close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համայնքներին պատկանող հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վարձակալության հանձնելու վերաբերյալ երկու քրգործ ուղարկվել է դատարան

Իրավունք

9 Հունիսի 2021, 15:53
 Համայնքներին պատկանող հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վարձակալության հանձնելու վերաբերյալ երկու քրգործ ուղարկվել է դատարան

Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան:

Դատախազությունից հայտնում են, որ Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն 2009թ. փետրվարի 25-ին Երևան քաղաքի մի բնակչի հետ կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 25 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 4.680 ՀՀ դրամ վարձավճարով վերջինիս հանձնելու պայմանագիր:

Դրանից ընդամենը 1 ամիս անց նշված քաղաքացին այդ հողամասից միայն 0.02 հա տարածքը 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, մոտ 8.5 անգամ բարձր գնով՝ ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկին, այնտեղ վերջինիս կողմից տեղադրվել է ալեհավաք կայան: Արդյունքում՝ այդ 2009-2016թթ.-ին նշված անձն ստացել է շուրջ 3.6մլն ՀՀ դրամ գումար, իսկ համայնքը զրկվել է իրեն պատկանող հողամասից կայուն ֆինանսական մուտքեր ապահովելու հնարավորությունից: 

 
 Նշված առերևրույթ հանցավորն արարքը կատարելու համար Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 2.5 մլն ՀՀ դրամը:

2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Հողմիկ համայնքի նախկին ղեկավար Ա.Կ.-ն, տեղեկացել է հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մեկի կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու և շահագործելու մտադրության մասին: Դրանից հետո ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի իրեն ծանոթ աշխատակցի քրոջ հետ 2009թ. ապրիլի 30-ին Ա.Կ.-ն կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.600 ՀՀ դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վերջինիս վարձակալության հանձնելու մասին պայմանագիր:

 

Ապա, գործարքից ընդամենը 7 օր անց 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա վարձակալ անձը նշված հողամասի մի փոքր հատվածը՝ 0,02 հա չափով, ավելի քան 100 անգամ բարձր գնով՝ տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությանը: Դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրով նախատեսված է եղել պահանջ` հողամասն օգտագործել բացառապես գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, իսկ այդ պահանջի չկատարումը հանդիսացել է պայմանագիրը համայնքապետարանի կողմից միակողմանի և վաղաժամկետ դադարեցնելու հիմք, ինչը սակայն, ակնհայտ խախտման պայմաններում չի արվել:

Արդյունքում ենթավարձակալության հանձնած անձի ընտանիքը 2009-2016թթ. ընթացքում ստացել է 3.6,լն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ նույն ժամանակահատվածում, համայնքը որպես վարձակալության վճար, ստացել է ընդամենը 36.800 ՀՀ դրամ գումար:

Հողմիկ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք: Մինչդատական քրեական վարույթի ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1.750.000 ՀՀ դրամը:

Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է նշված երկու գործերով մեղադրական եզրակացությունը և քրեական գործերն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica