close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավալի է տեսնել այն ծաղրը, անլուրջ մոտեցումը, որ կա Սահմանադրության հանդեպ․ Պարգև Օհանյան

Հասարակություն

13 Հուլիսի 2021, 22:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավալի է տեսնել այն ծաղրը, անլուրջ մոտեցումը, որ կա Սահմանադրության հանդեպ․ Պարգև Օհանյան

Այգեկցու առակի պես՝ եթե աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է, այս դեպքում էլ հենց ինչ-որ բան չի ստացվում՝ Սահմանադրությունն է մեղավոր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ խոսելով Սահմանադդրական դատարանում ընտրությունների արդյունքը վիճարկելու գործընթացի մասին։

Հրաժարական տալուց հետո վարչապետի՝ իբրև ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելը և ընտրությունների ընթացքում վարչական լծակներն օգտագործելը նախկին դատավորը ևս համարում է օրենքին հակառակ գործելաոճ։

«Պարզ գրված է՝ օրենքը կրքերից զուրկ տրամաբանություն է։ Եթե տրամաբանություն չկա, օրենք չկա։ Օրենքը ասում է՝ նախագահը ընդունում է կառավարության հրաժարականը և կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել, ոչ թե վարչապետը, այլ կառավարության անդամները։ Այսինքն, պարզ է, որ տեղակալներից մեկը պիտի փոխարինի վարչապետին»,-ասաց նա։

Նրա համար էլ, որպես իրավաբանի, ցավալի է տեսնել այն ծաղրը, անլուրջ մոտեցումը, որ կա Սահմանադրության հանդեպ։

«Ես չեմ ուզում աշխատել, հրաժարական եմ տալիս, չեմ ուզում՝ ոչ թե ինձ ստիպում են, այլ չեմ ուզում, եթե չեմ ուզում՝ ո՞նց եմ մնում, շարունակում, դիմումը գրում եմ՝ գնացի տուն, վերջ։ Այդպիսի օրինակներ համաշխարհային պատմության մեջ շատ կան․ Ջորջ Վաշինգտոնի ժամկետը լրացել է՝ գնացել է իր ֆերման, համոզել են՝ արի, ձգենք, չէ՛, չի եկել, Հռոմի կայսրը ասել է՝ որ իմանաք, թե ինչ լավ կաղամբ եմ աճեցնում, չեք համոզի, որ գամ՝ գնացել է։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞նց ես ասում, որ դու պիտի պաշտոնավարես»,-ասաց Պարգև Օհանյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Փաշինյանն այդ ընթացքում անգամ հրամաններ է ստորագրել՝ այս համայնքապետին հանել, այն մյուս կուսակցականին՝ հեռացնել։ Սրանից կոպիտ խախտում, ըստ նրա, չկա։

Նախկին դատավորի համոզմամբ՝ եթե իսկապես ժողովրդավարություն է, ապա պիտի ընտրության արդյունքները ՍԴ-ում անվավեր ճանաչվեն։

Սյունիքի համայնքապետերի, այլախոհների հանդեպ հալածանքներն ու քաղաքական հետապնդումները նա որակեց ցածր մակարդակի անձնական վրեժխնդրություն։

«Վարչապետի, նախարարի, ԱԱԾ պետի մակարդակով անձնական վրեժ է․ դու իմ ասածը չարեցիր՝ ես քո գլխին սա կանեմ։ Ուղղակի դա այնքան ցածր մակարդակի է արվում է, որ ամոթ է, ուրեմն մենք պետություն չենք, այդ Սահմանադրությունը ճղենք-գցենք, եթե տենց է։ Դու գյուղապետ, բժիշկ, էլ չեմ ասում պրոֆեսոր, ղեկավար, ձերբակալում ես, ինչո՞ւ ես ձերբակալում․ օրենքն ասում է՝ ձերբակալում են երկու դեպքում՝ եթե բռնվել է հանցանքի վայրում և եթե նրա վրա մատնացույց են արել, այսինքն, գողությունը եղել է, չեն բռնել, բայց մեկն ասում է՝ ա՛յ, ինքն էր գողը։ Այդ պահին տաք-տաք ձերբակալում են։ Ձերբակալումը ժամանակավոր միջոցառում է, որ չփախնի և այդ երեք օրում պարզեն՝ կալանքի ներկայացնե՞ն, թե՞ չներկայացնեն։ Գրավը պիտի լայնորեն կիրառվի, որը չի արվում, էլի ակնհայտ ապացուցելով, որ ձերբակալելով պատժում են։ Օրենքն ասում է՝ խափանման միջոցն իր մեջ չպետք է պարունակի պատժի տարրեր․ թքած ունեն, ձերբակալում ես տնից, անկողնուց։ Սրանք տխուր, շատ տխուր բաներ են»,-ասաց նա։

Նախկին դատավորի համար նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ են կալանավորում։ Եթե պատճառաբանությունն այն է, որ փախչելու է, ապա պետք է այնպես անել, որ չփախչի։

«Դու վերցրու գրավ, եթե պիտի փախնի, էդ գրավը քեզ կմնա՝  ջհանդամը փախնի, բա գրավը հենց դրա համար է, որ փախնի։ Անձնաակն երաշխավորությունը նրա համար է, որ փախնի՝ երաշխավորն իր պատասխանատվությունը կրի, գումարը գնա պետությանը։ Ինչքան շատ փախնեն, էդքան պետությանը օգուտ է, թող փախնի։ Հետո, ո՞ւր պիտի փախնեն, դոկտոր-պրոֆեսորն ո՞ւր պիտի փախնի, իր կլինիկան, ընտանիքը թողնի՝ փախնի՞, ասում է՝ կարող է ազդել վկայի վրա․ թող ազդի, ապացուցեք՝  5 տարի ավել պատժեք»,-ասաց Պարգև Օհանյանը։

Վրիժառությունը պատիվ չի բերում և՛ արդարադատությանը, և՛ պետությանը, և՛ մեր միջազգային համբավին՝ ասաց նա։

«Ասենք, հայտնի բժիշկը, ղեկավարը ի՞նչ գործ ունի բանտում, կալանքի տակ, դու դատավճիռ ունե՞ս։ Եթե ուզում ես քեզ հարգեն, սիրեն, դու պիտի ոչ միայն բավարարվես այն ձայներով, որ ունես, այլ այնպես պահես, որ հարգեն նաև հակառակորդները»,-նշեց Պարգև Օհանյանը։

Նա փաստեց, որ բոլոր իշխանություններն էլ ձգտում են, որ դատական իշխանությունը դարձնեն կառավարելի։ Բայց արդարադատության հետ դա աղերս չունի։ Դա, ասաց, քննադատելի է, և հիմա նույնը կատարվում է։ Նախկին դատավորի կարծիքով՝ հիմա դատավորների «վախը պիտի չափվի» և դա ոնց որ հաջողվում է՝ ըստ ԲԴԽ-ում նոր իրավիճակի։

«Մենք գիտենք, չէ՞, ոնց եղավ ՍԴ-ում․ ամեն դեպքում ոչ ոք քարից չէ, բոլորն էլ՝ դատավոր, թե դատախազ, մարդ են։ Պիտի շատ բարձր գաղափարներ կրող լինես, որ գնաս նահատակության, որ՝ ինչ ուզում ես արա, էս է ճիշտը»,-ասաց նա։

Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց օրենքի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը, որով քրեական գործ էր հարուցվել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պարգև Օհանյանն ասաց՝ չի ուզում ասել, որ «դաբրո կար»՝ արվեց, ուզում էին Պուտինին հաճոյանալ, այլ հակված է մտածելու, որ հասկացան, որ փակուղի է այդ գործը, որ գնար ՄԻԵԴ՝ խայտառակվելու էին, այդտեղ գործ չկար, հոդվածը հոդված չէր, մեղադրանքը մեղադրանք չէր, և հակասահմանդրական ճանաչելը պարզապես լուծում էր և լավ լուծում էր․ «Լավ կլինի՝ այդպիսի լուծումներ շատ գտնեն, որովհետև այս վիճակը լավը չէ, սա ցածր վիճակ է»։

Այլ հարց է, որ պետության ղեկավարը, ըստ նրա, պետք է հոգատար հոր նման լինի։

«Էդ լավ է, որ գնաս՝ խոնարհվես, զոհվածի մոր ձեռքը համբուրես, բայց դու պիտի սրտացավ լինես նաև նախկիների հանդեպ, պիտի հոգատար հայր լինես, սիրես թշնամուդ, հաշվի նստես, կանչես բոլորին, նստեն, քննարկեն, ասեն՝ դնենք սաղ մի կողմ, ո՞նց անենք այս օրհասական վիճակից դուրս գանք»,-ասաց նա։

Պարգև Օհանյանը օրինակ բերեց Վարդանանց պատերազմը, երբ հավաքվում են բոլոր իշծանները, որ տարիներով կարող է իրար հետ չեն շփվել, հավաքվում են՝ ինչ անեն, ամեն մեկն իր ռեսուրսն ունի։

«Այնինչ այսօր մեր ժողովրդի մեծ մասը պատրաստ է թուրքի, պարսիկի տիրապետության տակ ապրելու, մենակ թե, ըստ իրենց ընկալման, կուշտ լինի ու խաղաղ լինի․․․ լացելու բան է, չգիտեմ գլուխս ուր մտցնել այս խոսքերը ասելիս»,-ասաց նա։

Պարգև Օհանյանը հավելեց՝ իր համար հիմա այնքան երրոդական է՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա, դեմոկրատիա կա՞, թե՞ չկա․ պետությո՛ւն պահել է պետք, պետություն ենք կորցնում։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica