգավաճելու՝ Ձեր կարողության մասին։ Մեր միակ նպատակն է պատրաստել գիտնականներ՝ ուժեղ, խելացի, օգտակար և ճշմարիտ․․․» և այլն։ Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի խոսք բարձր վարձատրվող աշխատանք ձեռք բերելու մասին (չնայած, որ Ջոնս Հոփքինսի շրջանավարտները ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող մարդկանց թոփ հնգյակում են), քանզի առնվազն 60 տարի է, ինչ ԱՄՆ-ը մերժել է «employee» հոգեբանությամբ սերունդ դաստիարակելու գաղափարը, նույնիսկ վիճելի է՝ արդյո՞ք երբևէ ԱՄՆ-ն այդպիսի աշխարհընկալմամբ սերունդ մեծացնելու նպատակ ունեցել է, թե ոչ։

 

Նախքան որպես դիլետանտության արդյունք բնորոշելը՝ սույն մոլորության խորքային իմաստը հասկանալու համար պետք է հիշեցնել, թե ի՞նչ հետևանքներ կթողնի մի այնպիսի քաղաքական համակարգը, որի օրոք ժողովրդի մեծ մասն անտեղյակ է իր անցյալից, ժառանգությունից, իդեալներից ու ավանդույթներից և կառչած է միմիայն մատերիալիստական «արժեքներից»։ Ի՞նչ կմնա մեր ժողովրդավարության նպատակներից։ 

 

ՀՀ կառավարության՝ գիտնականներին հայկական ստեղծագործ մտքի ներկայացուցիչներ ու խորհրդանիշեր հռչակելու, գրադարանը մեր ժառանգության, ավանդույթների ու հիշողության պահուստ ճանաչելու ուղղությամբ գործադրված ջանքերը պետք է հասնեն ավելի մեծ հաջողության, քան պարզապես գումար ձեռք բերելն է, իսկ սերնդի դաստիարակության գաղափարախոսության հիմքում պետք է լինի Հայկական ինքնության պահպանումը, համամարդկային արժեքների տարածումը և գիտություն ստեղծող առաջնորդներ պատրաստելը: 

 

Սակայն այս ամենը հօդս է ցնդում, երբ դիտում ենք ապագա կապիտուլյանտի՝  մանկապարտեզներից մեկի բացման արարողության ժամանակ ելույթը, որում հստակ նշում է. «Եթե լավ սովորեք՝ այս «Բրաբուս»-ներից դուք էլ կքշեք, երբ մեծանաք»։ Այսինքն՝ ըստ ՀՀ առաջին դեմքի, կրթության և գիտության գերագույն նպատակը «Բրաբուս» քշելն է, ի հակադրություն, օրինակ, Էրդողանի աշխարհընկալման, որի համար կրթության գերագույն նպատակը թուրքական մշակութային ժառանգությունը և ազգային ինքնագիտակցությունը պահպանող սերունդ կրթելն է, որը հասնում է ազգային ավանդույթներով ոգեշնչված նորարարության բարձրագույն մակարդակին։ Վերջապես՝ գիտակցենք, որ Թուրքիայից եկող ամենամեծ վտանգը ոչ թե «Բայրաքթար» ԱԹՍ-ներն  են, այլ այդպիսի մտածողությամբ սերունդը, ի հակադրություն այն սերնդի, որ ներկա օկուպացիոն ռեժիմն է փորձում ստանալ՝ ոչ ավելին, քան մատերիալիստ ենթադաս։ Ակնհայտ է, որ այս պատգամավորը գաղափար չունի ժողովրդավարության՝ անվտանգային համակարգի վրա ունեցած ազդեցությունից և գոնե չի ինքնակրթվում այն հարցերի շուրջ, որոնց մասին ամենահաճախն է խոսում: Միայն մեկ խորհուրդ կարող եմ տալ՝ եթե որևէ հարցի մեջ ներգրավվում եք, ուրեմն իրապես ընկղմվեք, որպեսզի խուսափեք անբովանդակ և իրերի տրամաբանական շղթային հակասող արտահայտություններից, որոնք նույնիսկ իրենց էության մեջ անդրադարձի արժանի չեն։

 

Այս մոլորության մասին անդրադարձն ամփոփենք  Թոմաս Ջեֆերսոնի խոսքերով. «Այն ազգը, որն ակնկալում է լինել անգետ ու ազատ, ակնկալում է մի բան, որը երբեք գոյություն չի ունենա»։

 

Պնդում / մոլորություն 10 (44:50-51:40). «Ազգային ժողովում ես արդեն մի քանի անգամ մեր ընդդիմադիր գործընկերներից վերապահում եմ լսել կրթական չափորոշիչների վերաբերյալ: Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ասել, որ Ձեր դիտարկումները ժամանակավրեպ են, քանի որ հունիսի 20-ին, երբ ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրության, նրանք իրենց մտքում ունեցել են նաև այդքան թմբկահարված չափորոշիչների նկատմամբ ձեր քննադատությունը, ինչպես նաև մնացած բոլոր հարցերի վերաբերյալ ձեր՝ տարիներ շարունակ տևած քննադատությունը, և իրենց ընտրությունը կատարել են՝ իրենց մտքում ունենալով այդ բոլոր-բոլոր քննադատություններն ու մերժումները: Ես կարծում եմ՝ դուք պետք է ձեր հայացքը ուղղեք ապագայի օրակարգին։ Այս ընտրությունը, այս համամասնությունը, չափորոշիչները նախընտրելի են եղել քաղաքացիների մեծ մասի  համար, քան այն, ինչ երկար տարիներ ստացել են ձեզանից՝ որպես կրթական բովանդակություն կամ ձեր աշխատանքի արդյունք, այս ընտրություն կատարողը նույն հնադարյա և բազմաչարչար հայ ժողովուրդն է, որի վերացական կերպարին դուք այդքան հաճախ հղում եք անում, հայ ժողովուրդն իրական է, և նա կատարել է այն համամասնությամբ, ինչ մենք ներկայացված ենք այստեղ: Առաջարկում եմ այս իրականությունն ընդունել ի գիտություն»։

 

Լուսաբաղձ ժողովուրդ, որն ապրել, պայքարել, կառուցել է՝ գիրքը ձեռքին։ «Նա գործել ու  ստեղծագործել է՝ միտքը երկնքում, ձեռքը՝ երկրի վրա»,- պիտի ասեր Ալիշանը։ Հայ ազգը ներկայանում է Նարեկացու, Չարենցի, Նժդեհի, Արամ Մանուկյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վարդան Գրեգորյանի, Կոմիտասի և այլ բազմահազար հայերով, որոնք աշխարհի վրա մեծագույն ազդեցություն են ունեցել, այլ ոչ թե հոդվածի սկզբում հենց կապիտուլյանտի կողմից թվաբանական կերպով ներկայացված այն անգաղափար ու անկիրթ ամբոխով, որ շարունակում է սատարել պարտվողական վարչապետին, համակերպվում Արցախի կորստի հետ ու շարունակում քարշ տալ իր տխմար գոյությունը՝ առանց գիտակցելու նախորդ երեք տարվա ապազգային գործունեության արդյունքը, համազգային ողբը, չկանխազգալով այն զուլումները, որ կապիտուլյանտի սրբապիղծ քաղաքական թիմը բերելու է այս տառապած ու հիվանդ հասարակության գլխին։ 

 

Մեր այն պնդումը, որ մեր ժողովրդի զգալի մեծամասնությունն անգրագետ է ու վերածվել է անտարբեր ամբոխի, ոչ թե սեփական ազգը քիչ սիրելու հետևանք է, այլ հակառակին հավատալը ինքնախաբեության արդյունք համարել, քանզի մեզ աշխարհի ամենախելացի ժողովուրդը կարգեցինք, բայց այսչափ հեշտ մանիպուլացվեցինք, հայրենիք ծախողին սատարեցինք, նույնն է՝ սեփական ձեռքերով մեզ թաղեցինք։  

 

Այդուհանդերձ, ես հավատում եմ, որ անկախ ընտրությունների ամոթալի արդյունքներից, շուտով  կտապալվի այս ռեժիմը, քանզի այն փորձում է մարել այն, որն էությամբ անմարելի է՝ Հայկակա՛ն ոգին, որը տառապում է կապիտուլյանտի անիմաստության և հոգևոր անզորության երեսից, ամբողջ ժողովուրդն է, որ քավում է իր անկերպարանք «ես»-ի մեղքը։ Ու թեև ժողովրդի փոքրաթիվ, բայցևայնպես գաղափարական մասը սրտի կսկիծով ապրում է դառը ու տխուր ներկան, սակայն կկարողանա պարտությունը ստեղծագործաբար ողբերգել և դրանից մեծագործումի նոր ուժ և խանդ երկնել, հոգու աչքով տեսնել երջանիկ ապագան՝ գիտակցելով, որ խեղճերի արցունքից և թույլերի անպատասխանատվությունից ու անարիությունից են կործանվում հայրենիքները։

 

Որևէ խնդիր հասկանալու և լուծելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել դրա առաջացման սկզբնական պատճառները, և այստեղ հարց է առաջանում՝ ուրեմն ինչո՞ւ նախորդ իշխանություններին ուղղված որևէ քննադատական խոսք տեղ չգտավ այս հոդվածում, մտքում պահելով, որ կրթական համակարգը տարեցտարի կոլապսի մեջ է հայտնվել, բացառությամբ հաջողված անկախ դպրոցների։ 

 

Պատճառ 1․ Հոդվածը հուլիսի 20-ից հետո վերարտադրված ռեժիմի ներկայացրած՝ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հնչած թեզերին է վերաբերում:  

 

Պատճառ 2․ Ներկայիս իշխանության քաղաքական արսենալի ամենակործանարար զենքը նախորդ իշխանություններին ուղղված նույնիսկ առողջ և հիմնավոր քննադատությունը մանիպուլացնելու և «նախկին-ներկա» անմակարդակ ու անհեռանկարային տիրույթ բերելու կարողությունն է։

 

Հետևաբար, մենք ըմբռնել և փոխանցում ենք այն միտքը, որ վտանգը հիմա այստեղ է՝ ռեժիմ, որը կոլապսի մեջ հայտնված հանրակրթական համակարգը գլորում է անդունդը, նախ պետք է պայքարել սրա դեմ, հասնել օկուպացիոն համակարգի ոչնչացմանը և միայն հետո կազմել հետազոտություններ ու խոր մասնագիտական վերլուծություններ՝ բացահայտելու, թե ինչպես 22 տարվա ընթացքում հասարակությունը այնչափ անհաղորդ դարձավ հայրենիքին, որ հանդուրժեց այս իշխանությանը։

 

Հ․Գ․ Փաշինյանի կողմից այլ անձանց պնդումների բանավոր վերաշարադրումը մենք վերափոխվել ենք գրական հայերենի, քանի որ գավառական խոսքը հակասում է հոդվածի ողջ էությանը։

 

Նվեր Սաղաթելյան 

 


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica