close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը Փաշինյանի հետ քննարկելու է դեպի Նախիջևան ուղին Ադրբեջանի վերահսկողությանը չհանձնելու հարցը․ Ներսես Ներսիսյան

Քաղաքական

7 Հոկտեմբերի 2021, 17:47
 Պուտինը Փաշինյանի հետ քննարկելու է դեպի Նախիջևան ուղին Ադրբեջանի վերահսկողությանը չհանձնելու հարցը․ Ներսես Ներսիսյան

Մոսկվայում առաջիկա օրերին կհանդիպեն ՀՀ վարչապետ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Պուտինը։ Մոսկվայից տեղեկությունը հաստատում են՝ չբացահայտելով հանդիպման ժամկետն ու օրակարգը։ Տարածվեց նաև տեղեկատվություն, որ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը լծված է անչափ դժվար մի գործի՝ փորձում է ռուսահայ համայնքի շրջանում դրական ֆոն ձևավորել՝ Փաշինյանի այցն անցնցում անցկացնելու համար։

Այնինչ ռուսահայ համայնքում և հայկական կազմակերպություններում տիրող տրամադրությունը հասթափությունն է և ատելությունը այս իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հանդեպ՝ Yerkir.am-ին փոխանցեց ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը։

«Ես չեմ կարծում, որ այսօր կա որևէ իրեն հարգող ու փոքր-ինչ հայրենիքի ու Հայաստանի զգացողություն ունեցող մարդ, որն անհամբեր և ուրախությամբ կարող է դիմավորել մի անձնավորության, ում պատճառով այդ նույն հայրենիքը մասնատվել է, համայնքը որպես հասարակություն մասնատվել, բաժանվել, թշնամացել է իրար։ Սփյուռքահայը, ով նաև Ռուսաստանում է բնակվում, չեմ կարծում, որ կորցրել է իր արժանապատվությունը»,-ասաց նա։

Փաշինյանին Ռուսաստանում ջերմ դիմավորողները կա՛մ պիտի ունենան կոնկրետ շահեր՝ պիտի լինեն վարձու դիմավորողներ, որոնց տրվել է ուրախ և անհամբեր դիմավորողի դեր, կա՛մ այդ մարդիկ ադեկվատ չեն՝ նկատեց Ներսես Ներսիսյանը։

Վերջին անգամ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպել է 3 ամիս առաջ։ Դրանից հետո հասցրել է Վրաստանի վարչապետի հետ Թուրքիայի նախագահին հանդիպման հրավեր ուղարկել և Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնող այլ քայլեր անել։ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավարն ասում է՝ Ռուսաստանում շատ լավ գիտակցում են՝ ովքեր են Հայաստանում այս պահին կառավարում, ինչպիսի ուժերի ազդեցության տակ է ՀՀ գործող իշխանությունը։ Նաև, նրա համոզմամբ, Ռուսաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչպես պետք է աշխատել նման կարգի խմբակի հետ։

«Ռուսաստանն այսօր հետապնդում է իր շահը, որի այս պահին գերակա դրսևորումը կայունությունն է, և հանուն այդ կայունության Ռուսաստանը, բնականաբար, ով էլ լիներ Հայաստանում իշխանություն, Ռուսաստանը կհամագործակցեր վատագույն դեպքում այս կերպ․ սա համագործակցության ամենավատ տարբերակն է, որ ընտրել է Ռուսաստանը, բայց Ռուսաստանի հարաբերությունները քանի որ չեն սահմանափակվում իշխանությունները ներկայացնող անձանց միջև հարաբերություններով, այլ կան ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմավարական, մշակութային, ժողովուրդների բարեկամության տարբեր գործոններ ևս, որոնք չեն կարող անտեսվել, ընդունելություններ կլինեն, բնականաբար, կլինեն բարեկամական հայտարարություններ, բայց դրանից հարաբերությունների որակը չի լավանում»,-ասաց Ներսես Ներսիսյանը։

Առավել ևս Իրանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի դեմարշի ֆոնին Հայաստանի օդային ճանապարհը բացելը, ըստ նրա, Փաշինյանի կողմից կոնկրետ մարտահրավեր է, որը նետվել է, այո՛, նաև Ռուսաստանի առաջ։

«Այնպես չէ, որ Ռուսաստանը պիտի կանգնի ու այդ մասին բարձրաձայն խոսի․ դիվանագիտական խողովակներով, բնականաբար, փորձում են պահել վերահսկողության տակ հնարավորինս։ Երբեք մեր երկիրն ու մեր երկրի իշխանությունը այսքան կախյալ վիճակում չի եղել, ինչքան հիմա է, բայց դա չի խանգարում այս մարդկանց անընդհատ փորձել մանևրել, անընդհատ փորձել խուսանավել ինչ-որ խնդիրներից՝ հայտնվելով ավելի լուրջ խնդիրների մեջ»,-ասաց նա։

Այս պահին մեր դիվանագիտությունը նման է անառագաստ նավի, ընդգծեց Ներսես Ներսիսյանը, որն ընկել է ալեկոծ փոթորիկների մեջ, որովհետև հիմա աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, աշխարհաքաղաքական նոր բևեռների վերջնական ձևավորման փուլ ենք մտել, և այդ տեկտոնական բաժանումների ժամանակ Հայաստանը ուղղակի դրեյֆում է ջրի վրա։

Ռուսաստանը, նրա խոսքով, Փաշինյանից ակնկալում է հնարավորինս քչացնել այդ դավադիր խաղերը թիկունքում,  հասկանում է, որ չի կարող ընդհանրապես սահմանափակել, և ակնկալում է, որ գոնե այն, ինչ պայմանավորվում է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի թիկունքում դրա հակառակը չանի։

«Ռուսաստանը այդ պիտի պայմանավորվի, ավել բան՝ չեմ կարծում։ Հասկանում ենք, որ մեր իշխանությունները բանակցունակ չեն, ուղղակի փորձում են նրանց հետ անել մաքսիմումը, որ այն, ինչ պայմանավորվել են, դրա հակառակը չգնան Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ պայմանավորվեն, խոստանան և դրա փոխարեն ինչ-որ բան խնդրեն։ Որ գոնե հայտարարություններում չօգտագործեն «միջանցք» բառը, բայց դրանից չի փոխվում այն պայմանավորվածության բովանդակությունը, որի շուրջ պայմանավորվել է Փաշինյանը Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ, դա արդեն երկուստեք են հայտարարում, չէ՞»,-ասաց Ներսես Ներսիսյանը։

Սյունիքով միջանցքը ոչ միայն Իրանի համար է անթույլատրելի, այլ նաև Ռուսաստանի, որովհետև «միջանցքը» ենթադրում է տարածքի սուվերենության փոխանցում մեկ այլ պետության։ Նա հիշեցրեց, որ կապիտուլյացիոն հայտարարության մեջ միջանցքի մասին խոսք չկա, գրված է՝ հաղորդակցական ուղիներ, որոնք կվերահսկվեն Ռուսաստանի կողմից։

«Փաստորեն, սրա փոփոխության շուրջ է, որ գնում են ճնշումները Փաշինյանի վրա մի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որ Ռուսաստանը չվերահսկի, փոխանցվի այդ վերահսկողությունը Ադրբեջանին կամ Թուրքիային, այդ դեպքում դա կդառնա «միջանցք»։ Ո՛ր պահից դրա սուվերենությունը փոխանցվի Ադրբեջանին, որ նա կարողանա իր մաքսավորների, ոստիկանների միջոցով կարգավորել բեռնափոխադրումները, այդ ժամանակ դա կդառնա «միջանցք»․ Ռուսաստանի համար սա ռազմաքաղաքական առումով շատ մեծ ռիսկեր է պարունակում, առավել ևս, երբ Վրաստանի հետ կապը ամեն վայրկյան կարող է փակվել, այդ դեպքում կփակվի նաև Իրանի հետ կապը և ռուսական բազաները կզրկվեն սնվելու, վերազինվելու, մարդկային ռեսուրսներով համալրվելու հնարավորությունից»,-ասաց Ներսես Ներսիսյանը։   

Նա ընդգծեց, որ Սյունիքով դեպի Նախիջևան հնարավոր ճանապարհը չի կարող լինել Հայաստանի կամ, վատագույն դեպքում, Ռուսաստանի վերահսկողությունից դուրս։

Աննա Բալյան

«Թանկարժեք» տղան
3 Դեկտեմբերի 2021, 12:48 «Թանկարժեք» տղան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica