close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախաձեռնողականությունը լիովին թողել ենք թշնամուն և հայտնվել ընդամենը արձագանքողի դերում․ Մհեր Հակոբյան

Հասարակություն

28 Հուլիսի 2021, 15:56
 Նախաձեռնողականությունը լիովին թողել ենք թշնամուն և հայտնվել ընդամենը արձագանքողի դերում․ Մհեր Հակոբյան

Թշնամին, համենայն դեպս, սրում է սահմանին իրավիճակը, հետագայում զարգացման այս կամ այն ուղղությունը տալու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ խոսելով Վերին Շորժայի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական բախման մասին, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և վիրավորներ ունեցավ։

«Երբ կողմերից մեկն ունի ռազմավարական նախաձեռնություն, ինքն անում է որոշակի գործողություն, որի արդյունքում հետագայում, ըստ հնարավորության, գործընթացին տալիս է զարգացման այս կամ այն ուղղությունը։ Հիմա մեր թշնամին ունի ռազմավարական նախաձեռնություն և, համենայն դեպս, սրում է սահմանին իրավիճակը, և հնարավոր հետագա զարգացումների դեպքում թողնում է իր համար գործողությունների ընտրություն։ Սա շատ վատ տարբերակ է, որովհետև նախաձեռնողականությունը լիովին թողել ենք թշնամուն և ընդամենը հայտնվել արձագանքողի դերում»,-ասաց ռազմական փորձագետը։

Նա ընդգծեց, որ սահմանին սրացումը, ըստ տարածված տեղեկությունների, Մոսկվայում բանակցություններին զուգահեռ է, և, ըստ իրավիճակի, սրումը կա՛մ կհանգի, կա՛մ հետագա զարգացում կստանա։

«Երկու դեպքում էլ վատն այն է, որ թշնամին լիովին պուլսը պահում է իր ձեռքում, որևէ դեպքում մենք չենք ստեղծում իրավիճակ, որ թշնամին կորցնի հսկողությունը իրավիճակի վրա, իսկ դա շատ վատ է, որովհետև դա լկտիացնում է թշնամուն»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Մենք, նրա համոզմամբ, ամենից առաջ պետք է ձգտենք ռազմավարական նախաձեռնությունը գոնե վիճարկել, եթե չբերենք մեր ձեռքը, գոնե վիճարկել, որ թշնամին իմանա՝ որ ինչ-որ իրավիճակում կարող է գործընթացը դուրս գալ վերահսկողությունից։

«Կենցաղային օրինակով՝ ոնց որ մեկի վրա, համենայն դեպս, գոռաս, ըստ իրավիճակի կա՛մ զարգացնես կռիվ և անցնես հայհոյանքների և ծեծի, կա՛մ ուղղակի լռես։ Այսինքն, դու ոչինչ չկորցրիր, բայց ունեիր առիթի դեպքում հնարավորություն։ Հիմա մենք այդ վիճակում ենք, ցավոք»,-ասաց նա։

Մհեր Հակոբյանի համոզմամբ՝ նույնիսկ փոքր և թույլ պետությունը պետք է կարողանա պաշտպանվել, քանի որ հակառակ դեպքում բանակցությունների ընթացքում խոշոր պետությունները փորձելու են ցավոտ, ինչ-որ մի տեղ նաև մեր հաշվին իրենց շահերը առաջ տանել։

Նրա համար տարօրինակ չէ, որ Մոսկվայում դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր բանակցություններն ընթանում են հայկական կողմից լիակատար տեղեկատվական բլոկադայի պայմաններում, և միայն Ադրբեջանի տեղեկատվական ռեսուրսներից է մեր ժողովուրդն այս մասին իմանում։

«Ժողովուրդը ընտրությունը տապալեց՝ գնաց իր բանջարաբոտանայինը մշակելու, ժողովուրդն ո՞վ է, որ ինֆորմացիա տան»,-ասաց նա։

Այսուհանդերձ, նա համոզված է, որ չի կարող այդօրինակ գործընթաց չգնալ․ գործընթացը միշտ է գնում, այլ հարց է, որ քանի որ այդ գործընթացը կոնկրետ արդյունք չի ստանում, մենք չենք իմանում, հիմա եթե գործընթացը արդյունք ունենա՝ օրինակ, դեմարկացիա, դելիմիտացիա, մենք արդյունքը կիմանանք։ Կիմանանք նաև, որ գործընթաց էր գնում։

«Հիմա մենք այդ գործընթացներից դուրս ենք մնում, որովհետև, ցավոք, պոպուլիզմը երբ դառնում է պետական կառավարման տարր, դա շատ վատ արդյունքի է բերում, որովհետև միշտ պետական կառավարման մարմինը պետք է ընդունի որոշումներ, որոնք անհատին դեմ են․ օրինակ, զինվորին բանակ տանելը, ո՞վ կուզի, որ իր երեխան բանակ գնա, պարզ չէ՞, որ միշտ կարող ես մարդկանց ակաջը շոյել՝ ասելով հիմա մենք բանակը կցրենք և խաղաղ կապրենք, ու միշտ ձայներ կստանաս, կամ, ասենք, ասես՝ հարկերը կվերացնենք, կամ ասես՝ որոշել ենք պետբյուջեի փողերը բաժանել ժողովրդին։ Հիանալի արդյունք է, ուղղակի պետությունը կոչնչանա։ Ու մեր իշխանությունը, խաղալով այս զգացմունքների վրա, մեր տիպի մարդկանց համարելով «ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ», անում են այդ և ստանում ենք այն, ինչ կա, և, ցավոք, էլի է լինելու»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Մայիսի 12-ը, նշեց նա, շատ վատ նախադեպ եղավ՝ թշնամին մտավ և մենք չարձագանքեցինք, բայց երբ նայում ենք գործող իշխանության գենետիկան նման հարաբերություններում, ըստ էության, չպետք է նաև արձագանքեին։

«Եթե ավելի շուտ արձագանքեինք․․․ իսկ եթե նորմալ պետականաշինական գործընթա՞ց անցնեինք, իսկ եթե մենք չունենայի՞նք 2018 թ-ից հետո զարգացող իրադարձությունները։ Ինչո՞ւ եմ տենց ասում, որովհետև նախկին իշխանություններն իրենց մեղքերն ունեին, բայց, համենայն դեպս, պատերազմի ժամանակ 2018 թ-ից հետո եկած իշխանությունն էր պատասխանատու։ Իսկ եթե մենք Խաչատուրովին չկոպտեի՞նք, իսկ եթե մենք ՀԱՊԿ-ին չծաղրեի՞նք, իսկ եթե մենք Պուտին-Քոչարյան-Փաշինյան եռանկյունում հարաբերությունները ճի՞շտ կառուցեինք, իսկ եթե մենք վերջին պատերազմը նորմա՞լ ղեկավարեինք, չասեինք՝ ջոկատներ կազմեք և գնացեք սահման։ Այնքան «եթե»-ներ կան, որ այդ «եթե»-ներն իրար վրա դրվելով՝ արդյունքում ունենում ենք այն, ինչ կա»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ պատերազմի ոչ ճիշտ ավարտը դուռ է բացում նոր պատերազմների։ Իսկ Փաշինյանի քարոզչական թեզը, թե՝ մենք իրենց ընկալում ենք որպես թշնամի, դրա համար նրանք էլ մեզ են ընկալում, և փակ շջանից չենք կարողանում դուրս գալ, այս պարագայում կենսունակ չէ։

«Հարգելիս, իսկ դիմացինը ուզո՞ւմ է, որ դու էդ թշնամանքի շրջանից դուրս գաս, սա, ի վերջո, դանիացու և հոլանդացու թշնամությունը չէ, սա քաղաքակակրթական բախում է՝ նստակյաց հայ քրիստոնյայի բախումն է քոչվոր ասիական տարրի հետ, սա ծագումով իրար մոտ ֆրանսիացու ու գերմանացու բախումը չէ, որ ինչ-որ մանրուքից երկու կողմը բարի կամք դրսևորեն, այս բախումը խորքում ունի սոցիալ-հոգեբանական, քաղաքական, քաղաքակրթական արմատներ, դու այդ արմատները պետք է վերացնես, ոչ թե պարզունակ ձեռք մեկնես»,-ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica