close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ադրբեջանը ատամներով Տավուշի մեջ մխրճվի 7 գյուղով՝ կխախտվի անվտանգային համակարգը․ Վարուժան Գեղամյան

Քաղաքական

2 Հունիսի 2021, 11:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ադրբեջանը ատամներով Տավուշի մեջ մխրճվի 7 գյուղով՝ կխախտվի անվտանգային համակարգը․ Վարուժան Գեղամյան

Եթե Նիկոլ Փաշինյանի ստորագրի կապիտուլյացիոն երկրորդ պայմանագիրը, որով Տավուշի 7 գյուղեր՝ 3-ը անկլավ, 4-ը՝ սահմանային, հանձնվեն Ադրբեջանին, ապա կխախտվի Տավուշի ամբողջ անվտանգային համակարգը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը Տավուշում՝ վրանգված բնակավայրերից մեկում։

Նա փաստեց, որ եթե GPS-ային բաժանումն այստեղ էլ մտցվի, և ադրբեջանական հատվածները ատամներով մխրճվեն Տավուշի մեջ՝ ոչ միայն կվտանգեն բնակչությանը, այլև դեպի Վրաստան տանող ճանապարհի 2 կմ-ը կհայտնվի Ադրբեջանի տարածքում։

«Մենք ունենք երկու հիմնական ճանապարհ՝ մեկը Ալավերդիի ճյուղն է, մյուսը՝ Նոյեմբերյանի․ այս ճյուղը ամենածանրաբեռնվածն է այս պահին, այն մեր հիմնական ճանապարհն է, որը տանում է դեպի Վրաստան՝ Բարգարատաշեն սահմանային անցակետ։ Այս հատվածում շուրջ 2 կմ տարածք, GPS-յան տրամաբանությամբ, կա՛մ ընկնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, կա՛մ գտնվում է ճիշտ սահմանին, ադրբեջանցի զինվորները կարող են կանգնել ճանապարհին, և երբ ուզենան՝ փակեն այն։ Սա նշանակում է, որ դեպի Վրաստան մեր հիմնական մայրուղին դնում ենք Ադրբեջանի վերահսկողության տակ»,-մտահոգություն հայտնեց Վարուժան Գեղամյանը։

Եթե Փաշինյանը ստորագրի Տավուշի գյուղերը Ադրբեջանին տալու փաստաթուղթը, ապա Ադրբեջանին կանցնի նաև  Կայան բնակավայրը, որտեղ հայկական երկաթգծի կայարանն է․ սա նշանակում է՝ մենք մեր տարածքում պետք է մաքս վճարենք Ադրբեջանին, քանի որ կայարանը կհայտնվի նրանց տարածքում։

Ադրբեջանին կանցնի նաև Վերին Ոսկեպարը, որի մոտ ոչ միայն 13-րդ դարի Գոմաձորի եկեղեցին է, ինչը փաստում է այդ տարածքի՝ բնիկ հայկական լինելու մասին, այլև թշնամուն կանցնի հայկական գերեզմանատունը՝ հուշարձան-գերեզմանաքարերով։

Տավուշի այս հատվածի առաջնագիծը հաստատվել է 1990-ականներին՝ արյունալի մարտերով, և գծվել է մի սահամանագիծ, որը բնական պաշտպանություն է ապահովում։ Այստեղ կան լեռնագագաթներ, որոնց մի կողմը հայկական է, մյուսը՝ ադրբեջանական, սահմանային դիրքերը գագաթին են, բայց եթե Փաշինյանը փաստաթուղթը ստորագրի, ամբողջ լեռն անցնելու է Ադրբեջանին և Տավուշի բնակավայրերը հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո։

«Այս առաջնագծի ձևավորումը օգնում է Տավուշի անվտանգությունը լիարժեք ապահովելու, կազմակերպելու պաշտպանություն։ Եթե, Աստված մի արասցե, կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը ստորագրվի, այդ պարագայում մենք ունենալու ենք ատամներով Տավուշի մարզի մեջ մխրճված ադրբեջանական, թուրքական հատվածներ, որոնք ամբողջությամբ ոչ միայն խախտելու են տարածաշրջանի անվտանգային համակարգը, այլև մենք խնդիր ենք ունենալու այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները ներթափանցելու են՝ և՛ անկլավային հատվածներում, և՛ ճանապարհային ենթակառուցվածքներում, այդ հատվածներում մենք խնդիր ենք ունենալու բնակչության պահպանման, որովհետև եթե դու Շուռնուխի պես դուռդ բացես և պարզվի, որ դու Ադրբեջանի Հանրապետության տարածք ես ոտք  դնում, մարդիկ չեն մնա։ Այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել այստեղ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասաց Վարուժան Գեղամյանը։

Նա արձանագրեց, որ եթե այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել Խորհրդային որոշ տարիների, դա դեռ չի նշանակում, որ դրանք ադրբեջանական են։

«Խորհրդային շրջանում ամենատարաբնույթ սահմանային փոփոխություններ են եղել և հիմնավորումներ հաճախ չեն էլ եղել, պարզապես եղել է կոնսենսուս, ոչ թե եղել է երկար աշխատանք։ Իհարկե, եղել է նաև խոշոր հանձնաժողովով բաժանում, որի աշխատանքը ավարտվել է 1988 թ-ի փետրվարին և այդ հանձնաժողովով հաշվի էին առնվում սահմանամերձ հայկական բնակավայրերի հողատարածքային, արոտավայրային տարածքները,  և այդ սահամնագծման համաձայն Սյունիքում՝ Շուռնուխի, Կապանի հատվածում, և Վայոց Ձորում ունեինք շատ ավելի լայն տարածքներ, քան հիմա Ադրբեջանը GPS-ով պարտադրում է կապիտուլյացիոն իշխանությանը»,-ասաց Վարուժան Գեղամյանը։

Սա, նրա համոզմամաբ, չէր նշանակում, որ տարածքը դառնում էր ադրբեջանական, և չէր նշանակում, որ Ադրբեջանի հող էր։ Դա ապացուցում է նաև Գոմաձորի 13-րդ դարի եկեղեցին կամ Սուրբ Աստվածածին 7-րդ դարի եկեղեցին, որոնք գտնվում են այն տարածքներում, որն, իբրև թե, ադրբեջանական է եղել։ Վարուժան Գեղամյանն ասում է՝ Հայկական Լեռնաշխարհի տարածքում ունենք տարբեր դեմոգրաֆիական պրոցեսներ են եղել, որոնց մի փուլում այստեղ հայտնվել են մի խումբ ադրբեջանցիներ․ դրանով այս հատվածը չի ադրբեջանականացել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ստորագրելու է «100 տոկոսանող հայանպաստ փաստաթուղթ» սահմանազատման մասին, որի ձևակերպումները ենթադրում են Տավուշի 7 գյուղերի հանձնում Ադրբեջանին։ Այս գյուղերը բնակեցված են հայերով, բայց եթե GPS-ային բաժանումով տրվեն Ադրբեջանին, Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա, զրկվելու են իրենց արոտավայրերից, Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհի 2 կմ հատված անցնելու է Ադրբեջանին։ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փաստաթուղթ, որ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆուլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica