close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի հոգեւոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հասարակություն

15 Հունիսի 2021, 22:47
 Նիկոլ Փաշինյանի հոգեւոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի հոգեւոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել ու գործել, որ նա հեռանա իշխանությունից եւ հնարավոր առանձնության մեջ հաղթահարի իր ներքին ողբերգությունը եւ հոգեբանական, ես կասեի՝ հոգեւոր ճգնաժամը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Հակառակ Մայր Աթոռից հնչող զսպվածության կոչերի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավի շրջանակներում քննադատության սլաքները պարբերաբար ուղղել Հայ Առաքելական եկեղեցուն ու եկեղեցականներին:

Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նման կեցվածքի պատճառները շատ են ու տարբեր, բայց 168.am-ի հետ զրույցում նա առանձնացրել է միայն մեկը՝ «հոգեբանականը». «Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին իսկ օրից ուղղակի մատնված է անճարության, որը իր մեջ ստեղծել է չափազանց դեպրեսիվ հոգեվիճակ:

Մտածում եմ, որ վարչապետի պաշտոնակատարը մեծ դիլեմայի առջեւ է, մի կողմից՝ սեփական անձի մասին գերչափազանցված պատկերացումներ եւ մեսսիական առաքելության հիվանդագին ինքնավերագրումներ, իսկ մյուս կողմից՝ պոզիտիվ արդյունքներ ստեղծելու անկարողություն եւ, ըստ էության, համատարած ձախողումների պատկերներ:

Ակնհայտ է, որ այս երկու իրողությունները համադրելու անկարողությունը վարչապետի պաշտոնակատարի մեջ հանգեցրել է հոգեբանական լուրջ եւ խորը ճգնաժամի: Ապրելու իմաստը չկորցնելու եւ ինքնասպանությունից խույս տալու համար Փաշինյանին ուղղակի օդի պես անհրաժեշտ են մեղավորներ, որոնց ուսերին նա կկարողանա բեռնել իր ձախողումների պատասխանատվությունը: Երեւում է նաեւ, որ այս հակումը Փաշինյանի մեջ այնքան է խորացել, որ կարելի է ձեւակերպել մոտավորապես հետեւյալ կերպ. «բոլորը, բոլորն են մեղավոր, բայց ոչ երբեք՝ ես»:

Մեղավորների ու պատասխանատուների փնտրտուքի ճանապարհին Փաշինյանը կառչում է քիչ թե շատ հայտնի որեւէ հաստատության կամ անձի, եւ զարմանալի կլիներ, որ այդ մեղավորների ցանկի առաջին շարքում նրա կողմից ներկայացված չլինեին եկեղեցին եւ եկեղեցականները»:

Հարցին, թե որն է ելքը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը, իհարկե, կմնար սոսկ մասնավոր անձի ներքին անհամերաշխության մի պատմություն, որպիսիք շատ են հանդիպում հոգեւորականներին իրենց ծառայության ընթացքում: Այս դեպքերում մենք փորձում ենք աղոթքի, հոգեւոր խնամքի միջոցով աջակցել եւ մխիթարություն բերել նման անձանց, ինչպես պատվիրել է Տերը, հրավեր կարդալով. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11․28):

Վարչապետի պաշտոնակատարի պարագային խնդիրն առավել բարդանում է, քանի որ նա զբաղեցնում է բարձրագույն պետական պաշտոն, տիրապետում է ազդեցության կարեւորագույն լծակների եւ ունի հանրային լուրջ ազդեցություն: Հետեւաբար, Փաշինյանի անհատական, ներքին անհամերաշխությունը շղթայական ռեակցիայով առավել լայն ու հանրային ընդգրկում է ստանում: Այսպիսով անհատի մասնավոր դեպրեսիան վերածվում է զանգվածային, հանրային դեպրեսիայի: Այսինքն այն, ինչ ունենք այսօր՝ հասարակական տարբեր խմբերի միջեւ սուր դիմակայություն, խորացող անջրպետներ եւ հանրային անհամերաշխություն»:

«Ուրեմն, հենց Նիկոլ Փաշինյանի հոգեւոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել ու գործել, որ նա հեռանա իշխանությունից եւ հնարավոր առանձնության մեջ հաղթահարի իր ներքին ողբերգությունը եւ հոգեբանական, ես կասեի՝ հոգեւոր ճգնաժամը: Եվ ամենակարեւորը՝ դա պետք է անել ի սեր մեր երկրի եւ մեր ժողովրդի կյանքում համերաշխության վերականգնման: Հետեւաբար՝ հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, որպեսզի առիթ ստեղծվի հանգստանալու թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ բազմատանջ մեր երկրին ու ժողովրդին»,- եզրափակել է հոգեւորականը:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica