close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մեր հայրենիքն է, իսկ Շուշին կա ու կմնա հայկական․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

29 Հունիսի 2021, 20:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մեր հայրենիքն է, իսկ Շուշին կա ու կմնա հայկական․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի ելույթը «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ։

Սիրելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, հայրենակիցներ

Ուղիղ մեկ ամիս առաջ այս հարթակից «Հայաստան» դաշինքի մեր թիմը  հանրությանն էր ներկայացնում մեր պետականությունը քաղաքական, տնտեսական, անվտանգային, արժեքային ճգնաժամից դուրս բերելու՝ իր նախընտրական ծրագիրը, առաջնահերթություններն ու մոտեցումները: Այն բխում էր դավադիր պատերազմի ծանրագույն կորուստները մեղմելու, արձանագրված խորքային խնդիրները լուծելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու նպատակից:

Այսօր էլ մեր գործողությունների հիմքը հաղթանակներ ապահովելու ունակ մեր թիմի փորձառությունն ու վճռականությունն է:

«Հայաստան» դաշինքում համախմբված ուժերին և անհատներին մի կողմից միավորում է երկրի օրհասական վիճակը, պետականության կորուստը կասեցնելու կամքը, մյուս կողմից՝ մեր ժողովրդի, նրա ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։

Այսօր՝ ԱԺ արտահերթ ընտրությունից տասն օր անց, ցավով արձանագրում ենք, որ պոպուլիզմն ու անպատասխանատվությունը շարունակում են գերիշխել։ Ընտրությունների հրապարակված արդյունքները չարդարացրեցին ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլ նաև Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցների զգալի հատվածի սպասելիքները։

Ընտրությունների արդյունքները մենք վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում:

Բայց մենք նաեւ կատարվածը վերլուծելու, մեր թերացումներն արձանագրելու, ապագայի համար դասեր քաղելու պարտավորության առջև ենք։

Ընտրություններից հետո՝ այսօրվա դրությամբ, պատկերը հետևյալն է՝ մենք ունենք, մի կողմից, երկիրը պարտության տարած, ապազգային, անկարող և անպատասխանատու իշխանություն, մյուս կողմից՝ երկրին հաղթանակներ և վերելքներ ապահոված, ազգային, մեր ժողովրդի ապագայի նկատմամբ պատասխանատվություն ունեցող ընդդիմություն:

Այս խայտառակ ընտրությունների պայմաններում «Հայաստան» դաշինքի կողքին է կանգնել առնվազն 270 հազար քաղաքացի: Երախտագիտություն հայտնելով մեզ վստահողներին՝ համոզված եմ, որ նրանց թիվը շատ ավելին է: Փաստ է՝ ուժեղ Հայաստանի կերտման համար անհրաժեշտ բազմահազար, գիտակից մարդկանց ներուժն առկա է:

Սիրելի՛ համախոհներ, մեր անելիքները շատ են: Մենք պարտավոր ենք կազմակերպված, քրտնաջան աշխատել։ Մնում է չհուսալքվել, չմտածել արտագաղթելու մասին: Մենք շատ ենք: Պետք է կազմակերպվենք և ընդլայնենք մեր պայքարը:

Մենք հանդես ենք գալու որպես արմատական ընդդիմություն, շարունակելու ենք պետականության, մեր վիրավոր արժանապատվության վերականգնման համար պայքարը։ Մեր քաղաքական օրակարգը մնում է նույնը՝ Հայաստանում հաստատել ազգային պետականություն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանությունը։

Թույլ չենք տալու, որ մեր անցյալը սևացրած, մեր հաղթանակները վաճառած արկածախնդիրները մղձավանջային դարձնեն մեր ներկան և հավակնեն զրկել մեզ ապագայից։

Մեր օրակարգերն առաջ ենք տանելու քաղաքական պայքարի բոլոր հարթակներում։

Մենք շարունակելու ենք պայքարը սահմանադրականության, պետական ինստիտուտների կայացման, մեր ազգային արժեքների ամրապնդման համար։ Ստի, կոռուպցիայի, ամբարտավանության, սոցիալական անարդարության, ապիկար կառավարման նկատմամբ լինելու ենք անհանդուրժող:

Համոզված եմ՝ սրանք ընդունակ չեն ոչնչի։ Սրանց ձախողումներն իրենց մաշկի վրա զգալու է ամեն մի ընտանիք։ Սրանք միայն դժբախտություն են բերում։ Եվ մենք սրանց իշխանության վախճանն ամեն օր մոտեցնելու ենք։

Մենք պետք է հակազդենք դավաճանական մեկ այլ ծրագրի, որն արդեն տևական ժամանակ սրանք փորձում են կյանքի կոչել։ Հետեւողականորեն Արցախը՝ Արցախի Հանրապետությունն ու Արցախի ապագան, դուրս են մղվել մեր երկրի ու ժողովրդի օրակարգից։ Արցախն անտերության է մատնվել: Արցախի մասին չեն խոսում։ Արցախի պաշտպանության մասին չեն խոսում։ Այդ ուղղությամբ գործ չեն անում: Ձեռքերը լվացել են Արցախյան խնդրից։

Ավելին՝ իրենց դավաճանությունը քողարկելու համար պետական մակարդակով համոզում են մեր ժողովրդին, որ Արցախը բեռ էր, որից ազատվեցինք։

Մենք չպետք է դա թույլ տանք։ Արցախին մենակ չպետք է թողնենք։ Ու հիմա Արցախը մեր կարիքն ունի։ Մենք նրա թիկունքին պետք է կանգնենք:

 Կյանքը ցույց տվեց, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը։ Չկա Արցախ, չկա Հայաստան: Մեր համազգային պայքարը, նպատակները սրանք չեն կարողանալու մեզանից խլել։

Հետևաբար, Արցախը մեր Հայրենիքն է, իսկ Շուշին կա ու կմնա հայկական:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք շարունակելու ենք պայքարը: Շարունակելու ենք ազատագրել մեր ժողովրդին կեղծիքից, ստից, մանիպուլյացիայից։ Մեզ սպասում է դժվար աշխատանք մեր ամեն մի հայրենակցի հետ, որ արթնացնենք նրա մեջ վեհն ու արժանապատիվը, որ կարևորվի կիրթն ու գեղեցիկը, հաղթածն ու գլուխը վեր պարզածը, որ դիմագրավենք իշխանական կեղծ ու լկտի քարոզչությունը։ Ամեն մեկս գործ ունենք անելու։

Սա է մեր այսօրվա մարտահրավերը՝ առանց դադարի աշխատանք:  Սա է մեր առաքելությունը։

Մենք շարունակելու ենք չարիքի իշխանության դեմ պայքարը։ Մենք ստանձնում ենք արժանապատիվ, ուժեղ պետություն կառուցելու համար պայքարի պատասխանատվությունը։

Վստահ եղեք՝ մենք միասին  սրանց հեռացնելու ենք և պետականությունը վերադարձնելու ենք ժողովրդին:

Վստահ եղեք՝  մենք արժանապատիվ ազգ ու պետություն ենք դառնալու և

Հայաստանը դարձնելու ենք ապրելու երկիր:

Կեցցե՛ Հայ ազգը,

Կեցցե՛ Արցախը,

Կեցցե՛ Հայկական սփյուռքը,

Կեցցե՛ Հայաստանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica