close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ի ավագանու ցուցակում ՀՀԿ-ի համար աշխատած գյուղապետեր են. ըստ ՀՅԴ-ի թեկնածուի՝ Իջեւանում վախի մթնոլորտ կա

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 23:28
 ՔՊ-ի ավագանու ցուցակում ՀՀԿ-ի համար աշխատած գյուղապետեր են. ըստ ՀՅԴ-ի թեկնածուի՝ Իջեւանում վախի մթնոլորտ կա

Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որոնք կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Ընտրությանը կմասնակցի երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ։ Իջեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում է  37-ամյա Վահան Ղազումյանը, որը ծնունդով Իջեւանից է, 2018 թ-ից` Իջեւան քաղաքի ավագանու անդամ։ NEWS.am-ը զրուցել է Վահան Ղազումյանի հետ։

Պարոն Ղազումյան, ՀՅԴ–ն Իջեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է «Հայրենիքը սկսվում է համայնքից» կարգախոսով։ Ինչո՞ւ եք որոշել գլխավորել ավագանու ցուցակը։

Մեր նպատակը հաղթանակն է, իսկ հետագայում խոշորացված համայնքում արդյունավետ աշխատանք իրականացնելը։ Անձամբ ես դեմ եմ  համայնքի խոշորացմանը, սակայն, մեր քաղաքական ուժը որոշեց մասնակցել ընտրություններին։ Հիմա ես Իջեւան քաղաքի գործող ավագանու անդամ եմ,  ընտրություններից հետո 17 գյուղ կմիանա Իջեւանին եւ այն կհամարվի խոշորացված։ Ընտրություններին մասնակցելու են նաեւ այդ 17 գյուղի բնակիչները։

Իջեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են միայն երկու ուժ։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ այլ քաղաքական ուժեր չցանկացան մասնակցել դրանց եւ ինչպե՞ս է ընթանում  նախընտրական քարոզարշավը։

Ըստ իս՝ ընտրություններին այլ ուժեր չեն մասնակցել՝ վախի մթնոլորտով պայմանավորված։ Մարդիկ կան, որոնք դեմ չէին ցուցակում ընդգրկվել, բայց տարբեր պատճառաբանություններ էին բերում, որ խնդիր կառաջանա, որովհետեւ, օրինակ, ընտանիքի անդամներից այս կամ այն մեկն աշխատում է պետական կառույցում։ 

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է  նախընտրական քարոզարշավը, որը պասիվ է։ Պասիվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ ընդամենը երկու քաղաքական ուժ է մասնակցում։ Այժմ պաստառներ ենք տեղադրում, մեր ակտիվ ընտրազանգվածի հետ աշխատանք ենք կատարում, որ նրանք էլ այլ տեղերում սկսեն քարոզչությունը։  Վաղվանից կսկսենք ավելի ակտիվ լինել, սոցիալական ցանցերում նույնպես փորձում ենք  ակտիվություն ցուցաբերել։ Ես էլ, համախոհներս էլ հանդիպում ենք բնակիչների հետ։ Ես կողմ եմ նաեւ բակային հանդիպումներին, պատրաստ եմ բնակիչներին հուզող հարցերին պատասխանել, լսել նրանց առաջարկները։

Դահլիճներում  հանդիպումներ, կարծում եմ, չեն լինի, որովհետեւ վախի մթնոլորտ կա։ Օրինակ, ասում եմ՝ մեր պաստառը տեղադրենք ձեր խանութի պատից, մարդիկ հրաժարվում են, մտածում են, որ իշխանություններից կտեսնեն։ Կարծում եմ՝ առավել արդյունավետ կլինի, երբ մարդկանց հետ անհատապես խոսես, ամեն մեկի դուռը թակես, որովհետեւ ինչքան ուզում են ասեն, որ վախի մթնոլորտ չկա, վստահեցնում եմ, որ դա այդպես չէ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված են գյուղապետեր, ցուցակը գլխավորում է Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, սրանից պարզ է, որ նրանք առավելություններ ունեն, բայց իմ առավելություններն էլ ուրիշ տեղում են։ Կարծում եմ, որ հաղթանակը մերը կլինի, ժամանակն, իհարկե, ցույց կտա՝ նոյեմբերի 14-ին ժողովուրդը կորոշի իր համայնքի ապագան։

Արթուր Ճաղարյանը լավ մարդ է, ես նրան չեմ թերագնահատում, իր հետ աշխատել եմ, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց դա կապ չունի՝ ՔՊ-ի գործունեությունն ինձ համար անընդունելի է։

Իրենք մտածում են, որ իրենց առավելությունը ցուցակում գյուղապետեր ունենալն է։ Եթե չեմ սխալվում, միայն երկու գյուղապետ չկա այդ ցանկում։ Բոլորս էլ գիտենք, թե դա ինչ նպատակ է հետապնդում, ինչքան էլ որ ասեն, թե վարչական լծակներ չեն օգտագործում։ Լավ էլ աշխատացնում են եւ էլի կաշխատացնեն, դպրոցի տնօրեններին, ուժային կառույցներին նույնպես կօգտագործեն։ Այս պահին չեմ նկատում, որ ճնշումներ լինեն, բայց, անկախ դրանից, մարդիկ վախենում են, նրանք սիրում են իշխանությանը։ Իրենք մտածում են, որ այս առավելություններն ունեն, եւ հաղթանակը հեշտ կլինի։ Նիկոլ Փաշինյանի գործոնը նույնպես ազդում է։ Իհարկե, զանգված կա, որն ուշադրություն կդարձնի Արթուր Ճաղարյանի  եւ Վահան Ղազումյանի թեկնածություններին, բայց եկեք մեզ չխաբենք. իրենց ցուցակում  կան թեկնածուներ, որոնք եթե չլինեին ՔՊ-ից, կհավաքեին 10, 20, 30 ձայն, բայց քանի որ գործող իշխանության  թեկնածուն են, հավաքում են ինչ-որ «x» տոկոս։ Բոլոր ժամանակներում էլ իշխանություններն առավելություններ ունեն եւ մոտ 30 տոկոսով «պլյուս» ունեն։ Այդ գյուղապետերի մեծ մասը հին են, աշխատել են ՀՀԿ-ի համար։ Այդ նույն մարդիկ ՀՀԿ-ի համար 60, 70, 80 տոկոս ձայն են հավաքել, իսկ ընդդիմությունը 3, 5, 7 ձայն էր հավաքում, էդ ո՞նց եղավ, ժողովուրդը միանգամից սկսեց սիրե՞լ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ, այդպես չէ՛։  Բոլորս էլ հասկանում ենք պետական լծակների առավելությունները։

Վստա՞հ չեն իրենց ուժերին, որ ցուցակում ընդգրկել են գյուղապետերին։

Եթե վստահ լինեին՝ չէին ընդգրկի։ Հեղափոխությունն արել էին նախկիններին մերժելու համար։ Նրանցից շատերը եղել են տաբեր կուսակցությունների անդամներ, հիմա այդ ավագանու ցուցակում են։ Սա խոսում է այն մասին, որ վախի մթնոլորտ կա։ Այդ գյուղապետերից շատերին ես ճանաչում եմ, շատ լավ հարաբերություններ ունենք։ Եթե ՔՊ-ն չլիներ իշխանություն, համոզված եմ, որ գյուղապետերի մեծ մասն ինձ համար կարող էին օգտակար լինել։ Իշխանության գործոնն աշխատում է։

Իջեւանցիները  Ձեզ հետ զրույցներում առաջնահերթ լուծում պահանջող ի՞նչ խնդիրներ են բարձրացնում։

Մարդկանց համար առաջնայինն իրենց ապրելակերպն է, Իջեւանում աշխատատեղերի խնդիր կա։ Մենք սահմանին շատ մոտ ենք. այստեղ ներդրումներ անելը ռիսկային է, Աստված չանի՝ կռիվ լինի, հարվածի տակ են խոշոր ներդրումները, հետեւաբար, նրանք շատ լավ հաշվարկում են՝ որտեղ ներդրում անեն։ Կարծում եմ՝ այստեղ ներդրում անողները պետք է լինեն բարերարներ, պետությունն էլ իր հերթին նրանց արտոնություններ պիտի տա, օրինակ, տարածք հատկացնի, ազատի հարկերից, որպեսզի նրանք էլ շահագրգռված լինեն։ 

Խնդիր կա նաեւ շենքերի տանիքների հետ կապված։ Իհարկե, մոտ 30%-ը վերանորոգված է, բայց բնակիչներից շատերին է մտահոգում այդ խնդիրը։ Մտածում եմ, որ «համայնքապետարան, համատիրություն, բնակիչ» համագործակցություն պետք է լինի, եւ այդ խնդիրը լուծվի։  Մենք ունենք ունեւոր քաղաքացիներ,  որոնք այստեղ չեն բնակվում, բայց նրանց կարելի է ներգրավել մեր քաղաքի ու հարակից գյուղերի բարեկարգ տեսք ունենալու գործում։ Համոզված եմ, որ մեր հայրենակիցները կօգնեն այդ հարցում։

Իջեւանում նաեւ անտուն շների հարցն է լուրջ, որոնք աղբամաններից աղբը հանում են եւ կեղտոտում քաղաքը։ Նրանց համար կացարան է անհրաժեշտ։ Ֆինանսավորող պետք է գտնենք եւ փորձենք այդ հարցը նույնպես լուծել։ 

Մենք նախկինում մեծ գործարաններ ենք ունեցել, այսօր էլ «Բենտոնիտ» կոմբինատը կա,  բայց աշխատում է 10%-ով։

Ես մեծ ուշադրություն եմ դարձնում նաեւ տուրիզմին։ Մենք շատ լավ բնություն ունենք, ես մտածում եմ, որ կարող ենք հյուրանոցների քանակն ավելացնել, եւ նպաստել տուրիզմի զարգացմանը։ Իջեւանն այդ նախադրյալներն ունի, բայց, կրկնում եմ, միայն արտոնություններ տալու դեպքում, որովհետեւ ներդրողները հաշվի են առնում սահմանին մոտ լինելը, եւ հենց այնպես գումար չեն ծախսի։

ՀՅԴ-ն այս ընտրություններին մասնակցում է ավագանու 14 թեկնածուով, ովքե՞ր են նրանք, ի՞նչ մասնագիտություններ ունեն։

Մեր ավագանու ցանկում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ կան՝ ուսուցիչ,  ավագանու գործող անդամ, անհատ ձեռնարկատերեր, բանկային համակարգի աշխատող եւ այլն։ Կարող եմ ասել, որ ՔՊ-ի ավագանու ցուցակում նույնպես կան լավ մարդիկ։ Այնպես չէ, որ մեր հաղթանակի դեպքում իրենց հետ չենք համագործակցի՝ ես նրանցից շատերին եմ ճանաչում, լավ հարաբերություններ ունենք, համոզված եմ, որ նրանց հետո աշխատանքը կստացվի։ Համոզված եմ, որ նրանք էլ մտածում են, որ մեզ հետ կարող են աշխատել։ Ցավում եմ, որ միայն երկու ուժ է մասնակցում, այլ քաղաքական ուժերի ներգրավվածությամբ ավելի արդյունավետ կլիներ։ Համայնքի համար մեկ, երկու ուժը սխալ է։ Ընդդիմության դեպքում իշխանություններն ավելի զգոն են լինում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջեւանից է։  Նրա ազգականները փորձո՞ւմ են ազդեցություն ունենալ ընտրություններում, օրինակ, նրա եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը։

Սիփան Փաշինյանը, իմ տեղեկություններով, Հայաստանում չէ, չեմ նկատել, որ նա այս գործընթացներում խառնվի, նախկինում շատ մեծ էր նրա ազդեցությունն այս քաղաքում եւ հարակից շրջաններում։ Մարզպետն իր քավորն է, միանշանակ, աշխատելու է ՔՊ-ի համար։ Նրա եղբայրը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը՝ նույնպես։ 

Նշենք, որ Իջեւանում ընտրելու իրավունք ունի 33  056 քաղաքացի։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ 25 001-70 000 ընտրող ունեցող համայնքում ավագանու քանակը պետք է լինի 27-ը։ Սա նշանակում է, որ Իջեւանի ավագանու ընտրություններում մեծամասնություն կազմելու համար քաղաքական ուժերից մեկը պետք է ստանա 14 մանդատ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica