close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունիսի 20-ի ընտրությունները պատմական են լինելու ողջ հայության համար

Քաղաքական

15 Հունիսի 2021, 20:09
 Հունիսի 20-ի ընտրությունները պատմական են լինելու ողջ հայության համար

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ Րաֆֆի Տոնապետյանի հետ

‒Ընկե՛ր Րաֆֆի, Դուք ապրում եք Կանադայում: Հեռավորությունը չի խանգարում, որ հայության տարբեր հատվածները իրենց համարեն ազգային մեկ հավաքականության մասեր և ապրեն ընդհանուր հոգսերով: Հայտնի է, որ կանադահայությունը մեր ամենակազմակերպված, աշխույժ համայնքներից մեկնէ: Վերջին տարիներին այստեղ-այնտեղ հայությանը պատուհասած զանազան աղետները իրենց ազդեցությունն են թողնում աշխարհագրական սահմաններ չճանաչող հայաշխարհի վրա: Այդ ամենին ավելանալու եկավ նաև համաշխարհային համավարակը բոլորին թելադրելով սեփական օրակարգը: Նման պայմաններում որքանո՞վ է հաջողվում բնականոն հունի մեջ պահել համայնքի կյանքը, որքանո՞վ է ազգային կառույցներին հաջողվում արձագանքել առկա ու ծագող նորանոր մարտահրավերներին:

‒Լինելով ՀՅԴ Բյուրոյի անդամ, ինչպես և բնակվելով Քվեբեկում` մոտիկից հետևել և, անշուշտ, մաշկիս վրա զգացել եմ, թե համաճարակը ինչպես ազդեց մեր գաղութային կյանքի վրա, և մեր կառույցները՝ Կենտրոնական կոմիտեն, ուղեկից կազմակերպությունները, կենտրոնները, եկեղեցիները, դպրոցները ինչպես արձագանքեցին և ինչպիսի վերաբերմունք դրսևորեցին այս դժվար ժամանակահատվածում: Ասեմ, որ Կանադան այս մեկուկես տարում անցավ համաճարակի երեք ալիքի միջով: Առաջինը սկզբնական օրերին էր, երբ 2020-ի մարտ ամսին հայտարարվեց համաճարակի մասին: Այս շրջանը ձգվեց մինչև հունիսի սկիզբը, երբ դաշնակցային և նահանգային իշխանությունները փորձեցին տարբեր միջոցներով, օրենքներով խստացնել համակարգի գործունեությունը: Անշուշտ, քանի որ Կանադան մեծ երկիր է, և նահանգները տնօրինում են առողջապահական ոլորտները, նրանք փորձեցին նաև տարբեր մոտեցումներ որդեգրել: Ընդհանրապես հայ գաղութը ապրում է Մեծ Մոնրեալում, Մոնրեալ-Լավալում, որոնք Քվեբեկի նահանգում են, հետո Տորոնտոն և Հարավային Օնտարիոն են, որոնք Օնտարիո նահանգում են:Երրորդը Վանկուվեր քաղաքն է, որը Բրիտանական Կոլումբիա նահանգում է: Ինչպես նշեցի, այս նահանգները նաև իրենց առանձին մոտեցումներն ունեին, որոնց պետք է համակերպվեինք: Համաճարակի առաջին ալիքի ազդեցությունը բավական մեծ էր մեր գաղութի վրա, որովհետև մեր եկեղեցիները, դպրոցները, կենտրոնները, գրասենյակները այն հրապարակներն են, որտեղ գաղութի անդամները հավաքվում են, իրար են տեսնում, սուրճ են խմում, միասին ճաշարան են գնում, զավակներին դպրոց են տանում, միջոցառումների, ժողովների են մասնակցում, եկեղեցի են գնում, նշանդրեք ու պսակ են անում: Անշուշտ, այս ամենը ընդհատվեց:

Պետք է շատ արագ կարողանայինք որպես կազմակերպություն մեր առօրյա կյանքը կազմակերպել առցանց, հեռավար ձևով, և այս ամենը հաջողությամբ արվեց: Արդեն համաճարակի հայտարարումից մեկ ամիս անց հնարավոր եղավ, օրինակ, Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումը հաջողությամբ առցանց կազմակերպել, համաճարակի հետ կապված դրամահավաք կազմակերպվեց, որը նույնպես հաջող անցավ, մեր վարժարաններն անցան հեռավար, առցանց դասընթացների, որոնք որոշ դժվարություններից հետո նույնպես որոշ չափով հունի մեջ մտան: Այսպիսով` համաճարակի առաջին ալիքը, որը տևեց մինչև 2020-ի հունիսը, առիթ ստեղծեց, որ մեր կառույցները, հանձնախմբերը, մարմինները մեր գաղութային կյանքը վերակազմակերպեն տարբեր ձևերով: Չնայած 2020-ի ամառը մի քիչ ավելի ազատ անցավ, դժբախտաբար, դրանով ամեն ինչ չավարտվեց: Աշնանը երկրորդ ալիքը սկսվեց, իսկ 2020 թվականի ձմռանը երկրորդին հաջորդեց համաճարակի երրորդ ալիքը: Մեր կազմակերպությունները, կառույցները կարողացան ավելի մասնագիտացած ձևով մեր գաղութային կյանքն առաջ տանել, Հայ դատի աշխատանքներն առցանց իրականացնել հատկապես 2020թվականի հուլիսի պատերազմի ժամանակ, ապա` 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես նաև ոգեկոչել զանազան կարևոր թվականներ, ինչպես, օրինակ, 1918 թ. մայիսի 28-ը, Հայաստանի անկախության տոնը սեպտեմբերին: Այս ամենը դարձավ առցանց միջոցառումների շարք, և պետք է ասել, որ գաղութը ակտիվորեն մասնակցեց այդ ամենին: Իհարկե, ինչպես հայությունը աշխարհի տարբեր ծագերում, կանադահայ գաղութը նույնպես մասնակցեց հանգանակությունների, օրինակ` Արցախի ժողովրդի համար պատերազմի օրերին և դրանից հետո, Լիբանանի մեր գաղութի համար` կապված տնտեսական տագնապի և նավահանգստի պայթյունի հետ, մեր Սուրիո գաղութի ապրած տագնապի առիթով և այլն: Այս ամենը առցանց եղավ, մեր գաղութը ակտիվորեն մասնակցեց այդ հանգանակություններին, և կարող եմ ասել, որ նույնիսկ մի քիչ ավելին արվեց, քան բնականոն կյանքի օրերին: Կարելի եղավ բոլոր ծրագրերն իրականացնել: Մտել ենք հունիս ամիս, պատվաստումների արշավը ընթանում է բավականին լավ, և հույս ունենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին դրված սահմանափակումները կամաց-կամաց կվերանան:Հույս ունենք, որ եթե սեպտեմբերին մեր գաղութային կյանքը առաջվա բնականոն ընթացքը չստանա, ապա շատ մոտ կլինի այդ վիճակին:

Այնուամենայնիվ հուսանք, որ եթե համաճարակի նոր տարբերակներ չլինեն, որոնք կստիպեն իշխանություններին գնալ նոր խստացումների, սեպտեմբերին կյանքն իր բնականոն ընթացքին կվերադառնա:

‒Ընկե՛ր Րաֆֆի, ես միտումնավոր առաջին հարցով չանդրադարձա Հայ դատի ուղղությամբ վերջին շրջանում տարվող աշխատանքներին` մասնավորապես նկատի ունենալով Արցախյան վերջին պատերազմն ու դրա հետևանքները: Տեղյակ ենք, որ տարբեր խնդիրների շուրջ Դուք ամենօրյա գործակցության մեջ եք երկրի իշխանությունների հետ: Ի՞նչ առաջնահերթություններ կան այսօր այս աշխատանքների ծիրում, ի՞նչ է հաջողվել անել, և ի՞նչ անելիքներ կան մոտ ապագայում:

‒Ինչ վերաբերում է Հայ դատի աշխատանքներին, Կանադան միշտ ունեցել է Հայ դատի աշխույժ շրջանային հանձնախումբ, որն իր մասնաճյուղերով, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների անդամների օժանդակությամբ աշխատանքներ է տարել դաշնակցային, ինչպես նաև նահանգային և քաղաքային մակարդակներով: Հանձնախումբը քաղաքական-հարաբերական արդյունավետ աշխատանք իրականացրեց Արցախի պատերազմի օրերին և դրանից հետո՝ բանակցությունների ընդհանուր շրջածիրում: Հետևողական աշխատանքի շնորհիվ Կանադայի կառավարությանը պարտադրվեց կասեցնել թուրքական անօդաչուների բաղադրիչների վաճառքը և ընդհանրապես Թուրքիային ու Ադրբեջանին կանադական զենք-զինամթերքի մատակարարումը: Հայ դատի հանձնախումբը հետապնդեց նաև Արցախի անկախության ճանաչման և անվտանգության հարցերը, ռազմագերիների վերադարձի ապահովումը, մշակութային կենտրոնների պահպանումը, պատերազմից տուժածներին նյութական և այլ տեսակի օժանդակությունների տրամադրման հարցերը, Հայաստանում Կանադայի դեսպանատան հաստատումը, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գծով քայլերի իրականացումը և շատ այլ հարցեր: Ուզում եմ նաև ընդգծել, որ համաճարակի օրերին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հնարավոր եղավ մի կալվածք ձեռք բերել, որն ապագայում պետք է դառնա Հայ դատի Կանադայի շրջանային հիմնական գրասենյակը:

Այս մեկը Կանադայի շրջանի տարիների ծրագիրն էր, և պատեհ առիթն օգտագործվեց, որպեսզի կալվածքը ձեռք բերվի, և Հայ դատի հանձնախումբը մայրաքաղաք Օտտավայում ունենա իր մշտական հասցեն: Վերջապես նշեմ, որ Հայ դատի հանձնախումբն ունի իր լիաժամ աշխատող գործավարը, որն ամեն օր հետապնդում է Հայ դատի այս աշխատանքները` գործակցելով Հայ դատի շրջանային և տեղական հանձնախմբերի հետ:

‒Մոտիկից հետևելով` Դուք իրազեկ եք նաև Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի գաղութների կյանքին: Հակիրճ ներկայացրեք, խնդրում եմ, նաև այս համայնքների առջև ծառացած խնդիրները և հատկապես Հայ դատի, Արցախի ու Հայաստանի դիմագրաված դժվարին փորձությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

‒Այո՛, գործի բերումով մոտիկից հետևելով Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի մեր կազմակերպական օղակների առօրյային` կարող եմ հաստատել, որ համաճարակի առումով այս երկրներում ևս կացությունը շատ տարբեր չէր, ինչպես որ էր Կանադայում: Անշուշտ, մոտեցումները և համաճարակի թողած ազդեցությունները կամ վերքերը տարբեր են:Ավստրալիայի իշխանությունները առաջին օրերից շատ ավելի խստապահանջ ձևով մոտեցան կացությանը,և արդեն ամիսներ ի վեր կացությունը այնտեղ բարելավված է, և ժողովուրդն ազատ է` դուրս գալու, հանդիպելու, ժողովներ գումարելու: Այդ իմաստով Ավստրալիան որոշ չափով վերադարձել է բնականոն կյանքին: Դժբախտաբար, Հարավային Ամերիկայում պարագան նույնը չէ. վիճակն այնտեղ մնում է մտահոգիչ, զարգացումները վատ են: Նշեմ, որ երբ խոսում ենք Հարավային Ամերիկայի մասին, գաղութային առումով նկատի ունենք առաջին հերթին Արգենտինան, Ուրուգվայը, Բրազիլիան: Համաճարակի առումով այնտեղ խնդիրը լուրջ է: Սակայն երկու դեպքում էլ, ինչպես Կանադայի պարագայում, մեր օղակները, մեր պատասխանատու մարմինները կարողացան աշխատանքները շարունակել առցանց, հեռավար կարգով` կազմակերպելով գաղութային զանազան միջոցառումներ՝ տոներ ու ոգեկոչումներ, հանգանակություններ, շարունակեցին Հայ դատի աշխատանքները: Հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում թե՛ Ավստրալիայում և թե՛ Հարավային Ամերիկայում լուրջ աշխատանքներ կազմակերպվեցին ի նպաստ Արցախի ժողովրդի իրավունքների, Արցախի անկախության ճանաչման: Աշխատանք, որպեսզի դատապարտվեին Ադրբեջանն ու Թուրքիան իրենց որդեգրած քաղաքականության և սանձազերծած պատերազմի համար: Աշխատանք է տարվում ռազմագերիների ազատ արձակման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման ուղղությամբ: Հայ դատի աշխատանքները տարվում են առցանց, սակայն լավ արդյունքներ են գրանցվում: Այս երկու շրջանների աշխատանքը ամբողջացնում է Հայ դատի գծով համահայկական առումով տարած աշխատանքը:

‒Այս ոչ դյուրին ժամանակներում Հայաստանի իշխանությունների կողմից մեզ պարտադրվեցին ընտրություններ, որոնց չմասնակցելը կնշանակեր վերարտադրվելու կանաչ ճանապարհ թողնել իշխանությունների առջև: Դաշնակցությունը նորանկախ Հայաստանում առաջին անգամ ընտրությունների պետք է մասնակցի դաշինքային ձևաչափով: Ի՞նչ կարծիքի եք այս իրողության մասին, ի՞նչ անելիքներ ու ակնկալիքներ պետք է ունենանք:

‒Ասել, թե ընտրությունները կարևոր են, հավանաբար կարգախոսային կհնչի, սակայն այս պարագայում պետք է նշել, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները պատմական ընտրություններ են լինելու Հայաստանի ու Արցախի և, կարելի է ասել, ողջ հայության համար: Մենք` որպես ազգ, հարյուր տարի է` այսպիսի խաչմերուկի, այսպիսի խնդիրների առջև չէինք հայտնվել, երբ հստակ ընտրանք գոյություն ունի: Իրավունք չունենք արտոնելու, որ այս իշխանություններն իրենք իրենց վերարտադրեն և շարունակեն նույն այդ պարտվողական քաղաքականությունը, ուր որ ենք այսօր որպես 44-օրյա պատերազմի հետևանք:Նկատի ունեմ նաև վերջին շաբաթների անցուդարձը` կապված ադրբեջանական ներթափանցման հետ Սյունիք և Գեղարքունիք: Ես կարծում եմ, որ Հայաստանի մեր շրջանը իր Գերագույն ժողովում ընտրեց շիտակ ճանապարհ`այժմ արդեն դաշինքով ներկայանալով ընտրություններին: Կարծում եմ, որ, դաշինք կազմելով, ժողովրդին ներկայացվեց հստակ այլընտրանք, և հուսամ, որ այդ այլընտրանքը գրավիչ կդառնա մեր ժողովրդի համար և կշահի ընտրողների մեծամասնության համակրանքը: Լուրջ ծրագրեր կան մեր առջև, որոնց ցանկանում եմ շատ հակիրճ անդրադառնալ: Գալիք իշխանությունները նախ և առաջ պետք է կարողանան ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարումը և խաղաղությունը, որը պիտի դարձնել արժանապատիվ խաղաղություն: Դրան պիտի հաջորդի կայունացման աշխատանքը, այսինքն` պետությունը պետք է կայունացնել և անվտանգությունն ապահովել, որպեսզի ժողովուրդն իրեն ապահով զգա: Վերջապես համահայկական ներուժի մեկտեղումով պետք է կարողանալ ապահովել Հայաստանի ապագան, որպեսզի Հայաստանը զարգանա, զարգանա առանց զիջելու, ունենա հզոր տնտեսություն, ունենա հզոր բանակ:

Հայաստանը պետք է լինի արդար երկիր, որտեղ ժողովուրդը կկարողանա աշխատել և ազատ ապրել, կապահովվի հաջորդ սերունդների գոյությունը, կկասեցվի արտագաղթը: Սրանք են հիմնական կարևոր հարցերը, որոնք հաջորդ իշխանության օրակարգում պետք է լինեն, և կարծում եմ`«Հայաստան» դաշինքն իր ղեկավարությամբ, իր դեմքերով, իր փորձառությամբ կկարողանա բոլոր խնդիրները հաղթահարել և ժողովրդին առաջնորդել դեպի փայլուն ապագա:

‒Առհասարակ ի՞նչ անելիքներ եք տեսնում հայության համար ներկա փորձություններին հանդիման:

‒Համահայկական առումով այսօրվա մեր առաջնահերթ հարցը մնում է Արցախի հարցը: Արցախի հարցով անելիքները շատ են, պատերազմից հետո հարցերն ավելի բարդ են: Անհրաժեշտ է նախևառաջ ապահովել Արցախի ժողովրդի ֆիզիկական և տնտեսական անվտանգությունը: Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը պետք է պաշտպանել ամենուրեք. լինի Հայաստանում, թե Սփյուռքում, մեր հիմնական աշխատանքը սա պետք է լինի: Հայ դատի գծով պետք է շարունակվի Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրների հետապնդումը, որպեսզի մեր դատը ի վերջո իր լուծումին հասնի, այլևս նման եղեռն չկրկնվի ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ, այլև ընդհանրապես: Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, իսկապես, տնտեսական հզորացումը և ընկերային արդարությունը այն երկու կարևոր հարցերն են, որոնց ապահովմամբ արտագաղթը կկասեցվի, հայը իրեն ապահով կզգա իր երկրում և այնտեղ ապագա կտեսնի, իր զավակներին Սփյուռք չի ուղարկի, ընդհակառակը՝ մեծ թվով հայեր կվերադառնան և ավելի շատ կզարգացնեն տնտեսությունը, մշակույթը` այդպիսով ապահովելով երկրի անվտանգությունը: Մեր անելիքները շատ են, սակայն չպետք է հուսահատվենք, պետք է հույսը վերադարձնենք մեր ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛այլուր, որպեսզի բոլորս միասին ոտքի կանգնենք և գնանք դեպի փայլուն ապագա:

«Դրօշակ», թիվ 6 (1652), հունիս, 2021 թ.

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica