close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չմշակված կաշվի արտահանման արգելքը՝ առանց վերամշակող ձեռնարկությունների ավելացման, կաշիները թափելու պատճառ է դարձել․ կառավարության փնթի որոշումը

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2021, 14:32
 Չմշակված կաշվի արտահանման արգելքը՝ առանց վերամշակող ձեռնարկությունների ավելացման, կաշիները թափելու պատճառ է դարձել․ կառավարության փնթի որոշումը

Գյուղացիները զանգվածաբար թափում են իրենց մորթած կովերի ու ոչխարների կաշին, քանի որ չմշակված կաշի արտահանողներն այլևս դրանք չեն հավաքում, տեղում վերամշակող գործարանն էլ այդքան պահանջարկ չունի՝ Yerkir.am-ին բողոքեցին խմբագրություն զանգած քաղաքացիները։

Պատճառը կառավարության՝ հունիսի 3-ին ընդունած որոշումն է, որով 6 ամիս ժամկետով արգելվել է արտահանել խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ չմշակված կաշին:

Որոշման նպատակն այն է, որ կաշին վերամշակվի տեղում և խթանվի նաև կոշիկի արտադրությունը․ այս բարի նպատակին, սակայն, այս որոշումը ոչ մի կերպ չի ծառայում։

Բանն այն է, որ մեր կառավարությունը, սովորության համաձայն, «եզները լծել է սայլի ետևից»․ որոշումն ընդունել է՝ առանց հաշվարկելու արդյո՞ք Հայաստանում կան վերամշակող այնքան ձեռնարկություններ, որոնք կարող են տեղում վերամշակել առաջարկված կաշվի ամբողջ խմբաքանակը։ Եթե չունենք այդքան ձեռնարկություններ, ապա եղած գործարանը արդյո՞ք այնքան ավելացնելու է արտադրական հզորություններն ու աշխատակիցների թիվը, որ կարողանա ավելի մեծ քանակի չմշակված կաշի ընդունել և վերամշակել, քան նախկինում։ Իսկ այդ վերամշակված կաշվից կոշիկ կարելու պատրաստ ձեռնարկություններ արդյո՞ք կան բավարար քանակությամբ կամ պատրաստվո՞ւմ են բացվել։ Պարզվում է, որ ոչ։

Կառավարության որոշման մեջ, իբրև վերամշակող գործարան, նշված է« Կաշի» ԲԲԸ տարածքում գործող Ar-Leather/ARMA ընկերության անունը, որն էլ, ըստ որոշման, սարքավորումներ է ներկրել Արգենտինայից և Իտալիայից և նախատեսում է ևս 150 աշխատատեղ ստեղծել: Որոշման մեջ ասվում է, որ այս որոշումն ընդունվում է, որպեսզի ընկերությունը հումք ունենա այս սարքավորումներն աշխատեցնելու։

Yerkir.am ահազանգած գյուղացիները սա կողմնակալ և կոռուպցիոն որոշում են համարում․ ասում են՝ ընկերության սեփանականատերերը իշխող թիմի «մարդիկ» են, այս պատճառով էլ հատուկ նրանց արտոնություն տալու համար սահմանափակել են կաշվի արտահանումը։ Մտահոգիչը նաև այն է, որ այս ընկերությունը չունի այնքան արտադրական հզորություն, որ ընդունի և վերամշակի Հայաստանում առաջարկվող չմշակված կաշվի ամբողջ խմբաքանակը։ Սա դեռ մի կողմ, նրանք բողոքում են, որ գործարանը ժամանակին չի վճարում իրենցից վերցված կաշվի գինը՝ օգտվելով առիթից, որ մենաշնորհատեր է դարձել, և գյուղացիներն իրենց հանձելուց բացի ուրիշ ճար չունեն։ Նրանք էլ, ստիպված, նախընտրում են թափել կաշիները։

Մեզ ահազանգած գյուղացիները նաև պնդեցին, որ նշված գործարանը կաշին չի վերամշակում այնքան լավ, որ դրանից կոշիկ ստացվի։ Նրանք ասացին, որ գործարանն ինքն էլ մինչև մի որոշակի փուլ վերամշակում է կաշին, ապա դրանից հետո արտահանում։ Այնպես որ, կոշիկի արտադրությունը Հայաստանում այս որոշմամբ ոչ մի կերպ չի զարգանում, այլ ընդամնեը տուժում են գյուղացիները։

Այս որոշումն ընդունելուց առաջ կառավարությունն ուսումնասիրել էր, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի  1 տոկոս նվազման դեպքում կաշվի և կոշիկի  արտադրության ծավալներն ավելանալու են 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով, և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով:  ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում, ըստ կառավարության, կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղեր:

Yerkir.am-ը հարցում ուղարկեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե արդյո՞ք հունիսի 3-ից հետո, որբ կառավարությունը ընդունել է այս որոշումը, Ar-Leather/ARMA ընկերությունը ստեղծել է խոստացած 150 աշխատատեղը։ Արդյո՞ք այս ընկերության՝ պետությանը վճարած հարկերը որևէ կերպ ավելացել են հունիսի 3-ից հետո։ Արդյո՞ք վերագործարկվել են կաշի վերամշակող այլ ընկերություններ և ստեղծվե՞լ է 300-350 նոր աշխատատեղ։ Կոշիկ արտադրող քանի՞ նոր ընկերություն է բացվել հունիսի 3-ից հետո, իսկ եղածները որքանո՞վ են ավելացրել արտադրական ծավալները։ Պատասխանն ստանալուց հետո կներկայացնենք մեր ընթերցողին։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ չվերամշակված հումքի արտրահանման արգելքը տեղական արտադրությունը կխթանի այն դեպքում, եթե դա անելուց առաջ պետությունը օգնի բացել տեղում վերամշակող նոր ձեռնարկություններ և վերահսկի, որ տեղում իրացվի առաջարկվող ամբողջ խմբաքանակը։ Հակառակ պարագայում, եթե մենք թողնենք մենաշնորհ վիճակ, և թողնենք մենաշնորհատիրոջ հայեցողությանը, ուրեմն այդ մենաշնորհ վիճակը տնտեսվարող սուբյեկտին տալիս է ավելի բարձր եկամուտներ ու շահույթներ, ինչի պարագայում նա կարող է և չզարգացնել արտադրությունը։

«Այդ պարագայում պետությունը մխրճվում է մեջտեղ և ասում՝ կա՛մ այսպես պիտի տեղի ունենա արտադրությունը, կա՛մ ընդհանրապես դուք դադարեք աշխատելուց։ Որովհետև ստացվել է այնպես, որ այդ մոնոպոլ իրավիճակը ստեղծում է պայմաններ, որ այդ ոլորտում զբաղվածը բավարարվում է իր արդեն իսկ մեծ շահույթով։ Մրցակցությունը խթանելու համար պետք է ստեղծել նաև նորերը, որ մթերումը շատ լինի, կարողանան այդ մթերվածը վերամշակել»,-ասաց տնտեսագետը։

Նա համոզված է, որ հնարավոր է կաշին տեղում այնպես վերամշակել, որ կոշիկ կարելու համար պիտանի դառնա, պարզապես նրանք, ովքեր հակված չեն շատ մթերում իրականացնելու, պետք է ասեն՝  մեր կաշին լավը չէ, դրանից կոշիկ լավ չի ստացվում։

«Նման բան չկա, ցանկացած պարագայում տնտեսվարող սուբյեկտը թաքնված՝ միայն իր շահն է հետապնդում, իսկ դա դեռևս քիչ է պետության համար»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Պետությունը, նրա խոսքով, պետք է այնպիսի միջամտություն անի, որ ապահովեն նաև պետության շահը։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica