close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզպետն ազատել է մրցույթում հաղթած դպրոցի տնօրենին, ապօրինի պաշտոնի դրել մի քանի հաստիքով աշխատողին

Իրավունք

24 Սեպտեմբերի 2021, 17:56
 Շիրակի մարզպետն ազատել է մրցույթում հաղթած դպրոցի տնօրենին,  ապօրինի պաշտոնի դրել մի քանի հաստիքով աշխատողին

Շիրակի ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանը շարունակում է ապօրինությունները։ Գյումրու 41-րդ դպրոցի՝ տնօրենի թափուր հաստիքի մրցույթում հաղթած Արմինե Գեւորգյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց 2 ամիս  հետո ապօրինի ազատել է աշխատանքից, դպրոցի փոխտնօրեններից որեւէ մեկին կամ դպրոցի անձնակազմից տնօրենի պաշտոնակատար նշանակելու փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձրել մրցույթում պարտված, Գյումրու 7-րդ դպրոցում կես դրույքով դաստիարակության աշխատանքների կազմակերպիչ՝ ԴԱԿ, կես դրույքով նույն դպրոցում ուսուցչի օգնական եւ, միաժամանակ, Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում շաբաթական ութ ժամ պատմության ուսուցիչ աշխատող Հայաստան Հովհաննիսյանին` աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմամբ՝ 1,5 դրույք ծանրաբեռնված աշխատողին ծանրաբեռնելով եւս 1 դրույք վարչական աշխատանքով։ Ավելին, Հայաստան Հովհաննիսյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու ժամանակ ներկայացվող հարկային եկամուտները չեն համապատասխանում իրականությանը․ նա ներկայացրել է բոլոր տարիների տվյալները, բացառությամբ՝ 2020-2021 թվականների։

«Իմանալով իմ ազատման հրամանի մասին դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալը դիմում գրեց մարզպետին, որպեսզի պաշտպանի իր իրավունքները եւ նշանակվի տնօրենի պաշտոնակատար, Շիրակի մարզպետը պատասխանել էր, որ անհնար է, քանի որ փոխտնօրենը գտնվում է արձակուրդում։ Մինչդեռ մարզպետի նշանակած՝ տնօրենի պարտականությունները կատարող Հայաստան Հովհաննիսյանը եւս գտնվել է արձակուրդում։ Տնօրենի տեղակալը դիմումում նշել է, որ ինքնակամ ուզում է վերադառնալ արձակուրդից եւ կատարել պաշտոնակատարի պարտականությունները, բայց մարզպետը այդ դիմումի պատասխանում նշել է, որ անհնարին է նրա նշանակումը՝ առանց որեւէ պատճառաբանության։ Մարզի որեւէ դպրոցում կառավարման կոլեգիալ խորհուրդ, բացառությամբ 41 դպրոցի, ձեւավորված չէ։ Մեր դպրոցում ձեւավորվել է հուլիսի 16-ին՝ ինձ աշխատանքից ազատելուց հետո անմիջապես մրցույթ հայտարարելու նպատակով»,-Yerkir.am-ին հայտնեց թիվ 41 դպրոցի՝ տնօրենի մրցույթում հաղթած, բայց ապօրինի ազատված Արմինե Գեւորգյանը։

Նրան հուլիսի 19-ին առանց ծանուցման ազատել են աշխատանքից, հուլիսի 21-ին մեկ նիստով ընտրել են դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լեւոն Անանյանին, որը միաժամանակ հանդիսանում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի խորհրդական, մարզպետի  ներկայացուցիչ այդ խորհրդում։

«Մրցույթը հայտարարելու ժամանակ եւս տեղի է ունեցել կարգի խախտում, որի ընթացքում, ռազմական դրության պայմաններում, արձակուրդի օրերը չեն ներառվելու մրցույթի ժամանակացույցի հաշվարկային օրերի մեջ․ ամառային արձակուրդի օրերը չեն հաշվարկվելու հայտարարված մրցույթի ժամանակացույցում։ Իմ ազատվելուց հետո մարզպետին ոչ մի անգամ չեմ դիմել։ Ազատվել եմ Աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ խախտումներով: Հուլիսի 19-ին, առանց ծանուցելու, ազատել են աշխատանքից։ Կեսօրին՝ 12-ի կողմերը, Շիրակի մարզպետարանից զանգեցին եւ ասացին՝ ազատվել եք։ Խախտվել են իմ իրավունքները, օրենսգիրքը, ժամկետները, Հանրակրթության մասին օրենքը, կարգը»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Արմինե Գեւորգյանը։

Նրա ձեռքի տակ կան բազմաթիվ փաստաթղթեր, հարցումների պատասխաններ եւ ապացույցներ՝ ինչպես են խախտվել իր իրավունքները։ Մարզպետի եւ մարզպետարանի բոլոր պատասխաններն անհիմն են, չկան ազատման պատճառները, կցկտուր ու թերի են։ Մրցույթը հայտարարելու օրերն էլ են որոշվել խախտումներով։

«Երբ ապրիլի 13-ին անցկացվեց մրցույթը, դրանից հետո հնգօրյա ժամանակահատվածում պետք է ստեղծվեր հանձնաժողով՝ ուսումնասիրելու ամբողջ գործընթացը։ Նախ օրերն են սխալ հաշվել․ մրցույթը պետք է լիներ ապրիլի 14-ին, ոչ թե 13-ին, քանի որ Զատիկին հաջորդող օրը ոչ աշխատանքային էր, սխալ էին հաշվել։ Թեեւ ես այդ ամենի հետ կապ չունեմ, մասնակցել եմ մրցույթին եւ հաղթել։ Մարզպետը իր բացատրության մեջ նշում է, որ խախտվել է հավասար պայմանների ապահովման սկզբունքը հավակնորդների մեջ։ Սա մեկ օր պակաս հաշվարկի առումով է։ Չնայած ասեմ, որ առաջինը մրցույթին փաստաթղթերը ներկայացրել է Հայաստան Հովհհնիսյանը։   Հովհաննիսյանը թեեւ պարտվել է մրցույթում, այնուամենայնիվ նշանակվում է պաշտոնակատար, ով, ի դեպ, հայտարարված նոր մրցույթի տնօրենի հավակնորդ է, կարծում եմ նույնիսկ հիմարին է պարզ, թե ինչու է հենց նա նշանակվում պաշտոնակատար։ Ինձանից, որպես դպրոցի տնօրենի, ավանդույթի համաձայն պետք է կարծիք հարցնեին, թե ում եմ ես տեսնում տնօրենի պաշտոնակատար, բայց ինձ չեն զանգել, քանի որ ես իրենց ցանկալի տնօրենը չէի, իրենք ինձ հետ ցանկություն չունեին հարաբերությունների, Դաշնակցական եմ, ընդդմադիր կեցվածք ունեմ, դրա համար ինձ չեն զանգել, կարծիքս չեն հարցրել։ Այնուամենայնիվ, դպրոցում երբեք քաղաքականություն չեմ քննարկել, գործընկերներիցս շատ քչերն են իմացել իմ՝ Դաշնակցական լինելու մասին։ Լուրեր կան, որ Հովհաննիսյանի ամուսինը սերտ կապեր ունի մարզպետի  հետ»,-Yerkir.am-ին ասաց Արմինե Գեւորգյանը։

Այնուամենայնիվ, Գեւորգյանը չի դադարում պայքարել  մարզպետի ապօրինությունների դեմ․ ասում է՝ գնալու է մինչեւ վերջ։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը տնօրենի մրցույթում հաղթած Արմինե Գեւորգյանին, հիշեցնենք, աշխատանքից ազատել էր ընթացակարգային խախտման պատճառաբանությամբ։ Գործը հիմա Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում է, հայցն ընդունվել է, սպասում են դատական առաջին նիստին։

 

Հ․ Գ․-Շիրակի մարզպետի ոչ օրինական գործողություններն ու գործունեությունը շարունակվում են, առաջիկայում կներկայացնենք նաեւ այլ փաստեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica