close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավաճանին պատժել են կրակոցով կամ դաշունահարելով, եթե դա ժամանակին արմատախիլ չես անում, ազգին մահվան է հասցնում․ պատմաբան

Քաղաքական

28 Մայիսի 2021, 22:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավաճանին պատժել են կրակոցով կամ դաշունահարելով, եթե դա ժամանակին արմատախիլ չես անում, ազգին մահվան է հասցնում․ պատմաբան

Ճնշված ժողովրդի ներկայացուցչի առաջին ռեակցիան ահաբեկչությունն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանը ։

Նա արձանագրեց, որ և՛ հայդուկի, և՛ ահաբեկչի գործողությունների հիմքը նույնն է՝ վրիժառությունը։

Հայկական իրականության մեջ ոչ միայն այլազգի, այլև հայ դավաճաններին պատժելու բազմաթիվ օրինակներ կան։

«Ահաբեկչությունը ազգային միջավայրը մաքրելու խնդիր է ունեցել՝ լրտեսներից, մատնիչներից, դավաճաններից․ հայկական միջավայրում նաև այդպիսիք են եղել։ Շատ հաճախ ազգային միջավայրի չարիքի բերած վնասը ավելի վնասակար կարող է լինել իր հետևանքներով, քան մի հատ կողքից, ասենք, քուրդ ցեղապետի, որովհետև ազգային միջավայրում այդպիսիները քաղցկեղի նման մի բան են, որ եթե ժամանակին արմատախիլ չես անում, կարող են տարածվել, ամբողջ օրգանիզմը պարալիզացնել և մահվան հասցնել»,-ասաց պատմաբանը։

Հայ դավաճաններին ահաբեկելու օրինակները շատ են և՛ Արևելահայ, և՛ Արևմտահայ միջավայրում։

Սասունի 1894 թ-ի ջարդերից հետո, օրինակ, Թուրքիան Անգլիայի պահանջով ստեղծում է հանձնաժողով, որպեսզի քննի Սասունում կատարվածը։ Ի վերջո, այդ հանձանաժողովը բացահայտում է, որ խաղաղ բնակչության ջարդ է տեղի ունեցել, որովհետև փաստերը շատ ուժեղ էին։ Բայց եղել են հայեր, որ հօգուտ թուրքերի ցուցմունք են տվել։ Եվ ահա, 1890-ականների վերջերին սկսվում է այդպիսի մարդկանց վերացման գործընթացը։

Կամ Պոլսի 1890 թ-ի՝ Հնչակյանների կազմակերպած ցույցից հետո 100-ավոր հայեր ձերբակալվեցին, և մի մասը թուլակամություն դրսևորեց ու եղան մատնություններ։ Դրանց հետևանքով շատ-շատերին բանտարկեցին ու տաժանակրության ենթարկեցին։ Եվ Կոստանդնուպոլսում ՀՅԴ-ն իրականացրեց դավաճաններին պատժելու գործողություններ 1895-96թթ-ին․ ասենք, ուղղված վիրաբույժ Թյությունճիևի դեմ, կամ հայտնի Գում գափուի եկեղեցու լուսարար Օնիկի դեմ, Մամբրե վարդապետի դեմ, որը դավաճան էր, մատնություններ էր արել և դարձել էր թուրքական Ոստիկանության նախարար Նազըմ փաշայի լրտեսը։  

Աղբյուր Սերոբի մատնության և թունավորելու խնդրի հետ կապված ևս այդպիսի գործողություններ կան․ 1900 թ-ին Անդրանիկը, Գևորգ Չավուշը կարճ ժամանակում լիկվիդացնում են ոչ միայն Բշարե Խալիլին՝ Սերոբին սպանած քուրդ ցեղապետին, այլ նաև այն հայերին, որոնք իրենց մեղքի բաժինն ունեին Սերոբին մատնելու և տեղն ասելու հարցում՝ ոչնչացնում են Ավեի, Նազարի ընտանիքը։ Այսինքն, անգամ այն տարբերակը կար, որ ընտանիքն էին ոչնչացնում՝ գտնելով, որ դա չարիք է, այդ չարիքը պետք է արմատախիլ անել ու դեն նետել։

«Դավաճաններին պատժելու ամենատարբեր մեթոդներ են օգտագործել, եղել են և՛ կրակոցներ, եղել են և՛ դաշունահարելու տարբերակներ, բոլոր տիպերն էլ օգտագործվել են»,-ասաց Հովիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ դավաճանը նախապես ազդագիր է ստացել, որ իրեն ոչնչացնելու են։

Մեր հայտնի հայդուկներից գրեթե բոլորն անցել են ինչ-որ մեկին պատժելու ճանապարհը․ Գևորգ Չավուշը, Սեպուհը, մյուսներն իրենց գործունեությունն այդպես էլ սկսել են՝ վրեժ լուծելով այս կամ այն թուրք պաշտոնյայից, քուրդ ցեղապետից, կամ հայկական միջավայրի մատնիչներից ու դավաճաններից։

Գևորգ Չավուշը օրը ցերեկով մտնում էր գյուղը, այդ մարդու տունը և տանը նրան պատժում էր ու հեռանում։ Որպես կանոն, ընտանիքին ձեռք չէին տալիս, բայց երբեմն նաև ընտանիքն էին վերացնում։

Առավել մեծ խնդիրներ, օրինակ, Հայկական հարցը լուծելու համար, կիրառվում էին ավելի մեծամասշտաբ ահաբեկչական գործողություններ։ Դրանք կոչվում էին «պետական խարիսխների խարխլմանն ուղղված միջոցառումներ»։

 Այդպիսին է, օրինակ, 1896 թ-ի Օսմանյան բանկի գրավումը Կոստանդնուպոլսում, որը իր ժամանակի մեջ խոշոր իրադարձություն էր և նույնիսկ համարում են աշխարհում քաղաքական ահաբեկչության առաջին խոշոր իրադարձություններից մեկը։ Հույս կար, որ այդ խոշոր կառույցը գրավելով, որն, ի դեպ, միայն թուրքական շահերին չէր հարվածում, այլ նաև ֆրանսիական շահերին, որովհետև Թուրքիայի պարտատերը հիմնականում Ֆրանսիան էր այն ժամանակ, հույս կար, որ այդ կառույցի գրավումը և պայթեցնելու սպառնալիքները կարող էին և Հայկական հարցի լուծմանը օգտակար լինել։ Հույսն այն էր, որ Բեռլինի պայմանագիրը ստորագրած պետությունները դեսանտ կիջեցնեն Կոստանդնուպոլսում և կստիպեն սուլթանին լուծել Հայկական խնդիրը։

Ահաբեկչության մեկ այլ օրինակ է 1897-ի Բաբը Ալիի (Բարձր դուռ) ռումբը՝ այն պայթեցվեց Օսմանյան ամբողջ կառավարությունը ոչնչացնելու նկատառումով։ Սա Խանասորի արշավանքին զուգահեռ իրականացված ձեռնարկ էր, Խանասորը հաջող իրականացված ձեռնարկ էր, այդ պատճառով էլ այդ մասին շատ է խոսվու, բայց Բաբը Ալիում ռումբը պայթեց, ու քանի որ հաշվարկը սխալ էր արված՝ ռումբը մի հարկ ներքև էր դրված, սենյակը սխալ էին հաշվարկել, սպանվողներ եղան, բայց կառավարությունը փրկվեց։  

Հայական հարցը լուծելուն միտված այդպիսի ձեռնարկ էր Սուլթան Աբդուլ Համիդի դեմ կազմակերպված՝ 1905 թ-ի հուլիսյան մահափորձը, որի նախապատրաստական աշխատանքներում զոհվեց Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը։ Համարվում էր, որ Աբդուլ Համիդի ոչնչացումը կարող էր հայերին դուրս բերել այն փակուղային իրավիճակից, որում գտնվում էին 20-րդ դարի սկզբին։

Ահաբեկումներ իրականացնելը շատ խստիվ կանոնակարգված էր ՀՅԴ-ի որոշումներով տարբեր համաժողովներում, ասում է պատմաբանը, ամեն մեկը չէր կարող դա կատարել, և ում խելքին փչեր՝ չէր կարող որոշել, որ այս մարդը մեղավոր է և կարող է պատժվել, պետք է լիներ տվյալ վայրի Կենտրոնական կոմիտեի որոշումը, ինչպես նաև հարակից շրջանների Կենտրոնական կոմիտեները չառարկեին։

«Ահաբեկչական այս գործողությունների հստակ մտայնությունը եղել է ազգայինը պահելը, ազգային շահի համար պայքարելը, չեմ կարծում, որ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին դա շատ ավելի հեշտ է եղել կատարելը, քան մեր օրերում։ Ուղղակի մեր օրերում ցավալին այն է, որ երբ թվում է, թե պետություն կա, և պետական կառույցներ կան, ոորնք իրենց ֆունկցիաները պիտի կատարեն, զարմանքով ամեն օր հայտնաբերում ես, որ այդ պետությունը կարծես չկա և այդ կառույցները չկան»,-ասաց Հովիկ Գրիգորյանը։

Պետական կառույցներն այսօր անունով կան, նկատեց պատմաբանը, երբ պետք է լինում Երևանի փողոցում այս կամ երիտասարդին, կամ կնոջը, կամ մտավորականին, անպատվել, ձեռքերը ոլորում են, 10 հոգով տանում, բայց այնտեղ, որտեղ այդ մարմինները պետք է իրենց գոյության մասին ազդարարեն, մենք դա չենք տեսնում։

«Ցավով պիտի ասեմ, որ զրո պետականություն է մնացել մեզ․ ափսոսանքս մեծ է, որովհետև անցած 30 տարիները մեզ տվել էին շատ մեծ իմպուլս, մեր մեջ առաջ էին բերել ազգային հպարտության, արժանապատվության բավական մեծ լիցքեր, սա շատ մեծ կապիտալ էր, որը պետք է պահպանվեր և մեր առաջընթացը պիտի ապահովեր, բայց այդ ողջ կապիտալն այսօր փոշիացվեց»,-ասաց Հովիկ Գրիգորյանը։

Ցավալին, նրա խոսքով, այն է, որ մեր պետության գլխին կանգնած գործիչները, որոնք համարվում են պետական այրեր, առավելագույնը արեցին՝ մեր ազգը բզկտելու համար։

ՀՀ սահմանից զորքը հանելու մտադրությունը այսօր ի՞նչ հետևանք կունենա՝ հարցին, պատմաբանը պատասխանեց, որ պարտված երկրի ղեկավարը իրավունք չուներ մեկ ժամ անգամ մնալու պետության ղեկին, որովհետև պարալիզացված է։

«Ժամանակը ցույց կտա՝ ինչպես պիտի անվանենք այն մարդուն, ով նոյեմբերի 9-ի հայտարարություն է ստորագրել և դրանից առաջ ապակողմնորոշել է մեր հասարակությանը։ Մեր ժողովուրդն այսօր կաթվածահար վիճակում է, բանակն անգամ իր ֆունկցիան չի կատարում․ մեր զինվորը կանգնած է այնտեղ, բայց հրաման չունի ոչինչ կատարելու, գալիս են իրեն տանում են, ինքը չի կարողանում ոչինչ անել։ Նախարարությունը սպառնալիք է հնչեցնում՝ մի ժամ ժամանակ է տալիս․․․ թե չէ՝ ի՞նչ, երբ դու սպառնում ես՝ ժամանակ ես տալիս, պետք է բարի լինես՝ այդ ժամանակը սպառվելուց հետո կատարել քայլեր, որ դիմացինը հասկանա, որ գործ ունի ուժի հետ, որը ասում է խոսք և որի խոսքին հետևում է գործ։ Երբ դու մենակ խոսքեր ես ասում, ու գործ չկա, բնականաբար, գործը լինում է հակառակորդի կողմից»,-համոզված է Հովիկ Գրիգորյանը։  

ՀՀ ղեկավարների գործողությունները ադեկվատ չեն՝ նշեց նա։

«Փաշինյանը պիտի դատվի և պիտի լինի շատ լուրջ դատ, որովհետև այն, ինչ կատարվեց մեր երկրում՝ սկսած 2018 թ-ի հունիսից, մեկ առ մեկ պետք է ուսումնասիրվեն և դրանց նպատակը պիտի պարզվի»,-ասաց նա։

Հայաստանում կա քաղաքական կայացած մեկ ուժ, համոզված է պատմաբանը, այդ 130 և ավելի տարիների պատմությունը նրան շատ ռեսուրսներ էր տվել, ասաց նա, ՀՅԴ-ն մի անգամ էլ ցույց տվեց, որ ինքը մի մարդու շուրջ ստեղծված կուսակցություն չէ, նա համազգային կառույց է և համազգային խնդիրների ժամանակ ունի իր մոտեցումները։

Մտածելակերպի բազմազանությունը լավ է, նշեց Հովիկ Գրիգորյանը, բայց պետք է հաշվի առնել, թե դա որքանով է ազգանպաստ և հայրենանպաստ, դա պիտի նպաստի հայրենիքի ուժեղացմանը և ազգի հզորացմանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica