close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին են ներկայացվել ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 23:14
 Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին են ներկայացվել ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով

Ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին ենք ներկայացրել ես և Սիրանուշ Սահակյանը:

Ինչպես նաև ներկայացրել ենք անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը, հիմքերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ միասին։

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:

Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:

Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

Հանդիպման ժամանակ ինչպես Արման Թաթոյանը, այնպես էլ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։

Պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպաններ, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարՎերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica