close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին. «Հենակետ»-ն ամփոփել է շաբաթը

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 15:29
 Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին. «Հենակետ»-ն ամփոփել է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Հուլիսի 20-ին Մոսկվայում կայացել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ԼՂ թեման: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ նշելով փոխզիջումային լուծումների կարևորությունը, որոնք ամենադժվարն են:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում։ Ըստ նրա՝ ՌԴ-ն պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը՝ Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք կնպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը: Ըստ նրա՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:
Իլհամ Ալիևը տեղական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը փակված է, սակայն Ադրբեջանի ժողովուրդը դժգոհում է, երբ Ֆրանսիայում և Ամերիկայում հայտարարություններ են հնչում, թե հակամարտությունը պետք է կարգավորվի: Ալիևը պնդել է, թե ԼՂ հարցում իր և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են:

Ադրբեջանի նախագահը հավելել է, թե իրենք Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ են արել։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևը նաև դժգոհել է, թե պատերազմից ամենից շատ տուժած երկիրն Ադրբեջանն է, բայց ԵՄ-ն ամենամեծ աջակցությունը՝ 2․6 մլրդ եվրո գումարը Հայաստանին է հատկացնում։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Վրաստանում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը տեղի կունենան «Agile Spirit 2021» միջազգային բազմազգ զորավարժությունները, որին մասնակցելու են նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2,5 հազար զինվորական:

Ալիևի հրամանով՝ գերենալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ու նշանակվել Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ։ Վելիևը 1992 թ-ից ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում։ Նշենք, որ պաշտոնապես շուրջ 7 ամիս է՝ Ադրբեջանը ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ չունի։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե մարտական հերթապահություն և զորքերի ծառայությունը կազմակերպելու նպատակով՝ Ադրբեջանը Մարտակերտի մերձական շրջանում երկու նոր զորամաս է բացել:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ, որով ԱՄՆ-ը օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ ներառյալ ռազմական ոլորտում։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե իրենք մտահոգությամբ են ընդունում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Նա հույս է հայտնել, թե սահմանազատման բանակցությունները շուտով կմեկնարկեն:

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։ Կլաարը երկու կողմերին կոչ է արել ուժերը հետ քաշել և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսել։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարություն է տարածել, որում նշվում է, թե ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, երկու կողմին կոչ է անում թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ևս սահմանային միջադեպերի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել և կողմերին հորդորել հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության գլխավորած բանակցություններին։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին, ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե Ֆրանսիայի իշխանությունները լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին։

Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շարունակում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանի հետ սահմանին։ Նա խոսել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին՝ նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել։ Նա Զանգեզուրն իրենց նախնիների հողն է անվանել՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է Շառլ Միշելի՝ Ադրբեջան այցի ընթացքում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փոխհատուցում է պահանջելու Արցախում՝ մասնավորապես Կովսականում և Քարվաճառում, ոսկի արդյունահանած ընկերություններից: Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանը վերահսկում է օտարերկրյա մեքենաները, որոնք Ղարաբաղ են մտնում «Լաչինի միջանցքով»: «Դրան պետք է վերջ տրվի, սա մեր տարածքն է»,- հայտարարել է նա։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանը ներկայում Քարվաճառի և Բերձոր շրջաններում ռազմական նշանակության ճանապարհների անցկացման ակտիվ աշխատանք է տանում։ Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմելու է 700 կմ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը սկսել է դեպի Քարվաճառ և նրա տարբեր բնակավայրեր ավտոմայրուղու շինարարությունը: Նախատեսում է, որ 80,7 կմ կազմող ճանապարհն ունենալու է 2-ից 4 երթևեկության գոտիներ:

Հուլիսի 25-ին Ալիևն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Ղարաբաղի վերականգնման հարցում սերբական ընկերություների հնարավոր մասնակցության կարևորությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ հոկտեմբերին Բաքվում կանցկացվի՝ «Ղարաբաղի վերականգնման, վերակառուցման և զարգացման» (Rebuild Karabakh) 1-ին ադրբեջանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կներառի 14 բաժիններ:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հայտնել է, թե ընկերությունը սկսել է Շուշի տանող երկաթուղու նախագծման աշխատանքները, որին մասնակցում է նաև թուրքական «Kaylon» ընկերությունը։ Ըստ նրա՝ երկաթուղու նախագծման և կառուցման աշխատանքները երեք ուղղությամբ են իրականացվում ՝ Հորադիզ-Նախիջևան, Շուշի և Ակնա (Աղդամ)։ Ըստ այդմ, արդեն սկսվել են Ակնա-Բարդա գնացող երկաթուղու կառուցման շինարարական աշխատանքները, որոնք տեղական տեղական ընկերություն է իրականացնում։

Ի դեպ, թուրքական «Kaylon» ընկերությունը, որի մասին խոսել է Գուրբանովը, Ադրբեջանում տարբեր ծրագրեր է իրականացնում։

Հավելենք, որ «Kalyon Group»-ը հիմնադիրն է թուրք հայտնի գործարար Հասան Քալոնջուն, ում ընտանիքը սերտ կապեր ունի էրդողանի հետ։ Կան նաև տարբեր տեղեկություններ, որ «Kalyon Group»-ը ներգրավված է էրդողանի տարբեր կասկածելի գործարքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը մտադիր են խորհրդարանների համատեղ հանդիպում անցկացնել Շուշիում, որի ընթացքում կստորագրվի հատուկ հռչակագիր, ինչը նախատեսելու է քաղաքական կապերի ամրապնդում:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նախաձեռնել է Մեքսիկայի, Կոլումբիայի, Բրազիլիայի և Արգենտինայի առաջատար հրատարակությունների և հեռուստաալիքների ներկայացուցիչների այցը Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Ադրբեջանը կազմակերպել է նաև Բաքու այցելած Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության այցելությունն Ակնա (Աղդամ):

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքմենստանի կառավարության ընդլայնված նիստում այդ երկրի ղեկավար Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը հայտարարել է, թե այս տարվա օգոստոս ամսին «Ավազա» գոտում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների երրորդ խորհրդակցական հանդիպումը, ինչպես նաև Թուրքմենստան-Թուրքիա-Ադրբեջան գագաթնաժողովը։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդլայնված կազմով պատվիրակությամբ այցելել է Հյուսիսային Կիպրոս, որտեղ անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, ասել է․ «Այդ հարցում որևէ կասկած չկա։ Մենք մշտապես դա քննարկում ենք և իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»։

Ամերիկյան նավթային «Chevron» ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր ներկայացուցչության լուծարման մասին։ Ներկայում ընկերությունը Ադրբեջանում ոչ մի նախագծի չի մասնակցում, այնինչ նախկինում այն բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։

Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Exxon Mobil» ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ «Exxon Mobil»-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Twitter-ի իր էջում գրել է, թե Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է կրկնապատկել ներդրումները Ադրբեջանի ոչ նավթային հատվածում: Գործակալության պատվիրակությունը Բաքու կժամանի հուլիս-օգոստոս ամիսներին՝ քննարկելու համագործակցության հարցեր:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 22-ին հրապարակել է ՌԴ քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովի գործով դատավճիռը, ով մեղադրվում է իբր հայկական կողմի վարձկան լինելու մեջ։ Դատարանի որոշմամբ Դուբակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո կարտաքսվի Ադրբեջանից։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica