close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ «Պողոսը» չեկավ հրապարակ (հետպատերազմյան պայքարի 7-ամսյա շրջանի մասին)

Խմբագրի անկյուն

16 Հունիսի 2021, 20:59
 Ինչո՞ւ «Պողոսը» չեկավ հրապարակ (հետպատերազմյան պայքարի 7-ամսյա շրջանի մասին)

Մեկնարկած քարոզարշավով ավարտվեց Նիկոլին «փողոցի» միջոցով, այն է՝ հանրային լայն ճնշմամբ հեռացնելուն ուղղված պայքարի փուլը: Այն տևեց ուղիղ 7 ամիս՝ 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև 2021 թ. հունիսի 9-ը:

Պայքարեց ընտրախավը

Կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնելու անցած 7 ամիսներին տեղի ունեցածի ժամանակագրությունը: Հիշեցնենք միայն, որ այդ փուլում պայքարի ողջ ծանրությունն իր ուսերին էր վերցրել մի շարք քաղաքական և հասարակական շրջանակներից ձևավորված Հայրենիքի փրկության շարժումը: Նիկոլը չհեռացվեց, սակայն հենց շարժման ճնշմամբ նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնք ևս, թեև ոչ այնքան ցանկալի, այդուհանդերձ, Նիկոլին հեռացնելու ճանապարհներից են:

Ով ներկա է գտնվել գոնե մեկ հանրահավաքի, վստահորեն կվկայի, որ հայրենիքի վաճառքով զբաղվող Նիկոլին և իր խունտային հեռացնելու գործին անցած 7 ամիսներին, հիմնականում լծվեց հայ ազգի ընտրախավը (էլիտան) այն է՝ հասարակության գրագետ, պատվախնդիր, հայրենիքի ապագայով մտահոգված և իր արժանապատիվ ապագան հայրենիքում տեսնող հատվածը: Այն հիմնականում ձևավորվում և դսևորվելու հնարավորություն է ունենում գլխավորաբար քաղաքներում և հատկապես Երևանում: Որպես արդյունք` պայքարը ծավալվեց գերազանցապես Երևանում և, որոշ բացառություններով, մարզային մի քանի այնպիսի քաղաքներում, որոնք ակնհայտորեն վտանգվել էին Նիկոլի դավաճանական քայլերի պատճառով:

Պայքարին չմիացան քողարկված և բացահայտ գործող դավաճանները

Պարզորոշ է՝ պայքարին չմիացան նախևառաջ ՀՀ-ում բացահայտ գործող գործակալական ցանցի, հայրենիք, բանակ և ազգային ամեն բան մերժող աղանդավորների ներկայացուցիչները, իշխանության՝ Արցախի վաճառքին մասնակցող հատվածը, դավաճանությանը մասնակից գործարար շրջանակները և նրանց պատվերով հասարակությանը մոլորեցնելու գործին լծված անձինք (համացանցի կամ այլ հարթակների «հաչան շները»), Նիկոլին պաշտպանելու գործում անձնական ինչ-ինչ շահեր հետապնդող կամ վախի ազդեցության տակ գործող գրագետ սրիկաները: Այս խմբում ներառենք նաև «նախկինների» դեմ այս կամ այն պատճառով ատելությամբ կամ վրիժառությամբ լցված անհատներին կամ շրջանակներին: Այդ մարդիկ այդպես էլ չհաղթահարեցին իրենց այդ բարդույթը, չգիտակցեցին պետությանն ու իրենց սպառնացող վտանգի չափն ու աստիճանը և դուրս չեկան պայքարի: Փաստենք նաև, որ մի մասի մոտ ատելությունը պարզապես վերածվել է հիվանդության այն աստիճան, որ նրանք օրը ցերեկով կարող են հայտարարել՝ ավելի լավ է երկիրը թուրքին հանձնվի, քան թե «հներին»: Եվ վերոհիշյալ շրջանակները կա՛մ տներում քաշված լռեցին, կա՛մ բացահայտորեն դեմ դուրս եկան հայրենիքի փրկության պայքարին՝ սատարելով Նիկոլին: Գտնվեցին նաև այնպիսիք, որոնք դիմեցին մանր և պարզունակ խորամանկության՝ հայտարարելով, թե իբր պայքարի դուրս եկած բազմահազար մարդկանց մեջ կան ոմանք, որոնց իրենք չեն ընդունում (նման ճղճիմ պահվածքի պարագայում անգամ ավելորդ ենք համարում հռետորական հարց տալ վերջիններիս` վաճառվող հայրենիքը և կործանվող երկիրը մի՞թե նաև իրենցը չէ):

Ինչո՞ւ «Պողոսը» չեկավ հրապարակ

Հայ հասարակության` ազգային ինքնագիտակցությունից տկար հատվածը, որին այստեղ պայմանականորեն կկոչենք «Պողոս», ևս չմասնակցեց պայքարին: Թե ինչու պայքարին չմիացան քողարկված և բացահայտ գործող դավաճանները, կարծում ենք` կարիք չկա պարզաբանելու, և այստեղ ամեն ինչ «օրինաչափ է»: Վերևում որոշ հանգամանքներ արդեն ներկայացրել ենք դրա առնչությամբ:

Ինչո՞ւ հրապարակ չեկավ նաև «Պողոսը» և չմիացավ պայքարող ընտրախավին, ինչի հետևանքով չհաջողվեց հեռացնել Նիկոլին, և հնարավորություն տրվեց նրան շարունակելու ՀՀ-ի դեմ ուղղված դավադիր ծրագիրը: Առանձնացնենք մի քանի գլխավոր պատճառներ.

• Արցախի հանձնումը և ՀՀ կազմաքանդման գործընթացը տարիների աշխատանքի հետևանք էին, և 2020 թ. տեղի ունեցածը դրա գագաթնակետն էր: Բնականաբար, արևմտյան ծագում ունեցող կազմաքանդիչ ուժերը լավագույնս աշխատել են «Պողոսի» հետ՝ վերջինիս պարզ ու խոպան գիտակցությունը դնելով փորձված տեխնոլոգիաների մամլիչի տակ:
• Հայրենիքի փրկության շարժումը պայքարի հենքում դրել էր ազնվությունը: Հավատ ընծայելով հայ ժողովրդի՝ վճռական պահերին պայքարի դուրս գալու հատկությանը, հույս դնելով հայ տեսակի՝ հայրենի հողի, Արցախի հանդեպ անսահման սիրո և «հող հանձնողին հողին հանձնելու» կարգախոսի ամրության վրա՝ Հայրենիքի փրկության շարժման գործիչները զերծ մնացին գունավոր հեղափոխությունների ժամանակ կիրառվող, աշխարհում փորձված և զանգվածների վրա հզոր ներգործություն ունեցող մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառումից:
• Շարժումը որպես հասարակությանը փողոց դուրս բերելու եղանակ ընտրել էր ազգային հարցերի արծարծումը: Շարժման՝ ամիսներ տևող հանրահավաքների ելույթները, չնչին բացառություններով, նվիրված էին Արցախի դավաճանական հանձնմանը, դիտավորությամբ 5000 զոհեր տալուն, հանձնված շրջաններում ապրած ազգաբնակչությանը տնավեր և գաղթական դարձնելուն, Շուշի բերդաքաղաքի վաճառքին, Արցախի հայոց բազմահազարամյա մշակույթի, գանձերի հանձնմանը, «բանավոր ըմբռնումներով», իսկ իրականում գաղտնի պահված դավադիր համաձայնագրերով Սյունիքի ռազմավարական դիրքերի հանձնմանը և այլն, և այլն: Այդպիսով շարժման քարոզչական հիմնական գործիքակազմում տեղ էին գտել այնպիսիք, որոնք արթնացնելու էին մարդկանց ներսում «հայրենիքը», «Արցախը», «Շուշին», «Հադրութը», «Դադիվանքը», «Ծիծեռնավանքը» և «Կովսականը», «արժանապատվությունը», «հայրենատերը» և այլն: Բավարա՞ր էր դա արդյոք, որպեսզի «Պողոսը» դուրս գար փողոց: Պարզվեց՝ ոչ:
• Շարժման ներկայացուցիչների ելույթներում գրեթե բացակայում էր սոցիալական բաղադրիչը: Կրկին տուրք տալով ազնիվ և ոչ ամբոխավար մոտեցումներին՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները «Պողոսին» հրապարակ բերելու համար չխաբեցին նրան և չհայտարարեցին, որ եթե «Պողոսը» դուրս գա և քշի Նիկոլին, կապրի կուշտ ու երջանիկ: Առաջնային համարելով հայրենիքի կորստին, պետականության խարխլմանն ու ազգային անվտանգությանն առնչվող խնդիրները՝ շարժման ներկայացուցիչները «ստամոքսի» խնդիրը մղեցին հետին պլան: Եվ երբ ազգի և հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդիկ Ազատության և Հանրապետության հրապարակներում, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում ահազանգ էին հնչեցնում՝ գիտակցելով աղետի մեծությունն ու հետևանքները, նույն այդ ժամին «Պողոսը» ըմբոշխնում էր իր բորշչը, դիտում Հանրային հեռուստաընկերության կամ «Ազատություն» ռադիոկայանի մոլորեցնող հաղորդումները, փնթփնթում փողոցում պայքարողների հասցեին և, մոլորեցնող լուրերից հիպնոսացած, խռմփացնում ննջարանում: Եվ քանի դեռ «Պողոսի» բորշչը և ննջարանը տաք են, իսկ հիպնոսացնող լուրերի և քարոզչության պաշարը՝ առատ, «Պողոսը» կմնա կույր՝ որևէ կերպ չտեսնելով հայրենիքին և իրեն սպառնացող աղետը:
• Նիկոլը փայլուն կերպով խաղաց մոլորեցնողի իր դերը և շարունակեց հենվել իր գլխավոր հենասյան՝ «Պողոսի» վրա: Հայրենիքի փրկության համար պայքարը՝ ազգային պայքարը ներկայացնելով որպես «պարզ աթոռակռիվ», «հների վերադարձ», «մտացածին սադրանքներ խաղաղություն բերած իշխանությունների դեմ»՝ Նիկոլ Փաշինյանը, կիրառելով հանրությանը մոլորեցնելու փորձված մեթոդներ, արագորեն իր կողմը գրավեց «Պողոսին»: Ավելին, քաջատեղյակ լինելով «պատերազմ» կոչված բեմադրության ժամանակ դավադիր գործողություններից արնաքամ եղած, պաշտպանական համակարգի դիտավորյալ կազմալուծման պայմաններում բազմահազար զոհեր ու վիրավորներ, տասնյակ հազարավոր անօթևան ընտանիքներ, հարյուրավոր գերիներ ունեցող հասարակության բարոյահոգեբանական վիճակին ու հուզական ապրումներին, Փաշինյանը, պարզ հայրենավաճառի իր դեմքը ծածկելով փրկչի դիմակով, շտապեց հայտարարելու, որ ինքը ոչ ավել, ոչ պակաս հերոս է: Որպես արդյունք՝ իրերի տրամաբանությունը գլխիվայր շրջվեց. նա, ով դավադրաբար հանձնել էր հայրենիքը և սպանդի ենթարկել հայ ժողովրդին, դարձավ «պատերազմը կանգնեցնող», «կյանքեր փրկող», «խաղաղություն բերող» «փրկիչ», իսկ Հայրենիքի փրկության շարժմանը միացողները՝ «դավաճաններ», «պատերազմ ուզողներ», «երեխաներին թուրքի բերան տալ ցանկացողներ» և այլն: Եվ «Պողոսը», որը սարսափած էր պատերազմից, վերստին դարձավ Նիկոլ-Նեռի իշխանության զոհը:

«Մենք աշխատանքային մակարդակում քննարկումներում իմ հրաժարականի պահանջը ձևակերպում ենք «էլիտար բունտ»». Նիկոլի՝ Հայրենիքի փրկության շարժման պայքարի օրերին արված այս արտահայտությունը կարելի է համարել նրա` երկուսուկես տարվա իշխանական կյանքի ընթացքում արած ամենաանկեղծ խոստովանանքը: Փաշինյանն անգամ չերկմտեց բարձրաձայնելու, որ ինքը կապ չունի երկրի էլիտայի հետ և տիպիկ գավառականության մարմնացում է: Բայց մենք հակված ենք այն մտքին, որ այդ ամոթալի իրողությունն ամենևին էլ գավառական միամտությամբ չէ, որ հրապարակավ հայտարարեց նա: Փաշինյանը լավագույնս գիտակցում է, որ իր քաղաքական և սոցիալական հենարանն ամենևին էլ էլիտան չէ: Նա մշտապես իր իշխանության հենարանն է համարել նախորդիվ հիշատակված ուղղակիորեն կամ անուղղակիորեն գործող դավաճաններին և մոլորյալ «Պողոսին»:

Այսպիսով` այս գործընթացների և իրողությունների պայմաններում անցած 7 ամիսներին Փաշինյանի իշխանությունն անցավ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ունեցած դավադիր պայմանավորվածություններով նախատեսված գործողությունների հերթական (հետպատերազմյան) փուլի իրագործմանը: Այս պայմաններում ՀՀ-ն և հայ ժողովուրդը թևակոխեցին հունիսյան ընտրական շրջափուլ:

Ահա և վճռական խոսք ասելու հերթը ժողովրդինն է, որն, իրականության թելադրած բազմաթիվ դրդապատճառներով հիմնականում կողքից հետևեց տեղի ունեցողին, բայց ի վերջո միշտ ոտքի է կանգնել, երբ վերջին պահին շոշափելիորեն զգացել է, որ իր դիրքորոշմամբ է պայմանավորված երկրի լինել չլինելու պատմական երկընտրանքի լուծումը: Այս աստեղային ժամին է, որ ուղենիշները կորցրած ժողովուրդը վերածվում է ազգի:

Վահե Սարգսյան

«Դրօշակ», թիվ 6 (1652), հունիս, 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica