close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները. նոր իրավիճակ, նոր հնարավորություններ

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 11:43
 Իրանա-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները. նոր իրավիճակ, նոր հնարավորություններ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թեև իրանցի տարբեր պաշտոնյաների մակարդակով եղան Ադրբեջանին հասցեագրված շնորհավորանքներ, սակայն երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում աննախադեպորեն լարվել են, ինչի հիմնական պատճառներից են.

– Այս տարվա հունիսին ԻԻՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և դրանցում պահպանողականների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձր աջակցությունը վայելող Էբրահիմ Ռայիսիի հաղթանակը։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Իրանում թուլանում են բարեփոխիչների դիրքերը, և իշխանության են գալիս պահպանողականներն ու ԻՀՊԿ-ին մոտ կանգնած շրջանակները, Իրան-Ադրբեջան հարաբերությունները սկսում են լարվել։ Դրա խորքային պատճառներից մեկը պահպանողականների և ԻՀՊԿ ավելի կոշտ դիրքորոշումն է Իսրայելի և Իսրայելի հետ համագործակցող այն երկրների հանդեպ, որոնք հարևան են Իրանին։ Կան, իհարկե, պատմական խորքեր ունեցող այլ հիմնարար գործոններ ևս (էթնիկական, կրոնական ևն), որոնք նույնպես ժամանակ առ ժամանակ ունենում են սուր դրսևորումներ Իրանում նշված շրջանակների՝ իշխանության լինելու տարիներին։

– Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության աննախադեպ աճը, որի հետ այս տարածաշրջանի տարբեր կետերում համառ մրցակցության մեջ է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Բացի այդ՝ պատերազմից հետո Թուրքիան Այսրկովկասում ունի արդեն նաև ռազմական ներկայություն՝ ի դեմս Ադրբեջանում գործող Թուրքական հրամանատարության ծառայողական խմբի (ԹՀԾԽ), որի հրամանատար է նշանակվել ԹՀ ցամաքային զորքերի՝ գործողությունների գծով պետ, գեներալ-մայոր Բախթիյար Էրսայը, շտաբի պետ, գեներալ Էնդեր Գյուները։

Թուրքական հրամանատարության ծառայողական խմբի ենթակայության տակ է գործում նաև արցախյան վերջին պատերազմից հետո ՌԴ զինծառայողների հետ Ակնայի (նախկինում՝ Աղդամ) համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն իրականացնող թուրքական անձնակազմը՝ գեներալ Աբդուլլա Գաթրջիի հրամանատարությամբ։ Այսրկովկասում Թուրքիայի նման ներկայությունը լրջագույն մարտահրավեր է Իրանի համար, որը 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրից հետո արդեն մոտավորապես 200 տարի հաշտ է եղել Այսրկովկասը ռուսական վերահսկողության տակ տեսնելու իրողության հետ։

Այժմ այլ է իրերի դրությունը, և եթե ՌԴ-ն Այսրկովկասում հաստատվելու և ռազմական ներկայություն ունենալու իրավունք է տալիս Թուրքիային, բնականաբար, ըստ նոր իրողության, փոխվելու են և արդեն իսկ փոխվում են նաև Իրանի դիրքորոշումն ու գործողությունների տրամաբանությունը։

– Արցախից բռնազավթված և Իրանին սահմանակից տարածքներում տնտեսական գործունեությամբ քողարկված Իսրայելի ակտիվ ներկայությունը, Կովսականում և հարակից շրջաններում գոմշաբուծարանների կառուցումը և այլն, ինչը, թվում է, խիստ անհանգստացնող և անընդունելի է Իրանի համար։

Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները և Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրումը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն տարածեց մի հաղորդագրություն, որում մասնավորապես նշված էր. «….Սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։ Ադրբեջանը փաստացիորեն, ոստիկանական և մաքսային անցակետեր տեղադրելով ՀՀ-ն ԻԻՀ-ի հետ կապող միջպետական ճանապարհահատվածում, նախ սկսեց իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում, ապա՝ «մաքսատուրքերի» գանձում և, չբավարարվելով այդքանով, ձերբակալեց նաև մի քանի իրանցի վարորդների, որոնց փաստաթղթերում որպես տեղափոխվող բեռների բեռնաթափման վայր նշված էր «Ստեփանակերտ, Հայաստան»։

Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Ադրբեջանի կողմից ոչ միայն ՀՀ-ԻԻՀ միջպետական ճանապարհի փակումը, այլ նաև իրանցի վարորդների ձերբակալությունը, ըստ էության, տեղի չէին ունեցել ԱՀ ինքնուրույն որոշմամբ և ամենայն հավանականությամբ արդյունք էին թուրքական նախաձեռնության ու Թուրքիայից իջեցված հրամանի։
Իրանից հնչած հայտարարությունները, այդ թվում և՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Ս. Խաթիբզադեի կոչը ադրբեջանական կողմին՝ ազատ արձակելու իրանցի վարորդներին, որևէ դրական արդյունք չտվեցին։ Անարդյունք մնացին նաև Ադրբեջանում Իրանի դեսպանի երկու հանդիպումները Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի, ապա և մեկ հանդիպումը փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ, որից հետո պարզ դարձավ, որ խնդրի լուծման հարցում Ադրբեջանը ինքնուրույն որոշում կայացնելու լիազորություն չունի, և ինչպես արցախյան վերջին պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ անհրաժեշտ է լեզու գտնել Անկարայի հետ։

Ահա այդ ամենից հետո Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին հանդիպեցին արդեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը, և հանդիպումից հետո տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանում կազմակերպելու Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում։

Իրանի ընտրությունը. լուծո՞ւմ Թուրքիայի միջնորդությամբ, թե՞ այսրկովկասյան քաղաքականության վերանայում

Ստեղծված իրավիճակում, թվում է, Իրանն ունի երկու ճանապարհ, որոնցից մեկը Թուրքիայի մասնակցությամբ խնդրի քննարկումն ու լուծումն է և դրանով հաստատումը նախագահ Էրդողանի՝ օգոստոսի 30-ին՝ «Բայրաքթար Էկինջի» նոր ԱԹՍ-ների փորձարկման ժամանակ կատարած այն հայտարարության, որ այդուհետ այս տարածաշրջանում որևէ մեկը չի կարող անգամ մի քար տեղաշարժել առանց Թուրքիայի թույլտվության, իսկ մյուսը՝ արմատապես վերանայել իր այսրկովկասյան քաղաքականությունը, դիմել բացահայտ կոշտ քայլերի և զուգահեռաբար, օգտագործելով ստեղծված իրավիճակը որպես հնարավորություն, բաց տեքստով ձևակերպել իր դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ թուրք-ադրբեջանական նկրտումների և ՀՀ տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև «միջանցքային կապ» ստեղծելու հարցի շուրջ։

Ձևական առումով պահպանելով Թուրքիայի միջնորդությամբ խնդիրը լուծելու հնարավորությունը և ԱԳ նախարարների մակարդակով համաձայնելով Թեհրանում հարցը քննարկել Թուրքիայի հետ՝ Իրանն այնուամենայնիվ գնում է երկրորդ ճանապարհով ու ընտրում կոշտ դիրքորոշման և Ադրբեջանի դեմ աննախադեպ ճնշումներ գործադրելու քաղաքականությունը՝ առայժմ հետևյալ ուղղություններով՝

– մեծ ծավալի ռազմական տեխնիկայի և սպառազինության փոխադրում դեպի ադրբեջանական սահման և աննախադեպ լայնամասշտաբ գործողությունների իրականացում,
– բարձրաստիճան հոգևորականների, զինվորականների, այդ թվում և՝ ԻՀՊԿ հրամանատարության, քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների և ազգայնական շրջանակների միջոցով քաղաքական կոշտ ուղերձների հղում ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, սուր հակաադրբեջանական և հակաթուրքական քարոզի լայնամասշտաբ ծավալում,
– Ադրբեջանում իրանական փափուկ ուժի տարբեր բաղադրիչների, այդ թվում՝ կրոնական և էթնիկական, բացահայտ ցուցադրում և Ադրբեջանի համար ներքին անվտանգային սպառնալիքներ պարունակող խնդիրների՝ հանրային օրակարգ ներմուծում,
– Ադրբեջանում իսրայելական ներկայության անթույլատրելի համարում և խիստ քննադատություն, այդ երկրի շիա հավատացյալների շրջանում սուր հակաիսրայելական քարոզչության ծավալում,
– Հայաստանի տարածաշրջանային դերի բարձրացմանը միտված հայտարարությունների տարածում և ռազմական գործիչների միջոցով ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հնարավորությունների մասին բարձրաձայնում,
– «Զանգեզուրի միջանցք» կոչվող թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրի վերաբերյալ Իրանի բացասական դիրքորոշման հստակ ձևակերպում։

Այս ընթացքում Իրանի կողմից արված և վերոնշյալ կետերին անդրադարձ պարունակող հայտարարությունների մեջ հետաքրքիր են հատկապես հետևյալները.
Արտաշիր Մոթահարի (ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր).

«Թուրքիան, տարված Օսմանյան կայսրության վերականգնման ցնորքով, զբաղված է արկածախնդրությամբ և կրակի հետ խաղալով։ Այս միջոցին Ադրբեջանն այդ փտած պարանով իրեն նետում է գեհենական անդունդի նմանող մեծ փորձության մեջ։ Եթե մեր հյուսիսային հարևանը ցանկանում է դուրս գալ բարեկամական հարաբերությունների ծիրից, ապա պիտի իմանա, որ իր մայրաքաղաքի հեռավորությունը հենց Իրանի սահմանագլխից հասանելի է իրանական զինուժի հրետանու համար»։

Ալի Մոթահարի (ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր).

«Իրանը պետք է ամեն գնով դիմադրի Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի և Իսրայելի՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու դավադրության համատեղ ծրագրին, որը կվերացնի հայ-իրանական սահմանը և կփակի Իրանի ճանապարհներից մեկը դեպի Եվրոպա: Մայր Իրանին դավաճանելու փոխարեն՝ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է վերադառնա իր մոր մոտ, հակառակ դեպքում նա կստանա նույն դասը, ինչ Սադամը»:

Դիաքո Հոսեյնի (Իրանի ռազմավարական հարցերի ավագ փորձագետ).

«Զորավարժությունները անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: ԵթեԱդրբեջանի Հանրապետության և Իսրայելի վարչակարգի ապակառուցողական համագործակցությունը շարունակվի, և Իրանի մյուս կենսական շահերն անտեսվեն, ապա Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը, ներառյալ ռազմական ուսուցման, հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով վերազինման և Սյունիքի մարզում ռազմական ներկայության հարցի քննարկումը, խաղաղություն ապահովելու համար, չպիտի անտեսվի»։

Քիոմարս Հեյդարի (ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ).

«Իրանը բավականին զգայուն է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունների նկատմամբ, և Իրանի համար դա ընդունելի չէ: Մեկ երկրի հնարավոր թուլությունը իր սահմանների պաշտպանության հարցում չի արդարացնում մեկ այլ երկրի կողմից նրա սահմանների խախտումը՝ արտաքին ուժերի օգնությամբ: Իրանը դա թույլ չի տա»։

Մոհամմադ-Ռեզա Ահմադի (ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր).

«Թվում է՝ Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել։ Ձեր փոքր երկրի հնությունը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից էլ քիչ է, այնպես որ Սիմորղի (Իրանը խորհրդանշող առասպելական թռչուն) դաշտում իզուր մի խայտառակվեք»:
Այս հայտարարություններին զուգահեռ՝ իրանական մեդիա տիրույթում տարածվեցին փորձագիտական հրապարակումներ այն մասին, որ իրանական կողմը ստացել է տեղեկություններ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ի դեմ հարավային ուղղությամբ պատրաստվող հանկարծակի հարձակման, հայ-իրանական սահմանը կտրելու և այդ կերպ Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային կապ ապահովելու մասին։ Եվ թերևս հենց այդ հանգամանքով է պայմանավորված եղել ԻԻՀ-ի կողմից զորքերի ու սպառազինության կուտակումը ոչ միայն ԱՀ սահմանների թալիշաբնակ գոտու, այլև Նախիջևանի ողջ երկայնքով։

Ի՞նչ սպասել. հնարավոր զարգացումներ, ռիսկեր և հնարավորություններ

Ստեղծված իրավիճակը կարող է ունենալ զարգացման մի քանի սցենարներ, որոնք պարունակում են հայկական կողմի համար ինչպես ռիսկեր, այնպես էլ նոր հնարավորություններ։

Թուրքիայի և Իսրայելի հովանավորությամբ ՀՀ տարածքում Իրանի դեմ Ադրբեջանի բացահայտ թշնամական գործողությունները և իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության պահպանումը կարող են նոր խթան հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների խորացման և զարգացման, նոր, այդ թվում՝ ռազմական և անվտանգային ոլորտներում փոխգործակցության հաստատման և խորացման համար։ Հայկական կողմի ակտիվության և նախաձեռնողականության դեպքում կա հնարավորություն՝ օգտագործելով երկկողմ ռազմավարական ընդհանուր շահերի հանգամանքը, մասնավորապես կողմերի համար հայ-իրանական սահմանի կարևորությունը հնարավոր մեգատնտեսական ծրագրերի իրականացման հարցում, ներգրավելու Իրանին հետպատերազմական Հայաստանի փլուզված անվտանգային համակարգի վերականգնման, նորոգման և ամրացման գործում՝ միաժամանակ որոշակիորեն բալանսավորելով ՌԴ անհամեմատ մեծացած ազդեցությունը ՀՀ-ում։

Բացառված չէ, որ ԱՀ-ԻԻՀ և ԻԻՀ-ԹՀ հարաբերությունների սրման և առճակատման վտանգի պայմաններում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ժամանակավորապես որդեգրվի ՀՀ-ի դեմ մեղմ քաղաքականություն, տեղի ունենա կոշտ հռետորաբանության մեղմացում, բառերի ու արտահայտությունների ավելի զգույշ ընտրություն, նաև արվեն հայկական կողմի համար համեմատաբար տանելի պայմաններով համագործակցության և խնդիրների լուծման առաջարկներ, որոնց իրական նպատակը լինելու է անվտանգային և պաշտպանական ոլորտներում ՀՀ-ԻԻՀ հնարավոր համագործակցության խաթարումը, Այսրկովկասում իրանական դերակատարության բարձրացման բացառումը։ Հայկական կողմը պետք է ճիշտ գնահատի բացվող հեռանկարներն ու մարտահրավերները, զատի կարճաժամկետ հնարավորությունը երկարաժամկետից և կարողանա օգտագործել սեփական նոր ու բալանսավորված անվտանգային համակարգի ձևավորման հնարավորությունը, ինչը կարող է լավագույն ձեռքբերումը լինել հետպատերազմական Հայաստանի համար։

Արտյոմ Տոնոյան

«Դրօշակ» թիվ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica