close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 1-ին

Քաղաքական

18 Մայիսի 2021, 16:30
 Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 1-ին

Վեց ամիս առաջ այս օրը՝ նոյեմբերի 18-ին, կամաց-կամաց դուրս գալով ապաստարանից, ուր ճողոպրել ու թաքնվել էր կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց անմիջապես հետո, կապիտուլյանտը վեցամսյա ճանապարհային քարտեզ հրապարակեց: Այդ «քարտեզով» նա ներկայացրեց իր ապաշնորհ կառավարման ու պատերազմում ձախողման հետևանքով «ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերը»: Կապիտուլյանտը չէր պատրաստվում հեռանալ: Ավելին՝ երկիրը կործանման եզրին հասցնելուց հետո նա շարունակում էր իրեն մեսիա համարել ու հայտարարում էր. «Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ»: Չնայած կապիտուլյանտի պնդումներին, թե ինքը մտադիր չէ հրաժարվել այդ պատասխանատվությունից, իշխանամերձ սազանդարները, ձգտելով մարել կապիտուլյանտի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժումը, համառորեն լուրեր էին տարածում, թե նիկոլը, միևնույն է, վեց ամսից հրաժարական է տալու, հիմա երկիրը մի ապակայունացրեք: Իհարկե, ստում էին…

Կապիտուլյատը խոստացել էր վեց ամսվա կատարածի մասին հունիսին հաշվետվություն ներկայացնել:Չսպասենք հունիսին, վերլուծենք, թե նա ինչ նոր վնաս ու աղետ է բերել երկրին այս վեց ամիսների ընթացքում:

    1․ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ

Բանակցային գործընթացը չվերականգնվեց: Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերին այցելեցին Բաքու և Երևան: Ընդ որում՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովն այդ պատվիրակության կազմում չէր: Պատահականությո՞ւն: Չգիտեմ: Բաքվում ընդունելությունն ընդգծված սառն էր: Ալիևը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցն արդեն լուծել է, ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողել էր իր առաքելությունը, իսկ հիմա հետները հանդիպում է զուտ քաղաքավարությունից դրդված: Երևանում համանախագահների հետ չհանդիպեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Չթողեցի՞ն, որ հանդիպի, թե՞ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները չցանկացան հանդիպել՝ հայտնի չէ: Արցախյան կողմի պաշտոնական բացատրությունը ծիծաղ է առաջացնում. «Կազմն ամբողջական չէր»: Ինչևէ, նախորդ վեց ամիսների ընթացքում սա համանախագահների միակ այցելությունն էր տարածաշրջան: Խմբի ակտիվությունը բավականին նվազել է. տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել: Ի դեպ, սրա մասին պարզ ակնարկեց նախ Դմիտրի Մեդվեդևը:

ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը, մեղմ ասած, առաջ չի գնում: Իսկ կա՞ն, ընդհանրապես, քաղաքական բանակցություններ: Վերջապես նպատակը բանակցություններով արցախյան հարցի լուծումն էր, այլ ոչ թե ՄԽ-ի համար գործ ապահովելը: Հունվարի 11-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև ետպատերազմյան առաջին բանակցությունները: Բանակցությունների նախօրեին կապիտուլյանտն ու նրա մամուլի քարտուղարը վախվորած գրեցին, որ բանակցությունների հաջողության ու տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար նախապայման է գերիների վերադարձը և Արցախի կարգավիճակի քննարկումը: Սակայն այս հարցերը նույնիսկ բանակցությունների սեղանին չդրվեցին: Ալիևը կատեգորիկ հրաժարվում է քննարկել կարգավիճակի հետ կապված որևէ հարց, հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով որևէ վարչատարածքային միավոր չկա:

Ռուսական մամուլում հրապարակված՝ կոմունիկացիաների առաջարկվող քարտեզին նետած նույնիսկ հպանցիկ հայացք պարզում  է, որ կապիտուլյանտին պարտադրել են դրա տակ ստորագրել: Կապիտուլյանտը հերթական անգամ ձախողվեց: Այն, որ նա ձախողել է բանակցությունները, փաստում են նաև բանակցություններից անմիջապես հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովի հայտարարությունը, որով նա կապիտուլյանտին փաստացի մեղադրում է ՄԽ շրջանակներում անցկացվող բանակցությունների պատմությունը խեղաթյուրելու մեջ, և Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ գերիների վերադարձի հարցը ձգձգվում է, քանի որ հայկական կողմը ցուցակ չի ներկայացրել: Հայտնի չէ, թե այսօրվա դրությամբ հայկական կողմը ռուսներին ցուցակ ներկայացրե՞լ է, բայց հայտնի է, որ Տիգրան Ավինյանն այդ ուշացումը պայմանավորել է ցուցակի գաղտնի բնույթով:

Փաստորեն, կապիտուլյանտը ձախողեց ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող, այլև ռուս և ադրբեջանցի ղեկավարների հետ բանակցությունները: Լավ, իսկ որևէ բանակցություն նա հաջողե՞լ է: Ո՛չ: Մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի սահմանափակ ստորաբաժանումներ, Սյունիքում և Գեղարքունիքում խախտելով ՀՀ պետական սահմանը, ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք: Զենքով ներխուժածներին զենքով դուրս շպրտելու փոխարեն, մեկ շաբաթ է՝ կողմերը բանակցում են: Կարծում եք՝ բանակցող կողմերից մեկը Հայաստա՞նն է: Ո՛չ: Բանակցում են ադրբեջանցիք և Ռուստամ Մուրատովը: Բանակցելու ի՞նչ մանդատ ունի Մուրատովը՝ հասկանալի չէ: Պաշտոնապես նա Արցախի ռուսական ազդեցության գոտում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարն է:

Ավելին՝ մայիսի 17-ին Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման բանակցությունները պետք է տեղի ունենան եռակողմ ֆորմատով: Ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է երկու երկրների սահմանները որոշվեն երրորդ կողմի ներգրավմամբ: Պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն բանակցել: Կապիտուլյանտը, որը դեռ սեպտեմբերի 26-ին սպառնում էր Ալիևի հետ բանակցությունների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ բացահայտել, որ ներսից կքանդեն Ադրբեջանը, այսօր վախենում է միայնակ բանակցել…

Փաստենք՝ կապիտուլյանտը վեց ամիս ժամանակ ուզեց, որ բանակցային գործընթացը վերականգնի: Ձախողեց: Խայտառակ կերպով ձախողեց: Հիմա արդեն նա չի բանակցում, իր փոխարեն այլ երկրի ներկայացուցիչ է բանակցում:

    2․ Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը:

Տեղահանված արցախցիների մի որոշ մաս վերադարձավ Արցախ։ Ի՞նչ ներդրում ունեցավ կապիտուլյանտն այս հարցում: Ոչ մի: Շարասյուները ռուսներն են ուղեկցում, ռուսներն են մարդկանց կենցաղային պայմանները հոգում, ռուսների ներկայությունն է, որ մարդկանց գոնե ինչ-որ ապահովության զգացում է տալիս:

Կապիտուլյանտը հպարտանում է, թե 100 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվելու Արցախին, որ նաև փախստականների կարիքները հոգան: Որտեղի՞ց այդ 100 միլիարդը: Միգուցե դա այն 170 մլն ամերիկյան դոլարն է, որ հանգանակել էր համայն հայությունը, որը հետո անհետ կորավ պետական բյուջեի «լաբիրինթոսում»: Կապիտուլյանտն ընդամենը այդ գումարն է վերադարձնում, բայց դա անում է այնպիսի շոուով, որ նույնիսկ բրոդվեյան բեմադրիչները կնախանձեն:

Որոշ հաշվարկներով՝ մոտ 25.000 արցախցի դեռ Հայաստանի Հանրապետությունում է: Իսկ ի՞նչ պայմաններում են ապրում այդ փախստականները, որոնք ուղղակի գնալու տեղ չունեն՝ շուշեցիները, հադրութցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիները:  Տխուր, շատ տխուր: Կապիտուլյանտի սանձազերծած հակաղարաբաղյան հիստերիայի արդյունքում մարդկանց ֆիզիկական ու նյութական տառապանքներին ավելանում է նաև հոգեկան տանջանքը: Հիշենք վերջերս Արարատի մարզի Գետազատ համայնքում ապաստանած արցախցի բազմազավակ ընտանիքի հետ տեղի ունեցած պարսավելի դեպքը: Սեփական հայրենիքում մանկահասակ երեխաներին փորձում են զրկել վերջին ծածկից….

   3․ Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում

Հերթական սուտը: Գումարը, որը ստանում են զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքները, ձևավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած դրոշմանիշային վճարներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից: 

Ժամանակն է հիշեցնել, որ կապիտուլյանտի շուրջ հավաքված խմբակի անդամներից ոմանք դեմ էին այս հիմնադրամին, դեմ էին պարտադիր կերպով 1.000 դրամ վճարելուն, դա համարում էին մարդու իրավունքների խախտում:

  4․ Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:

Կապիտուլյանտի կառավարությունը հստակ տեղեկություններ չի ներկայացրել, թե Հայաստանի Հանրապետության տարածքում պատերազմական գործողությունների արդյունքում բնակելի և հանրային կառույցներին ու ենթակառուցվածքներին որքան վնաս է հասցվել, բայց ակնհայտ է, որ վնասը մեծ չի եղել: Ադրբեջանցիները կործանել են Արցախի ենթակառուցվածքները: Կապիտուլյանտի համար Արցախն այլևս Հայաստան չէ, Արցախի վերականգնումն իր գործը չէ…

  5․ Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:

Կապիտուլյանտի կառավարությունը հստակ տեղեկություններ չի ներկայացրել, թե քանի զինծառայող և քաղաքացիական անձ է պատերազմի ժամանակ վիրավորում ստացել: Շրջանառվում է 11.000 թիվը: Չվիճարկենք:  Փաստենք, որ վիրավորում ստացած զինծառայողներ պրոտեզավորվել են: Փաստենք նաև, որ ոմանք սպասում են իրենց հերթին: Նաև փաստենք, որ պրոթեզավորման համար գումար հատկացվել է ոչ միայն պետական բյուջեից: Նվիրատվություն են արել հայաստանցի, սփյուռքահայ և օտարերկրյա բարեգործներ: Նաև հիշենք, որ կապիտուլյանտի աշխատակազմի ղեկավարը դեռևս առողջապահության նախարար եղած ժամանակ հայտարարել էր, որ անիմաստ է հաշմանդամ դարձած զինծառայողների վրա այդքան գումար ծախսել. «Հաշմանդամ էին, հաշմանդամ էլ կմնան»։ Ճիշտ ժամանակն է նաև հիշեցնել, որ մի քանի օր առաջ դրանցքայլական ուսապարկերը հրաժարվեցին պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50.000 դրամ փոխհատուցումն ուղղել պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին…

Անդրադառնանք մասնագիտական վերապատրաստումներին: Այս խնդրի լուծումը պրոթեզավորումից պակաս կարևոր չէ: Վիրավորում ստացածները երիտասարդ տղամարդիկ են, նրանք պետք է վերադառնան հասարակություն, դառնան հասարակության լիարժեք անդամ, ընտանիք կազմեն, երեխաներ ունենան: Տղամարդը պետք է ինքն իր աշխատանքով փող վաստակի: Եթե ապրի միայն պետության տրված թոշակով, հոգեբանական խնդիրներն անխուսափելի կլինեն: Ի՞նչ է արել կապիտուլյանտի կառավարությունն այս ուղղությամբ մինչ օրս: Քանի՞ մարդ է վերապատրաստվել, նոր մասնագիտություն ձեռք բերել, քանի՞սն են աշխատանք գտել: Չգիտենք, չեն ասում…..

 

(շարունակելի)

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica