close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էդ կողմերը արդեն չենք տանում, բա ո՞ր խելոք մարդը իր անասունը կտանի թշնամու դեմը․ Վերին Շորժայի համայնքապետ

Հասարակություն

19 Հուլիսի 2021, 15:07
 Էդ կողմերը արդեն չենք տանում, բա ո՞ր խելոք մարդը իր անասունը կտանի թշնամու դեմը․ Վերին Շորժայի համայնքապետ

Գեղարքունիքի Վերին Շորժա համայնքի 300 գլուխ խոշոր և 700 գլուխ մանր եղջերավոր անասունները կորցրել են արոտավայրերը․ գյուղացիները անասուններին էլ սարը չեն տանում, արածեցնում են ադրբեջանական դիրքերից մեկ կիլոմետր հեռու՝ կողքի Կութ գյուղի աղետը դեռ թարմ է, երբ 80 գլուխ անասուն ադրբեջանցիները քշել-տարել էին։

«Նման բանը եթե դու տեսնես՝ տենց քայլ կանե՞ս, որ մոտեցնես։ Չէ՛։ Գյուղացիները հակառակ կողմ են բերում, պահում, վախենում են էլի։ Ռիսկ կանե՞ն, որ տեսել են տենց բան է կատարվել։ Բնական է՝ ուրիշ կողմ են տանում։ Դե հիմա աշխատում ենք եղածով բավարարվենք։ Հակառակ ուղղության վրա ենք տանում, էդ կողմերը արդեն չենք տանում, բա ո՞ր խելոք մարդը իր անասունը կտանի թշնամու դեմը»,-Yerkir.am-ին ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։

Գյուղում ամենամեծ անասնագլխաքանակը հենց իրենն է՝ 120 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի Արտյոմ Երանոսյանը։ Ասում է՝ իր 40 տարվա ստեղծածն է, կափսոսա, որ մորթի։ Բայց արոտավայրի սղության պատճառով հիմա անասնակերի պետք է անցնեն, որի հարցն էլ դժվար է։

«Չգիտենք էլ՝ վաղն ինչ է մեզ սպասվում։ Տարին էլ լավ տարի չի՝ շատ անբարենպաստ տարի է։ Լավ կլիներ, որ էդ ադրբեջանցիների երեսը չտեսնեինք, երևակայի՝ դրանք հետ քաշվեն, ժողովուրդը հանգիստ իրենց տեղը կապրի։ Ամեն ինչ միանգամից է մեզ վրա եկել»,-ասաց նա։

Վերին Շորժայից հետո Վարդենիսի սարատեղն է․ նախկինում վարդենիսցի սարվորները անասունները ամռանն այնտեղ էին տանում, մնում, արածեցնում։ Հիմա նրանք իրենց անասունները այդ կողմի վրա չեն տանում․ այս տարի սարը չեն բարձրացել, դեպի Վերին Շորժայի հատվածում երկու համայնքի անասուններն էլ խցկված են։ Ամբողջ սարերի երկայնքով ադրբեջանցիներն են։ Արտյոմ Երանոսյանն ասաց՝ շարժ չկա, միայն զինվորականներ են։

«Յուրաքանչյուր հայի մտահոգում է այդ ադրբեջանցիների հարցը, կա՞ հայ, որին չմտահոգի, որ թշնամի կա իր տարածքում։ Ես տենց բան չեմ կարողանում պատկերացնել, որ եթե դիմացդ թշնամի է, ու քեզ չմտահոգի։ Ո՞նց կարա տենց բան լինի»,-ասաց նա։

Կողքի՝ Կութ գյուղի գյուղացիներն էլ խոտը ձեռքով են հնձել՝ գերանդիով, ադրբեջանցիների ներկայության պատճառով ռիսկ չեն անում տեխնիկա մտցնել։ Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանի խոսքով՝ դեռ հնձել են, հայտնի չէ, թե ինչպես են տեղափոխելու։

Գողացած 80 անասունների դիմաց ՀՀ կառավարությունը դեռ չի փոխհատուցել։ Ոչ էլ քայլեր են արել՝ ադրբեջանցիներից գողոնը հետ ստանալու ուղղությամբ։

Թշնամին Սյունիքի և Գեղարքունիքի ինքնիշխան տարածքում է մայիսի 12-ից։ Գեղարքունիքի Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ է Ադրբեջանը խախտել սահմանը՝ առաջ գալով մի քանի կիլոմետր։ Թշնամու մշտական ներկայությունը խաթարել է հայ գյուղացիների անդորրը, խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներին։ Վախը մարդկանց միջից դուրս չի գալիս։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica