close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանությունները Հայաստանը միջազգային հարաբերություններում մանրադրամի են վերածել. «Փաստ»

Մամուլի տեսություն

28 Սեպտեմբերի 2021, 10:12
 Այս իշխանությունները Հայաստանը միջազգային հարաբերություններում մանրադրամի են վերածել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ամեն տարի աշնանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կանոնավոր կերպով գումարում է նստաշրջաններ, լինում են նաև դեպքեր, երբ հանգամանքների բերումով կազմակերպվում են նաև արտահերթ նստաշրջաններ: Եվ բազմաթիվ երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, շտապում են մասնակցել Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործել իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելու և միջազգային հանրությանը տարբեր ուղղերձներ հղելու նպատակով։ Այս տարի, աշխարհում համավարակի տարածման և այլ հանգամանքներով պայմանավորված, տարբեր երկրների հավակնությունների մեծացման ու հակամարտությունների սրացման հետ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի քննարկումներն ընդհանուր առմամբ բուռն էին։

Նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ հեռավար տարբերակով, քանի որ նա Նյու Յորք չէր մեկնել։ Սպասվում էր, որ պատերազմից հետո Հայաստանի «ղեկավարի» ելույթը պետք է լիներ ծանրակշիռ, քանի որ դրանում առկա շեշտադրումները պետք է ուղղվեին ոչ միայն ներքին լսարանին, այլև միջազգային հանրությանը: Ավաղ... Փաշինյանի ելույթը թույլ էր, անատամ ու կցկտուր։ Եվ սա միայն մեր կարծիքը չէ, այդպես են գնահատել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի բազմաթվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ: Անկասկած հայությանը հուզող կարևոր հարցեր կային, որոնց մասին ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնելը ուղղակի պետք է Հայաստանի փաստացի «ղեկավարի» գլխավոր պարտականությունը լիներ։

Սակայն դրանց մասին Փաշինյանն անգամ հարկ չհամարեց որևէ ծպտուն հանել։ Խոսքը վերաբերում է, օրինակ՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը։ Հարցը միայն այն չէ, որ Թուրքիան զինում էր Ադրբեջանին, իսկ ադրբեջանական բանակը վերցրել էր իր անմիջական վերահսկողության տակ, այլև այն, որ Արցախի դեմ կռվելու համար Սիրիայից ու Լիբիայից հազարավոր վարձկան ահաբեկիչների էր հավաքագրում։ Պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում էին Թուրքիայի հանցագործ գործելակերպի մասին, որը միտված էր արցախահայության նկատմամբ ցեղասպանություն իրագործելուն, սակայն պատերազմից մեկ տարի անց Փաշինյանը լռության է մատնում պաշտոնական Անկարայի հանցագործությունների շարքը։ Իսկ ահա նրա փոխարեն Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն է Թուրքիային մեղադրել Արցախյան հակամարտությանը միջամտելու մեջ:

Թերևս Թուրքիայի նախագահը նաև այս հանգամանքը կարող է գնահատել որպես դրական ուղերձներ Հայաստանի վարչապետից։ Դե, անհրաժեշտ պահին Թուրքիայի հանցանքները լռության մատնելուց առավել դրական ուղերձ երևի թե դժվար է պատկերացնել։ Թուրքիային անդրադառնալու հետ մեկտեղ Փաշինյանը պարտավոր էր ՄԱԿ-ում հանգամանորեն ներկայացնել Ադրբեջանի բազում հանցագործությունները, որոնց գլխավոր նպատակը Արցախում հայության իսպառ բնաջնջումն է։ Սակայն մի քանի ոչ թիրախային ձևակերպումների հետ նա իր մեջ հազիվ ուժ գտավ քիչ թե շատ անդրադառնալու գերիների խնդրին, թե նրանք Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկվել և դրա վերաբերյալ ապացույցներ կան։

Փաշինյանի անդրադարձը գերիների թեմային ինչ-որ առումով նաև զարմանալի էր, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե գերիների խոշտանգման մասին ահասարսուռ փաստերը հորինված պատմություններ են։ Տարակուսանք է հարուցում նաև այն փաստը, որ Փաշինյանն իր ելույթում կրկին խոսում էր խաղաղության դարաշրջան բացելու, սահմանազատման ու կոմունիկացիաների բացման մասին։

Բայց ներկայիս պայմաններում ի՞նչ սահմանազատման մասին խոսք կարող է լինել, երբ հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու ոչ միայն հրաժարվում է հեռանալ, այլև նոր սպառնալիքներ է ստեղծում սահմանամերձ բնակչության համար։ Մի՞թե հնարավոր է խաղաղություն հաստատելու հույսեր տածել մի երկրի հետ, որը խոշտանգումների է ենթարկում գերիներին, խաղաղ բնակիչներին ու հայտարարում է, թե Արցախյան հիմնախնդիր այլևս չկա։ Սրանք հարցեր են, որոնց մասին իշխանությունները ի վիճակի չեն լրջորեն մտածել։ Նրանք Հայաստանն արդեն իսկ միջազգային հարաբերություններում մանրադրամի են վերածել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica