close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային անվտանգային համակարգի լրջագույն սպառնալիք են. Գ. Ղուկասյան

Քաղաքական

14 Հոկտեմբերի 2021, 13:46
 Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային անվտանգային համակարգի լրջագույն սպառնալիք են. Գ. Ղուկասյան

Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային անվտանգային համակարգի լրջագույն եւ գործուն սպառնալիքներ են: Այս եւ պատերազմական հանցագործություններին առնչվող այլ աշխատանքներում անհրաժեշտ է նկատի ունենալ Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների բաց եւ փակ զեկույցները, որոնք պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փաստական կարեւորագույն տեղեկատվություն են պարունակում. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը՝ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր եւ մարտահրավերներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: 

Ղուկասյանը շեշտեց, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, նրանց խոշտանգումների հարցը եւս պետք է դիտարկել իբրեւ մարդկության դեմ կատարվող հանցագործություն: Ըստ նրա՝ պետք է մեծացնել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը, որպեսզի հայ ռազմագերիներն ազատ արձակվեն:

Ղուկասյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, հակամարտության լուծում չեն ազդարարել դրա կոմպետենտությունն ունեցող միջազգային կառույցները եւ հակամարտության կողմերից մեկը: «Հանուն Արցախի մեր պայքարը թեւակոխել է ավելի դժվար եւ աղետալի հանգրվան, բայց  պայքարի ելքը կանխորոշված չէ, եւ շատ բան կախված է հայության գործողություններից»,- ասաց նա:

Այս համատեքստում Ղուկասյանը նշեց հանգամանքներ, որոնք միայն պետության գործողություններին չեն վերաբերում: Դրանցում կարող են ներգրավված լինել նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, Սփյուռքը, հայոց եկեղեցին եւ այլն:

Արցախի Հանրապետության նկատմամբ մեկ տարի առաջ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված աղետալի վիճակի հաղթահարումը, ըստ բանախոսի, պահանջում է ներքին եւ արտաքին համալիր ջանքերի գործադրում, հետեւողական, նպատակադրված աշխատանք:

«Զեկույցով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի հիմնախնդրի ներկա հանգվանին առնչվող մի քանի հանգամանքների, որոնց ուղղությամբ աշխատանքը կարող է էապես բարելավել մեր դիրքերը եւ նպաստել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը միջազգային ու արտաքին քաղաքական հարաբերություններում»,- նշեց Ղուկասյանը:

Որպես առաջին խնդիր՝ նա առանձնացրեց Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններն իբրեւ ագրեսիա իրավաքաղաքական գնահատական ճանաչելը: Ըստ Ղուկասյանի՝ միջազգային իրավունքը ագրեսիա սահմանելիս նկատի չի ունենում՝ արդյո՞ք տվյալ ժողովրդի անկախությունը միջազգայնորեն ճանաչված է, թե՞ ոչ: «Այլ խոսքով՝ ագրեսիան ագրեսիա է, եւ չճանաչած սուբյեկտի նկատմամբ ագրեսիան նույնքան դատապարտելի է, որքան ճանաչված սուբյեկտի նկատմամբ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 1974թ. թիվ 33/14 բանաձեւով հաստատել է ագրեսիայի ակտի սահմանումը: Այդպիսով՝ ագրեսիա է համարվում մի պետության կողմից ուժի կիրառումը ընդդեմ երկրորդ պետության՝ ինքնորոշման իրավունքից, ազատությունից եւ անկախությունից զրկելու նպատակով: Հատկանշական է, որ, ըստ բանաձեւի առաջին հոդվածի ծանոթագրության, պետություն եզրույթը կիրառելի է նաեւ այն սուբյեկտների նկատմամբ, որոնք միջազգայնորեն ճանաչված չեն: Այդ սահմանումից միանշանակ բխում է, որ միջազգայնորեն չճանաչված եւ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների իրականացումը նույնպես ագրեսիա է համարվում»,- մանրամասներց զեկուցողը՝ շեշտելով՝ անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել , որ միջազգային կազմակերպությունները եւ առանձին պետություններ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական գործողությունները որպես ագրեսիա որակեն։

Որպես երկրորդ կարեւորագույն խնդիր՝ Ղուկասյանն առանձնացրեց քաղաքական դիրքորոշման հարցը: Ըստ նրա՝ Հայաստանի գործող իշխանությունները, ինչպես նախորդ երեք տարիների ընթացքում, այդպես էլ հիմա, չունեն Արցախի հիմնախնդրի լուծման տեսլականի վերաբերյալ հայտարարված քաղաքական դիրքորոշում: Նրանք նույնիսկ չեն վերահաստատում դեռեւս 1990-ական թվականներին հայտարարված՝ Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունների կողմից երբեւէ կասկածի տակ չդրված եւ ցայսօր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում զետեղված դիրքորոշումը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության հիմք պետք է հանդիսանա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը, ԼՂ-ն Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավասության տակ գտնվող անխափան ցամաքային կապ, ԼՂ անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի: 

«Հայաստանի իշխանությունները պարտավոր են օր առաջ եւ շատ հստակ, առանց այլեւայլությունների, ձեւակերպել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որը չպետք է տարբերվի եւ հակասի վերը շարադրված դիրքորոշմանը»,- ասաց նա:

Ղուկասյանը, որպես երրորդ հույժ կարեւոր խնդիր, նշեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները նվազագույնի են հասցնում՝ այն դեպքում, երբ ինքնորոշումն Արցախյան հիմնախնդրի էությունն է: 

Որպես հաջորդ լրջագույն խնդիր՝ Ղուկասյանը մատնանշեց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության  վերականգնումը: 

Ելույթն ամփոփելիս բանախոսը շեշտեց՝ ասվածը փոքր մասն է գործողությունների այն ենթադրյալ պլանի, որը Հայաստանը, իբրեւ պետություն, պետք է գործադրի՝ ապահովելու համար իր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
1 Դեկտեմբերի 2021, 23:37 Համընկնու՞մ թե՞ ընդօրինակում
Վարդենուտի Թուխ Մանուկը
1 Դեկտեմբերի 2021, 23:23 Վարդենուտի Թուխ Մանուկը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica