close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվա Հայաստանը Պաղեստին է․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

23 Հունիսի 2021, 12:53
 Այսօրվա Հայաստանը Պաղեստին է․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

«Երկու օր է` ինտելեկտուալ շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչ է լինելու։ Սրանք կարևոր հարցեր են՝ թե՛ պետության հեռանկարի, և թե՛ անձնական անելիքի հարթությունում, բայց պետք է հասկանալ, որ էմոցիան այստեղ լավագույն «գործընկերը» չէ։ Պետք է հարցերին պատասխանել հնարավորինս առանց դրա։

Ինչ կատարվեց 

Պետության խոշոր փլուզումների` սկսված և ընթացքի մեջ գտնվող պրոցեսում հայ ժողովուրդը դրսևորեց պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ։

Սա է «ինչ կատարվեց» հարցի ամենահամառոտ պատասխանը։ Չլինեին ընտրությունները՝ դա կլիներ սահուն պրոցես, բայց եղան արտահերթ ընտրություններ ու մենք դա ֆիքսեցինք կտրուկ։ Բայց դա ֆիքսեցին նաև մեր հակառակորդները և մեր դաշնակիցները։ Եվ պատահական չէ, որ օտարերկրյա փորձագիտական շրջանակների գնահատականներում կարմիր գծով գնում է «ինքնասպան պետություն» ձևակերպումը։

Ինչ է լինելու

Պետության փլուզման ինտենսիվությունը ուժեղանալու է, այն ստանալու է ձևակերպված փաստաթղթերի տեսք։ Եվ, ըստ այդմ, շատ բաներ դառնալու են անշրջելի։

Ադրբեջանն ու Թուրքիան անելու են ամեն ինչ, որ մենք միշտ լինենք Պաղեստին։ «Պաղեստին» գաղափարի տրամաբանությունը կիսակայացած միավորն է։

Իսրայելական հրիթառակոծումից, հարյուրավոր զոհերից հետո հաջորդ օրը Պաղեստինը առանց հետևություն և հիշողություն վերադառնում է բնականոն կյանքի` մինչև հաջորդ միջադեպը և հաջորդ հրթիռակոծումը։ Ինչու՞. որովհետև Պաղեստինը Չպետություն է։ Այնտեղ գործում են այլ կենսական օրենքներ և մեխանիզմներ։

Պատերազմ-պարտություն-անթիվ անհամար զոհեր-ճոխ աղմկոտ հարսանիքներ-կորստի գաղափարի բացակայություն- ընտրություններ՝ վերարտադրություն-բնականոն կյանք։ Սա էլ մեր վարքագիծն է, որ հենց այնպես չի լինում։

Կա պարզ մի իրողություն, որը մենք պետք է ընդունենք. 1991-ին անկախություն ստացած պետությունից ոչինչ չի մնացել։ Փոխվել է

■ Պետության տարածքը

■ Բնակչության թիվը

■ Կշիռը

■ Նպատակները

■ Մեր երազանքները

■ Մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին

■ Մեր տոնացույցը

■ Հայկականությանը միավորող գաղափարները

■ Մեր հեռանկարը

Ունենք նոր Հայաստան. էլ նորը ինչպե՞ս է լինում՝ 2.5 տարում փոխել պետության և ժողովրդի բոլոր հիմնական պարամետրերը՝ դարերի հնության և գալիքի տիրույթում։

Այսօրվա Հայաստանը Պաղեստին է։ Կիսապետություն՝ ուժեղ գիշատիչ պետությունների կողքին, այլ երկրների հատուկ ծառայությունների պայքարի արենա։

Ինչ մնում է մեր պետական և ազգային երազանքներին, ապա դրանք հիմա գտնվում են զրոյական մակարդակի վրա՝ մինչև մեր թշնամիները ու դաշնակիցները մեզ համար կձևավորեն նորը։

Առաջիկայում ստորագրվող փաստաթղթերով ամրագրվելու է անշրջելիության առանցքը։ Ամեն մեկը ստանալու է իրենը՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Մեզ համար կսահմանվի կիսապետության կարգավիճակ, որի սահմանները միառժամանակ կպահեն ռուսները, որի առանցքային ճանապարհներին /հասկանալ` միջանցքները/ կպարեկեն ռուսները։

Նման պայմաններում խոսել ազգային պետության, ազգային երազանքների, Հայաստանում հոգևոր, գիտական, մշակութային արժեքների ստեղծման մասին՝ ծիծաղելի է։ Մենք, իհարկե, զուտ գենետիկ հիշողության հաշվին կտանք տաղանդավոր դեմքեր՝ այլ պետությունների՝ այլ միջավայրերում։

Թուրքիան ունի լուծելու ևս մեկ հարց և հիմա այն հաջողությամբ իրականացնում է՝ քանդել հայկական աշխարհը։ Հայաստան-Արցախ-սփյուռք համակարգը գրեթե քանդված է, բայց Թուրքիան հասկանում է, որ Հայաստանի` որպես պետության վերածննդի ամենակարևոր գործոնը դա է, ու հենց այդ ռիսկը պետք է վերացնել։

Արցախը գրեթե չկա, այն այս պահին անուժ է, իսկ ապագան՝ անորոշ։

Սփյուռքի մասով՝ նույն ինտենսիվ պրոցեսներն են, և դասական սփյուռքի գաղափարն ու հզորությունները ինտենսիվ սպանվում են։ Այս ընտրություններից հետո և ստորագրվելիք փաստաթղթերից հետո՝ այդ սփյուռքն օտարանալու է Հայաստանից՝ հայկական պետությունից։

Այս և այլ` թուրքական հետաքրքրության խնդիրների լուծման ճանապարհին շատ կարևոր է եկեղեցու դեմ պայքարը, ինչը քարոզարշավում ձևակերպվել է որպես նախընտրական թեզ. ուղիղ ասված բառեր են։

Հայկական պետության կազմաքանդման գործում հսկայական կարևորության գործոն է բոլորին բոլորի դեմ թշնամացնելը։ Այսօր հասարակության ատոմիզացիան ահռելի ծավալների է։ Այն մտել է քաղաք, գյուղ, փողոց, շենք, տուն, ընտանիք։ Պետություն քանդելու համար ավելի պարարտ հո՞ղ, ավելի գրագետ քայլե՞ր։

Զուտ ներքաղաքականություն

ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին սպասում է երկու շատ պարզ փորձություն, որը Նիկոլը անպայման և մեծ հաճույքով անելու է.

ա/ Պարգևավճարները

բ/ Ֆունկցիոնալ անիմաստությունը

Շատ արագ նոր ԱԺ-ին տրվելու են պարգևավճարներ։ 3 տարի դա կոռուպցիա, թալան անվանած ընդդիմությունը կանգնելու է ընտրության առաջ։ Եթե ֆինանսապես ապահով ընդդիմադիրները կարող են «սկզբունքային» խաղալ և հրաժարվել, ապա մյուսները կանգնելու են դժվար ընտրության առաջ՝ վերցնելը նշանակում է այլ բան, չվերցնելը՝ իրական պրոբլեմ, որովհետև այդ մարդիկ դժվար են ապրում և եկամտի այլ աղբյուր չունեն։ Եվ հենց ընդդիմադիր խմբակցություններում առաջանալու է նոր լարվածություն, նոր դասակարգային պառակտում։

Մյուս փորձությունը լինելու է առաջին իսկ քիչ թե շատ հնչեղ օրինագծի շուրջ, երբ ընդդիմությունը քվեարկությամբ որևէ ազդեցություն չի կարողանալու գործել։ Խոսել-բարձր խոսել-էլի խոսել... ու հետո քվեարկության վրա ունենալ զրո ազդեցություն։ Նման մի քանի դեպքից հետո ընդդիմության ֆունկցիոնալ արժեքը սրընթաց անկում կապրի։

Եվ վերջում՝ հույսի մասին

Կա՞ արդյոք հույս։ Իհարկե կա, և այն պետք է քննարկել դարձյալ առանց էմոցիաների։ Հայաստանն ունեցել է և առաջիկայում փաստաթղթերով ամրագրվելու են առկա և նոր կորուստները։ Ցավոք, հունիսի 20-ից հետո դա կասեցնելու ռեսուրս չի երևում։

Հետո գալու է համազգային ֆրուստրացիայի փուլը և երկրին պետք է լինելու նոր քաղաքական հոսանք /հոսանքներ/, դա լինելու խեղդվող զանգվածի համար օդանցքը։

Նոր հոսանքներն արդեն ծանր իրողություններից ելնելով պետք է փորձեն կազմել վերելքի ճանապարհային քարտեզը։ Հուսահատ և մաշկի վրա ամեն ինչ տեսած ժողովուրդն այլևս չի դիմադրելու։ Լուռ համաձայնելու է, որ լինի փոփոխություն, որ լինի հրաշք, որ իրենց փրկեն։ Հրաշք չի լինելու, բայց որակական փոփոխությունների հնարավորություն կլինի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica